Wednesday, August 22, 2012

սպանդարամետ ( Spandaramet )


խաչից կախված
գլխիվայր ճոճվում եմ`երկինքը հաշվելով,
արյունը կաթում է ուղեղիս.
(զգուշացրել էր մայրս):
ես տեսնում եմ բոլոր
վառվող տաբատները
ու սպասում նոր նահատակության.
սպանդարամետ,ես քո կինն եմ
ու անիծում եմ մարդկանց,
որ երբևէ հորինել են քեզ:
ես քո խիղճն եմ,
ու դանակի նման խրված եմ մնալու
կոկորդումդ,
մինչև չհատես տրամագիծը մոլորակի
ու խոցի պես չնետվես դուրս.
թող երկրի ծակոտիները սկսեն շնչել,
սպանդարամետ.
դու գարշելի ու չար ես,
բայց ես քո կինն եմ
ու երդվում եմ կգամ քեզ հետ
այրվող մորուքդ փառաբանելով,
դու էլի աստված ես:
ես գլխիվայր խաչից կախ
երկինքն եմ հաշվում,սեր իմ,
ու խաղում եմ կրակներիդ հետ,
դրանցից ծաղիկ եմ սարքում,
ջուր ու մարդ,
իսկ դու վառիր,
վառիր հետագիծը մեր…

*սպանդարամետ-Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ:*


Spandaramet 

hanging from a cross
I'm rocking upside-down, counting the sky,
blood is dropping on my brain
(my mom warned me).
I see all those
burning pants
and wait for a new martyrdom,
Spandaramet, I am your wife
and I curse the people
who invented you once.
I am your conscience
and I will stay thrust in your throat
like a dagger
until you cross the diameter of the planet
and get flung out like ulcer.
let the pores of the earth start breathing
Spandaramet,
You are disgusting and wicked,
but I am your wife
and I swear I'll come with you
glorifying your burning beard:
you are a god again.
I'm hanging upside-down from a cross,
I'm counting the sky, my love
and I play with your flames,
make flowers out of them,
make water and man
and you just keep burning
keep burning our traces...

*Spandaramet- Spandaramet or Sandaramet was the god of the underwolrd kingdom of ancient Armenians. He was often identified with the underworld, the kingdom of the dead or just the hell.



Հավաքածու Գրական Մրցանակ ( Յոթերորդ Մրցույթ )


Յոթերորդ Մրցույթ/Չափածո-3



                                                               Սաթ Ռշտունի

սպանդարամետ 

խաչից կախված
գլխիվայր ճոճվում եմ`երկինքը հաշվելով,
արյունը կաթում է ուղեղիս.
(զգուշացրել էր մայրս):
ես տեսնում եմ բոլոր
վառվող տաբատները
ու սպասում նոր նահատակության.
սպանդարամետ,ես քո կինն եմ
ու անիծում եմ մարդկանց,
որ երբևէ հորինել են քեզ:
ես քո խիղճն եմ,
ու դանակի նման խրված եմ մնալու
կոկորդումդ,
մինչև չհատես տրամագիծը մոլորակի
ու խոցի պես չնետվես դուրս.
թող երկրի ծակոտիները սկսեն շնչել,
սպանդարամետ.
դու գարշելի ու չար ես,
բայց ես քո կինն եմ
ու երդվում եմ կգամ քեզ հետ
այրվող մորուքդ փառաբանելով,
դու էլի աստված ես:
ես գլխիվայր խաչից կախ
երկինքն եմ հաշվում,սեր իմ,
ու խաղում եմ կրակներիդ հետ,
դրանցից ծաղիկ եմ սարքում,
ջուր ու մարդ,
իսկ դու վառիր,
վառիր հետագիծը մեր…

      քուր 

մամայի փորի մեջ քեզ էի նկարում,քու´ր,
ծնունդիս բոլոր օրերին տեսնում
մեծ օդը բերանումդ պահած,
որ մի երկու մոմ էլ դու հասցնես փչել.
իմ տորթերը քո աչքին միշտ
ավելի լավն էին,
մեծ ու գունավոր:
Դու մորս արգանդից ծնված իմ դուստրն էիր`
պորտալարիցս կախված փոքրիկ խալի պես,
որի բարուրը գրկելիս`ինձ մեծ էի զգում:
քո մեծանալու ընթացքում
ես էլ հասցրի մեծացնել քեզ,
մի քիչ մամա մեծանալ,
մի քիչ բժիշկ
ու մի քիչ դասատու:
դու իմ ժամանակն էիր`
իմ գունավոր ժամանակը,
որ փաթաթեցի ծաղկավոր անձեռոցիկի մեջ
ու դրեցի մեր ծղոտե զարդատուփում.
դու իմ պահեստային մանկությունն ես…


http://havaqatsu.wordpress.com/2012/08/16/%D5%B5%D5%B8%D5%A9%D5%A5%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%B9%D5%A1%D6%83%D5%A1%D5%AE%D5%B8-3/

http://havaqatsu.wordpress.com/

http://havaqatsu.wordpress.com/2012/08/16/%D5%B5%D5%B8%D5%A9%D5%A5%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/

 August 20, 2012 at 16:44 said:
Չափածո մրցույթի արդյունքները հետևյալն են.

1 Վահե Արսեն-բացակա
2. Հասմիկ Սիմոնյան-բացակա
3. Անի Հովնանյան-3-3, 2-4, 1-12
4. Հուսիկ Արա-3-4, 2-3, 1-8
5. Հայկ Ֆալակյան-3-3, 2-9, 1-12
6.Գևորգ Թումանյան-3-3, 2-1, 1-4
7.Էդուարդ Հարենց-3-3, 2-1, 1-4
8.Մանե Գրիգորjան-3-8, 2-4, 1-3

Սաթ Ռշտունի-սպանդարամետ/քուր-17 միավոր

Նելլ Սահակյան-Երջանիկ/Օրհնյալ լինես դու…-9 միավոր

Ռիմա Խաչատրյան-Եղանակը փոխվում է/Այն մարդու մոլորակը-4 միավոր

Մերրի Մկրտչյան-Ինչ-որ մեկը թող մոտենա լսափողին-4 միավոր

Շնորհավորում եմ Սաթ Ռշտունուն, Նելլ Սահակյանին, Ռիմա Խաչատրյանին և Մերրի Մկրտչյանին:

( Արձակի մրցանակ. Առաջին տեղ-$200.00
Չափածո մրցանակ. Առաջին տեղ-200.00

2-րդ և 3-րդ տեղ գրավող հեղինակները, առաջին տեղ գրավող հեղինակների հետ միասին, հնարավորություն կունենան տպագրել իրենց ստեղծագործությունները Գրեթերթի 4 համարներում և տարվա վերջում, ժյուրիի անդամների հետ, հրատարակել իրենց ստեղծագործությունները ժողովածու գրքում: )

Tuesday, August 21, 2012

քուր ( Sis )


