Monday, November 19, 2012

***



Մորուքով տղամարդիկ հերթով կպոկեն թերթերդ,
ու դու մանկության կաշվի տակ
կզգաս թաց պարանոցդ,
որ թաց չի լինի ինչպես
կնոջ ոտքերը մայրանալուց առաջ
կամ դստերդ ափերը`
մկրտությունից հետո,
քո մեջ կթպրտան կարմիր կաթիլները,
ու տղամարդիկ 
կզգան փշաքաղված մարմինդ,
կտեսնեն ու կանցնեն 
վրայովդ,
կտրորեն փշերդ ու կպատռեն
կաշիներդ բոլոր.
դու նրանց աչքին կին ես
ու ոչ մայր,
դուստր կամ քույր...
տղամարդիկ կպաշտեն ծնկներդ միայն,
որոնց վրա,
կթուլանան,կլացեն ու կբավարարվեն`
սուտ-բարեպաշտ մորուքները
մահճակալիդ տակ նետելով:





Sunday, October 28, 2012

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ





ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…



ՆՈՐ ՏՈՂԻՑ

Ծնվել եմ առավոտյան շուտ,
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք:
Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան,
Քրոջս, որին ի՜նչ էին տեսել, ընդամենը մի քանի ժամ՝
Ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ…
…Միայն ես չեմ կարողանում նրան մոռանալ, և երբեմն
Վաղ առավոտյան արթնանում եմ սրտիս ցավից,
և թաց աչքերով մթության մեջ պառկած
օր առ օր վերհիշում եմ այն ինն ամիսները,
որ միասին ապրել ենք
մեր կյանքի լավագույն շրջանում…


Նոր ժամանակներ

Ուղիղ մի կոշիկի չափ երկիր`
ահա թե ինչ էր մնացել
նախկին բավականին ընդարձակ Հայաստանից.
ընդամենը մի,
այն էլ 29,8 համարի կոշիկի չափ երկիր,
եւ երկար տասնամյակներ արագիլի նման
մի ոտի վրա ցցված ժողովուրդ,
որն ահա արդեն
երկու տասնամյակ է, ինչ պայքարում է
եւս մի կոշիկի չափ տարածության համար,
որպեսզի, ի վերջո, կարողանա մյուս բոլոր
ժողովուրդների նման
երկու ոտքով կանգնել
մայր հողին:



Friday, October 19, 2012

պահմտոցի




ես աղոթում էի
մահճակալիդ տակ ,
իսկ դու ,
դու
թարթվող
մոմի չափ կիսատ ,
թարթվող մոմի պես
կցկտուր ասում էիր .
- գտա քեզ ...

ես էլի պարտվում էի.

դու նորից փակում էիր
աչքերդ
ու հաշվում
մինչև տասը ,
ես էլի թաքնվում էի
մահճակալիդ տակ
ու հետևում
երկաթե
ներփքված
հյուսվածքների տատանումին .
ես էլի աղոթում էի
ու անհամբեր սպասում հաջորդ
պարտությանս ,
բայց ...  մահճակալդ
քարացավ -

այս անգամ
դու չգտար ինձ .

ես հաղթեցի ...


Monday, October 15, 2012

Լուսինե Եղյան







Առաջին կյանքում որոշեցիր քեզ սպանել…

անձրևի վերջին կաթիլը ջարդվեց ձեռքերումդ,
թաց ագռավը գեղեցիկ թվաց ու բազմաշնորհ,
վերմակը առաջին անգամ ծածկեց ոտքերդ,
օդը անձրևից հետո խտացավ…
անձիդ կորուստը մենության մատնեց քեզ,
երբ ածելին իր կորուսյան համբուրյով կարմիր ներկեց ափդ…

մահը կատվի նման սկսեց քսմսվել ոտքերիդ,
քեզ գետնին տապալեց
ու սկսեցիր լիզել վերմակին բաժին հասած կոտրտված արյունդ`
դու ձեռքեր չունեիր նրան շոյելու համար,
եվ քանի որ թակարդում մուկ կար,
կազմակերպեցիր նրա հուղարկավորությունը.
մուկը հող դարձավ կատվի ստամոքսում:

կորցնելը ավելի հեշտ է, քան`կորչելը…
ժամանակը դուրս եկավ իր հարթությունից,
որ մկրատով կտրտես կյանքիդ գրաֆիկը,
քո թիվը մնաց բանաձևից դուրս,
որ սխալ հաշվես մահվանդ տևողությունը…

ու սկսեցիր օդում բերանով խզբզել,
թե լարում կոչվում է այն ֆիզիկական մանրությունը,
որը հոգեպես հավասար է լքված մարդուն (ում այսուհետ կկոչեն թուլամորթ):
ու վառվեցին սենյակի թուլամորթ ջահերը:

-Թույլ է զարկերակը, -
բղավեցին սպիտակ գույնի սիրահարները:
հերձված ձեռքերիդ ապաստան տվեցին սև դղյակում.
կարկատեցին ձեռքերդ, մաքրեցին կարմիրը
ու սվաղեցին ճակատագրիդ վրա:

սև դղյակի սպիտակ բնակիչները սիրելի դարձան…
երբ առաջին կյանքում որոշեցիր քեզ սպանել,

իսկ երկրորդում…
երկրորդում, ասում են, դարձար լարումը բնութագրող մեծություն,
ով օրը հազար անգամ մոտենում է դեղատանը
ու որոշում մի քանի տարի երկար ապրել վերջին կյանքում….

***

Վարագույները դանդաղ իջնում են,
քեզ խեղդելով վերջին հիասթափության ալիքի մեջ,
դու գլուխդ երկինք ես բարձրացնում ու հասկանում,
որ երկնային փշալարերից առկայծող այդ լույսը
պարզապես հեգնանք է քո ոչնչացվող արժեքի,
որովհետև երկինք բարձրանալու համար բավարար չէ միայն մարդ լինել,
բավարար չէ միայն ապրել միակ մարդաբնակ մոլորակում ու քեզ գազան զգալ,

պարզապես բոլոր խնդրիներն էլ միատեսակ լուծում ունեն,
ու բոլորն էլ կարելի է ուղղակի չլուծել,
իսկ վարագույրները աստիճանաբար իջնում են, իջնում`
շուրթերը կամաց հպելով քամու ազդրերին,
օրորովում վալսի կործանարար հնչյուների տակ`
աչքերումդ ներգծելով սահմանափակ տիեզերք սահմանափակ հայրերով…

դու չհասցրեցիր հարվածել լայնացող վարագույրին,
որովհետև այս անգամ սահմաները գծված չէին,
իսկ մի քայլ այն կող անդունդ էր, սառած անդուն,
որտեղ հանգրվանելու առաջ բոլոր գոռում.

օրհնյալ լինես, դու, կյանք,

մինչ վարագույրները դանդաղ իջեցնում են
փոքիրկ աղջիկը տանիք նկարել է սովորում,
իսկ երկնքում չարագուշակ ամպ կա
վերջին կայծակը փշրեց աղջկա ամենաամուր տանիքը…

օրհնյալ լինես, դու, կյանք,
որ կլանում ես զառամյալ արևի լույսը,
ոչնչացնում փոքրիկ աղջկա նկարը,
եվ դու էլ մեզ հետ պարտվում ես,
դու էլ չկարողացար սիրել այն վարագույրը,
որը ուղղակի կիզակետն է քո չկարգավորված պատմության …





Thursday, October 11, 2012

***



Դու փորում ես
խոհանոցի
ներքնպատը
ու եռռացող
կարտոֆիլի
թավ անձրևում
ողողվում ես
երկփեղկանի
կոնքերիս մեջ՝
թավայի մեջ
սեղմվելով.
լուսամուտին
խտանում է
ջրաքողը,
բլբլթացող
լավայի մեջ
կարտոֆիլը տրաքում
է,
ու անախորժ
կեղևներից
գոլոշու հետ
կլեպվում է
կոնքասյունը...
դու ննջում ես
խոհանոցի
ներքնապատի
փորվածքի տակ,
ես եռռում եմ,
կարտոֆիլը
բլբլթում է…


Tuesday, October 9, 2012

Կարմիր գայլախտ




     Մենք երբեք ոչինչ սկզբից չենք սկսում,քանզի ծնվում ենք ժառանգականության վանդակում,և ժամանակի ընթացքում միայն վանդակն է խոշորանում ու ծայրահեղացնում "սկսվելու" ներքին գործակիցը:

