Saturday, May 26, 2012

Վարդուհի Բադալյան





ՄՈՒԹԸ

…Ես մութ էի. ոչ այն մութը, որ խեղդվում է գիշերային քաղաքի ջահերով, ոչ այն մութը, որ տափաստանում տարածված գյուղակում մեղմիկ առկայծում է աստղերով, ոչ այն մութը, որ բարձր լեռներում լուսնալույսով է հոշոտվում, ես ամենախոր քարանձավի ամենաականակիր մթությունն էի:
Սկզբում ես պարզապես խաղացող էի: Հետո արդեն խաղում էի հաղթողների կողմից: Նրանք ուղղակի եկան ու ասացին՝ միացիր մեզ, մարտիկ, այլապես մենք, միևնույն է, կնվաճենք քո քաղաքը: Ես տեսա, որ նրանք շատ են, ես տեսա, որ նրանք շատ միավորներ ունեն՝ մեր խաղում միավորները հաշվվում էին ոսկեդրամների քանակով, ես տեսա, որ նրանց հետ ես կջախջախեմ ինձ վրա հարձակվելու խղճուկ փորձեր անող ավազակախմբերին և ես միացա նրանց:
Սկզբում ես պարզապես խաղացող էի: Ես մութ էի:
Երբ հաղթողների առաջնորդն իմ քթի տակից թռցրեց այն քաղաքը, որ ես օր առաջ էի ուզում նվաճել, մինչդեռ նա ինձ կասեցնում էր, ես ապստամբեցի: Սկզբում առաջնորդը քմծիծաղ տվեց, բայց երբ կապկպված հայտնվեց զնդանում, եկավ տարակուսելու ժամանակը: Առաջնորդը սովորել էր խլել. նա անվերջ խլում էր քաղաքներ, ոսկեդրամներ, մարդկանց, խլում էր թշնամիներից, թիմակիցներից, բոլորից ու բոլորն արդեն զզվել էին նրանից: Դա դարձավ իմ հաղթաթուղթը, բայց և դաս դարձավ ինձ համար: Ես սկսեցի կառավարել՝ տալով: Միևնույն է, ամեն ինչ իմն էր, բայց ես վերցնում էի քաղաք, ու իմ միության անդամին հանձնում: Քաղաքը պատկանում էր նրան, նա՝ ինձ: Ամեն ինչ իմն էր, բայց ինձ ատելու փոխարեն որքա՜ն շնորհակալ էին նրանք:
Ես առաջնորդ էի ու ես մութ էի:
Հիմա էլ ես առաջնորդ եմ:
Հոգնել էի անվերջ նույն խաղը խաղալուց: Իմ ներսում ոչ լույս, ոչ հերոս չէր ծնվել, ուղղակի ես ամեն ինչից հոգնել էի: Առավոտյան ես լուռ նայեցի ապստամբի կախաղանը, հետո տեսա, թե ինչպես են կախում թշնամու գերիներին: Նրանք նման էին իմ կարթի ծայրին թպրտացող ձկներին, ա՜խ, որքան նման էին նրանք այդ ձկներին:
Ես ձուկ էի ուտում, կեսօր էր, ծամում էի ալարկոտ ու համ չէի զգում արդեն: Կյանքի համը կորել էր: Աչքերիս առաջ թպրտացող ապստամբն ու թշնամիներն էին: Թշնամի, ապստամբ, անհեթեթություն, այդ մենք էին թշնամի: Մենք էինք հարձակվում ու բռնի մեզ միացնում մարդկանց՝ այլապես կոչնչացնենք, հնչում էր մեր կոչ-սպանալիքը, մենք էինք հարձակվում անպաշտպան գյուղերի ու քաղաքների վրա ու թալանում, ու սպանում, ու նվաճում և մի օր նրանք ցանկանում էին թոթափել մեր լուծն իրենց ուսերից, ցանկանում էին կռվել մեր դեմ մեր իսկ զենքով: Ես անհետացա, որ հայտնվեմ ապստամբների շարքերում: Նոր խաղն ավելի գրավիչ էր…
Հիմա ես առաջնորդ եմ: Լուսանում է:
Հետո ես քաղաքի մութն էի՝ խեղդված ջահերի լույսերում, հետո ես դարձա գյուղական կայծկլտուն երկինքը՝ աստղային դիցարանում, հետո վերածվեցի խավարը հոշոտող լուսնալույսի:
Հիմա ես լույս եմ, ոչ թե ինչ-որ գիշերը ճեղքող ճառագայթ, այլ՝ ծագող արևի զորությամբ վառվող համատարած, պայծառ լույս, բայց իմ ներսում դեռ կա մի մասնիկ, նույնքան մութ, որքան ամենախոր քարանձավի ամենապաղ մթությունը: Իմ մի մասնիկը մութ է…