 
մամայի փորի մեջ քեզ էի նկարում,
քու´ր,
ծնունդիս բոլոր օրերին տեսնում
մեծ օդը բերանումդ պահած,
որ մի երկու մոմ էլ դու հասցնես փչել.
իմ տորթերը քո աչքին միշտ
ավելի լավն էին,
մեծ ու գունավոր:
Դու մորս արգանդից ծնված իմ դուստրն էիր`
պորտալարիցս կախված փոքրիկ խալի պես,
որի բարուրը գրկելիս`ինձ մեծ էի զգում:
քո մեծանալու ընթացքում
ես էլ հասցրի մեծացնել քեզ,
մի քիչ մամա մեծանալ,
մի քիչ բժիշկ
ու մի քիչ դասատու:
դու իմ ժամանակն էիր`
իմ գունավոր ժամանակը,
որ փաթաթեցի ծաղկավոր անձեռոցիկի մեջ
ու դրեցի մեր ծղոտե զարդատուփում.
դու իմ պահեստային մանկությունն ես…


Sis

I was painting you in Mom's belly,
watching you on every birthday of mine
keeping the big mouthful of air behind your lips,
so that you too, could blow a candle or two,
my birthday cakes have always been
better in your eyes,
bigger and more colorful.
You are the daughter of mine born from the womb of mom
like a small birthmark hung on my birth cord,
and hugging you in your swaddling clothes I felt older.
While you were growing
I also managed to bring you up,
to grow up a bit as a mother,
a bit as a doctor
and a bit as a teacher.
You were my time,
my colorful time,
which I wrapped in a flowery napkin
and put in our strawy casket:
you are my spare childhood...

( հայերենից թարգմանեց Ռիմա Խաչատրյանը )







Friday, August 17, 2012

Անահիտ Պետրոսյան



  Մի վախեցիր` քեզ չեմ մատնի 

-Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, մամո~ւլ:
-Վերջապես գնեցիր այն կտավը:
-Այոոո, մամուլկա’, դու աշխարհի ամենախորափանաց մարդն ես, երևի Վանգան անգամ քեզ նախանձեր:
-Վե’րջ տուր, կատակներիդ, Սյուզ, ու բե’ր կտավը նայեմ:
-Մա~մ, հրաշք է, որ ասում էի, չէիր հավատում, հիմա աչքովդ կտեսնես: Հեչ չեմ ափսոսում երեք միլիոնը, որ տվեցի նկարին:
-Գիտեմ, մի ամիս է ամբողջ օրը Կրիպտո Խենիոյի(1) կտավներից ես խոսում:
-Հա’, խոսում եմ, քեզ էլ էի ուզում ցույց տալ, բայց դու ինետով չես կամենում նայել, դե, քո գեղագիտական ճաշակին վայե~լ է:
-Լավ էլի, Սյուզ, գնա’, բեր Կրիպտոյիդ կտավը:
-“Դիլին” է, մամո’ւլ, որ նայես, ուշքդ կգնա:
Ինետով կտավներ նայել, է~, հին ժամանակներ, չէ’, հոգնեցի, զզվեցի, էլ չեմ նայելու, երբեք, երբեք չեմ նայելու: Կրիպտո,Կրիպտո Խենիո, Կրիպտո Շահվերդյան, Կարեն Շահվերդյան, Կարե’ն, հարազա’տս…

Կրիպտո Շահվերդյան

Մա’ր, ուղարկում եմ վերջին խզբզոցս, նայի:
Մարինե Վանեսյան
Ուռռա, հիմա նայեմ: Կա’ր, հրաշք է: Կարե’ն, վստահ եմ, որ դու հանճարեղ նկարիչ ես դառնալու: Վերջն ա:
Կրիպտո Շահվերդյան

Մա’ր, կարմրեցի, վերջ տուր: Նկարներ են, էլի, դուք բոլորդ ինձ շատ եք երես տալիս: Ինձ էլ արդեն կարող ա թվալ, թե իրականում լուրջ գործեր եմ կերտում: ՃՃՃ

Մարինե Վանեսյան

·         Բա, իհարկե ընտիր են, Կա’ր, ես զարմանում եմ, որ ցուցահանդես չես բացում:

Կրիպտո Շահվերդյան
Մա’ր, գոնե դու մի ասա, գիտես, որ ոչ ոք չգիտի իմ շրջապատում, որ ես նկարում եմ, ու ոչ ոք էլ չի իմանա:

Մարինե Վանեսյան
Բայց ինչի՞, Կա’ր, ախր հազար անգամ ասել եմ:
Կրիպտո Շահվերդյան
Կներես, ես դուրս եմ գալիս, հետո կխոսենք, լա՞վ:
Մարինե Վանեսյան

·                     Լավ: (((((((((((
Կա’ր, եթե միայն ինձ լսեիր, եթե լսեիր, հիմա դու պակաս հանրահայտ չէիր լինի, հաստատ:  Մի՞թե մարդը կարող է այդքան անտարբեր լինել փառքի հանդեպ: Չէ’, դու միայն անտարբեր չէիր, դու կոմպլեքսավորված էիր, չկարողացար հաղթահարել շրջապատիդ ազդեցությունը, ընտանիքիդ ենթադրյալ կարծիքը, չկարողացար հաղթահարել ինքդ քեզ: Ուզում էի օգնել քեզ, հարազա’տս, իմ լավ ընկեր, բայց հաճախ է այդպես լինում, երբ  ուզում ես օգնել  սիրելի մարդուն, սակայն անկարող ես դառնում... ամեն անգամ կամ հնարավորություն չէիր տալիս մոտենալ,կամ էլ այնքան էիր ինքդ քո մեջ ամփոփվել, որ մերժում էիր աջակցությունս:
-“Դիլին” քո առաջ է , մա’մ: Ի~նչ հրաշք է պատկերել անտառը, մամո’ւլ: Գույներ, գույներ, Կրիպտոն գույների արքան է:
-Սյուզ, սա՞, սա քեզ որտեղի՞ց, սա… Կրիպտի “Դիլիջանն” է:
-Հա’, մամ ջան, Կրիպտո Խենիոյինն է, բայց կտավը կոչվում է “Դիլի”՝ չնայած հենց Դիլիջանի լեգենդի մասին է(2), գուցե հետագայում են միայն աղջկա անունով կոչել, չգիտեմ, բայց դու ինչու ես այդպես իրար խառնվել, կարմրել, շփոթվել:
-Չէ, ուղղակի շատ չքնաղ գործ է, գիտես՝ ինչքան եմ գնահատում արվեստը:
-Հա’, բայց … ջուր բերեմ, մա’:
-Բե’ր, Սյուզ, հա’, մի քիչ ջուր բեր:
-Մա’մ, մի որոշ ժամանակ անցնի, հիմա էլ “Շաքին” եմ գնելու:
-Շաքի՞ն, Շաքեի ջրվեժի գեղեցկուհի՞ն(3):
-Ըհը, մամո’ւլ, այն էլ առանձնահատուկ շեդևր է:
Չէ, այսքան զուգադիպություն լինել չի կարող, ախր…
-Սյուզ, կոմպով ցույց կտա՞ս այդ Խենիոյի բոլոր նկարները:
-Յա՞, մա’մ, աշխարհը տեղից շարժվե՞լ ա. Քինգի ականջը կանչի:
-Չէ, ուղղակի շատ հետաքրքրեց, կդնե՞ս:
-Հիմա:

Մարինե Վանեսյան
Բարև, լա՞վ ես:
Կրիպտո Շահվերդյան

-Հա,իսկ դո՞ւ: Կներես, ինձ կանչում են,հետո կշարունակենք  մեր զրույցը, լա՞վ:

Մարինե Վանեսյան

Եղավ:
Կարե’ն, միշտ փախչում էիր լուրջ զրույցներից, միշտ մտածում էիր, թե ավելի հանգսիտ է ու հեշտ ներկայանալ որպես ծպտյալ, որը քեզ կազատեր ամեն մի պատասխանատվությունից, անգամ ինձ երդվել տվեցիր, որ երբևէ ոչ ոք չի իմանալու, որ Կրիպտո Շահվերդյանը նույն ինքն է՝ Կարեն Գառնիկի Շահվերդյանը, այն հմայիչ, գոռ ու առնական երիտասարդը, ով այնքան նուրբ է նկարում, այնքան ռոմատիկ ու զգացմունքային, որ իր շրջապատում ոչ միայն չեն հասկանա, այլև սխալ կընկալեն: Կարե’ն, ախր դու  կարող էիր փոխել նաև քո շրջապատի մարդկանց՝ ցույց տալով  մյուս ես-դ:
-Մա’մ, նայի, սրանք են: Գժվելու են, չէ՞, մամուլ: Մենակ չասես՝ չես հավանում: Դե, իրականի հետ չես համեմատի, բայց էլի երևում են հիմանկան գծերը:
“Եփրեմ Ասորի”, “Աղթամարը”, “Սպանդարամետի կառքը”, “Վահագնի գրկում”, “ Որպես երկու փայլակնաձև արեգակներ”, “Մատուռի գաղտնիքը”…է~, հին օրեր…
-Մա’մ, լացո՞ւմ ես, ի՞նչ է եղել: Հաստատ նկարների սյուժեն քեզ ինչ-որ բան հիշեցրեց, ասա’, ի՞նչ է եղել:
-Ոչի’նչ, ցավդ տանեմ, ոչինչ էլ չկա: Ուղղակի հրաշք գործեր են:
-Մա’մ, միակ լավ բանն այն է, որ հաստատված է՝ կտավների հեղինակը հայ է: Ինչքան էլ վրացիներն ու ադրբեջանցիները պնդեցին, թե ուղղակի եղել է Հայաստանում ու տպավորվել, թե մյուս կտավները կորել են, մեկ է, մասնագետները վստահ ապացուցեցին, որ նկարիչը հայ է եղել:

Մարինե Վանեսյան
Կա’ր, “Վահագնի գրկում”-դ ուղղակի գլուխգործոց է: Միանգամից ցանկացա լինել Աստղիկի փոխարեն:
Կրիպտո Շահվերդյան

-ՃՃՃՃՃ: Ուրախ եմ, որ դուր եկավ:

Մարինե Վանեսյան

Կա’ր, ուզում եմ՝ հանդիպենք:

Կրիպտո Շահվերդյան

Մա’ր, ավելի լավ է՝ մնանք որպես վիրտուալ ընկերներ: Ես քեզ գիտեմ, չես համբերի ու մի օր ընկերներիս առաջ գաղտնիքս կբացես:

Մարինե Վանեսյան

Կա’ր, մի’ վախեցիր, ես քեզ չեմ մատնի,  լսո՞ւմ ես, մի’ վախեցիր, երբեք քո ցանկությանն հակառակ բան չեմ անի: Ընկերներ ենք, չէ՞: Ես քեզ չեմ մատնի, հաստատ, Կա’ր:


 Կրիպտո Շահվերդյան

Լավ, Մար ջան, մի’ նեղացիր, մի օր կհանդիպենք:
Մարինե Վանեսյան
Լավ:

-Մա’մ, բայց տեսնես Կրիպտոն չի՞ զգացել, որ ինքը հանճար է, որ մի օր իրենով իր ազգակիցներն ու բարեկամները հպարտանալու են: Մա’մ, Կրիպտոն մոտ քո հասակակից է երևի եղել, որովհետև իր կտավների ստեղծման ժամանակաշրջանն արդեն հայտնաբերված է, ու դրանք ձեր պատանեկության, երիտասարդության ժամանակներն են: Հիմա իր երեխաներն էլ իմ տարիքին կլինեն, բայց կարծում եմ, որ նրանք չգիտեն, որ հռչակավոր Կրիպտոն իրենց հայրն է: Չնայած շատ շուտով կհայտնվեն կեղծ ժառանգորդներ, ովքեր ամեն կերպ կփորձեն ապացուցել իրենց ժառանգական իրավունքները:
-Ինքը ժառանգներ չունի, աղջի’կս:
-Ի՞նչ գիտես:
-Հը՞:
-Ասում ես՝ ժառանգներ չունի, հարցնում եմ՝ ինչ գիտես: Չնայած քո տարեկիցն է, գուցե ձեր հարևանն է եղել, կամ մանկության ընկերը կամ երկրպագուն: Մա՞մ, հլը խոստովանիր, հը՞:
-Սյո’ւզ, գժվեցի՞ր: Ես ուղղակի ենթադրեցի:
-Չէ’, մամո’ւլ, դու հաստատ ասացիր:
-Սյո’ւզ, ես ենթադրեցի: Այդպիսի մարդ չեմ ճանաչել:
-Լա’վ, լա’վ, մի գոռա:
Իմ մո’տ ընկեր, իմ հարազա’տ, ես քեզ չեմ ճանաչել, ծիծաղելի է, չէ՞: Է~, Կարե’ն, ոնց կուզեի խախտել խոստումս ու բոլորին ասել քո մասին:
“Սինթեզ” ցուցահանդեսն էր: Ընկերուհիներով էինք: Դուրս եկանք, բայց ոգևորված քննարկում էինք:
-Հլա էս գիտունիկներին նայի, Սա’մ, իրար բերանի մեջ մտել ու դուրս չեն գալի:
-Վաաայ, հորս արև, դեմք են, ախր, Սև’ ջան, հազիվ էլ մենակ խոսեն, բա հո հայելուն չեն նայի՝ սարսափեն, վախից մեռնեն: Հա-հա-հա:
-Վաաայ, Սա’մ, բայց դու վեշնի ճիշտ ես, ապե’ր: Հա-հա-հա: Կա՞ր, դու խի՞ չես ծիծաղում, հլա էս գեշոներին նայի:
-Սա’մ, Սև’, վե’րջ տվեք, գնացինք:
-Կա՞ր, քեզ ինչ ճանճ կծեց:
-Ասացի՝ գնացինք:
-Մի’ գոռա, արա’:
Հետ շրջվեցի: Երեք հղփացած տեսքով ու դեմքերը աղավաղված տղաներ կանգնած էին մի ճոխ մեքենայի մոտ: Նրանցից մեկը… Կարենն էր:
Փշաքաղվել էի, ուզում էի լացել, գոռալ, թքել բոլորի երեսին, աշխարհի երեսին:
-Սև’, դու մի’ գոռա: Գնա’, աղջիկներից ներողություն խնդրիր:
-Իիիիիի՞նչ:
-Ինչ լսար, արա’:
-Կարե’ն, պետք չէ, մենք ենք գնում:
Ես էի խոսողը, ինքս մի պահ զարմացա, որ խոսեցի, զարմացա, որ չէի կարկամել, որ դեռ կարողանում էի բառեր արտաբերել:
-Յա՞, Կա՞ր, էս ծիտը քեզ ծանո՞թ ա: Ո՞վ ա:
Կարենը լուռ էր: Մի պահ գլուխը կախեց: Հետո բարձրացրեց ու նայեց ինձ, նայեց աչքերիս մեջ. խնդրում էր, որ ոչինչ չասեմ: Ժպտում էի՝ ցավով ու ափսոսանքով, սիրտս կսկծում էր: Ուղիղ նայեցի աչքերի մեջ, աչքերս ասում էին. “մի’ վախեցիր, չեմ մատնի”: Կտրուկ շուռ եկա ու գնացի:
Հետո ընկերուհիներս երկար հարցնում էին, փորձում պարզել, թե ով էր մեզ պաշտպանող երիտասարդը, բայց ոչինչ էլ չիմացան. խոստումս անխախտ էր:
-Մամու’լ, վե’րջ, էլ չենք նայում, դու տխրում ես, հուզվում Խենիոյի գործերը քեզ ոնց որ ցավ տան: Գնանք՝ պառկիր:
-Լավ, աղջի’կս:
-Մա’մ, մի բան ասեմ՝ չջղայնանաս: Քանի որ տարեկից եք՝ կուզեի, որ պապաս Խենիոն լիներ, որ հիմա գնացել է օֆիսում աշխատելու, բայց, դու մի ասա, գաղտնի նկարում է: Հի-հի-հի:
-Է~, աղջի’կս,( նա այդպես էլ հետնորդ չթողեց) :
Կարե’ն, հարազա’տս, սիրելի’ս, մինչև հիմա սարսուռով եմ հիշում այդ օրը: Երկար ժամանակ էր, ՖԲ-ում չկայիր: Սկսեցի զանգել: Չէիր պատասխանում: Ու մի օր էլ հեռախոսին պատասխանեց մի տղամարդ. “Դուք Կարենի ի՞նչն եք”, “Ընկերն եմ”, “Ընկե՞րը, զարմանալի է, եթե այդպես է, պետք է շուտ իմանայիք, որ նա զոհվել է ավտովթարից”:
-Մա’մ, ինչո՞ւ ես լացում, մամո’ւլս, ասա’, ի՞նչ է պատահել, ախր աղջիկդ եմ:
Կա’ր, ես քեզ խոստացել էի, որ երբեք չեմ մատնի: Կաաաաար… իսկ քեզնից հետոն մտնո՞ւմ է երբեք-ի մեջ: Գո՞ւցե հիմա ժամանակն է, որ խոստումս դրժեմ, որ վերջապես քո կտավները պատկանեն իրական ստեղծողին: Թե՞ խոստումը բոլոր պայմանակություններից էլ վեր է, թե՞ ես դրա իրավունքը չունեմ, չունեմ նրա ցանկությունը խախտելու իրավունքը, հա՞…
Մի’ վախեցիր, քեզ չեմ մատնի: Իսկ մի՞թե հիմա այդ ամենը մատնություն կարող է համարվել:


1.Կրիպտո Խենիոյի (ծպտյալ հանճար-իսպաներեն)

2. ԴԻԼԻՋԱՆ:  Ըստ լեգենդի անտառում ապրել է մի ընտանիք: Նրանք ունեցել են մի աղջիկ, անուն էլ Դիլի: Դիլին միշտ անտառից լսել է ձայներ: Մի գիշեր էլ գնում է ձայների հետևից ու կորում: Ծնողները փնտրում եմ ու անընդհատ գոռւմ Դիլի, Դիլի, Դիլի ջան….
Այա և այստեղից էլ առաջանում է Դիլիջան անվանումը:
3. ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ: Շաքին մի գեղեցկուհի էր, որի մասին շատերն էին խոսում: Երբ արաբները հարձակվում են, սուլթանը հրամայում է Շաքիին բերել իր մոտ: Շաքիին էլ չուզենալով գնալ իրեն նետում է ժայռից: Իսկ նրա հագուստի փեշերը տարածվում են և առաջանում է ջրվեժ, որը հետագայում կոչվում է Շաքիի ջրվեժ:


Wednesday, August 15, 2012

Մերրի Մկրտչյան





Հաջող, Սքոդար

Վալերը փոքրիկ պատուհանից  ստուգեց ու բացեց դուռը:
- Էս ցրտին…նորից դուք:
-Կներես,-ժպտաց Ս-ն:
Նկատելով Սքոդիին դռան մոտ կանգնած`տիկին Խ-ն, չնայած իր  քաշին, սկսեց ծանր-ծանր վազել երկար միջանցքով ու հասավ նրանց մոտ:
_ Դե, գործիդ գնա, էլի,-բղավեց նա Վալերի վրա, հետո իսկույն դարձավ աղջկան ու, նրա պստիկ մարմինը խցկելով իր հաստ թևերի տակ, սկսեց քայլել:
Երկար միջանցքի լայնքով` կողք կողքի շարվել էին փակ դռները: Հսկայական  սրահում նրանց քայլերը արձագանքում էին, ու սրա հետևանքով ժամանակ առ ժամանակ  բացվում էր դռներից մեկը, ենթադրենք, ինչ-որ մի կին էր գլուխը դուրս հանում ու, այս ու այն կողմ նայելուց հետո, նորից փակում էր դուռը:
-Ուժեղ կլինես,խնդրում եմ,-սկսեց տիկին Խ-ն:
-Չէ:
- Նրանց դա շատ է պետք,-նորից սկսեց արդարացնել բարի կինը:
<< Մի բաժակ թեյն ինչ է, որից ես զրկված եմ, հը՞ն… մի բաժակ թեյն ինչ է… Որքան երկար ժամանակ  ես ոչինչ չեմ կերել, չգիտեմ…,-ինքնիրեն մտածեց  ուշադրությունը լրիվ կորցրած Սքոդին>>:
-Նորից շեղվեցիր, գրողը  տանի,-հանկարծակի բղավեց տիկին Խ-ն,-ինչի՞չես լսում ինձ, ասում եմ`կարիքավոր են , պետք ես, հասկանու՞մ ես:
-Հա, հա, բա իկարկե…ես չհասկանալուց հեռացել  եմ…ըհը, հա, ի՞նչ, ի՞նչ էիք ասում,- դարձավ նա դեպի տարեց կինը:
-Ահա դուռը,-արհամարհանքով շպրտեց կինը ու, վերցնելով Սքոդարի բաճկոնը, հեռացավ:
Ս-ն ներս մտավ դանդաղ` առանց շուրջը նայելու: Նա մոտեցավ սրահի կենտրոնում դրված աթոռին, շտապ կանգնեց դրա վրա ու վերջնականապես բարձրացրեց աչքերը:
Ծաաաաա՜փ, ծա՜փ…դահլիճը թնդում էր տղամարդկանց կոպիտ ափերի հպումից….
_Դե, լավ, լավ, մի քիչ քսուք օգտագործեք. Շատ են չոր ձեր ձեռքերը, դա կանանց դուր չի գալիս: Ձեռքը արվեստ է, պոեզիա, կարևոր է հոգ տանել նման բաների մասին, ինչքան էլ որ երևույթը խղճուկ է:
Ծաաա՜փ, նորից թնդաց դահլիճը:
-Դժվար կլինի,-ինքնիրեն մրթմրթաց աղջիկը,երբ հայացքը հանդիպեց զվարճալի ժպիտներով սեղմված մի շարք դեմքերի:
-Օհ,-ժպտաց նա իր հերթին,-ապա կանգնեք նորից, դե ցատկեք, այ այդպես, ապրեք, տղամարդիկ,  ինձ պես, ինձ պես….ցաաաատկ…
Դահլիճը գգըմփ…Տղամարդիկ բարձրացել էին նստարանների վրա ու ցատկոտում էին : Կապիկներին բնորոշ անհոգությունը ցնցել էր միայն երեխային, որ կուչ էր եկել սրահի մի անկյունում:
_ Վերջ, բավական է,-բղավեց նորից Ս-ն,-հիմա նստեք խնդրեմ:
Դահլիճը մեկ շնչի պես հավաքվեց:
<< Դուք ծանր եք ինձ համար, չեմ  սիրում ձեզ, ներեցեք….ուզում եմ օգնել, գիտեմ, կարող եմ (դա այնքան էլ բացատրելի չէ) , բայց… դուք անչափելի չեք , և անտուն լինելը  միայնություն չէ դեռ…Վալերին տեսնելիս սիրտս կարող էր և տխրել…>>
_Ուզում եմ ասել,  որ դուք շատ գեղեցիկ եք ձեր այս ճերմակ շապիկներով,-ինքնիրեն վերագտնելով`շարունակեց Սքոդին,-իմացեք, տղամարդկանց գեղեցկացնում է ճերմակը, իսկ աղջիկները մանր կոճակներ սիրում են…հոպ կարձակվեն, հոպ… հա, հա, հա~…
Եվ դահլիճը իսկապես թնդում էր ծիծաղից:
<< Երեք օր է արդեն, երեք օր, ի՞նչ պիտի անենք…,-մտքերը հանգիստ չէին տալիս աղջկան>>:
_Լավ, լավ, լսեք ուրեմն, առյուծը դժբախտ է, թե՞ չէ:
Դահլիճի մեծամասնությունը ձեռքերն էր թափահարում պատասխանելու համար: Տղամարդիկ ցատկոտում էին անհամբերությունից `րոպե առաջ գովեստի խոսքեր լսելու:
_Այ, օրինակ դու, Հ, ասա, ասա, տեսնեմ `արդյոք դժբախտ է առյուծը:
_Օ, իհարկե ոչ, իհարկե ոչ,-ժպտերես Հ-ն խորամանկորեն փորձում էր  Ս-ի դեմքի արտահայտությունից կռահել `ճիշտ է ինքը, թե ոչ, բայց, տեսնելով որ նա անտարբեր լսում է , ավելի բարձր գոռաց,-այո, այո. թագավորը դժբախտ չէ:
_Շնորհակալություն, Հ, նստիր: Դու ասա տեսնեմ,-Սքոդարը մատով ցույց տվեց մեկ ուրիշին:
_Դե, չգիտեմ …ոնց ասեմ…լրիվ կաս-կարմիր կտրած նիհարիկ տղամարդը փորձում էր լեզուն շարժել,-այո,դժբախտ չէ…այսինքն ոչ, իհարկե ոչ, նա դժբախտ չէ, որվոհետև չգիտի, որ դժբախտ է…հասկանու՞մ եք,-կասկածամտորեն ավելացրեց նա`վերջապես նայելով Ս-ի աչքերի մեջ, և երբ աղջիկը ի պատասխան ժպտաց նրան, տղամարդը հանգիստ սրտով զբաղեցրեց իր տեղը:
_Լավ, դե դու, դու, որ լուռ նստել ես, այդքան պասիվ, կանգնիր տեսնեմ,-մինչդեռ կողքի շարքերում իրենց ձեռքերի թափահարումներով կոտորվում էին ուրիշները,Ս-ն ընտրեց հենց այս մեկին, որ դառնորեն բարձրացրեց աչքերը ու պատախանեց.
_Սխալ է. Առյուծը անիրազեկված է տրված պաշտոնից: Մենք, եթե շատ սիրեինք առյուծին, հենց մենք դժբախտ կզգանք մեզ, որ առյուծը չգիտի , որ ինքը արքան է իր շրջապտում, և որ դա երբեք ոչինչ չի տա իրեն : Առյուծը դժբախտ է…չգիտեմ, մեկ մեկ կուլ է տալիս էն  զոլավոր կենդանիներին, երևի ավելի երջանիկ  կլիներ մարդկանց մեջ, ովքեր իրեն  թագավոր համարեցին … բայց դե դժբախտ է այնքանով, որ չի կարող լինել մարդկանց մեջ,  հարկավ, դա բացառված է …այսինքն նա իհարկե դժբախտ է ,-վերջնականապես եզրակացրեց տղամարդը,-որովհետև բացառված է այն, որ նա երբևէ կարողանա լինել իրեն գնահատողների մեջ, ինչու չէ, դա էլ թեթև դժբախտության տեսակ է…կարճ ասած այո…
_Լավ,շնորհակալություն,-նորից կրկնեց Ս-ն:
 Այդ պահին-հանկարծ իր տեղից պոկվեց մեկը ու, վազելով մոտենալով աթոռի վրա կանգնած Ս-ին, սկսեց բարձր –բարձր աղաղակել.
_Ուզում եմ առյուծ լինել, առյուծ եմ ուզում լինել…ախ, ես էլ եմ ուզում էդպես լինի, էն, որ ուրիշները գիտեն քո մասին, երբ դու չգիտես քո մասին …ուզում եմ դժբախտ լինել առյուծի չափ ու վերջ, որ այ նրա նմանները,- տղամարդը մատով ցույց տվեց հենց նոր ելույթ ունեցածին,-ինձ համարեն դժբախտ, խոսեն իմ մասին…ախ. Ուզում եմ, ուզում եմ….
_Հանգստացեք, հանգստացեք,-ժպտաց Սքոդին,-կդառնաք, խոսք եմ տալիս, լա՞վ: Մենք միշտ էլ պարտավոր ենք լինել այն, ինչ մեզ խոստանում են…լավ կլինի…