    Մինչև երրորդ հարկ աստիճանները հաշվելով,ինչպես արդեն 2 ամիս շարունակ դասից տուն վերադառնալիս`հասա մեր դռանը. դուռը բաց էր: Հյուրասենյակում միայն հայրս էր`ավելորդ կնճռոտված ու մռայլ: Ծնողներիս սենյակից մորս ձայնն էր գալիս: Երբ ներս մտա,նա նույնիսկ չնկատեց ինձ:Շուկայական մեծ պայուսակի մեջ իր իրերն էր հավաքում:Երկու անգամ թխկացրի կոնքին,որ նայեր ինձ,բայց նա հրում էր ձեռքս, քթով ֆսֆսալով կուլ էր տալիս արցունքներն ու դարակների ծակուծուկերից հանում զանազան մանր-մունր շորեր: Մորս այտոսկրի դուրս ցցված բարակ մաշկը կապտել էր, ասես մի տեսակ թափանցիկությամբ ցուցադրում էր նրա երիտասարդ,բայց չջրված փայտի պես դեղին ոսկորը:
-Մամ, ո՞ւր ես գնում, պապան նեղացրելա՞ քեզ:
-Դրա անունը մի տուր, լսո՞ւմ ես, ու գնա էստեղից, ոչ մեկիդ էրեսը չեմ ուզում տենամ:
Այդ պահին ես մորս ագրեսիվ բռնկումները որպես բարկություն էի ձևակերպում,որը հետագայում պիտի խելագար կնոջ հիստերիա հիշեցներ ինձ:Նա նորից սկսեց չնկատել ինձ, նայելիս էլ հայացքն այնքան անտարբեր էր թեքում վրայիցս,ասես ոչ մի տեղից չուշացող մեկը նայեր պատից կախված 5-ից 10 պակասի վրա 2 ամիս շարունակ կանգնած ժամացույցին: Իսկ նկատելու դեպքում էլ նեղ ուսերն ու կրծքավանդակը ավելի անկանոն էին սկսում ելևէջել ու ցնցվել`կարծես հորիցս նրան նվիրված հուշանվեր լինեի,որ ոչ կոտրել էր կարող, ոչ այրել ու ոչ էլ պատռոտել: Քրոջս ձայնը հյուրասենյակից լսելով`շտապեցի այդ կողմ, նա կուչ էր եկել հորս թևի տակ ու փոքրիկ, մութ խուցի մեջ պատսպարված խաղում էր իր սև խոպոպների հետ: Ես նույնպես մոտեցա հորս ու տեղավորվեցի նրա ձախ թևի տակ: Մի քանի րոպե անց, երբ շնչառությունս կարգավորվեց ու բոլոր մկաններս թուլացած հենվեցի հորս փորին, սկսեցի զգալ նրա տրակտորի պես դռռացող շնչառությունը ու տեսա, թե ինչպես է քրոջս ձեռքը թրթռում հորս սրտի դղրդոցից:
ժամացույցի սլաքներն անուժ թխկթխկում էին ու շարունակում մնալ 5-ից 10 պակաս: Աչքերս դարչնագույն պատի վրայով սահելով՝ ամեն անգամ սրվում էին դեպի ժամացույցը, որի սլաքների անշարժությունից թվում էր՝ իրոք ժամանակը կանգ է առել:
Մայրս, քարշ տալով տռուզ շուկայական պայուսակը, անցնում էր հյուրասենյակի մեջտեղով ու մինչ կհասներ տան մուտքի դռանը, հայրս ասես 1-2 հաշվով տեղից պոկվեց ու երկու լոնքով հասնելով մորս`ափով սեղմեց նրա դեմքը պատին: Նրա ձեռքի ցցված երակներից ու ջղերից զգում էի, որ շատ ուժեղ է սեղմել մորս վնասված այտը:
-Բա´ց թող, հիվա՛նդ, բա´ց թող:
Հայրս բերանը ականջակալի պես մտցրեց մորս ականջախեցու մեջ ու լսելի թավ ձայնոց ասաց.
-Լսի´,այ բոզ,քեզ տանս կողմերը տեսել եմ լեշդ կփռեմ, լսում ես, այ պոռնիկ...Ի՞նչ էիր մտածում, հը՞, որ բան չեմ իմանալու, ա՛յ ողորմելի: Ղուրբան էղի էս էրկու թշվառներին, որ ռեխդ հենց ստեղ փշուր-փշուր չեմ անում. չեմ ուզում բոզ մոր պարճառով անպատիվ մեծանալու հետ համ էլ իմ պատճառով էլ անտեր մնան:
Հայրս պարսատիկի պես ձգվեց ու երկու ձեռքերով մորդ դուրս շպրտեց տանից:
Հետագայում իմ և քրոջս դասընկերները մեզանից լավ տեղեկացան մեր ընտանեկան անպատվությանն ու խղճացին մեզ`սեղանների տակ հաստ ու ծանր գրքի պես պահելով ողորմելի ճշմարտությունը, որ գլուխներս մի փոքր բարձացնելու դեպքում պիտի քարի պես շպրտվեր ու փշրեր մեզ:

    Ժառանգականությունը ` գեղեցիկ ու վտանգավոր շարունակություն:
Սխալ է մի բանը չավարտած մյուսի սկսելը,բայց ամեն ինչ այդքան պարզ չէ,որովհետև իրականում ոչինչ չի սկսվում ու չի ավարտվում,ամեն ինչ թելի պես ուղիղ ու երկար է,հարթ ու տափակ:
Հաճախ եմ մտածում՝ ինչպիսին էի ես, երբ ձուկ էի,երբ մորս փորի լորձոտ պատերի մեջ թխկթխկում էր սիրտս ու գուցե ես անշարժ էի,կամ գուցե շարժում էի անթեփուկ պոչս: Երբ պորտալարով կապված էի մորս,ու նա երևի զգում էր, թե ինչպես էի կլանում իր բոլոր երակներից ու հյուսվածքներից կազմավորման հեղուկը: Ես դա ավելի շատ սկսեցի մտածել այն ժամանակ, երբ ամուսնացա ինձ բաժին ընկած միակ տարբերակի`Ա-ի հետ, ու մի օր էլ իմացա,որ ինքս եմ մայրանալու: Շատ էի վախենում շարունակությունից, կրկնությունից, անավարտությունից: Ինն ամիսների ընթացքում միայն մեկ անգամ եմ խոսել զավակիս հետ...երդվել եմ, երդվել,որ պիտի երջանիկ լինի,որ պիտի իրեն տամ այն,ինչ այնքան վաղուց էի կորցրել, որ նույնիսկ չեմ հիշում ինչպիսին է եղել, կամ եղել է, թե ոչ:
Օրորոցը ճոճվում էր: Տղաս, որի համար փոքրիկ երաժշտական տուփի մեջ բեմ էի սարքել և երազում էի գար այն պահը, երբ պիտի  փաթիլները անկանոն թափվեին ու տղաս պարեր, խաղար իմ կառուցած ապահով խուցում...եկավ ժամանակն ու հորս լոնքերի պես երկար ու ծանր ժնջիլներով կախվեցի որդուս անշարժացած վերջույթներից:
-Անեծք ա, Գ. ջան, անեծք, գնա՛ նայողի մոտ:
Վերջին փրփուրներից կախվելով`որոշեցի գնալ նայողի մոտ նույնպես:
-Թուղթուգիր կա վրադ, աղջի՛կ ջան:
Բախտ նայողը 60 անց կին էր, որի սենյակում չկային իմ պատկերացրած բազում մոմերը, թռչունների ճանկերն ու գորտերի սկիլետները: Նա պատմեց, որ նայելու շնորհը իրեն իր տալն է փոխանցել...երկար մտածելու կարիք չկար...հիմարություն:
-Երկուշաբթի երեխայիդ, քո ու ամուսնուդ վերնաշապիկները կբերես ու մի բուռ աղ, որ աղոթեմ: Էսօր 5.000 :
Ամբողջ ճանապարհին մեղադրում էի ինձ նման հիմարություններին հավատալու ու հատկապես գնալու ու ամուսնուս աշխատած 5.000 դրամը ծախսելու համար,որ 3 ամսում հազիվ էի խնայել:Մեղադրում էի ու մտովի պատկերացնում,թե որ շապիկները պիտի տանեի:
Երբ գնացի տուն, տղայիցս ու հարևանուհուցս բացի թափթփված հյուրասենյակում տեսա նաև հորս:
-Կարոտել էի, պապ ջան, ինչ լավ ա՝ էկել ես:
Հայրս սովորականից ամուր գրկեց ու ինձ, թվաց՝ ուզում է ինչ- որ վատ, ահավոր բանից պաշտպանի ինձ:
-Նստի՛,  բալե՛ս:
-Ինչա էղել, պա՛պ, մի տեսակ ես:
-Բալե՛ս, շատ վատ բան ա էղել, ահավոր, բայց երդվիր,որ ուժեղ կլինես, որ չես կորցնի քեզ:
-Վախեցնում ես, պա՛պ, խոսի՛ր:
-Գ.´ս, աղջի՛կ ջան, Ա.-ն ա ընկել մեքենայի տակ:

