Monday, April 1, 2013

" Սեւակ " առցանց ամսագիր

" Սեւակ " առցանց ամսագիր
http://sevakakumb.do.am/news/mer_xosqy_39/2013-03-26-35


Մեր խոսքը

Գրական ակումբ կայքը արդեն մեկ տարի է, ինչ կազամկերպում է գրական մրցույթներ տարբեր թեմաներով: Նպատակն է գրական աշխույժ մթնոլորտ ստեղծելը, ընթերցասերներին մի տեղում հավաքելը, հեղինակների՝ մրցութային պայմաններում ներկայանալը:

Այս տարի "Մեր խոսքը" մրցույթը համագործակցում է Հայաստանի ժամանակակից արվեստների երիտասարդական միության հետ: Գրասերների մեկնաբանությունների և քվեարկությունների արդյուքնում ընտրված վեց ստեղծագործությունները ներկայացվում են ժյուրիի անդամներին, ովքեր էլ ընտրում են լավագույն երեքին:

Ժյուրիի կազմում էին՝

Աբգար Ափինյան - "Մշակույթ" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, Երևանի գրողների միության նախագահ, գրականագետ
Կոլյա Տեր Հովհաննիսյան - "Գրական կամուրջ" կայքի հիմնադիր, գլխավոր խմբագիր, արձակագիր
Գարուշ Հարյանց - ԿՀԳՄ քարտուղար, բանաստեղծ, դրամատուրգ, բեմադրիչ, ծաղրանկարիչ
Անահիտ Բոստանջյան - բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող

Ձեզ ենք ներկայացնում մրցույթի լավագույն չորս ստեղծագործություններն` ըստ հորիզոնականների:

Թերթում (Ամսագրում) ստեղծագործությունների տպագրությունը Հայաստանի ժամանակակից արվեստների երիտասարդական միության նվերն է հաղթողներին:



1-ին տեղ՝ Սաթենիկ Ռշտունի 

(ինչ-որ տեղ, գիշերը)
լայնացած բիբերով
կխեղդեմ կանաչը աչքերիս մեջ,
կպարեմ վերարկուիդ հետ
տանգո,
դու միայն շարժիր
մտրակդ ֆսսացող,
ու չեմ մլավի գարնանը
տանիքում քո,
կթափառեմ ավազների վրա,
կհավքեմ ափ նետված
կետերին,
կլիզեմ թաթերս ու
կփչեմ ապուրդ ծով,
որ երբ հոգնած տուն գաս,
ծաղրածո՛ւ իմ,
դու գոլ ապուր ուտես՝
կարմիր քթով...
ու ես դողամ միայն
քո´ մտրակից,
որով երբեք թաթիս
չես հարվածի,
ու դու´ լինես միակ
վարժեցնողն իմ,
ու ես մռռամ կրքով
կախարդվածի:

(այնտեղ , գիշերը)...


2-րդ տեղ՝ Ռիմա Խաչատրյան 

Մայրամուտի հատակին
մի քաղաք է ապրում,
որն ունի նարնջի բույր
ու խնձորի համ.
երբ արևը սկսում է իջնել,
նրա բնակիչներն արթանում են
ու սկսում երգել արևի մասին...
Մայրամուտի հատակին՝
նրա բռի մեջ,
վերևից կաթեցրած կաթիլների պես
շարված են տնակներն իրենց սպիտակ տանիքներով.
նրանք երջանիկ են,
քանի որ ճանաչում են արևին
ու քանի որ գիշերին ատել չգիտեն...
Մայրամուտի հատակին
նարինջներ են աճում՝
խնձորի համով.
Ափսոս, որ դու արդեն սովորել ես ատել.
Ափսոս, որ դու մայրամուտին էլ չես հավատում...


3-րդ տեղ՝ Վանիկ Զոհրաբյան 

Թախիծ

Ամպերն արցունք են թորում,
Եվ տխուր մի սրճարան
Ելևէջում է, ծորում`
<<Սիրեցի, յարս տարան>>:

Մերկ ծառերն էլ շուրջբոլոր
Տերևաթափ, գլխահակ,
Ինձ պես թրջված ու մոլոր,
Վշտեր ունեն անհատակ:

Ողջ բնությունը դարձած
Թախծոտ երգի մի շարան`
Ողբում է իմ վիշտը թաց`
<<Սիրեցի, յարս տարան>>:


4-րդ տեղ՝ Հասմիկ Չախալյան 

Մանկությունը իմ լամպոտ օրերի
դեմքը նկարեց ճակատիդ վրա,
սոված սիրտը քո տվեց՝ ինչ կուզեի, ինչը չէր կարող,
ե'վ ձեռքերիդ մեջ մրսեց գոլորշին առանց երազի,
ե'վ գիշերները աղոտ հեքիաթի սկիզբը եղան,
ե'վ աչքերը իմ արև փնտրեցին՝ ձյունոտ մի արև,
որ քեզ նայելիս ես փոքրիկ մնամ
և ետ նայելիս սրբեմ արցունքս քո հոգնած դեմքից,
ե 'վ ինձ մոռացած ես քայլեմ, հա յրի 'կ,
և ' հիշեմ միայն փոշոտ աստղերը իմ պատուհանի,
օդում թափառող մոմերի բույրը,
որ փնտրում է ինձ…
կմաշվեն դանդ~աղ,
կջնջվեն հայրի 'կ,
երկնագույն կյանքիդ մայրամուտներից…

http://sevakakumb.do.am/news/mer_xosqy_39/2013-03-26-35