Sunday, May 27, 2012

Հասմիկ Սիմոնյան



  ***

Երկնքից պոկված ստվերները վարդայտ
լուսաբացներ հորինում սիրո…
Ու ես սիրում էի…

Ալիքների թաց վարսերը կապույտ
սահում են հանկարծ ինչ-որ թափանցիկ
փրփուր մատների անզգույշ արանքից,
ու փիրուզագույն ջրի թելերից
կախված սեթևեթ, գունավոր քամին
շշնջում է նուրբ աղջկա մասին,
որ մայրամուտին խատուտիկներից արև նկարեց
փոքրիկ խեցու մեջ, որն այդ երեկո, չգիտես ինչու, 
բուրում էր ծանոթ օծանելիքի խորամանկ բույրով,
որ թաքնվել էր ալիքների մեջ…

…ու ես սիրում էի…
…ու երկնագույն էր ծովի մեղեդին…
…ու թաց կապույտ էր լուսացայտը մերկ,
որ մոռացվել էր օրվա չընթերցված նամակի նման…
…իսկ ես սիրում էի…

                           
                               Մոխիր
  

 Ես սև եմ, ինչպես մոխիրը քո, 

թույլ տուր դուրս գալ քո դագաղի միջից
թույլ տուր կապույտը սիրել
իմ շուրջը երկինքն է անսահման
դու մեռյալ ջրերի հմուտ նավավարն ես, ես սիրում եմ քո մահը,
որ հազարավոր վրձիններով գծում է մարմնիս քո սերը, քո կիրքը, արյունը քո
թող գնամ


ես պետք է գնամ
ես ձյուների միջով սլացա ուրիշի հետ
ես սիրեցի նրան


թող գնամ 
նրա մոտ
ես հավատարիմ եմ եղել շան պես
և բոլոր անձրևների ժամանակ լվացել եմ իմ սիրտը 
գայթակղություններից բոլոր
ու մաքրամաքուր եմ տրվել քո հին բազմոցին քրքրված վարագույրներին
պատերին, որոնց տակ բարի հոգիներ են նստած


իմ ոդիսևս
ես քո ծեր շան պես կարոտած սատկում եմ հիմա
ձեռքերիդ մեջ, ներկոտ ձեռքերիդ մեջ
դու սեր ես, որ հորդում է իմ միջից շքեղ քամու նման


թող գրողի ծոցը գնան բոլոր գրպանները
բոլոր աղիքները
իմ ամենասիրուն նյարդաթել իմ սեր իմ մահ
իմ ամուսին իմ սիրեկան իմ ընկեր
ես մերկ եմ
նիհար անձրևի կաթիլի պես
նստեցրու թարթիչիդ
կուլ տուր ինձ
թող հոսեմ քո մեջ


թույլ տուր չլինել
թույլ տուր հեռանալ
ինչպես վանդակը, որ թև է առնում ու թռչում հեռու բոլոր թռչուններից


դատարկ բաժակի մեջ նստած
դու մեռնում ես մենակ
և ապակի պատերի տակ մատնահետքերը չեն իմ
թեև երկինքը մեկն է, և դու էլ աստծո զավակն ես ոնց որ ես
ես չեմ հասկանում քո լեզուն
դու խմիչք ես
քո վրա կրակ է հիմա
և լիմոնի մի շերտիկ և աղի բարակ շրջան


քեզ համբուրում եմ դառը հեղուկի պես
և ատամներիս փնտրում հետքը քո


ճանապարհը կարճ է կամ երկար
բանաստեղծից մինչև մուրացիկ
այս տարվա գարունը ուշ եկավ
ձմռանը չմեռանք ոչ ես ոչ դու
եթե հեղափոխություն լինի եթե պատերազմ լինի
եթե քեզ քունքից կրակեն, եթե կախեն քեզ, եթե վառեն քեզ
քո մոխիրը ես կլինեմ
քո սերը ես կլինեմ
վանդակ կդառնամ
կթռչեմ հեռու ու էլ ցած չեմ նայի
                        






No comments:

Post a Comment