Sunday, May 27, 2012

Ռուզաննա Ոսկանյան



       ***




-Մի եղիր այդքան բարի,-
հառաչեցին քարերը ու նետվեցին վրաս.                           
առաջին քարը դու նետեցիր, հայր,
ու բռունցքով քո՝ երկրագնդի չափ,                                        
չափեցիր ցավն իմ 
ու մենությունն իմ
ու մենությունը գրկիս մանկիկի:
Քնիր, փոքրիկս,
անտառներում հեռու,
ուր կգնանք մի օր,
մեծ երախներով գազաններ չկան:
Քնիր, փոքրիկս,
այն ճահիճները, որ տեղի կտան երկուսիս առաջ,
գրկիս պես տաք կլինեն
ու կժպտան թաց ոռնոցով իրենց:
Փոքրիկս,
տղամարդիկ հեռանում են սովորաբար,
տղամարդիկ քայլում են ջրերի վրայով՝
ավելի ու ավելի հեռանալով,
ավելի ու ավելի...
-Մի եղիր այդքան բարի,-
ծղրտացին քարերը ու նետվեցին վրաս,
և դու քարի պես ծանր
կախվեցիր իմ մեջ:
Քնիր, փոքրիկս,
ու չհավատաս հանկարծ երազներիդ,
թե մորդ տեսնես,
որ քայլում է ու
մխրճվում ասֆալտի մեջ
ավելի ու ավելի...
Ներիր հեռացողներին, փոքրիկս,
հեռացողներին ներիր:
Կանայք սովորաբար հեռանում են, փոքրիկս,
ու տղամարդիկ են հեռանում,
և մնում եք դուք ու քարերը:
Ու քար լռությունը ոչ ոք չի խախտում...

1 comment:

  1. lavn en...lav banastexcner unenq `Hasmik,Nell, Ruzana

    ReplyDelete