Monday, May 28, 2012

Ռի-Մա



                                                                          


***

Եղանակը փոխվում է,
երկրագունդը գնում է թոշակի
ու տափականում…

Եղանակը փոխվում է,
մարդիկ դառնում են տերևներ,
կամուրջներից հյուսվում են հսկա ծառեր,
իսկ կյանքը սուլում է քամու պես…

Եղանակը փոխվում է.
քամին՝ ուժեղանում.
աշուն է,
իսկ կամուրջներից սկսում է
մարդաթափը…

***

Այն մարդու մոլորակը,
ով ապրում էր քո ներսում
վեց կտոր արեցիր
նարնջի պես…
տունը,
որից նա թռչուններին էր կերակրում
վառեցիր
լուցկու հատի նման…
անկողինը,
որում նա կռիվ էր տալիս մղձավանջների հետ
պատառոտեցիր
ու դարձրիր ցամաքած օդապարիկ…
մարմինը,
որ պահում էր նրա հոգին,
սեղմեցիր տգիտության աքցաններում
ու ճզմեցիր
հասած ծիրանի նման…
մատները,
որով նա սեր էր նկարում հատակին
կոտրեցիր դալար շիվերի պես
կոտրեցիր միանգամից
ու առանց բողոքելու…
էլ ոչ մի մատ չմնաց քո ներսում,
ոչ մի ծալք,
ոչ մի հետք…
միայն մի եղունգ՝
իսկական
մարդկային…

գոնե դա պահիր…
գլուխդ մի օր գուցե քոր գա…


Sunday, May 27, 2012

Հասմիկ Սիմոնյան



  ***

Երկնքից պոկված ստվերները վարդայտ
լուսաբացներ հորինում սիրո…
Ու ես սիրում էի…

Ալիքների թաց վարսերը կապույտ
սահում են հանկարծ ինչ-որ թափանցիկ
փրփուր մատների անզգույշ արանքից,
ու փիրուզագույն ջրի թելերից
կախված սեթևեթ, գունավոր քամին
շշնջում է նուրբ աղջկա մասին,
որ մայրամուտին խատուտիկներից արև նկարեց
փոքրիկ խեցու մեջ, որն այդ երեկո, չգիտես ինչու, 
բուրում էր ծանոթ օծանելիքի խորամանկ բույրով,
որ թաքնվել էր ալիքների մեջ…

…ու ես սիրում էի…
…ու երկնագույն էր ծովի մեղեդին…
…ու թաց կապույտ էր լուսացայտը մերկ,
որ մոռացվել էր օրվա չընթերցված նամակի նման…
…իսկ ես սիրում էի…

                           
                               Մոխիր
  

 Ես սև եմ, ինչպես մոխիրը քո, 

թույլ տուր դուրս գալ քո դագաղի միջից
թույլ տուր կապույտը սիրել
իմ շուրջը երկինքն է անսահման
դու մեռյալ ջրերի հմուտ նավավարն ես, ես սիրում եմ քո մահը,
որ հազարավոր վրձիններով գծում է մարմնիս քո սերը, քո կիրքը, արյունը քո
թող գնամ


ես պետք է գնամ
ես ձյուների միջով սլացա ուրիշի հետ
ես սիրեցի նրան


թող գնամ 
նրա մոտ
ես հավատարիմ եմ եղել շան պես
և բոլոր անձրևների ժամանակ լվացել եմ իմ սիրտը 
գայթակղություններից բոլոր
ու մաքրամաքուր եմ տրվել քո հին բազմոցին քրքրված վարագույրներին
պատերին, որոնց տակ բարի հոգիներ են նստած


իմ ոդիսևս
ես քո ծեր շան պես կարոտած սատկում եմ հիմա
ձեռքերիդ մեջ, ներկոտ ձեռքերիդ մեջ
դու սեր ես, որ հորդում է իմ միջից շքեղ քամու նման


թող գրողի ծոցը գնան բոլոր գրպանները
բոլոր աղիքները
իմ ամենասիրուն նյարդաթել իմ սեր իմ մահ
իմ ամուսին իմ սիրեկան իմ ընկեր
ես մերկ եմ
նիհար անձրևի կաթիլի պես
նստեցրու թարթիչիդ
կուլ տուր ինձ
թող հոսեմ քո մեջ