      Տղաս ոլորվում էր օրորոցի մեջ: Ես նստած էի ամուսնուս դիակի մոտ ու վախենում էի , սարսափելի վախենում էի, որ ես ավելի շուտ, ավելի ահավոր եմ մահացել, քան նա: Կոկորդս խեղդվում էր, բայց մի կաթիլ արցունք չէր գալիս աչքերիցս: Ես բռնել էի նրա ճաքճքած ու ուռած ձեռքերը, մտածում թուղթուգրի ու ժառանգականության մասին ու համոզվում, որ սխալ է, որ չի կարելի կիսատ թողնել, որորվհետև միևնույնն է նորից, սկզբից սկսել հնարավոր չէ: Դռան արանքում ստվարագծված կանացի կերպարանքը իր քարկապ վզնոցով փակել էր բերանն ու լալիս էր, բայց նա էլ էր վաղուց մահացել, նա էլ էր ավելի ահավոր մահացել ու գիտեր այդ մասին:



Monday, October 8, 2012

Շրջանագիծ

        Հարցազրույց -Գրի´ր- գրական մրցույթի հիմնադիրներից մեկի ` Անժելա Ստեփանյանի ( Angel Dayan ) հետ : 




1. Ինչպես հղացավ մրցույթի ստեղծման միտքը և արդյոք ծառայում է այն առաքելությանը , ինչ ի սկզբանե մտածված էր :

Միտքը հղացավ այն ժամանակ , երբ համացանցով շփվում էի մրցույթի համահիմնադիր Իրինա Հախունցի հետ : Երկուսով մասնակցել էինք մի գրական մրցույթի և ականատես եղել ժյուրիի անդամների բավականին կոպիտ , արհամարհական վերաբերմունքին գրեթե բոլոր մասնակիցների ստեղծագործությունների նկատմամբ : հենց այդ ժամանակ որոշեցինք ստեղծել մի մրցույթ , որի գլխավոր նպատակը կլինի ոչ թէ քննադատելը , հիասթափեցնելը և սեփական "մասնագիտական առավելությունը" ցուցադրելու հնարավորությունն օգտագործելը , այլ երիտասարդ հեղինակին քաջալերելը , հուսադրելը և ոգևորելը : Կարծում եմ այս առումով մրցույթը կարող ենք համարել կայացած :

2. Ինչպես առաջացավ մրցանակաբաշխության մտահաղացումը , ովքեր աջակցեցին ձեզ այդ հարցում և ովքեր ընտրեցին հուշանվեր - մրցանակների ձևն ու բովանդակությունը :

Մրցանակաբաշխության միտքը եղել է ի սկզբանե : Ուղղակի որոշակի տեխնիկական և ֆինանսական խնդիրների պատճառով այն անընդհատ հետաձգվում էր : Վերջապես գտնվեցին համախոհներ և աջակիցներ , որոնց օգնությամբ էլ կայացավ միջոցառումը : Մեր գլխավոր աջակիցը ՆՈՐ ՄԻՏՔ երիտասարդական պորտալն էր (www.normitq.am) ` հանձինս Գոռ Գեղամյանի , որը ամեն կերպ եղավ մեր կողքին , օգնեց ,և կարող եմ ասել, որ մեր "ԳՐԻՐ" մրցույթի փոքրիկ ընտանիքի լիարժեք անդամ դարձավ :
Ինֆորմացիոն աջակիցն էր www.haYYer.com կայքը , որը նաև անմահացրեց միջոցառման հիշարժան պահերը  ֆոտոխցիկի օգնությամբ :
Պատվոգրերը տպագրել ենք ԱՏԼԱՍ դիզայնի և տպագրության սրահում , ինչի համար շատ-շատ շնորհակալ ենք Ալեքսանդր Հարությունյանին :
Մրցանակների նախնական ձևը գծագրել եմ ես , իսկ ձևը որոշել ենք Իրինայի հետ միասին :

3. Ինչպես անցավ առաջին մրցանակաբաշխությունն ու ինչպիսի թերություններ նկարեցիք,որ կուզեիք հետագայում չկրկնվեին: 

Անցավ շատ լավ : Որքան էլ որ փոքր էր դահլիճը ` սակավաթիվ հյուրեր ունենալու հնարավորությամբ , ամեն դեպքում մթնոլորտը շատ ջերմ էր , ինչի մասին վկայեցին մեր բոլոր հյուրերը :
Թերևս , որպես թերություն կարող եմ նշել միայն , որ ոչ բոլոր մասնակիցներն էին ներկա :

4. Որն է ձեր մրցույթի առանձնահատկությունը,որով տարբերվում եք մյուս գրական մրցույթներից ու գրավում երիտասարդ գրողների ուշադրությունը:

Մենք չենք քննադատում : Մենք դրա իրավունքն էլ չունենք : Երկուսս էլ երիտասարդ ենք , դեռևս չկայացած , և ուղղակի ցանկանում ենք անել այն , ինչ մեզ համար չի արվել և չի արվում : Մենք ոգևորում ենք , քաջալերում և ուրախանում մեր մասնակիցների հաջողություններով : Եվ այն , որ մեր հաղթողները հպարտանում են ` ասելով , որ "ԳՐԻՐ" գրական մրցույթի մրցանակակիր են եղել կամ մասնակից  և դա ասում են ժպիտով , մեզ համար ամեն ինչ է :


5. Որոնք են ձեր պլանները մրցույթի հետագա փուլերում,արդյոք կլինեն փոփոխություններ և նորություններ:

Մենք անընդհատ որոնումների մեջ ենք , թե էլ ինչ կարող ենք անել : Փնտրում ենք նորանոր հովանավորներ , աջակիցներ և ընկերներ : Նոր մտքեր միշտ կան , ուղղակի ոչ միշտ է հնարավոր միանգամից իրագործել այն , ինչ շատ ենք ուզում  : Կարևորը  մենք երբեք չենք հուսալքվում և , անկախ ամեն ինչից , միշտ կլինենք մեր ընթերցողների կողքին :
Միշտ առաջ  :-D

-Գրի´ր- գրական մրցույթի մրցանակակիրներ
 29.09.2012 





                 Ռիմա Խաչատրյան
                      երկրորդ մրցույթ
                                   2-րդ տեղ



                         Սաթ Ռշտունի
                    երկրորդ մրցույթ
                                 1-ին տեղ

                    Աննա Թումոյան
                            3-րդ մրցույթ
                                   1-ին տեղ


Մաղթում եմ -Գրի´ր- գրական մրցույթին նորանոր հովանավորներ,աջակիցներ,մասնակիցներ ու մտահաղացումներ:

                   Հարցազրույցը սիրով վարեց ձեր Սաթ Ռշտունին:










Friday, October 5, 2012

պապ


մատներդ դեղին են ,պապ ,
ու խանձահոտ շուրթերիցդ
ծխախոտն է կաթում աչքերիս մեջ ,
ու տեսնում եմ ,
ու տեսնում եմ պատի վրա 
քո
մխացող
ու կուչուռած ստվերը ,պապ ,
որ փշրվում ու լցվում է թոքերիս մեջ ...
ես խաղում եմ 
քո ծխացող մոխիրի հետ ,
դու ծխում ես ,
մաման ` կրծում մոխրամանդ

Dad

your fingers are yellow , Dad ,
and from your lips , smelling like burning ,
baccy keeps dropping into my eyes ,
and I see ,
and I see on the wall
your
flaming
and writhed shadow , Dad ,
which crumbles and flushes into my lungs ...
I play
with your smoky shadow ,
you smoke ,
and Mom keeps gnawing the ashtray of yours





թարգ. `Ռ . Խաչատրյան


ՔԱՂԱՔԻՍ,որ երբեք իմը չի եղել...