_Պա՜հ,-այդ պահին հանկարծ տեղից բացականչեց մեկ ուրիշը, որ գեղեցիկ էր ու գլխին ոչ մի հատիկ մազ չուներ,-լսեք,-սկսեց նա,-այն չափանիշները, որոնցով մենք առյուծին արքա ենք կնքել, այնքան ստոր են ու սխալ, որ, եթե առյուծը խելք ունենար, կգար ու կասեր`դուք շատ գիտեք իմ աշխարհի չափանիշները, որ դատում եք ինձ, դասում ամենալավը ամենքից: Այսինքն կստացվի, որ կենդանական աշխարհում գուցե  լինի  արքայի տիտղոսին հարիր մեկ ուրիշը, բայց չհասկացվածի տխրությամբ լռում է հիմա, որովհետև սխալ է ու վերջ: Մենք չափանիշներ չունենք, էլ շատ իմանանք արքա է, արքա չէ. Մեր ունեցած չափանիշները գուցե նույնիսկ իրական էլ չեն…ես չեմ հավատում մարդուն:
_Էհ, ասեք, ասեք, թող լռի, չխանգարի ինձ, ես հենց նոր եմ միայն որոշում կայացրել, ինչու՞ է նա խանգարում  ու խառնում ինձ…ա՜խ,-սկսեց արտասվել աթոռին մոտիկ վազած տղամարդը, ով կարծես թե, հաստատ որոշել էր առյուծ  լինել:
-Լավ, լավ, ապրես, էլ ով է ուզում խոսել,-լսվեց  նորից անտարբեր  Սքոդարի ձայնը:
_Լսեք,-շարքերին մոտիկ վազեց մինչ այդ լուռ, պատի տակ կծկված երեխան, որ  հազիվ  տաս  տարեկան լիներ,-դուք, օրինակ պատասխանեք այս հարցին`երեխան դժբա՞խտ է…չեք կարող, որովհետև դուք չգիտեք`որ երեխայի մասին է խոսքը գնում , պետք է ուսումնասիրել անհատականությունը հասկանալաու համար `դժբախտ է  , թե չէ:  Մի անվան տակ առնելով բոլորին`իսկական դժբախտներին չես բացահայտի ու կկրկնապատկվի նրանց դժբախտությունը` չհասկացվածի ծանրությամբ….Մարդը դժբա՞խտ է, դե ասացեք, տեսնեմ. Սխալ է այս հարցը, որովհետև միշտ էլ կարելի է ասել, որ մարդը  դժբախտ է`վերցնելով կենցաղային, հոգեկան, կրոնական մի շարք պայմաններ: Ստացվում է, որ հարցը չեղյալ է համարվում, որովհետև ակնհայտորեն չի հասնելու իր ելակետային պատասխանին…դե, միշտ էլ այդպես է, երբ խնդիրը մեծամասնություւնն է…
Այս խոսակցությունը արդեն երեք ժամ էր, ինչ լցրել էր հիվանդներին, հիվանդների կյանքի բացակայությունը,  բայց Ս-ն սկսեց վատ զգալ իրեն ու, ներողություն խնդրելով,  դուրս եկավ սրահից:   Նա նստեց  միջանցքում ու մի սիգարետ վառեց:
<<Մազաթափություն, էս ցրտին…հուուու~…կարգին ծխել էլ չսովորեցի: Ահ, դատարկ բան է…հա, իհարկե: Իրո՞ք: Հա, հա: Չե՞ս հավատում: Հավատում եմ: Ինչի՞ն: Չգիտեմ, դա էական չէ, էականը հավատալն է:  Նայում է քեզ: Նայու՞մ է ինձ; Հա: Հա~…>>
Տիկին Խ-ն իսկապես  մոտեցել էր  մենախոսողին ու ձեռքերով փաթաթվել էր նրա իրանին:
_Էհ, էս ոնց ես մեծացել,-սկսեց նա: Փոքր ժամանակդ հիշու՞մ ես:  Ինչքա՜ն էին ամեն օր բողոքում քեզանից: Ախր շատ մեծամիտ երեխա էիր, գոռոզ… Արհամարհում էիր տարեկիցներիդ, չէիր շփվում…Ծուռ էիր, ծուռ, հա, հա~… իմ աղջիկ, բայց ես միշտ էլ տեսնում էի քեզ…
<< Երանի սոված լինեի ու չլինեի: Լինեի՞ր;  Չգիտեմ, չգիտեմ, սուս, լռիր…>>
Նորից ինքնիրենից հեռացել էր աղջիկը ու ամենափոքր ուշադրություն  իսկ չէր դարձնում կնոջ խոսքերին, որ շոյում էր իրեն ու հիշում ժամանակը…
_Ջուր եմ ուզում,-հանկարծ դուրս տվեց Սքոդին:
_Ջո՞ւր, հիմա, հիմա, սպասիր,-անակնկալի եկավ տիկին Խ-ն ,-ի՜նչ տարօրինակ է , այնքան պաղ են ձեռքերդ,-ու նա  իր ափերի մեջ առավ Ս-ի մանր մատները:
<<Սիգարե՜տը>>,- ինքնիրեն բղավեց  Սքոդարը , բայց ուշքի եկավ ու վերցրեց իրեն պարզած ջրի բաժակը, որ  կինը արդեն գնացել ու բերել էր:
Սքոդարը ուղղեց մազերը  ու նորից ներս մտավ:
Տղամարդիկ միմյանց ձեռք բռնած շրջան էին կազմել ու պտույտ էին տալիս երեխայի շուրջ, սակայն, նկատելով ներս մտնող Սքոդիին , իսկույն զբաղեցրին իրենց տեղերը: Սա նրանց աաամենասիրելի պահն էր.  Բոլորն էլ սպասում էին, որ շուտով աղջիկը կկանգնի աթոռին ու կսկսի թափահարել ձեռքերը օդում: Ս-ն, իսկապես արեց նույնը ու միջնամատով սկսեց ինչ-որ պատկերներ գծել օդում:  Դահլիճը թնդում էր ուրախությունից ,  բոլոր տղամարդիկ անխտիր տալիս էին միևնույն պատասխանը, ինչը մեծ բավականություն էր պատճառում նրանց: Սքոդարի մատները բացվում –փակվում  են `ընթացքում արագացենելով ու դանդաղեցնելով:
-Մեռնող երեխա,  դեռ կիսատ ծնված,-միասին բացականչում էր դահլիճը, իսկ ով դեռ չէր հասցրել պատասխանել, գլխով լուռ տալիս էր իր համաձայնությունը:
Մի ձեռքով աչքերը փակ, մյուս ձեռքով օդում ինչ-որ բան շոշափելիս:
_Ինքնախաբեությու՜ն…ինքնօգնությու՜ն,-բղավում էր դահլիճը:
<< Ահ, ուրեմն փրկություն  չկա:  Իսկ գուցե՞ պոեզիա: Անիմաստ է: Ես էլ ոչինչ չգիտեմ: Ես էլ…>>
Խաղը , սակայն, ընդհատվեց հեծկլտոցների պատճառով: Վերջին շարքերից մեկում նստած մի գիրուկ տղամարդ դառնորեն սկսել էր լաց լինել, թեև սա նորություն չէր մյուսների համար, որովհետև ցանկացած ժամանակ նա  ամենալացկանն էր, ու  պահի ազդեցության տակ, մեկ էլ մի բան հիշելով իր կյանքից, սկսում էր ողբալ:
-Ես, ես կատվին, որ վառեցի…ես չէի ուզում, ես...բենզինն ինչ է, ա՜հ….կենդանին մլավում էր, դա երեխայի լացի պես է, այ , հիմա, ոնց եմ ես լաց լինում…է…չեմ մոռանա, ըհը, չեմ մոռանա, այ հիմա, որ դուք  փակեցիք ձեր աչքերը, ես մտածեցի`ինչի էն ժամանակ ես էլ չփակեցի աչքերս, որ հիմա չհիշեի…Լրիվ բզիկ-բզիկ էր եղել խեղճ կենդանին, չորացել էր….աահ, մաշկը ձեռքերիս մեջ էր թափվում…ահ, ինչ վատն եմ ես, ինչ վատն եմ…
Սքոդարը դանդաղ անցավ շարքերի միջով. Աթոռներից կախվել էին ոտաբոբիկ տղամարդկանց մերկ ոտքերը, նա հասավ լացկանին:
-Մի կարմիր ժապավեն կա աշխարհում`ժանյակներով երիզված, փափուկ…,- նա ձեռքը մոտեցրեց տղամարդու կրծքին,-քո շորի վրա կարել կտամ…Կարևորը հիշես, որ լացել ես, դա ամենակարևորն է…ապրես , լավն ես դու, շատ լավը… Ուղղակի փակիր աչքերդ այսուհետ, և դուք բոլորդ,-դարձավ նա դահլիճին,- փակեք , երբ չեք ուզում հիշել հետո: Ընկալման համար նախատեսված ցանկացած վերջույթ ջարդեք ձեր վրայից, ազատեք ձեզ հիշելու մեղքի:  Հիշելը դատավորն  է խղճի…
<< Չգիտեմ,  խիղճն ինչպես, որտեղ…Հիսուսն էլ է  նույնը ասում: Հիսուսը՞: Հա, Հիսուսը: Հիսուսը~....>>
-Լավ, լավ, բավական է,-կարծես, ինքնիրեն վերագտնելով, աթոռի մոտ դարձավ աղջիկը:
<< Ես չգիտեմ կարմիր ժապավաենը… ասում են  մի երկիր կա,  աղջիկները դա կապում են իրենց մերկ կոնքերից ու պարում խարույկի շուրջ: Ոչ մի տղամարդ իավունք չունի տեսնելու այդ արարողությունը…կարմիր ժապավենը…պետք է գտնել դա…>>
-Վերադարձեք ձեր անկողինները, վերջ, վերջ,-դարձավ նա դեպի դահլիճը:  Քնելիս չմոռանաք, որ գիշեր է:

 Սենյակ 2
 Բարձր երաժշտություն է հնչում: Տղամարդկանց մեկ այլ խումբ զվարճանում է Աստվածաշնչի առջև պտտվելով: Նրանք իրենց ձեռքերը վեր են բարձրացնում ու առաջին երեք մատների հպումով ստեղծում են համաչափ ռիթմ :  Զիլ տոնախմբություն է: Բեմի վրա կանգնած մարդիկ  արտասանում են, իսկ դահլիճում գտնվող տղամարդիկ կրկնում են նրանց:
_ Հա՜յր մեր, հա՜յր մեր, հա՜յր մեր,-կրկնում են բեմի  մարդիկ:
_ Հայր մեր..հուուո՜ւ…հայր մեր հեեեե՜…,- փոխադարձ պարային շարժումներով գլուխները թափահարում են տղամարդիկ…
_Մինչև վերջ ստանալու չափ տուր:
_Տո՜ւր, տո՜ւր, տո՜ւր…
_ Որ կիսատ հեռուն հույսին չհագեցնի:
_Որ..հեռո՜ւն…չհագեցնի, չհագեցնի՜…
_Մենք մեղավոր չենք, որ զոհ ենք ծնվել:
_Մենք մեղավոր չե՜նք…
_Եվ ուրիշներն են մեղավոր նրանում, ինչ չենք:
_Եվ  ե՜նք…
_Ենք…
_Աննպատակ արարքները, որ ճշմարտություն են սահմանում:
_Վերցրու՜, վերցրու՜…
_Դարձնում են աննպատակ ուրիշներին, որ մեր անհիմն ճշմարտությունը իրենց չիրագործված քայլերի մեջ առաջ ընկած են տեսնում:
_Վերցրու՜, վերցրո՜ւ…
<< Լ-ի մատանին  հաջողություն չբերեց: Այստեղ ձանձրալի է այսպես, առանց  գիտակցության, որովհետև մարդիկ ամենուր են… հիմա>>:

_Իմ  ապրած կյանքի համար, այժմ, երբ մեռնում եմ, միթե՞ չի լինելու ոչ մի հրավառություն, հը՞ն, ոչ մի՞:
_Ոչ մ՜ի….
_Ուրեմն դա սովորական է քեզ համար, դու տեսնում ես ամենքին, բայց իմ կյանքը դուրս չէ ինձանից:
_Մեզնից է՛լ….
_Երբ այլևս ապրել չկա իմ կամքով, էլ որտե՞ղ մեռնել ուրեմն:
_Որտե՜ղ, որտե՜ղ…
_Ու երբ սահմանում ես բարի լինել, ինչու՞ միշտ կարելի է ընտրել չարին:
_Չարի՜ն…
<< Որովհետև Հիսուսն ինքը բարի է …հա. հա. հա~…>>
_Մենք չենք ուզում, որ վանդակի դռները բաց, համոզես, թե կողպված ենք:
_Կողպվա՜ծ….համոզե՜ս…
_Սխա՜լ է…..
_Սու՜տ է….
_Այրե՜լ…
<< Բաց վանդակի մեջ նստած մնալը խաբեությամբ ներս պահելը չէ, պարզապես վանդակից դուրս է արքայությունը, հիմարներ, որին չհասնելն ավելի հեշտ է ձեզ նմանների համար: Հեշտը, որ միշտ քողարկված նախընտրելին է`մոլորության, ձախողման ու առհասարակ ամեն ինչի մեջ…հիմարներ…Ի՞նչ, դու նարնց հիմարներ անվանեցիր:  Չ՛է, սու՛ս, լռի՛ր: Չէ, չէ, դե ասա, ասա, որ ասեցիր: Գնա՛, գնա՛, ասում եմ…>>
-Այրե՜լ, այրե՜լ….
<< Փոփոխված մի երկու տող, հետո Հիսուսի անունը Եհովա կդառնա: Վախենում եմ սիրել նրան անգիտակցաբար, որվհետև չեմ ճանաչում ամենևին:  Կեղծե՞լ Հիսուսին, կեղծել, դա՞  ես ուզում ուրեմն: Չէ՜, չէ, սու՛ս մնա, լռի՛ր…>>
_ Այս ցավին, որ քոնն է ու հասել է մեզ, դիմանալ չի լինում:
_ՉԻ ՜ լինում….
_Նույնիսկ ականջիցս կախված օղերն են մտածում թեթև լինելու մասին, որ չցավեցնեն:
_Մարմինը տեղ չունի՜…
_Ցավդ հասել է մեզ, որովհետև մեր մեջ ես:
<<Կողքին լինելը իսկույն բացառվում է, որովհետև չեն տեսնում նրան…>>
_Գնա՜…
_Որովհետև շատ ես մեզ համար, գնա, որովհետև կարող ենք վռնդել: Ավելի կավ է գնաս, հասկանում ես:
_Գնա,՜ գնա՜…հուո՜ւ…
<< Եհովան հաղթում է նրանց, որովհետև իրենց կարիքները ավելի երկար դիմանլ չեն կարող…մինչև արքայություն… Եհովան հաղթեց, որովհետև միայնակ չէր, որովհետև իրականում չկա ու ավելի հեշտ է, որ հաստատ չկա, քան թե կա ու չկա… Ոչ, Եհովան չհաղթեց, որովհետև  նրա հաղթողները երկրի վրա ոտք չդրեցին…չգիտեմ…հաղթեց, չհաղրեց., ախ չգիտեմ…>>