թույլ տուր չլինել
թույլ տուր հեռանալ
ինչպես վանդակը, որ թև է առնում ու թռչում հեռու բոլոր թռչուններից


դատարկ բաժակի մեջ նստած
դու մեռնում ես մենակ
և ապակի պատերի տակ մատնահետքերը չեն իմ
թեև երկինքը մեկն է, և դու էլ աստծո զավակն ես ոնց որ ես
ես չեմ հասկանում քո լեզուն
դու խմիչք ես
քո վրա կրակ է հիմա
և լիմոնի մի շերտիկ և աղի բարակ շրջան


քեզ համբուրում եմ դառը հեղուկի պես
և ատամներիս փնտրում հետքը քո


ճանապարհը կարճ է կամ երկար
բանաստեղծից մինչև մուրացիկ
այս տարվա գարունը ուշ եկավ
ձմռանը չմեռանք ոչ ես ոչ դու
եթե հեղափոխություն լինի եթե պատերազմ լինի
եթե քեզ քունքից կրակեն, եթե կախեն քեզ, եթե վառեն քեզ
քո մոխիրը ես կլինեմ
քո սերը ես կլինեմ
վանդակ կդառնամ
կթռչեմ հեռու ու էլ ցած չեմ նայի
                        






ԼԵՎՈՆ ՇԱՀՆՈՒՐ

                                                        ՓԱԹԻԼԸ                                 



Անծայրածիր տիեզերքում իրարանցում էր տիրում: Միլիոնավոր տարիների մեջ անթիվ պատահածը այս անգամ խելքահան էր արել բոլորին: Պատճառն այն էր, որ երբևէ եղած բոլոր ստեղծվածների մեջ ամենափխրունին երկրային ինչ-որ ուժ ստիպում էր թախծել…
Հրեշտակներից մեկը շտապելով խցկվեց անտես ամպի մեջ ու զգալով մոտեցող անիմանալի գոյն` ասաց.
-Տեր իմ, այսօր անցնում էի Քո հրապույր ամպերի վրայով և հանկարծ լսեցի այստեղի համար տարօրինակ ձայներ: Մոտենալով ուշադիր նայեցի և ի զարմանս ինձ` ջրերից շունչ առած մի Փաթիլ տեսա, որը լաց էր լինում, և հարցիս, թե ինչու է այսպես տխուր ու մոլոր և այն էլ այստեղ`երկնքում, որտեղ տխրությունը սկսվող ու տանող ուղիներ չունի,նա պատասխանեց.
-Ուզում եմ գնալ աշխարհ, երազում տեսել եմ մի արարածի այնքան~ քնքուշ ու բարի…
Հետո, Տեր իմ ,մի պահ լռեց ու նորից թախանձեց.
-Ձյունաճերմակ իմ հրեշտակ, դու էլ ինձ նման պարզ ու թափանցիկ հոգի ունես`խնդրիր Բարձյալին թող ինձ ամուր թևեր պարգևի, որպիսզի դիմանամ վայրէջքին`ես պետք է տեսնեմ Նրան…
Եվ պատասխանը դղրդաց ամբողջ տիեզերքով մեկ ու լսեցին բոլորը`բարեհոգի հրեշտակից մինչ անվերջություն.
-ԹՈՂ ԳՆԱ~…
Բոլորը աստվածակերտ աստիճաններից հետաքրքրված աննախադեպ եղածից հավաքվել էին տեսնելու մի կերպ երևացող էակին…
Ամեն մեկն իր խորհրդով ցանկանում էր օգնել այս թախծող արարածին…
Աստղերն իրենց պատրաստակամությամբ Փաթիլին տվեցին իրենց կառուցվածքը, որովհետև լավ գիտեին, որ երկրում սիրում են նայել իրենց…
Քամիներին սանձողը խոստացավ հետևել նրա անվնաս վայրէջքին:
Իսկ Լուսինը երազկոտ լույսի հատիկներ ցողեց նրա երեսին…
Ճակատագիրը լրացնող եռակազմ ծերունին խոստացավ երկրում կարգավորել ժամն ու ժամանակը, ապա բոլորի սպասող զգայարանների ներքո անկեղծացավ.
-Մնացյալը, թե ինչ կլինի, ինձ էլ հայտնի չէ…
Փաթիլը ,ներկաների ուշադրությունից շոյված, սրտանց շնորհակալություն հայտնեց և ուրախ ողջույների տակ սլացավ երկիր…
Ճանապարհին նրան հանդիպող փաթիլները լսել էին տարածված լուրը և հարգալից դիմավորելով, մաղթանքներով ուղեկցում էին նրան…
Փաթիլը չգիտեր ինչպես հայտներ իր ուրախությունը-այո~ ներքև ու ներքև դեպի կյանք ու սեր…
Իսկ քամիները տանում էին նրան ամբողջ մեղմությամբ և արդեն նշմարելով երկրի մանրաշարժը հեռացան…
Ճակատագիրն էլ իր հերթին արեց այն, ինչ որ պետք էր…
Ու մի աղջնակ զմայլվելով փետրվարյան գեղեցիկ ու, թերևս, այդ տարվա վերջին ձյունով`վազեց ներքև և զվարթացած սկսեց խենթանալ ու պար բռնել փաթիլների հետ…
Հանկարծ վեր նայեց ու ձյան հավաքի մեջ նկատեց մի լուսափայլ ու տարբերվող փաթիլի և հետևելով նրան`կանգ առավ…
-Ահա~ նա,-բացականչեց Փաթիլը ու անստեղծ` պայթող ուրախությունից մի քանի պտույտ գործելով հպվեց ու գգվեց պարզված ձեռքի ափին…ցանկացավ ասել ու պատմել, թե ինչքան~ երկար է եղել իր վայրէջքը, որովհետև սիրում էր…բայց չհասցրեց…
Աղջիկն իր տաք շնչով համբուրեց մեծ ու հրաշալի փաթիլը…հետո հաճույքից ժպտալով թափ տվեց ձեռքում մնացած ջուրն ու շարունակեց քայլել…