ես մտովի քայլում եմ
փողոցներովդ,
անցնում բուլիկներ ծախող պապիի
կանաչ
կրպակի մոտով,
որ աշուններին
դեղնում էր:
անձրևը լցվում է
մի համար մեծ
կոշիկներիս մեջ.
ես լողում եմ,
ճպճպալով
հասնում կանգառ:
ձիերն անցնում են
իրար վրայով,
ես`ձիերի...
քաղաքը լցվում է
կոշիկներիս մեջ
ու ճպճպում է
սառած ոտքերիս տակ.
ես քայլում եմ
մտքումս պահած
փողոցներովդ,
որտեղ թռչել են
ազատություններն իմ
ու
աշնան անձրևներից
թրջված
ներծծվել
քարերիդ մեջ...


Thursday, October 4, 2012

Wednesday, October 3, 2012

Շրջանագիծ




                                                                Հարցազրույց Արմինե Պետրոսյանի հետ

ֆեյսբուքյան ընթերցասեր հասարակությունը վերջին կես տարվա ընթացքում կենտրոնացել է Գրական ակումբ  ժամանակակից գրականության վիրտուալ լսարանում,որտեղ գրում ու քննարկում են գրական տարբեր արժեքներ ունեցող գործեր  , և ֆիլտրվում է ժամանակակից հայ գրողը : Այս արժեքավոր գործը նախաձեռնել ու իրականացնում է գրող և գրականագետ Արմինե Պետրոսյանը : Բացի ֆեյսբուքյան էջից ակումբն ունի հիմնական կայքէջ , որտեղ ներառված են ժամանակակից ` ինչպես արդեն կայացած , այնպես էլ սկսնակ հեղինակները , անցկացվում են բազմաթիվ խաղ - մրցույթներ և այլ հետաքրքիր միջոցառումներ ` կապված գրքի ու գրականության հետ :

1. Ինչպե՞ս առաջացավ Գրական ակումբի բացման մտահաղացումը և ի սկզբանե ի՞նչ առաքելություն է ունեցել :


   Քանի որ գրականությունը իմ երկրորդ եսն է , երկար մտածում էի մեր ներկա գրական տխուր վիճակի մասին , ելքեր որոնում : Մի բան գիտեի , որ պետք է սկսել ինչ-որ կետից եւ գնալ առաջ : Այդ կետը կարող էր լինել համացանցում գրական տարածք ստեղծելը : Համացանցը կարող էր օգնել միավորելու բոլոր գրականասերներին , որոնց մի կոնկրետ տեղում հավաքելը շատ ավելի դժվար կլիներ : Ահա եւ 2011 թ-ի դեկտեմբերի սկզբին ստեղծվեց “Գրական ակումբ” անունով ֆեյսբուքյան էջը , որը շատ կարճ ժամանակամիջոցում մասնակիցների հոծ խումբ ունեցավ : Մի քանի շաբաթ հետո կայքն արդեն պատրաստ էր : Այսպես բացվեց նոր գրական աշխարհը , որը բոլոր գրասերների սեփականությունն է :
Մեր նպատակը գրական ընդհանուր առողջ մթնոլորտ ստեղծելն է , նորեկ ստեղծագործողներին հայտնաբերելը , եթե մի փոքր շնորհ կա , ապա նրանց սատարելը , ոգեւորելը , ուղղություն տալը , թերությունները հնարավորինս շտկելը , դեպի կատարելագործում մղելը :

2. Որո՞նք են գրական ակումբի առավելություններն ու թերությունները :


    Երևի սկսեմ թերություններից . իրական կյանքում մեր կայքի անդամներով շատ քիչ ենք հանդիպումներ կազմակերպել , իսկ դեմ առ դեմ քննարկումները այլ մթնոլորտ ու այլ արդյունք են տալիս , ուղղակի մեր խմբակիցները տարբեր մարզերից են , արտասահմանյան տարբեր երկրներից , դրա համար էլ մի տեղում հավաքվելը մեզ համար խնդիր է : Հիմնականում մայրաքաղաքում հաճախ են կազմակերպվում հետաքրքիր գրական երեկոներ, շնորհանդեսներ , բաց դասախոսություններ , ընթերցումներ . բայց մենք հազվադեպ ենք մասնակցնում : Կայքը ունի լուծելու որոշ տեխնիկական խնդիրներ , որոնք ընթացքում կլուծվեն ու ավելի հեշտ ու հաճելի կդարձնեն կայքի ակտիվ անդամների գործը : Որակի առումով ասեմ , որ գնալով կայքի չափանիշներն ավելի են բարձրանում , մենք անգամ վերանայում ենք մի տարի առաջ ընդունված գործերը ու հեղինակների հետ միասին թարմացնում նրանց էջերը : Առավելություններից մեկը վերը նշված այն հանգամանքն է , որ մեր կայքի անդամները միայն Երևանից կամ մի մարզից չեն , այլ տարբեր տեղերից են , այդ իսկ պատճառով մեր Գրական տեղեկատու բաժինը հարստանում է ոչ միայն Երևանից եկած գրական լուրերով , այլև տարբեր մարզերում կամ սփյուռքում կատարված գրական իրադարձությունների մասին տեղեկություններով : Այսինքն ՝ ավելի ընդգրկուն է : Կայքում միավորել ենք արվեստի այս ճյուղերը ` գրականությունը եւ կերպարվեստը ` ներառյալ նաև քանդակագործությունը , որը ևս առավելություն եմ համարում : Մեզ մոտ շատ շնորհալիներ հանդիպում են միմյանց , նոր ու հետաքրքիր ծանոթություններ են լինում , կտավների ներշնչմամբ բանաստեղծություններ են գրվում , արդեն որոշ հայտնիները հանդիպում են նոր շնորհալիների , մեր հեղինակներին տեսնում եւ գնահատում են ավելի երկար համացանցային կյանք ունեցող եւ գրական աշխարհում իրենց ազդեցիկ դերն ունեցող կայքերի խմբագիրներ :
Նաև առավելություն է ջերմ մթնոլորոտը , բոլոր մասնակիցների հանդեպ հնարավորինս հանդուրժող ու մեղմ վերաբերմունքը : Իսկ խմբագրակազմի անդամներով դարձել ենք մի ընտանիք , որը ինձ համար ոչ պակաս կարևոր ձեռքբերում է , ու մեր այդ ընտանիքը պատրաստ է նոր համալրումների :

3. Արդյոք ունե՞ք աջակիցներ ակումբի կայացման գործում  ( կամ հովանավորներ ) :

     Հովանավորներ չենք ունեցել , չենք էլ փնտրել , սակայն ունեցել ենք և ունենք լավ ընկերներ , ովքեր գնահատում են գրականությունը ու մեր կողքին են : ՙՆախնյաց հետքերով՚ ՀԿ-ն գրական ակումբին գրասենյակ է հատկացրել Երեւանում , Գավառի պետական համալսարանը ևս ամեն կերպ աջակցում է մեզ , Գավառի քաղաքային գրադարանը քննարկումների և հանդիպումների համար սիրով տրամադրում է իրենց ընթերցասրահը : Տարբեր ժամանակներում համացանցային աշխարհում համագործակցել կամ համագործակցում ենք որոշ կայքերի , ամսագրերի , գրական ակտիվ գործիչների հետ : Կնշեի ՝ “Գրական կամուրջ” կայքը , “Voise of the Nightingale” բլոգը , “Գեղարվեստական գրականություն” խումբը , “Հավաքածու գրական մրցանակ” բլոգը , “Գրի՛ր” գրական մրցույթների բլոգը , Կալիֆորնիայի հայ գրողների միությունը և մեր անդամները , ովքեր ունեն իրենց առանձին բլոգները , էջերը , բայց մեր կայքի հետ են , որը բոլորինս է :

4. Ինչպիսի՞ նոր պլաններ ու նպատակներ կան կապված ակումբի և անդամների հետ և ե՞րբ եք մտադրված իրագործել դրանք :

   Տարվա վերջում նպատակ ունենք մեր մրցույթների հաղթողների , ժյուրիի անդամների ու մեր նորեկների լավագույն գործերից բաղկացած մի գիրք հրատարակել : Նոր բաժիններ ենք բացելու , եղած բաժիններն ավելի հետաքրքիր , ուսուցանող ու հարուստ ենք դարձնելու : Հուսամ , որ գալիք տարում ավելի շատ հանդիպումներ կկարողանանք կազմակերպել իրական կյանքում , ավելի շատ մասնակցել կայացող գրական իրադարձություններին : Ինչպես նաև նպատակ կա գրական ամսաթերթ ունենալու, սակայն դա բավական բարդ գործ է ու մի շարք հանգամանքներից է կախված : Կայքի անդամների ստեղծագործական աճից ու նախաձեռնողականությունից կախված՝ նկատակ կա նրանց անձնական գրքերը հրատարակելու , շնորհանդեսներ , քննարկումներ , ընթերցումներ կազամկերպելու :

5. Ի ՞նչ եք կարծում,արդյո՞ք ժամանակակից հայ ընթերցողը կարդում է ժամանակակից հայ գրականություն:Եթե այո,ապա  ինչպիսի՞ն և եթե ոչ,ապա ինչու՞:

    Կարծում եմ , որ կարդում է : Քանի որ նշեցիք հայ ընթերցողը , այլ ոչ թե , ասենք , երիտասարդությունը ընդհանրապես , ապա ընթերցողը միշտ էլ կարդում է , իսկ ժամանակակից հայ գրականությունը բնավ էլ չի զիջում այլ երկրների գրականությանը , այնպես որ փնտրողը կգտնի : Գրական ճաշակները տարբեր են , ստեղծվող գործերն էլ բավական տարբեր են իրենց գրելաոճով , ասելիքով , թեմայով ու բովանդակությամբ : Կարևորն այն է , որ գիրքը գեղարվեստական արժեք ներկայացնի : Ընթերցողը վաղ թե ուշ կգտնի իր հեղինակին :







           Շնորհակալ եմ հարցազրույցում ցուցաբերած անկեղծության համար , Արմի´ ն ջան : Մաղթում եմ ակումբի հետ կապված բոլոր պլաններին իրագործում ու նորանոր նվաճումներ :

                                                   Հարցազրույցը սիրով անցկացրեց ձեր Սաթ Ռշտունին:






Thursday, September 27, 2012

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ





****
Իսկ դու կարո՞ղ ես թարգմանել գույնը,
Թռչունը կարդալ, տերևը լսել,
Կարո՞ղ ես կավից աղոթքներ քերել,
Կամ ճակատագրեր քանդել մայթին:

Կարո՞ղ ես խմել ճշմարտությունը,
Ծամել սխալը, և … ճի’շտը մարսել,
Երբ շուջդ լոկ սո~ւտ հրեշտակներ են.
Աղոթքը մորթում, ներկում են վարդին:

Երբ շուրջ-բոլորդ մա’հ է, և թո’ւյն է,
Եվ կեսօրներդ` չափից դուրս մսե:
Երբ հույզերիդ կուրծք տալու փոխարեն
Կյանքը փորձում է սիրտդ մկրատել:

Երբ վանկատելով բախտիդ անունը`
Դավե’րն են ըմպում արյունիդ լույսը…
Երբ մորմոքներիդ ասում են բարև
Ովքեր, թվում էր` քեզ պիտի ատեն:

Կարո՞ղ ես… Ուրեմն հեղի’ր անունդ,
Որ դավն ու սուտը քեզանից մրսեն,
Որ երբ արյունդ համբարձվի վերև,
Բախտիդ դուստրերի մեղքը փարատի:


***
Այսօր,
ավելի քան երբևէ,
ես սկսում եմ
Աստծո գոյության կարիքն ունենալ:
Իսկ եթե նա կա,
այդ դեպքում
այսօր,
ավելի քան երբևէ,
ես հետզհետե սկսում եմ հավատալ
այն սուրբ լեգենդին,
որ նրա որդին
ինձ պես հասարակ մի մարդ է եղել,
թեև կարող էր ծովալիքները
պահել ոտքի տակ:
Քանզի
այս էլ քանի՜ տարի է,որ
ես ոչ թե քայլում,
այլ վազվզո՜ւմ եմ
Սիրո ու Ցավի
օվկիանի վրա…


***
Ես յուրաքանչյուր վայրկյան մեռնում եմ`
Հաջորդ վայրկյանին ծնվելով կրկին,
Միայն ծնվելի´ս ես ինքնուրույն եմ,
Իսկ մեռնելուս մեջ օգնում եք դուք ինձ:

Մահն ընկալում է ինձ իբրև պոեմ,
Իսկ ես ծնվում եմ որպես բանաստեղծ,
Որքան էլ ցավի ձեռքները փայեմ,
Միշտ դժգոհում է, թե ինձ կարոտեց:

Կյանքը չի´ սիրում պոեմներ կարդալ,
Բախտը պաշտո՜ւմ է բանաստեղծներին,
Ես` սրանց միջև և´ բեմահարթակ,
Ե´վ միակ հերոս, և´ դերերգ դերի:

Ես յուրաքանչյո՜ւր վայրկյան մեռնում եմ`
Հաջորդ վայրկյանին ծնվելով նորից…




Wednesday, September 26, 2012

Ռուզան Խլղաթյան


***

Քո ճանապարհը թաց էր,
Որովհետև կյանքդ ալիքի նման 
Ծնվում էր ու մեռնում…
Գալիս էր ու գնում…
Վրայովդ ճայեր էին անցնում
Մեկ-մեկ իջնում ու 
Ճակատդ համբուրում,
Գլուխդ շոյում ու 
Շոյիչ քծնանքով շատախոսում,
Մի՛ անգամ էլ…
Նորի՛ց… 
Հաջորդը՛…
Ճանաչեցիր բոլոր ճայերին:

Երեկո է. ափին մոտ ես կանգնած
Ալիքը ծնվում է ծնկներիցդ 
Ու գլխովդ իջնում ցած:
Կվառես վերջին ծխախոտդ, 
Հիշի՛ր վերջինն է, 
Ծուխը տեսնես ու՞ր է գնալու… 
Ատամներով դանդաղ ծամի՛ր,
Երկար հիշելու ես դեռ, 
Վերջինն է՛…

Կհիշես՛.
Դավաճանված տղամարդու համարձակությամբ
Նրա մերկությունը ու կլռես…
Հիմա ծածկի՛ր ափերով քո մերկությունը,
Փաթաթվի՛ր նրա պարանոցին ու
Խեղդի՛ր, ինչպես կխեղդեիր 
Քեզ դավաճանած կնոջը, 
(առանց որի չէս կարող ապրել… )


***

Սենյակի չափերն ավելի են փոքրանում
դու երջանկությունդ բռիդ մեջ հավաքած
չմոռացվող աղոթքի նման 
ավելի ես սեղմվում…
վերջին ծաղիկները կմնան ծաղկամանում
նրանց ջուր տվող չի՛ լինի
խնամող չի՛լինի
ու քանի որ նրանք չեն նվիրվել
անհիշատակ կմնան անտեր՝
կթառամեն…
կմոռացվեն…
ու մի օր էլ դեն կնետվեն:
Մի շտապիր ափիդ մեջ նայել
ասում են դա վատ նշան է…
Երազդ գտնվել է
Շու՛տ-շու՛տ մի երազանք պահիր
Տե՛ս աստղ ընկավ…
Ու երկինքն դատարկ է գրեթէ
Չնայած ամեն աստղ ընկնելուց 
Երազանք ես դեռ պահում՝ 
<< Մա՛մ, ինձ նորից կծնե՞ս… >>





Լեոնիդ Ենգիբարյան


     Լեոնիդ Ենգիբարյան (1935, մարտի 15 - 1972, հուլիսի 25), ծաղրածու,մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)։ Ծնվել է Մոսկվայում։Հայրը (ազգությամբ` հայ) «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։ Ենգիբարյանների ընտանիքը ապրում էր Մոսկվայի Մարյինա Ռոշչայում, մեկ հարկանի փայտե տանը։


Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություն։Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները»,1964թ.), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66»)(1967թ.)), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում: Վասիլի Շուկշինը («Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձեն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972)։ Այդ նույն ժամանակ էլ նկարահանվում են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացեք` Լեոնիդ Ենգիբարյան» և «2 Լեոնիդ 2»։Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ»1971թ.,«Վերջին ռաունդ»1984թ. գրքերը(երկուսն էլ ռուսերեն),արձանագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող:1971-ին Ենգիբարյանը հեռանում է «Սոյուզգոսցիրկից»` այն բանից հետո, երբ իր գործընկեր Բելովին չեն թույլատրում իր հետ մեկնել արտասահմանյան հյուրախաղերի։ Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ,նոր՝«ենգիբարյանական ուղղությանը»: Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև»,«Ծաղրածուի տարօրինակությունները»:Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները,բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ,որոնք ցուցադրել է նաև կրկեսում:Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ»,«Քայլեր»,«Ողջ ու մեռածը»,«Բռնցքամարտ»,«Սիրտը ափի մեջ»,«Հովանոց»,«Ջութակ»,«Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ:Մահացել է Մոսկվայի իր բնակարանում։

Աստղային անձրև 
Ես քեզ աստղային անձրև կնվիրեմ։ Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են աստղային անձրևներ՜ մաքուր ու զարմանալի, եթե ոչ օրեր, ապա գոնե հազվադեպ ժամեր՝ լի աստղային լույսով, կամ թեկուզև րոպեներ, նույնիսկ վայրկյաններ, լինում են, անպայման լինում են, հարկավոր է միայն վերհիշել… Հիշու՞մ ես, թե երբ ես դու կատարել ամենահպարտ արարքը… Օրն ու ժամը, երբ դու տեսել ես մարդուն, որը հետո դարձել է ամենասիրելին… Արվեստի հետ հանդիպումից ծնված հիացմունքի պահը… Վիշտն ու ցավը ցրող ծիծաղի երջանիկ րոպեները… Եվ մեր կյանքի շատ ու շատ՝ պայծառություն արձակող պահերը մարդիկ անվանում են աստղային։ Ես քեզ աստղային անձրև եմ նվիրում։ Նայի՛ր, նրա կաթիլները ես քեզ իմ ափերով եմ բերել։



 Աղջկան, որը կարողանում է  թռչել 

Դու մի՛ վախեցիր։ Քեզ հետ երբեք ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես։ Եթե մի պահ նրանցից մեկը կանգ առնի, ապա կողքին կբաբախի երկրորդը։ Նրանցից մեկը տվել է քեզ քո մայրը։ Նա ի վիճակի է եղել այդ անել, որովհետև տասնինը տարի առաջ կարողացել է սիրել, սիրե՜լ… Մի՛ ծիծաղիր, շատ դժվար է սիրելը։ Իսկ երկրորդ սիրտը ես եմ քեզ տվել։ Պահի՛ր քո կրծքում իմ խենթ սիրտը։ Եվ ոչ մի բանից մի՛ վախեցիր։ Նրանք կողք-կողքի են, եթե կանգ առնի մի պահ մեկը, ապա կբաբախի երկրորդը։ Միայն թե ինձ համար մի՛ անհանգստացիր, ես թեթև ու հիանալի քայլում եմ երկրի վրայով, դա յուրաքանչյուրին է հասկանալի։ Իմ սիրտը քո կրծքում է։

Ես կրկին մենակ եմ…

Ես կրկին մենակ եմ։ Տանջալի է։ Սարսափելի է, ապագան բոլորովին հույս չի ներշնչում։ Շատ դժվար է, բայց այնքան էլ նոր չէ մենակ լինելը։ Չկա մտերիմ մեկը՝ կին, որ հավատար, տաքացներ քեզ, և արդեն, երևի, այլևս չի լինի։ Սա դառը ճշմարտություն է։ Իսկ վաղը չափազանց դժվար, տաժանակիր աշխատանք է սպասվում, որի իսկական գինը միայն դու գիտես։ Եվ ի՜նչ աննշան կլինի հաջողությունը, եթե այն, իհարկե, լինի. փոխարենը ի՜նչ սարսափելի կլինի պարտությունը։ Իմ հանդիսատե՛ս, ես հավատում եմ, որ դու բարի կգտնվես։ Ինչի՞ մասին ես դու այսօր՝ այժմ, այս երեկո, մտածում, դու, որ վաղը գալու ես ինձ դիտելու, հավանաբար, ոչ իմ մասին։ Իսկ եթե նույնիսկ իմ մասին, քո մտքով անգամ չի անցնի, թե ի՜նչ տխուր է, թե ինչպե՜ս չի ուզում ապրել այս ծաղրածուն, թե ինչքա՜ն միայնակ է նա ու նաև քաղցած։ Այդ ինչպե՞ս է, որ սերը ու նրա նկատմամբ հսկայական պահանջկոտությունը բերում են գժտության։ Արդյոք քո մտքով կանցնի՞, որ ես բոլորովին, հասկանու՞մ ես, բացարձակապես միայնակ եմ։ Ես ինչպե՞ս բացատրեմ, որ չեմ կարող ներել սիրելի կնոջը իր սովորական մարդկային կանացի անցյալի համար, որովհետև ինձ համար սիրելի կնոջ անցյալը, ներկան և ապագան միասնական ամբողջություն են կազմում, որովհետև ես սիրել եմ նրան իր ծննդյան օրվանից սկսած և կսիրեմ մինչև նրա մահվան օրը, և այն ամենը, ինչ տեղի կունենա նրա հետ այդ ժամանակահատվածում, ինձ է վերաբերում, ամեն ինչ ես ընդունում եմ այնպես, կարծես թե այսօր առավոտյան է տեղի ունեցել։ Չե՛մ հասկանում, ոչինչ չե՛մ հասկանում, չե՛մ հասկանում ձեր օրենքները, ձեր բարոյականությունը, ձեր սերը, մեծահասակնե՛ր։ Չգիտեմ, ինչպես եմ ես ապրելու։ Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմ աշխարհում ես միանգամայն մենակ եմ։





Friday, September 21, 2012

Հանս Քրիստիան Անդերսեն

 Լուցկիներով աղջիկը 

                  
     Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկնը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով:

Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց,: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը:        Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով:                            

«Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

- Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին:  

Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

- Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ:
Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…



Wednesday, September 19, 2012

ՍՈՆԱ ՎԱՆ






Երգ կռվի օրերին ծնված 
նորածնի համար

փոքրի´կ,
այսօր է վերջանում
կարծեմ
քո ժամանակը
կոնքիս դրախտում

կծկվիր...փոքրիկս
վերջին դրախտի
կորստյան ցավից
ու սահիր ներքև

արի...փոքրիկս
լվացել եմ ես
հին մոլորակը
լարված վարդագույն
գնդակի նման
ու նմանեցրել
կոնքիս դրախտին

արի...փոքրիկս
նախշուն շորերով
քողարկել եմ ես
տանկերը բոլոր
ու զինվորներով
փայտյա
գունավոր
զարդարել եմ ես
քո նոր աշխարհը
տոնածառի պես

արի...փոքրիկս
ես կռվի դաշտից
մաքրել եմ
արյան հետքերը կպչուն
ու ցանկապատել
քո տարածքը նոր
կանաչ
ապահով
մանժետի նման

ուրախ
թատրոնի դեկորի նման
ես
հարդարել եմ
աշխարհդ արդեն

բարի օր...փոքրիկ
քո ոտքը բարի
այս չար աշխարհում

ինչու՞ ես ողբում
դրախտից հենց նոր
արտաքսվածի պես

տու´ր ձեռքդ հիմա

ու թող որ կարդամ
բախտդ
ափիս մեջ

տու´ր ձեռքդ
փոքրիկ





***

Հիշու՞մ ես ձմեռվա
գիշերները կարճ
ու համբույրներդ
գիշերներից երկար

մարմինս... հիշու՞մ ես
հախճապակե տարա
լցված դեղնակարմիր
քաղցր հյութով
և քո լեզուն արագ
մաշկիս վրա –
ինչպես կոլիբրի՝
թռչունը էկզոտիկ

փոշին երազներիս մաշկիս վրա
և թավշեթելերը թարթիչներիդ
կարճատև գիշերները ձմռան
հիշու՞մ ես
և ձեռքերը քո գիշերներից երկար






Monday, September 17, 2012

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ



Մի՛ ուրացիր, քաղաք 

- Ես քո եղբայրն եմ, քաղաք, ինձ իմ անունով կանչիր,-
ժամանակ չգտա հենց սկզբում խոստովանել քեզ.
քանի որ մեր արյան ու երազի մնացորդից
գույներ էինք ընտրում մեր հեղափոխության վերջին դրոշին,
և զենքը կիսում հացի փոխարեն,
երբ պատերազմ էր բոլոր խրամատներում.
հետո տունդարձի ճանապարհն էինք անվերջ փնտրում,
ուր կարծում էինք ջերմություն կգտնենք և տաք կերակուր:
Իսկ վաղը, երբ ագռավը սև կտարածվի իմ ամպած երկնքում,
քո մտահոգ ձեռքով կոպերս վերջին անգամ կիջեցնես
և մարմնիս ավերակը համր կտանես թևերիդ վրա
ու կամփոփես մոտիկ բլրալանջին` մյուս եղբայրներիդ կողքին:
Պարտքդ կատարած` կտրուկ կշրջվես սգո թափորին.
- Մեռավ եղբայրս,- կասես
ու մատով ցույց կտաս նրանց մեջ մեկին`
հավաստելով,- հիմա դու ես իմ եղբայրը,-
ու այնպես թեթև, անփույթ կքայլես դեպի տուն,
որ ասես կյանքս, քեզ մոտ ու արյունակից, չի էլ եղել:
- Ես քո եղբայրն եմ, քաղաք, ինձ մի մոռացիր:




ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՈՐԴՈՒՍ 

Ո՞նց ասեմ, տղաս, ամենադժվար թուղթն է իմ առաջ,
ու գրի քմահաճ, կամակոր շարժը,
որ պարտավոր եմ բառ-բառ առձեռել
իմ փայտե ընկեր-գրասեղանին.
Բանն այն է, հոգիս, որ քեզ եմ դիմում այս թուղթ ու գրով,
քանի որ, գիտեմ, երբեք չեմ զորի
քեզ հետ առերես մտքեր տալ-առնել:

Քո մանկությունը ավելի մեծ ու իմաստավոր էր
և երկար տևեց,
քան ամբողջովին իմ կյանքը վերցրած:

Իմ յոթ օրը ես ապրեցի մեկ օր`
կեսը պատերազմ,
բացի այդ տեսա սիրտ նեղող բաներ` մյուս կեսի մեջ.
և՛ հեղաշրջում, և՛ քաղաքական սպանություններ
(ես դանդաղ մահը ինձ կյանք ընտրեցի).
և մեր մեջ եղած տարբերությունը
ոչ թե երեսուն,
այլ երեք հարյուր տարի է դառնում...

ես վախենում եմ
իմ ու քո միջև վաղը սկսվող երկխոսությունից
(քո ստույգ, սառը դատողությունն է
հանկարծ կանգնելու իմ տաքի առաջ),
վախենում եմ մեր լեզու չգտնող տարբերությունից,
քանի որ երբեք դու քեզ թույլ չես տա
այն արարքները, որ ես եմ գործել
(որքան բան ունեմ քեզնից պահելու,
որքան բան ունես դո՛ւ ինձ ասելու).
Աստծուց ավելի դժվար է քե՛զ հետ:

...Ձեռք չեն սեղմելու
մեր հայր ու որդի ժամանակները.
քո միավորի կողքին իմ զրոն
տեղ չի գտնելու
և մնալու է միշտ դատարկություն:

Որ դու ես տերը վաղվա ընթացքի,
պարզից էլ պարզ է.
քո ձեռքերի մեջ կյանքը կդրվի կլոր գնդի պես,
այն կգլորես պուրպուր տիեզերքով` որպես երկրագունդ.

և քեզ տրվա՛ծ է
այդ մեծ ընթացքը
մաս-մաս դարձնել
քո ժամանակը...

Ո՞նց ասեմ, տղաս.
քո որդին այդ ե՛ս պետք է լինեի:




Sunday, September 9, 2012

Շուշանիկ Կուրղինյան


Կուրղինյան (Փոպոլճյան) Շուշանիկ Հարությունի (1876 - 1927) Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի):Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում։ 1893–ին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առաջին հնչակ օրիորդաց խումբը։
Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում. հայտնի է եղել նրա հիմնադրված ակումբը Վլադիկավկազում։ Նրա անունով փողոց, դպրոց և գրադարան կա Գյումրիում։Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Տարազ»–ում, 1899–ին, առաջին պատմվածքը՝ «Աղբյուր»–ում, 1900–ին։ Կ.Հ.Հակոբյանի հետ դարձավ հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը։ Եթե Կուրղինյանի առաջին շրջանի ստեղծագործություններում որոշակիորեն զգացվում է Հ.Հովհաննիսյանի, Հ.Թումանյանի, Ա.Իսահակյանի ազդեցությունը, ապա հետագայում հեղափոխական պայքարը նոր որակ է հաղորդում նրա պոեզիային, նպաստում ստեղծագործական անհատականության ձևավորմանն ու հաստատմանը։
1907–ին լույս է տեսել Կուրղինյանի առաջին՝ «Արշալույսի ղողանջներ» ժողովածուն, որի մի շարք բանաստեղծություններ նոր, ինքնատիպ խոսք էին XX դ. հայ ազգային պոեզիայում՝ բարձր գաղափարայնությամբ, խավարի ու բռնության դեմ ծառացող ոգով։ Նրա պոեզիան բարձր է գնահատել ժամանակի գրական–քննադատական միտքը։
Կուրղինյանի ստեղծագործության էջերից մեկը նվիրված է կնոջ դատի պաշտպանությանը հայ իրականության մեջ («Գեղեցկուհու մորմոքը», «Արծվի սերը», «Որպես քնքուշ մայիսյան վարդ...»)։ Կուրղինյանը գրել է նաև պիեսներ, որոնք չեն բեմադրվել։



Ալ․ Մյասնիկյանին 

Մո՜ւթ էր, դաժան․
Ու ոճիրը թևատարած
Հսկում էր լուռ երկիրը հին,
Մաշված, հյուծված, արյունլվա․․․
Միայն չարն էր
Հասանելի,
Ըմբռնելի,
Շոշափելի։
Միայն չարն էր
Հարախռով ու հետամուտ
Մտքին, հոգուն,
Երազին մոտ,
Բաղձանքի հետ,
Ճամփուն ընկեր։
Միայն չա՜րը,
Որ մարդը կույր
Գերի մնա,
Մարդը հզոր՝
Թև շարժելու ձիրքն ուրանա,
Սողա, խայթե իժի նման,
Սահման գծե իր երկրի մեջ,
Ոսկորի պես բախտ չբաժնե
Ծանոթներին,
Որ մթի մեջ
Կիրքն ու կրոնը,
Միշտ հնավանդ
Խաչն ու լուսին,
Սուտ մեկնումը հավատամքի
Շշմեցնեն միտքը պայծառ,
Որ կորցնե ուղիղ ուղին
Ատե, ատվի։

Ու եռում էր
Աշխատանքը սրբազնագույն,
Աշխատանքը՝ ձեռք մրոտող,
Սիրտը սրբող,
Միտքն ու ձեռքը՝
Հրաշք կերտում
Երկրի վրա,
Օվկիանի տակ․
Լեռների մոտ,
Բաց օդի մեջ․․․
Ու ծորում էր պաղ քրտինքը․
Կոր մեջքերից․
Տաք արյունը։
Արցունքն աղի՝
Բյուր վանքերի,
Պալատների
Բարձր պատին,
Ուղիներում,
Կամուրջներին,
Մութ հանքերում․․․
Ով ջանք վատնում՝ զրկված էր միշտ․
Ով վայելում՝ իրավատեր,
Կուշտ, գոհ, ագահ․․․
Թե
Քայլ հառաջ՝
Ցից, կախաղան,
Գաղտնի պատիժ․․․
Թե
Սուրբ տենչանք՝
Բանտը մռայլ
Ու հալածանք․․․
Ով հանդգնեց տրտունջ ցանել
Հոգիներում,
Ով իր սրտից ջահ էր վառել,
Որ լույս լինի,
Տեսնեն իրար՝
Տանջանքները չգրեցին,
Որ գիրք լիներ․
Շղթաները լեզու չառան,
Որ քարը լար․․․

Ահազանգն անցավ արագ
Ղողանջելով եղբայրության
Աղոթքը նոր։
Գեղեցիկս, դու ճշմարիտ,
Առաքինի, արդարադատ,
Նեղյալին տեր,
Լուսաճաճանչ,
Դու լուսածին,
Մի՛շտ լուսավառ
Ու լուսեղեն՝
Գեղեցիկս,
Լո՜ւր ամենքին՝ հոգնել են շա՜տ․
Տո՛ւր, ամենքին՝ տվել են միշտ․
Գեղեցի՛կս, գեղեցի՛կս։

Որքան անմեղ մեղավորներ․․․
Մեղավորներ,
Մեղքը ծածկած
Ոսկու դեզով․․․
Որքան ձեռքեր
Արյունլվա՝
Լայնածավալ երկրին տեր․․․
Որքան ազատ
Ոճրագործներ,
Որ գրել են օրենքները
Բազմավաստակ ու բազմազան
Ազգերի դեմ․․․
Արծաթասեր մարգարեներ,
Խաչափայտից մտրակ սրած․
Եվ այնպիսին,
Որ խլածը մինչ մահ բավ էր,
Բայց խլում էր մինչև այսօր․․․

