Saturday, February 9, 2013

Մարիամ Վարդանյան




***

ու սպասում եմ ես քեզ
առանց բողոքելու
առանց արցունքների
առանց ղզիկության

իմ նոր խարտած եղունգներով
կծակծկեմ անձեռոցիկը ձեռքիս
քո երկար ու խիտ թարթիչները
մտովի կպոկոտեմ
առանց զայրանալու
առանց հուսալքման
առանց ափսոսանքի

բազմապատկական բայածանցներով
կսարքեմ թռչող մտքեր
խիտ ներկած թարթիչներով

սպասում եմ քեզ
առանց սպասման հոգսի
դե դե



***

սենյակի անկյունում
սարդոստայնից կատու է կախված
կախվել է
պոչը օրորվում է

մյուս անկյունում
շիլ աղջիկ է նստած
շիլ աչքերով
աղջիկ

ու սենյակը ընդամենը
երկու անկյուն ունի
չգիտեմ ոնց
չգիտեմ ինչու

ու ներկում եմ ես
սենյակի առաստաղը
գունավոր ներկով
ինչ լավ է որ գունավոր եմ ներկում

շիլ աղջիկը նայում է ինձ
երևի ինձ է նայում
ես նայում եմ
կախված կատվին

ներկը լույս է տալիս
ֆոսֆորային լույս է տալիս
ես էլ չկամ
կատուն չկա
աղջիկը չկա

սարդոստայն է ամենուր
ֆոսֆորային սարդոստայն
ու տագնապ

ցերեկ է
կատուն չկա
աղջիկը չկա
ես էլ



Հ. Ր.-ին

իմ գրիպից ցավող ատամները վկա
հավատում եմ քո հավատալուն
քո ոտքի տակի թրջվող ասֆալտին
քո ամենօրյա սափրվող դեմքին
իմ ջրիկացած
բայց մերկ լինելու չափ
անկեղծ տրամադրությունը վկա
հավատում եմ մեր վաղվա օրվան
ժպիտիդ
սպիտակող մազերիդ
միաժամանակ հեշտ է ու դժվար քեզ հավատալը
բայց հավատում եմ





Friday, February 8, 2013

պապ ( " Պապ " շարքից )




տոնածառին շարված
խաղալիքների պես

շատ-շատ են երազանքները,
պլպլում են փայլերի
ու լույսերի մեջ.

տոնածառի տակ շարված
նվերների պես դատարկ են
ամանորները...

պա´պ,կարոտում եմ քեզ...


արի




արի
ու ամեն անգամ
դռան մոտ հասնելիս
թակիր
ինչպես միշտ,
ինչպես ոչ ոք,
ինչպես երբեք...

արի.

ուզում եմ, որ գարնանը գաս,
որ դռան մոտ վազելիս
ծաղկած ծիրանի հոտ
առնեմ,
որ ցոգոլները վխտան
ձեռքերիդ մեջ,
ու որ գլուխս ցավա արևի
կիսատությունից,

արի,

մայրամուտին արի,
որ չկոճկված
բաճկոնիդ տակ
քամուց թեթև սրթսրթա
վերնաշապիկդ,
ու որ կարմրեն
ոտքերը մեր
ավազի ու ջրի
մենամարտից,

արի,
արի ինչպես ամեն անգամ`
շնչակտուր,
լիքը,
քաղցած,
որ համբուրեմ քեզ
հյուսիսից հարավ`
քամուն ընդառաջ ու
հակառակ,
որ ճկվեն ողնաշարները մեր
սիրուց...

գնա...



Wednesday, February 6, 2013

մամ


բոլոր աղջիկները չվում են,մամ.
պապան ասում էր .
" աղջիկներն ուրիշ երամից են "...
հիմա ես էլ...
ես էլ եմ չվում,
ու բաժանման երեկոն
դողացող շուրթերիդ պես
սեղմվում է,
դու ժպտում ես.
վախենում ես կարոտին չդիմանալ,
բայց դու`
դու իմ ուժեղ ու մեծ աղջիկն ես,
մա´մ,
ու բոլոր բաժակաները
քո համբերության համար դատարկ են,
ու բոլոր բաժակները 
քո դիմանալու չափ 
բերնեբերան...
դու վնգստացող ճամփեքին
մի կտոր հաց ես շպրտում,
ու հավատում,
որ մի օր
ուրախ հաչոցով
ինձ տուն կբերեն,
դու էլի կգրկես իմ փարթամ գլուխը,
քո աման-չամանից
ու լվացքից
էլի իմ հոտը կգա...

ավազի հատիկների հետ սողում են վերջին
վայրկյանները...
ես էլի չվում եմ հեռու- հեռու.
աղջիկներն ուրիշ երամից են,
մամ:





ինչ-որ տեղ,գիշերը



լայնացած բիբերով
կխեղդեմ կանաչը աչքերիս մեջ,
կպարեմ վերարկուիդ հետ
տանգո,
դու միայն շարժիր
մտրակդ ֆսսացող,
ու չեմ մլավի գարնանը
տանիքում քո,
կթափառեմ ավազների վրա,
կհավքեմ ափ նետված
կետերին,
կլիզեմ թաթերս ու
կփչեմ ապուրդ ծով,
որ երբ հոգնած տուն գաս
ծաղրածու իմ,
դու գոլ ապուր ուտես
կարմիր քթով...
ու ես դողամ միայն
քո´ մտրակից,
որով երբեք թաթիս
չես հարվածի,
ու դու´ լինես միակ
վարժեցնողն իմ,
ու ես մռռամ կրքով
կախարդվածի:

  (այնտեղ , գիշերը)...