             ՄԱԿԵՐԵՍ

                                                              Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը:
                                                                                                               Ալբերտ Էյնշտեյն

Եռաչափ տարածությու՞ն… զվարճալի է: իմ բացահայտած նորանոր չափումներն ինձ համար անհաշվելի մեծություն էին, ու ոչ թե նրա համար, որ ես դեռ չգիտեի դրանք անվանող թիվը կամ ի զորու չէի իմ գտած հերթական մեկը նախորդներին գումարել, այլ՝ իմ գտած չափումները հարափոխ էին: Եռաչափ տարածության նորմալ մարինների կողքին ես պարանորմալ սուբստանցիա էի. չկար ինձ համար նախատեսված տարածաժամանակային կետը՝ իմ ՏԵՂԸ: Ու քանի որ տեղս չէի գտնում, սկսեցի ձևափոխվել, խմորվել…
Հետո եկավ մի պահ, որ իմ աշխարհընկալումը հանկարծ դուրս եկավ ցանկացած չափումից, ապա տեղավորվեց մի հարթության մեջ ու, այսպես ասած, դարձավ տափակ: Աշխարհը թվաց իրական հեքիաթ իր տափակության մեջ, մակերեսային աշխարհընկալումը միանգամից ազատեց ավելորդ խոհերից, չարչրկված չափումներից ու փիլիսոփայություններից: Տափակությանս մեջ ես գտա մի միակ դրսևորում՝ Հարթություն:
Ուղեղիցս զատ զգացմունքներս էլ սկսեցին տափակել ու տարածվել այդ հարթությամբ: Երբեմն ինչ-որ նավթոտ շերտ էր տարածվում հարթությանս վրա, արևի լույսի տակ այն թվում էր խայտաբղետ գունային գամմա՝ ասելիքով ու գեղեցկության պատրանքով: Բայց նա, ով ավելին ուներ, քան պարզապես եռաչափությունն էր, կհասկանար, որ այդ շերտն իրականում թունավորում է գոյս:
Հարթությունս մի սքանչելի հատկանիշ ուներ, որ ոչ միանգամից էի հայտնաբերել՝ ճկուն էր: Այն կարող էր ոլոր-մոլոր անցնել այլ հարթությունների մեջ, կարող էր ցանկացած հարթության կողքին իր տեղը գտնել ու իրեն լավ զգալ, կարող էր անգամ տարածական մարմինների շարքում՝ որպես մի աբստրակտ պատկեր, ծավալի պատրանքով խցկվել ու սիրվել՝ իր նավթոտ մակերեսով ու իր մակերեսային <ես>-ով:
Հարթությունս սկսել էր ուրիշ հարթությունների ակտիվ հետաքրքրության առարկա դառնալ: Նրանք տարածվում էին իմ հարթությանը զուգահեռ, շարժվում իմ վեկտորին զուգահեռ, ապրում իմ կյանքին զուգահեռ ու չէին հասկանում, որ մեր հարթությունները երբեք չեն հատվի այդ զուգահեռումներում՝ ես յուրովի տափակ էի, իրենք՝ պարզապես տապակ: Որոշ ալիքվող հարթություններ ճկվելու խղճուկ փորձեր էին անում, որ հարթությանս մոտ տեղ զբաղեցնեն, բայց իմ տափակությունն այլ ուղղությամբ էր ճկվում: Տարածական մարմիններն արդեն բացահայտել էին տափակությունն ու խուսափում էին իմ ճկուն հարթությունից: Նրանք սարսափի էին մատնվում իմ հարթությունից, ենթագիտակցական մակարդակով զգալով, որ այն մի ժամանակ իրենց չափումներից դուրս չափումներ է ճանաչել: Բոլոր առումներով, ես արդեն մերժված էի եռաչափ տարածությամբ սահմանափակված մարմինների կողմից: Նրանք ինձ մենակ թողեցին…
Հարթություններին ինքս մենակ թողեցի՝ ցավով հասկանալով, որ իմ ճկունությունն ինձ է դարձնում նրանց համար հետաքրքիր, բայց՝ ոչ հակառակը: Այն ճկունությունը, որ մի ժամանակ ինձ օգնում էր ճկվել ու մոտենալ ցանկացածի՝ անկախ այն կլիներ տարածական մարմին, թե հարթություն, այժմ ինձ օգնում էր ճկվել դեպի ազատ տարածություն, ուր մարմիններ չկային:
Ես աշխարհի բոլոր հարթություններից ամենամիայնակն էի:
Մենակությունն ինձ ստիպեց, որ փորձեմ վերագտնել ծավալը… Իմ խեղճ հարթությանը տրված չէր եռաչափ լինել, իմ ճկուն հարթությունը գալարումներում ցանկանում էր ստանալ տարածական պատկեր, ու հերթական անգամ հոգնած փռվում էր իր ողջ մակերեսով՝ ինքն իրենից հաղթված, հևասպառ, հուսահատ …
Իմ նորանոր չափումներում դեգերելով՝ ես մնում էի անտեսանելի եռաչափ տարածականների համար, տառապում էի, բայց չէի կարողանում հասնել նրանց, հասկացվել նրանց կողմից, համարվել յուրային նրանց մեջ: Ուժասպառ կրկին տարածվում էի ողջ մակերեսով ու կրկին տափակում, որ հանկարծ չվերացարկվեմ իմ ունեցած իրականությունում ու ստանամ մի լրիվ ուրիշ իրականություն, որը խելագարություն էր վերնագրվում թե հարթությունների, թե եռաչափ տարածականների համար:
Ինձ տրորված էի զգում ու դա ցավեցնում էր: Իմ ներսում ծնվեց նյութականացած հոգևոր ցավը, ուղեղիս բջիջները սղոցվեցին մի հուսահատ աղաղակով ու այն պահին, երբ ուղեղս կարող էր ժայթքել բաց տիեզերքում սեփական ճնշումից պայթող մարմնի պես, ես հասա մի սահմանի, որ հարկավոր էր թաքցնել թե ինքս ինձանից, թե մնացած ամբողջ աշխարհից… Ես մի ակնթարթ միայն հասա անթույլտրելիին: Առաջին ռեկցիան իմ ողջ հարթությամբ այդ ամենը սահմանազատելն էր եռաչափ աշխարհից: Ես դարձա մի թաղանթ աշխարհների միջև, մի յուրօրինակ կամուրջ, որով անցնելն անհնար էր: Ու այնտեղ ես հայտնաբերեցի այն, ինչ՝ ինձ հարկավոր էր: Ես գտա այն արտատարածական, վերժամանակյա արտահայտումը, որում նյութականացվեցի՝ ընդունելի թե հարթության, թե տարածության համար: Ես գտա իմ տեղը: Ես այն կոչեցի Մակերես: Տարածական մարմինները, հասնելով մակերեսիս, զգում էին, որ այն ծավալ է թաքցնում, սկսել էին ինձ հանդուրժել, հարթությունները մի պահ անակնկալի եկան՝ ինձ բախվելով ու տեսնելով, որ ճկվելու փոխարեն դիմակայում եմ, բայց իրենք էլ ինչ-որ կերպ համակերպվեցին իմ գոյության հետ:
Այդուհետ ինձ տրորելը վտանգավոր է դարձել. չես իմանա, թե ոտքդ, մակերեսիս դնելով, հարթության կհանդիպես, թե կսուզվես մի խորություն, որի դեմ Մարինյան իջվածքը ոչինչ է: Չէ որ ամեն բան աշխարհում, ի վերջո, հարաբերական է…
Ալ. Էյնշտեյնի հիշատակին
Հ.Գ. Էյնշտեյնն ինձ համար ֆիզիկայում Նյուտոնից հետո նույնն էր, ինչ գրականության մեջ մոդեռնիզմը ռեալիզմից հետո: Նրա տեսությունն ինձ տվեց մի ամբողջ տիեզերք՝ լի բացահայտումներով ու չարչրկված սահմաններից ազատ: Բայց այս գործը ծնվեց ոչ թե նրա տեսությունը ճանաչելուց, այլ հատկապես նրա կենսագրության որոշ դրվագների ծանոթանալուց հետո: Եվ նվիրվում է Ալբերտ Էյնշտեյն մարդուն, ոչ՝ գիտնականին:

5 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Վարդս, -Մակերես-ը ինձ համար քո գործերի մեջ ամենասիրելին է կառուցվածքային առումով`գրագետ ու կոկիկ... ապրես շատ :

    ReplyDelete
  3. Իսկ Լևոնն ինչ էր մեկնաբանել, որ ջնջել է, Սա՜թ, Շահնո՜ւր :D

    ReplyDelete
  4. Վարդս ինքս էլ չեմ տեսել,ինքն է դնելուց անմիջապես հետո ջնջել,իրեն հարցրու
    :-D

    ReplyDelete
  5. Վարդուհի ջան անկեղծ խոսքերս էի գրել, կանացի քո տեսակն էի գտել ստեղծագործության մակերեսում...թող ռոմանտիկ չհնչի, բայց տպավորությունն այնպիսին է կարծես ջրի մեջ սուզված ես գրել, որովհետև չկա հարթություն մարդկային մտքին առանց ջրի անիմանալի փափկության:Ապրես սիրելի գիտնականուհի)

    ReplyDelete