Գեղեցիկս․․․
Գեղեցի՛կս,
Դարձյա՞լ գիշեր,
Որ լինի մութ,
Խավար դաժան․․․
Գեղեցի՛կս,
Նորի՞ց հուսալ
Ու համբերել․
Նորի՞ց, նորի՞ց․
Հետ դառնալ․․․
Երազե՜լ քեզ,
Սողալ մթում․
Որոնել քեզ,
Քեզնով ապրել,
Քե՜զ սպասել․
Սպասել քեզ,
Գեղեցի՛կս․․․


1919 թ. 19 փետրվարի


Աշնան երգերից


Էլ ծաղիկ չկա՜․․․ խամրած մացառներ
Ծաղկոտ օրերը թողին հիշատակ․
Ո՞վ գիտե թե ուր, ինչ սիրուն վայրեր
Թռան գնացին գարուն ու սոխակ։

Ծառ ու թուփն այնպես խղճալի դեմքով
Նայում են երկինք անզոր արևին,
Ու տխուր խշշում, սառ քամու թևով
Դեղնած տերևներ թափթփում գետնին։

Լալկան ուռենին իր վիշտը թողած
Կարեկից սրտով գգվում է ափին,
Մերկ ու այլանդակ ճյուղերը կախած
Նայում մտածկոտ գետակի դեմքին։

Էլ ծաղիկ չկա քարքանդ պարտեզում
Անտեր ընկած է մի գորշ նստարան․
Նրա թիկունքին ձեռքերով դողուն
Գրած թողած է մի սիրո նշան։

1906 թ․


Նա է,ասում են

Նա՜ է ասում են․․․ բանաստեղծուհին ―
Եվ լո՜ւռ, ակնապիշ նայում են դեմքիս.
Ոմանք հիասթափ մնում են՝ որ հին
Տձեւ ու անզարդ շորեր կան հագիս։

Նա՜ է ասում են․․․ բանաստեղծուհին ―
Անսովոր ոչինչ՝ կին է հողեղեն․․․
Օ՜ մարդիկ գուցե տեսնե՞լ կուզեին
Ուսերիս թեւեր, դեմքս՝ լուսեղեն․․․

Դու ոչի՛նչ չասիր․․․ բայց դու տեսար ինձ.
Ձեռքս բռնեցիր դողդոջուն եւ հեզ ―
Այդ ակնթարթում իմ անկեղծ սրտից
Այնպե՜ս ջերմագին սիրեցի ես քեզ․․․

1907





Saturday, September 8, 2012

Շարլ Բոդլեր ( Ֆրանսիական գրականություն )

Շարլ Բոդլեր 



Ծնվել է Փարիզում 1821, ապրիլ 9: Հայրը` Ժոզեֆ Ֆրանսուա Բոդլերը, Նապոլեոն Բոնապարտի օրոք հասել էր պետական բարձր դիրքերի: Բուրբոնների վերադարձից հետո պաշտոնաթող է եղել և մահացել 1827-ին: Մեկ տարի անց նրա կինը ամուսնանում է մայոր Օպիկի հետ, որը հետագայոմ դառնում է գեներալ և ստանձնում Փարիզի զինվորական պարետի պաշտոնը: Մանուկ Շառլը մոր երկրորդ ամուսնությունն ընդունում է որպես դավաճանություն հոր հիշատակի և իր հանդեպ: Այս զգացումը նրան հետապնդում է մինչև կյանքի վերջ:
1833-ին Բոդլերը ընդունվում է նախ Լիոնի արքայական, ապա Փարիզի Լյուդովիկոս Մեծի քոլեջը: Այստեղ նա գրում է իր առաջին բանաստեղծությունները:
1839-ին բանաստեղծն անհայտ պատճառներով վտարվում է քոլեջից և տրվում բոհեմական կյանքին: Մայրը և հայրացուն նրան այդ մոլությունից ետ պահելու համար ուղարկում են ծովային ճանապարհորդության: Սակայն Բոդլերը Ռեյունյոն և Մավրիկոս կղզիներում կարճատև ճամփորդությունից հետո վերադառնում է Փարիզ: 1842-ին Բոդլերը արդեն չափահաս էր, և ստնալով հոր ժառանգությունը, սկսում է ինքնուրույն կյանք վարել: Մերձենում է երիտասարդ գրողների «Նորմանդյան դպրոց» խմբակցությանը, որը հետևում էր երկրորդ սերնդի «ամենամոլի» ռոմանտիկներին` Պետրյուս Բորելին, Ալոզիուս Բերտրանին, Ժերար դը Ներվալին: «Նորմանդականները» ապրում էին ցոփ ու շվայտ կյանքով, նրանց բոլորին իր խենթություններով Բոդլերը գերազանցում էր: Այդ շրջանում սկսում է նրա երկարատև կապը մուլատուհի Ժաննա Դյուվալի հետ: Երկու տարվա ընթացքում Բոդլերը վատնում է հորից ստացած ժառանգության կեսը, և ընտանիքի պահանջով նրա վրա հաստատվում է ցմահ խնամակալություն: Խնամակալությամբ նա ամսական ստանում էր մի համեստ գումար, որը չէր համապատասխանուն Բոդլերի ծախսերին և շուտով նա խրվում է պարտքերի մեջ, որից չի ազատվում մինչև կյանքի վերջը:
1845-ին լույս է տեսնում Բոդլերի առաջին արվեստաբանական ուսումնասիրությունը` «Սալոն 1845» գրքույկը: Այստեղ քննելով իր նախասիրած գեղանկարիչներին, հատկապես Էժեն Դելակրուայի արվեստը, հանգում է կրքոտ ու անկեղծ ռոմանտիզմի ջատագովությանը:
Բոդլերը մասնակցում է 1848-ի հեղափոխական իրադարձություններին: Հանրապետության հաստատումից հետո Շանֆլերիի հետ հրատարակում է «Հասարակական փրկություն» թերթը, որը լույս է տեսնում ընդամենը երկու համար:
Արդեն 1840-ականներին Բոդլերը պատրաստում է իր բանաստեղծությունների նշանավոր ժողովածուն` «Չարի ծաղիկները» խորագրով, որը լույս է տեսնում 1857-ի հունիսին: Հեղինակին մեղադրում են հասարակական անբարոյականության մեջ, դատապարտում են են մի շարք բանաստեղծություններ և տուգանում թե' բանաստեղծին, թե' հրատարակիչներին: Սակայն Բոդլերի պաշտպանությամբ հանդես եկան ժամանակի առաջավոր մտածողները: «Ես ասում եմ կեցցե', ամբողջ ուժով ասում եմ կեցցե' ձեր հզոր տաղանդին»,-այսպես է նրան ողջունել Վիկտոր Հյուգոն:
«Չարի ծաղիկները» բազմաթիվ նոր բանաստեղծությունների համալրումով լույս է տեսնում 1861-ին, բայց դա էլ չի փրկում պարտքերից ու հալածանքներից:
1864-ին թողնում է Փարիզը և հաստատվում է Բրյուսելում` հույս ունենալով կարգավորել գործերը: Թարգմանում է Էդգար Պոյի ստեղծագործությունները և հրատարակում իր բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու («Բեկորներ», 1866): Նա շրջագայել է Բելգիայի քաղաքներում` ցանկանալով գիրք գրել այդ երկրի մասին: Սակայն այստեղ նա ծանր հիվանդանում է և վերադառնում Փարիզ, որտեղ կաթվածահար, մարմնական ու հոգեկան տառապանքների մեջ կնքում է մահկանացուն:




Արբե´ք

Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»...
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք...

թարգ. Վ. Տերյան





Օտարականը

-Ամենից շատ ում ես սիրում դու, ասա, խորհրդավոր մարդ, հորդ, մորդ, քրոջդ, թե եղբորդ։
-Ես չունեմ ոչ հայր, ոչ մայր, ոչ քույր, ոչ եղբայր։
-Բարեկամների՞դ։
-Դուք ասացիք մի բառ, որի իմաստը մինչև օրս ինձ անհայտ է մնացել։
-Հայրենի՞քդ։
-Ես չգիտեմ, թե որ լայնության տակ է գտնվում այն։
-Գեղեցիկը՞։
-Հաճույքով կսիրեյի, եթե աստվածային և անմահ լիներ։
-Ոսկի՞ն։
-Ատում եմ, ինչպես դուք Աստծուն։
-Ուրեմն ի՞նչ ես սիրում դու, տարօրինակ օտարական։
-Ամպե՜րն եմ սիրում… ամպե՜րը, որ անցնում են…այնտեղ…այնտեղ…Հրաշալի ամպերը։

Շարլ Բոդլեր Արձակ բանաստեղծություններ շարքից։