_Արդ, ալելուիա՜, ալելուիա։:
_Որպես կրոն, ոչ թե կոնսակերպ:
<<Այդպես ավելի հեշտ է, ավելի անվանակոչված, ավելի շատ բառ, քան թե ճշմարտություն…>>
_Ալելուիա, ալելուիա՜…
 Սենյակ 3.
Սքոդին երկար չդիմացավ նաև  երկրորդ սենյակում: Ուղղակի փակեց դուռը, որ վերջանան ձայները: Ասում են` վերացրեք ծնքղներին, թե չկա Եհովան:  Զիլ է Հիսուսին չսիրելը, Սքոդին ամաչում է անտանելի ցավից: Թող Աստված ների…
Զիլ է, որովհետև Եհովայի հետ պարելով էլ համաձայնության կգաս, Եհովայի դաշտերը կախարդական են, նա իր սեփական Աստվածաշունչը չունի… Եհովայի հետ հեշտ է. մարդկային բնությանը դա է պետք …
Սքոդին ամաչում է, ներողություն  է խնդրում Հիսուսից: Ինքը մի քանի անգամ քիչ է մնացել ընկնավորի պես ընկնի ու մտածի, որ երկնքի առաստաղը միայն Աստծունը  չէ, որ թքած, թե լուսնի երկնքում լուսին չկա…
Ուրիշները Աստվածաշունչ են նվիրում, այնտեղ Հիսուսի անունը այնքան գեղեցիկ կերպով ջնջված է…

ՍԱ  ՀԻՎԱՆԴԱՍԱԵՆՅԱԿ  Է:
ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ԱՅՆՔԱՆ  ՃԻՇՏ  ԳՐՎԱԾ  ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է:
Սենյակ  1, սենյակ 2-րդ, 3-րդ: Բոլորիս վերջն էլ 4-րդ սենյակն է :
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ  ՎԵՐՋՆ Է:
ՈՒ  ԵԹԵ  ԿԱՅԱՑՈՂ  ՄԱՀ  ԿԱ,  ՈՐԵՄՆ  ԴՐԱ ԺԱՄԿԵՏԸ  ՆՈՒՅՆՊԵՍ  ՎԵՐՋՆ  Է:

Սենյակ 4.
Աստղեր չկան, լուսաբացը անհրաժեշտ է: Սքոդին համոզում է սպիտակազգեստ տղամարդկանց, որ ինքը հիվանդ է, պետք է շտապ բուժվի: Տղամարդիկ զննում են փոքրիկ Սքոդիի  փխրուն մարմինը, եզրակացությունը լինում է այն, որ Սքոդարը ամենևին էլ կապտուկ չտեսած մարմին է, որ նա ընդհանրապես վատառողջ չէ:
_Ինչպե՞ս,-բղավում է Սքոդին,-ես կապտուկ եմ, ահ…ձեզ  կապտուկներ են պետք ուրե՞մն:
_ Ըհը,-գլուխը դրական շարժումով խոնարհում է բժիշկը:
_ Ի՞սկ եթե չկան:
_Էլ ինչի՞ ես երկրի վրա, եթե չես կարող բուժվել,-եզրակացնում է նորից բժիշկը:
_Հասկանո՞ւմ եք, հասկանո՞ւմ եք…ոտքերս ցավում են իմ ետևից,-սկսում է դառնորեն պատմել ընկճված Սքոդին:
_Բայց կապտուկներ չկան:
_Բայց ես, ես…ոտքերս…իմ  ետևից…
_Անվանակոչված է, ոչ մի կապտուկ էլ չունես, նորից մերժում է բժիշկը:
_ ՈՒրեմն մարմի՞նս պիտի ցավի, -հարցնում է աստիճանաբար սպառվող աղջիկը:
_Հա, մարդկանց`հավատալու համար շոշափել է պետք:
_Ինչպես Եհովա՜ն,-բացականչում է Սքոդին  ու ընկնում:
<< Ինձ շրջապատող դուրսը մնում է փուչ,  որովհետև  ներսս բացողներ չեղան:  Երկնքի անբուժելի կապտուկը մոտեցնում ու կապում  է ինձ Աստծուն: Մեր կապտուկները կապույտ են դարձնում երկինքը…. Երկինքը միակ կապտուկն է…Որեմն մեռա, հա՞: Հա, մեռար: Նրանք հիմարներ չեն, չէ՞: Չէ:  Ինչպե՞ս Դոստաևսկու Ապուշը: Հա, ինչպես նա:  Եվ դու ինձ ներու՞մ ես, որ ես մեռնում եմ և չե՞ս էլ փորձում ասել` մի գնա:  Բայց ինձնից ոչինչ  կախված չէ; Կախված է՜….ա՜խ…>>

Բժիշկներըտ բացում են մեռած Սքոդարի դին: Կոկորդից անընդհատ թարախային արտադրություն է դուրս գալիս, իսկ արյունը լցվում է նրա պրոֆիլի վրա: Բժիշկները խենթ են, նրանց տեղափոխում են առաջին սենյակ:
ՊՏՈՒՅՏ,  ՊՏՈՒՅՏ, ՊՏՈՒՅՏ…


Sunday, August 12, 2012

առաջին տանգո




անփույթ բռնում եմ շնչահեղձ ոտքիդ
ալիքվող փեշս.
ձեռքս ձեռքումդ,
ձեռքդ ձեռքումս
վարակվում եմ քո փշաքաղությամբ,
հետո աջ ու ձախ,
հետո ետ-առաջ,
ու քիչ-քիչ`
քայլ-քայլ մենք սովորում ենք
քայլել համընթաց
դասական կոփված ռիթմի ներքո:
ու հետո երկար,
երկար մի պտույտ հենակ մատիդ շուրջ,
ու չես հասցնում կլանել ամբողջ
իմ ծավալումը
ու իմ համարձակ ու համատարած փրփրակալումը
փեշերից ոտքեր.
ես հանձնվում եմ
ու ամբողջ ուժով`
ամբողջ թուլությամբ թեքվում եմ քո մեջ
ու զուգահեռվում ամենաձգիչ
երկրային ուժին,
բայց վստահորեն կախված եմ մնում,
որ մինչև վերջին,
վերջին պիկ նոտան ինձ գրկած մնաս.
դանդաղ սպառվեմ...


Friday, August 10, 2012

Սիրաթափություն



           

Ցամաք կուրծքս գրկած`
Սիրակալում է ինձ
ՈՒ ջրում է սիրտս փափուկ արցունքներով,
Իմ չծնված դուստրը
Ինձ հաբեր է տալիս`
Ցավազրկող հաբեր չարաշահված սիրո:
Իմ ծեր աղջիկը ինձ
Հեքիաթներ է պատմում,
Որ պատմել եմ իրեն արդեն հազար անգամ,
Ես լուսնոտած հոգով
Բագիններն եմ քանդում.
Իմ պաշտած հեքիաթի աստվածն արդեն չկա:
Իմ անկատար դուստրը
Ինձ դասեր է տալիս,
Աճպարարի նման դառնում մորս լեզուն,
Ես ուզում եմ պրծնել,
Նա ապրել է ուզում:
Եվ դու´,հայր իմ դստեր,
Եվ դու´,-Սեր- վերնագրով
Իմ հորինած հեքաիաթ...
Կաղաղակեմ էլի ծիսակարգը սիրո
Եվ դստերս նույնպես
Պաշտելու շանս կտամ: