Tuesday, July 31, 2012

լուսատիտիկ




դու բնազդաբար փակեցիր դուռը...
լույսն անջատվեց
ու պատերին գործեցի ծաղկավոր
լուսատիտիկներ,
ձեռքերդ կին նկարեցին
անկողնուդ մեջ,
վարժ ու արագ,
առանց ավելորդ գույների:
դու բնազդաբար դուռը բացեցիր...

Friday, July 27, 2012

ես




ես  կին եմ `
արքա ու  երկաթ...
դիմափոշին նստել է
հայելուս աչքերին.
ես կույր եմ,
առավոտներն ու գիշերներն ինձ համար
նույն նախշերն ունեն`
վանդակավոր,
սենյակումս ճզմված լիմոնի
դառը կեղևահոտ կա.
դու դեռ քնած ես,
ես պարտված աշոտ եմ`
կին ու երկաթ


Tuesday, July 17, 2012

նախագահ




Ես հպարտ,ես հպարտ նախագահ,
քայլում եմ տռզած  դեսուդեն,
լսում եմ գովասանք,գոհություն,
ասում են,-ինչ համով մռութ ես:
հավաքվում,բոլորվում են շուրջս,
շոյում են ականջներս,քթիկս,
պաչպչում գլուխս ու դունչս,
ու սիրում թմբլիկ թաթիկս:
Ես մռութ,ես մռութ նախագահ,
գոհեգոհ շրջում եմ էս-էնտեղ,
երջանիկ,որ ունեմ ժողովուրդ,
որ սիրում ու դնում են շան տեղ:


Sunday, July 15, 2012

դարպասներս



դարպասներս զնգում են քո գալուց,
միայն քո գալուց են բացվում դարպասներս,
դարպասից դուրս դու սովորական շուն ես,
եվ արքա ես դու դարպասներից ներս.
ժամանակը նվվում է.
ուշացար,
կարոտից պոկվում են դարպասներս,
կարոտից կողպվում են դարպասներս,
դառնում եմ ժամացույց դարպասից ներս...
ու չըխկում եմ, չըխկում եմ,
չկաս...
էլ չկան քեզ կանչող դարպասներս,
էլ չկա ժամացույց ու ժամանակ,
ու չկա էլ ոչինչ դարպասներից ներս:



Saturday, July 14, 2012

Saturday, July 7, 2012

Իմ երրորդ մասնակցությունը չափածոյի մրցույթին և երրորդ հաղթանակը: -Մեր խոսքը- գրական մրցույթ



Այսպիսով՝ հաղթող է համարվում Սաթենիկ Ռշտունու "Սիրաթափություն" բանաստեղծությունը: (13)
Երկրոդ տեղ զբաղեցրեց Աիդա Խաչատրյանի "Լուսնի անտարբեր աչքերից" բանաստեղծությունը:(9)
Երրորդ տեղ զբաղեցրեց Նելլի Հովհաննիսյանի "Անէությունն է իմ տունը դարձել" բանաստեղծությունը:(8)

http://armgrak.info/node/757?page=1#comment-1648
Նաև ժյուրիի առաջին փորձս:

(mrcanak)

https://www.youtube.com/watch?v=sI2dpR3csU 


(entercum radioyov)

http://www.erkusov.com/

Tuesday, July 3, 2012

Սաթ Ռ.

-Պա´պ- շարքից  

 պա´պ 

ամեն անգամ հայր նկարելիս
բեղերդ եմ հիշում,պա´պ,
ավազի մեջ գծում եմ քեզ,
ձեռքերով ոտնահետքերդ չափում,
դու երբեք չես հեռացել մեզնից,
բայց միշտ վերադարձել ես,պա´պ,
ու շեմիդ դհոլ-զուռնայով
միջակետ ենք դրել.
որովհետև,
որովհետև դու ուրիշ ես,պա´պ.
քեզ վերջակետելը մեղք է,
բազամակետելը`անհնար


Dad

Every time painting a father
I remember your moustache Dad,
I draw you on sand,
measure you footsteps by my hands.
you've never left us,
but you've always come back Dad,
and we've always put a colon on your threshold
with a drum and zurna
because
because your are different Dad,
"full-stopping" you is a sin,
"three-dotting" you is impossible


    պա´պ  

դու երբեք հայր չեղար ինձ համար,
ու երբեք հայր չունեցա ես,պա´պ,
դու եղար իմ հավատարիմը,
իմ ամենսիարածը`ձի,
ես քո չոր ուսերից տեսա բոլորին,
պա´պ,
ու բոլորը ինձ տեսան
քո չոր ուսերին,
դու շատ հոգնել ես,
մաշկդ աղի է միշտ,պա´պ,
ու թաց են մազերդ    

 Dad,

you've never been a father for me,
you were my faithful,
my mostly beloved- a horse,
I saw everyone from your dry shoulders,
Dad,
and everyone saw me
on your dry shoulders,
you've got very tired,
your skin is always salty Dad
and wet is your hair...




պապ 

մատներդ դեղին են,պապ,
ու խանձահոտ շուրթերիցդ
ծխախոտն է կաթում աչքերիս մեջ,
ու տեսնում եմ,
ու տեսնում եմ պատի վրա
քո
մխացող
ու կուչուռած ստվերը,պապ,
որ փշրվում ու լցվում է թոքերիս մեջ...
ես խաղում եմ
քո ծխացող մոխիրի հետ,
դու ծխում ես,
մաման`կրծում մոխրամանդ



       

Մանե Գրիգորյան




Ժաննա դ'Արկ

մարմինդ հում-հում տվեցիր կրակին,
քեզնից վախեցավ Կարլը՝ քո թագավորը,
քեզ ուրացավ Կարլը՝ քո արքան

վհուկ աղջիկ,
որ ոչ մի թուրմ չգտար
քեզ սպանելու համար

խոցված թռչուն Ժաննա,
որ ձայների մեջ չլսեցիր ձայնը քո,
աչքերիդ մեջ մի-մի թուր խրեցին,
լերդացած արյունը կախվեց կոպերիցդ,
արյունը ծանր ու անբառ թվաց
դահիճի ձեռքը չհասավ,
չոլորեց վիզդ,
աղաղակդ օդում կրակված փամփուշտ թվաց,
հոլի պես չպտտեցրեց մեռնող գլուխդ
ուսերիդ, որոնք նվազ էին քեզ համար

ինչ գեղեցիկ տղամարդ էիր դու դ'Արկ, 
ինչ պարզ էր հայացքդ լճի պես,
որտեղ խեղդվեց մանուկ Ժաննան,
հորդ ու մորդ աչքերի մեջ,
որտեղ խեղդվեց աղջիկ Ժաննան՝
բարի աղջիկ դ'Արկը,
որ ձեռքերից փշեր էր հանում,
կրակ դառնում դեկտեմբերյան օրերին,
երբ արևը սպանվում էր
դաշտերում ու անտառներում,
ախոռում ու տանը

ու հորդ ձայնի ներքո,
օր օրի վրա, ժամ ժամից հետո
մեռնում էիր դու.
ինչ հիվանդ աղջիկ էիր դու Ժաննա

դու կորցրեցիր հնարավորությունը
դառնալու մայր նման մորդ,
կողքիդ կլիներ տղամարդը քո՝
կացնահարված փայտի պես կիսատ քեզ համար,
կողքիդ կլինեին երեխաները քո՝
գաճաճ թփերի պես փոքր քեզ համար
դու ընտրեցիր տղամարդկանց քո բաժինը՝
մռնչացող արուներ,
որ զգում էին 
պոեզիան մեռնող մարդու պարտությունն է,
ու նրա չտեսած օրերը ռթիմն էին քո,
որ բարձրանում ու ծածկում էին ականջներդ

ու դու գեղեցիկ ու պարտված տղամարդ էիր,
Ժաննա,
ում մարմինը կերան դանդաղ
աստիճանաբար նոսրացող ամբոխի մեջ,
ծափերի ու լացի ներքո

ի վերջո սա հիանալի խաղացված 
գործողություն է .
շնչասպառ դողացող ձայնդ 
մի վերջին անգամ տարածվեց օդում,
բառերդ գլորվեցին ու գոլորշիացան

հանուն Ֆրանսիայի, Ժաննա,
հանուն քո թագավոր Կարլի,
որ կուլիսների ետևում համբուրում է
Ագնեսի ձեռքը,
և աստիճանաբար լղոզվում է պատկերը
մեռնող կույսի

երեկոն հանդարտվում է Ֆրանսիայում,
օ, ինչ գեղեցիկ, 
ինչ գեղեցիկ տղամարդ էիր դու, Ժաննա


