-Նորից երկուշաբթի,-
Ասաց մայրս:
Ծանր օր է: Երկօրյա հանգստից հետո ստիպված էր լինում վաղ արթնանալ ու շտապել աշխատանքի: Դուրս գալուց առաջ մայրս ջուր էր խմում: Որովհետև ծարավում էր, որովհետև բերանում տարօրինակ քաղցր համ էր զգում: Երբ ծորակը բացեց, ջուր չեկավ: Մայրս ջուր չխմեց, ու նրա մուգ վարդագույն շրթներկը չտպվեց բաժակի շուրթերին:
Մեր տան ջրերը կտրել էին:
Աշխատանից վերադառնալով` ափսեներն ու բաժակները գտավ կեղտոտ:
Ջուրը չէին տվել: Ոչինչ չասաց: Ուղղակի մի քիչ գունատվեց:
Հայրս ուշ վերադարձավ: Կեսգիշեր էր: Արթնացա դռան չխկոցից: Նրանց ննջասենյակի լույսը վառվում էր,բայց մայրս քնած էր:
Երեքշաբթի:
Մայրս հարցրեց հորս,
- Որտե±ղ էիր:
Հայրս չպատասխանեց:
Չորեքշաբթի:
Տունը թափթփված էր: Ափսեների շարքը բարձրացել էր: Ես ու եղբայրս նյարդայնացած էինք: Անընդհատ շոկոլադ էինք ուտում,որ հագեցնենք քաղցը ու կարողանանք քնել:
Մայրս միայն երեկոյան վեւադարձավ:
-Ո±ւր էիր,- հարցրեց հայրս:
Չպատասխանեց: Հարցը հնչեց երկրորդ անգամ: Մորս թափառող հայացքը որսաց հորս աչքերը.
-Այնտեղ ես կարող եմ ջուր խմել:
Հետո գոռաց.
-Դու գիտեիր, ուր ջրերը կտրել են:
Ես առաջին անգամ էի մորս այդպես հուզված տեսնում: Բայց ավելի տարօրինակ էր հորս վարքագիծը: Նա սկսեց համոզել,որ ոչինչ չգիտի և դրա հետ ոչ մի կապ չունի:
-Հավատա ինձ:
Բայց մայրս չհավատաց: Իսկ ես չհասկացա: Երևի փոքր էի նման բաներ հասկանալու համար:
Հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ:
Մայրս հեռուստացույց էր դիտում:
Կիրակի:
Նա հայացքը մի պահ կտրեց հեռուստացույցից և ասաց.
-Չմոռանաս դպրոց գնալ,հետո` դաշնամուրի: Եղբորդ էլ հետդ կտանես: Թող նստի դաշնամուրի դասին:
Բայց չէ± որ ես չէի կարող նման կարևոր բանը մոռանալ:
Մայրս աղմուկ չէր սիրում: Նա պահանջում էր լռեցնել այն բոլոր անշունչ ու շնչավոր առարկաները, որոնք կարող էին աղմուկ առաջացնել: Մեր տանը հայրիկն էր հեռուստացույց դիտում:
Ես հիշեցի հորս: Նա ուշ էր տուն գալիս` երբ բոլորս քնած էինք,իսկ առավոտյան վաղ էր գնում` երբ դեռ չէինք արթնացել:
Երեքշաբթի:
Ես բռնեցի եղբորս ձեռքից ու երկուսով սլացանք երաժշտական դպրոց:
-Դո, ռե, մի: Ապրես, այս տողը լավ ես նվագում: Իսկ հիմա ձախ ձեռքը միացնում ենք աջին: Հիշի’ր,բասի բանալիում օգտագործում ես երկրորդ և չորրորդ մատները,իսկ սոլի բանալիում աշխատիր ստակատոները ճիշտ ժամանակին անել:
Դա էր ուսուցչուհուս հիմնական պահանջը: Հետո տասներկու թերթանոց տետրի մեջ գրեց տնային առաջադրանքները,և մենք վերադարձանք տուն:
Դուռը երկար ծեծեցինք,մինչև մայրս բացեց:
Չորեքշաբթի:
Ես դաշնամուր էի նվագում` սկզբից միայն աջ ձեռքով, հետո միացրեցի ձախը: Վարժ չստացվեց: Մի քանի անգամ գամմա նվագեցի: Ստեղները տաքացան: Մատներիս մարզավիճակը վերականգնվեց: Վերադարձա նախկին ստեղծագործությանը: §Աքաղաղների վալսը¦,- այդպես էր վերնագրված: Որքան հիշում եմ Մոցարտն է գրել: Երաժշտության ելևէջները դիֆուզիայի օրենքի համաձայն խառնվեցին օդի հետ ու զբաղեցրին տան ամբողջ տարածքը:
Մայրս մի սենյակից մյուսն էր գնում` չփոխելով ուղեգիծը: Ոչինչ չէր ասում: Երևի ոչինչ էլ չէր տեսնում: Ես դեռ նվագում էի, երբ մոտեցավ ու նստեց կողքիս: Ես նվագում էի, մայրս լսում էր ու նայում դիմացի պատին փակցված նկարին` սովորական մի բնանկար` գազոն, երկու նստարան ու դեղնած տերևներ, հետևաբար` աշուն:
Չգիտես որտեղից վազելով եկավ եղբայրս ու դաշնամուրի կափարիչն անսպասելի իջեցրեց: Ես արագորեն ձեռքերս ետ քաշեցի: Մորս մատները մնացին կափարիչի տակ: Նա հայացքը չկտրեց բնանկարից:
Մի պահ ես ու եղբայրս լուռ նայեցինք մորս: Վերջապես կափարիչի տակից ծուլորեն հանեց մատները և տանից գնաց… Երևի դեպի բնանկարը, դեպի գազոնը, նստարանը, դեղնած տերևները, հետևաբար դեպի այգի:
Հինգշաբթի:
Ես կարոտել եմ հորս:
Շաբաթ:
Հայրս ներս մտավ, ձեռքի տոպրակներն անփութորեն դրեց հատակին ու գնաց: Սկսեցի բացել`մածուն, ատամի մածուկ, հողաթափեր, գրիչներ, տետրեր, ձմերուկ:
Այս ամենը խառը, իրար վրա լցված ու նույն տոպրակի մեջ էին:
Եղբորս ասացի.
-Արի մածուն ուտենք:
Նա թողեց իր խաղալիք մեքենաներն ու վազելով եկավ:
Ամբողջ բանկան երկուսով կերանք ու քնեցինք. մեկս բազմոցին,մյուսը` բազկաթոռին:
Կիրակի:
Ես կարոտել եմ մորս:
Երեքշաբթի:
Մայրս որոշեց անպայման լվացք անել: Ես նրան ասացի.
-Բայց դեռ ջուր չունենք:
Նա պատասխանեց.
-Իջե’ք լիմոնադ գնելու:
Լիմոնադի շշերով լի արկղերը ես ու եղբայրս մի կերպ տուն տարանք: Սպիտակ լիմոնադը լվացքի համար, դեղինը` խմելու: Դեղինի արկղում պատահաբար կարմիր լիմոնադ գտնվեց, հետո անհետացավ:
Մայրս սպիտակ լիմոնադով լի շշերը դատարկեց լվացքի մեքենայի մեջ,ու անկողնու սպիտակեղենը ներծծվեց լիմոնադով:
Եղբայրս նայեց ինձ ու լայն ժպտաց: Այնքան լայն, որ բոլոր ատամները երևացին. մի տեսակ կարմրել էին :
-Լիմոնադով ատամներս լվացել եմ,- ասաց նա ու երկուսով լիաթոք ծիծաղեցինք:
Չորեքշաբթի:
Մայրս չկա: Ծարավ եմ:
Հինգշաբթի:
Մայրս չկա: Ծարավ եմ ու քաղցած:
Ուրբաթ:
Մայրս չկա: Եղբայրս լաց է լինում: Մենք ծարավ էինք ու քաղցած: Եղբայրս սկսեց ուտել աղի արցունքները, կշտացավ, բայց ծարավն ավելի սաստկացավ:
Ես նստել էի թափթփված անկողնու վրա ու չգիտեի ինչ անել: Հիշեցի լիմոնադի շշերը: Մինչև վերջին կաթիլը խմել էինք կամ լվացք արել: Ամբողջ ուժով լիզեցի լիմոնադով լվացված սավանը: Այնքան մինչև այն ամբողջովին թքոտվեց ու համը կորցրեց:
Շաբաթ:
Ծարավ ենք: Անձրև էլ չի գալիս: Երեկոյան մայրս տուն եկավ: Ասացի.
-Ծարավ ենք:
Պատասխանեց.
-Հայրդ գիտեր,որ ջրերը կտրել են: Ես չեմ հավատում: Նա գիտեր:
Թուլացած ընկավ հատակին: Ես ու եղբայրս փորձեցինք տանել ննջարան: Մայրիկը շատ ծանր էր մեզ համար: Մայրիկին միայն հայրիկը կարող էր գրկել:
Զանգեցի շտապօգնություն:
Բժիշկը պայուսակի միջից հանեց սպիտակ հեղուկով լի, մեծ ամպուլաները:
-Խմեմ,-ասաց եղբայրս:
Ես ամուր գրկեցի նրան: Մենք նախանձով նայեցինք մորս: Բժիշկն ամպուլաների պարունակությունը ներարկեց նրան:
Կիրակի:
Ես հիշում եմ այն օրերը, երբ ջուր ունեինք: Պարզ ու հասարակ գործողություն` բացում ես ծորակը, և ջուրը, որը ո’չ հոտ ունի, ո’չ համ, առատորեն հոսում է: Միևնույնն է, մեր տան ջուրը համեղ է: Կարող եմ լիտրերով խմել ու չհագենալ:
Լսել եմ, ջուրը հիշողություն ունի:
Հաջորդ կիրակի:
Կարծում էի մայրս քնած է: Վերջին ժամանակներս նա տարբեր գույնի հաբեր էր ընդունում ու գրեթե ամբողջ օրը քնում;
-Ո±ւր են իմ երեխաները,- ասաց նա ու գլուխը մտցրեց բարձի տակ: Մի պահ չհասկացա` արթո՞ւն է, թե՞ քնի մեջ է խոսում:
- Ո±ւր եք տարել:
Ես կանչեցի եղբորս ու երկուսով կանգնեցինք նրա դիմաց, որ մեզ տեսնի:Մայրս գլուխը հանեց բարձի տակից, նայեց աջ ու ձախ ,ապա նորից մտցրեց բարձի տակ` շարունակելով փնտրել:
Մենք ասացինք.
-Այստեղ ենք:
Դեմքը մոտոցրեց ներքնակին.
-Այդտեղից դուրս եկե’ք, կխեղդվեք:
Երեքշաբթիներ:
Սեղանին դրված են դատարկ ամպուլաներ:
Ուրբաթներ:
Մայրս այլևս մեզ չի փնտրում: Հոգնել է և դադարեցրել որոնումները:
Կիրակիներ:
Ծարավ ենք:
Նորից երկուշաբթի:
Ժամը 8:30:
Ես սովորականի նման շտապում եմ դպրոց: Չէի ուշացել: Նկարչության դասին տուն նկարեցի, կողքին` առվակ:
Ժամը 13:00:
Թակեցի տան դուռը: Տարօրինակ է, բայց բաց էր:
13::02:
Ինչ-որ խշշոց լսեցի:
13:03:
Մտա լոգարան: Հայրս, մայրս ու եղբայրս պոմպի նման ծծում էին ծորակից թափվող ջուրը:
13:04:
Նրանք շրջվեցին ու լայն ժպտացին: Հայրս էլ ու նույնիսկ մայրս:
13:05:
Մորս ծնոտից ջրի կաթիլ ընկավ ցած:
Ջուրը հիշողություն ունի: Ջուրը ժանգոտ էր:
No comments:
Post a Comment