Monday, May 28, 2012

Ռի-Մա



                                                                          


***

Եղանակը փոխվում է,
երկրագունդը գնում է թոշակի
ու տափականում…

Եղանակը փոխվում է,
մարդիկ դառնում են տերևներ,
կամուրջներից հյուսվում են հսկա ծառեր,
իսկ կյանքը սուլում է քամու պես…

Եղանակը փոխվում է.
քամին՝ ուժեղանում.
աշուն է,
իսկ կամուրջներից սկսում է
մարդաթափը…

***

Այն մարդու մոլորակը,
ով ապրում էր քո ներսում
վեց կտոր արեցիր
նարնջի պես…
տունը,
որից նա թռչուններին էր կերակրում
վառեցիր
լուցկու հատի նման…
անկողինը,
որում նա կռիվ էր տալիս մղձավանջների հետ
պատառոտեցիր
ու դարձրիր ցամաքած օդապարիկ…
մարմինը,
որ պահում էր նրա հոգին,
սեղմեցիր տգիտության աքցաններում
ու ճզմեցիր
հասած ծիրանի նման…
մատները,
որով նա սեր էր նկարում հատակին
կոտրեցիր դալար շիվերի պես
կոտրեցիր միանգամից
ու առանց բողոքելու…
էլ ոչ մի մատ չմնաց քո ներսում,
ոչ մի ծալք,
ոչ մի հետք…
միայն մի եղունգ՝
իսկական
մարդկային…

գոնե դա պահիր…
գլուխդ մի օր գուցե քոր գա…


3 comments:

  1. Անչա՜փ շնորհակալ եմ ու զգացված Սաթ ջան :***

    ReplyDelete
  2. xndrem Rim jan,es el em shnorhakal,vor zer nman taxandavor enkerner unem :-D

    ReplyDelete