անտառը հրկիզվում է դանդաղ



անտառը հրկիզվում է դանդաղ,
անտառը հրկիզում են աստիճանաբար

որդուս հետ սողում ենք պատերի վրայով,
ես նրան պատմում եմ,
թե որքան հրաշալի է կյանքը,
երբ հայրդ մահացած չէ,
երբ քաղաքում էրկու հոգի կարդում են քեզ,
երբ ամեն առավոտ տեսնում ես
նույն երկինքը,
նույն աստղերով,
ու երկնքից տաս քայլ էն կողմ
նույն աստված

որդիս թերահավատորեն ժպտում է,
զգում եմ` խղճում է

անտառը հրկիզում են նրանք,
անտառից տաս քայլ էն կեղմ ես եմ`
պատառոտված մարմնով,
անհաջողակ ցեցի պես
դեսուդեն շպրտելով գոյությունս,
ու տղաս, որ աստծո պես ներող է
ու տղամարդու պես խղճում է ինձ


-մամ, լավ կլինի մի օր,-
պատերի երկայնքով գալարվում է
որդուս ձայնը,
ու սպիտակի մեջ ձուլվող
իմ ժպիտը`կարմիր,
ինչպես առավոտը,
երբ լքեցի քեզ

իմ ամեն ճիգի հետ
մի բան թողնում է ինձ,
ու գնդակահարության պատրաստ
բառերս,
որ թույլ են ու մենակ,
հիվանդ են ու տխուր,
ու անեծքի նման երկար
էս սողանքը

նախ փլվեց գետինը,
տղաս աչքով տվեց`
իբր բանի տեղ մի դիր,
կյանք է. էսպես ել կպատահի

ես վախից կծկվեցի,
ու կարմիր ժպիտս`
պոռնիկի պես ծախու ժպիտս,
որ որդուս համար էի պահել,
այլանդակեց դեմքս,
տարածվեց մարմնովս ու…

անտառը հրկիզում էին,
անտառը պետք չէր նրանց

հետո փլվեց  առաստաղը,
վերացան պատերը,
ես սովորության համաձայն կառչել էի,
կողքիս տղաս էր
իր նույն`նյարդային ժպիտով,
որ տենդի պես փոխանցվում էր ինձ,
ու դողը,
որ շնչառության հետ տարածվում
ու ցնցում էր անտառը

տղաս գունատ էր,
ինչպես պատը, որ էլ չկար.
մտոքումս կրկնում էի`
ինձ պատ է պետք,
ինձ պատ է պետք,
ինձ պատ է պետք

պատը դանդաղ օղակում էր
որդուս մարմինը


ճապոնացի չղջիկ 



աչքերիդ մեջ աճած բարդիները
առյուծի թաթեր ունեն,
կրծքերդ անմխիթար նետված են
մարմնիդ,
կրծքերիդ արանքում Լենոնի սիրտն է

քեզ սիրեցին տղամարդիկ
օտար ափերից,
քեզ խոցեցին ու թալանեցին,
դու նկարեցիր նրան, Յոկո,
ծուռ ու մեծ աչքերով,
ատամները դուրս ցցած մարդակեր,
որ կերավ միայն քեզ,
ու սիրեց միայն քեզ,
ու ատեց ու հրաժարվեց քեզնից

սպիտակ պատերից ներս,
սպիտակ սավանին,
սպիտակ Լենոնը բռնել էր
ճապոնացի ճերմակ չղջիկի ձեռքը,
ու ձեռքը խաղաղությամբ թպրտում էր,
ու ձեռքը խոսում էր կյանքի մասին

դու քո սիրած խաղալիքը,
սրտիդ մեջ ասեղ խրելով,
տվեցիր ուրիշին,
որ հետո հասկանա՝
տերերին չեն լքում

անմխիթար կրծքերով  կին,
լաթի կտորի մեջ սեղմված
ու համակ տխրությամբ լացող
կրծքերով կին,
քո տղան,
քո Ջոնը մեռավ

դու նկարեցիր նրան՝

տաշտի մեջ կուչ եկած
տկլոր Ջոնին,
սպունգը սահեցրիր մարմնի վրայով,
փրփուրի մեջ խեղդվող Ջոնը
տղամարդու աչքեր ուներ,
հասկացար՝մեռնող ու արտասովոր
այս տղամարդը Լենոնն է

ու սիրեցիր նրան ջրի հողող
ու մեռնող մարմնի մեջ

ու հասկացար, Լենոնի թիկունքին խրված,
հինգ փամփուշտից մեկ
դու էիր

կրծքիդ մեջ խլրտաց մարմինը նրա,
կրծքերիդ արանքում նրա սիրտն էր