Լիլիթ Կարապետյան


      -Նորից երկուշաբթի,-              

 Ասաց մայրս:
Ծանր օր է: Երկօրյա հանգստից հետո ստիպված էր լինում վաղ արթնանալ ու շտապել աշխատանքի: Դուրս գալուց առաջ մայրս ջուր էր խմում: Որովհետև ծարավում էր, որովհետև բերանում  տարօրինակ քաղցր համ էր զգում: Երբ ծորակը բացեց, ջուր չեկավ: Մայրս ջուր չխմեց, ու նրա մուգ  վարդագույն շրթներկը չտպվեց բաժակի շուրթերին:
  Մեր տան ջրերը  կտրել էին:
Աշխատանից վերադառնալով` ափսեներն ու բաժակները գտավ  կեղտոտ:
  Ջուրը չէին տվել: Ոչինչ չասաց: Ուղղակի մի քիչ գունատվեց:
  Հայրս ուշ վերադարձավ: Կեսգիշեր էր: Արթնացա դռան չխկոցից: Նրանց ննջասենյակի լույսը վառվում էր,բայց մայրս քնած էր:
  Երեքշաբթի:
  Մայրս հարցրեց հորս,
- Որտե±ղ էիր:
  Հայրս չպատասխանեց:
  Չորեքշաբթի:
  Տունը թափթփված էր: Ափսեների շարքը բարձրացել էր: Ես ու եղբայրս նյարդայնացած էինք: Անընդհատ   շոկոլադ էինք ուտում,որ հագեցնենք քաղցը ու կարողանանք քնել:
  Մայրս միայն երեկոյան վեւադարձավ:
  -Ո±ւր էիր,- հարցրեց հայրս:
  Չպատասխանեց: Հարցը հնչեց երկրորդ անգամ: Մորս թափառող հայացքը որսաց հորս աչքերը.
  -Այնտեղ ես կարող եմ ջուր խմել:
  Հետո գոռաց.
  -Դու գիտեիր, ուր ջրերը կտրել են:
  Ես առաջին անգամ էի մորս այդպես հուզված տեսնում: Բայց ավելի տարօրինակ էր հորս վարքագիծը: Նա սկսեց համոզել,որ ոչինչ չգիտի և դրա հետ ոչ մի կապ չունի:
  -Հավատա ինձ:
  Բայց մայրս չհավատաց:  Իսկ ես չհասկացա: Երևի փոքր էի նման բաներ հասկանալու համար:
  Հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ:
  Մայրս հեռուստացույց էր դիտում:
  Կիրակի:
  Նա հայացքը մի պահ կտրեց հեռուստացույցից  և ասաց.
  -Չմոռանաս դպրոց գնալ,հետո` դաշնամուրի: Եղբորդ էլ հետդ կտանես: Թող նստի դաշնամուրի դասին:
  Բայց չէ± որ ես չէի կարող նման կարևոր բանը մոռանալ:
  Մայրս աղմուկ չէր սիրում: Նա պահանջում էր  լռեցնել այն բոլոր անշունչ ու շնչավոր առարկաները, որոնք կարող էին աղմուկ առաջացնել: Մեր տանը հայրիկն էր հեռուստացույց դիտում:
  Ես հիշեցի հորս: Նա ուշ էր տուն գալիս` երբ բոլորս քնած էինք,իսկ առավոտյան վաղ էր գնում` երբ դեռ չէինք արթնացել:
  Երեքշաբթի:
  Ես բռնեցի եղբորս ձեռքից ու երկուսով սլացանք երաժշտական դպրոց:
  -Դո, ռե, մի: Ապրես, այս տողը լավ ես նվագում: Իսկ հիմա ձախ ձեռքը միացնում ենք աջին: Հիշի’ր,բասի բանալիում օգտագործում ես երկրորդ և չորրորդ  մատները,իսկ սոլի բանալիում աշխատիր ստակատոները ճիշտ ժամանակին անել:
  Դա էր ուսուցչուհուս հիմնական պահանջը: Հետո  տասներկու թերթանոց տետրի մեջ  գրեց տնային առաջադրանքները,և մենք վերադարձանք տուն:
  Դուռը  երկար ծեծեցինք,մինչև մայրս բացեց:
  Չորեքշաբթի:
  Ես դաշնամուր էի նվագում` սկզբից միայն աջ ձեռքով, հետո միացրեցի ձախը: Վարժ չստացվեց: Մի քանի անգամ գամմա նվագեցի: Ստեղները տաքացան: Մատներիս մարզավիճակը վերականգնվեց: Վերադարձա  նախկին ստեղծագործությանը: §Աքաղաղների վալսը¦,- այդպես էր վերնագրված: Որքան հիշում եմ Մոցարտն է գրել: Երաժշտության ելևէջները դիֆուզիայի օրենքի համաձայն խառնվեցին օդի հետ ու զբաղեցրին տան ամբողջ տարածքը:
  Մայրս մի սենյակից մյուսն էր գնում` չփոխելով ուղեգիծը: Ոչինչ չէր ասում: Երևի ոչինչ էլ չէր տեսնում:  Ես դեռ նվագում էի, երբ մոտեցավ ու նստեց կողքիս: Ես նվագում էի, մայրս լսում էր ու նայում դիմացի պատին փակցված նկարին` սովորական մի բնանկար` գազոն, երկու նստարան ու դեղնած տերևներ, հետևաբար` աշուն:
  Չգիտես որտեղից վազելով եկավ եղբայրս ու դաշնամուրի կափարիչն անսպասելի իջեցրեց:  Ես արագորեն ձեռքերս ետ քաշեցի: Մորս մատները մնացին կափարիչի տակ: Նա հայացքը չկտրեց բնանկարից:
  Մի պահ ես ու եղբայրս  լուռ նայեցինք մորս: Վերջապես կափարիչի տակից ծուլորեն  հանեց  մատները  և տանից գնաց… Երևի դեպի բնանկարը, դեպի գազոնը, նստարանը, դեղնած  տերևները, հետևաբար դեպի այգի:
  Հինգշաբթի:
  Ես կարոտել եմ հորս:
  Շաբաթ:
  Հայրս ներս մտավ, ձեռքի տոպրակներն անփութորեն դրեց հատակին ու գնաց: Սկսեցի բացել`մածուն, ատամի մածուկ, հողաթափեր, գրիչներ, տետրեր, ձմերուկ:
Այս ամենը խառը, իրար վրա լցված ու նույն տոպրակի մեջ էին:
  Եղբորս ասացի.
  -Արի մածուն ուտենք:
  Նա թողեց իր խաղալիք մեքենաներն ու վազելով եկավ:
  Ամբողջ բանկան երկուսով կերանք ու քնեցինք. մեկս բազմոցին,մյուսը` բազկաթոռին:
  Կիրակի:
  Ես կարոտել եմ մորս:
  Երեքշաբթի:
  Մայրս որոշեց  անպայման լվացք անել: Ես նրան ասացի.
  -Բայց դեռ ջուր չունենք:
  Նա պատասխանեց.
  -Իջե’ք լիմոնադ  գնելու:
Լիմոնադի  շշերով լի արկղերը ես ու եղբայրս մի  կերպ տուն տարանք: Սպիտակ լիմոնադը լվացքի համար,  դեղինը` խմելու: Դեղինի արկղում   պատահաբար կարմիր լիմոնադ գտնվեց, հետո անհետացավ:
  Մայրս սպիտակ լիմոնադով լի շշերը դատարկեց լվացքի մեքենայի մեջ,ու անկողնու սպիտակեղենը ներծծվեց լիմոնադով:
  Եղբայրս նայեց ինձ ու լայն ժպտաց: Այնքան լայն, որ բոլոր ատամները երևացին. մի տեսակ կարմրել էին :
  -Լիմոնադով ատամներս լվացել եմ,- ասաց նա ու  երկուսով լիաթոք ծիծաղեցինք:
  Չորեքշաբթի:
  Մայրս չկա: Ծարավ եմ:
  Հինգշաբթի:
  Մայրս չկա: Ծարավ եմ ու քաղցած:
  Ուրբաթ:
    Մայրս չկա: Եղբայրս լաց է լինում: Մենք ծարավ էինք ու քաղցած: Եղբայրս սկսեց  ուտել աղի արցունքները, կշտացավ, բայց ծարավն ավելի սաստկացավ:
  Ես նստել էի թափթփված անկողնու վրա ու չգիտեի ինչ անել: Հիշեցի լիմոնադի  շշերը: Մինչև վերջին կաթիլը խմել էինք կամ լվացք արել: Ամբողջ ուժով լիզեցի լիմոնադով լվացված սավանը: Այնքան մինչև այն ամբողջովին  թքոտվեց ու համը կորցրեց:
  Շաբաթ:
  Ծարավ ենք: Անձրև էլ չի գալիս: Երեկոյան մայրս տուն եկավ: Ասացի.
  -Ծարավ ենք:
  Պատասխանեց.
  -Հայրդ գիտեր,որ ջրերը կտրել են: Ես չեմ հավատում: Նա գիտեր:
  Թուլացած ընկավ  հատակին: Ես ու եղբայրս փորձեցինք տանել ննջարան: Մայրիկը շատ ծանր էր մեզ համար: Մայրիկին միայն հայրիկը կարող էր գրկել:
  Զանգեցի շտապօգնություն:
  Բժիշկը պայուսակի միջից հանեց սպիտակ հեղուկով լի, մեծ  ամպուլաները:
  -Խմեմ,-ասաց եղբայրս:
  Ես ամուր գրկեցի նրան: Մենք նախանձով նայեցինք մորս: Բժիշկն ամպուլաների պարունակությունը ներարկեց նրան:
  Կիրակի:
  Ես հիշում եմ այն օրերը, երբ ջուր ունեինք: Պարզ ու հասարակ գործողություն` բացում ես ծորակը, և ջուրը, որը  ո’չ  հոտ ունի, ո’չ համ, առատորեն հոսում է: Միևնույնն է, մեր տան ջուրը համեղ է: Կարող եմ լիտրերով խմել ու չհագենալ:
Լսել եմ, ջուրը հիշողություն ունի:
  Հաջորդ  կիրակի:
  Կարծում էի մայրս քնած է: Վերջին ժամանակներս նա տարբեր գույնի հաբեր էր ընդունում ու գրեթե ամբողջ օրը քնում;
  -Ո±ւր են իմ երեխաները,- ասաց նա ու գլուխը մտցրեց բարձի տակ: Մի պահ չհասկացա` արթո՞ւն է, թե՞ քնի մեջ է խոսում:
  - Ո±ւր եք տարել:
  Ես կանչեցի եղբորս ու երկուսով կանգնեցինք նրա դիմաց, որ մեզ տեսնի:Մայրս գլուխը հանեց բարձի տակից, նայեց աջ ու ձախ ,ապա նորից մտցրեց բարձի տակ` շարունակելով փնտրել:
  Մենք ասացինք.
  -Այստեղ ենք:
  Դեմքը մոտոցրեց ներքնակին.
  -Այդտեղից դուրս եկե’ք, կխեղդվեք:
  Երեքշաբթիներ:
  Սեղանին դրված են դատարկ ամպուլաներ:
  Ուրբաթներ:
 Մայրս այլևս մեզ չի փնտրում: Հոգնել է և դադարեցրել որոնումները:
  Կիրակիներ:
  Ծարավ ենք:
  Նորից երկուշաբթի:
  Ժամը 8:30:
  Ես սովորականի նման շտապում եմ դպրոց: Չէի ուշացել: Նկարչության դասին տուն  նկարեցի, կողքին` առվակ:
  Ժամը 13:00:
  Թակեցի տան դուռը: Տարօրինակ է, բայց բաց էր:
  13::02:
  Ինչ-որ խշշոց լսեցի:
  13:03:
  Մտա լոգարան: Հայրս, մայրս ու եղբայրս պոմպի նման ծծում էին ծորակից թափվող ջուրը:
  13:04:
  Նրանք շրջվեցին ու լայն ժպտացին: Հայրս էլ ու նույնիսկ մայրս:
  13:05:
  Մորս ծնոտից  ջրի կաթիլ ընկավ ցած:
  Ջուրը հիշողություն ունի: Ջուրը ժանգոտ էր:

Ռուզաննա Ոսկանյան



       ***




-Մի եղիր այդքան բարի,-
հառաչեցին քարերը ու նետվեցին վրաս.                           
առաջին քարը դու նետեցիր, հայր,
ու բռունցքով քո՝ երկրագնդի չափ,                                        
չափեցիր ցավն իմ 
ու մենությունն իմ
ու մենությունը գրկիս մանկիկի:
Քնիր, փոքրիկս,
անտառներում հեռու,
ուր կգնանք մի օր,
մեծ երախներով գազաններ չկան:
Քնիր, փոքրիկս,
այն ճահիճները, որ տեղի կտան երկուսիս առաջ,
գրկիս պես տաք կլինեն
ու կժպտան թաց ոռնոցով իրենց:
Փոքրիկս,
տղամարդիկ հեռանում են սովորաբար,
տղամարդիկ քայլում են ջրերի վրայով՝
ավելի ու ավելի հեռանալով,
ավելի ու ավելի...
-Մի եղիր այդքան բարի,-
ծղրտացին քարերը ու նետվեցին վրաս,
և դու քարի պես ծանր
կախվեցիր իմ մեջ:
Քնիր, փոքրիկս,
ու չհավատաս հանկարծ երազներիդ,
թե մորդ տեսնես,
որ քայլում է ու
մխրճվում ասֆալտի մեջ
ավելի ու ավելի...
Ներիր հեռացողներին, փոքրիկս,
հեռացողներին ներիր:
Կանայք սովորաբար հեռանում են, փոքրիկս,
ու տղամարդիկ են հեռանում,
և մնում եք դուք ու քարերը:
Ու քար լռությունը ոչ ոք չի խախտում...

Արմինե Պետրոսյան



Խաչակնքե՞ց 


...օրվա ...ժամը

Դագաղ է դրված: Մոշագույն դագաղը եկեղեցում է: Մշուշ է, քաղցր ծխահոտ: Բուրվառի խնկահո՞տն է, հա', երևի: Հազիվ երևում են մի քանի սքեմավորներ: Իհարկե, ահա և խնկահոտ տարածողները: Դասարանցիներն են եկել: Նստել են պատերին կից դրված երկար նստարաններին: Բարեկամներն են: Վա՜յ, հորքուր Արևի գրկի երկնագույն բարուրով փոքրիկը: Ինչ լավիկն է: Մի րոպե, բայց փոքրիկն այստեղ ի՞նչ գործ ունի, հորքուր Արևը թոռանը ինչո՞ւ է բերել, թոռա՞նը, ախր հորքուրի թոռները վաղուց դպրոցական են: Իսկ ո՞վ է այս մանկիկը: Ինչ էլ թռվռուն թաթիկներ ունի:
Դե', խաչակնքի'ր, բալե'ս, այդպե'ս, այդպե'ս, մի անգամ էլ, բալե'ս, մի անգամ էլ, դե'...
Ա'րև, ասա', թող մի անգամ էլ խաչակնքի, ասա', մի անգամ էլ, դե', շո'ւտ արա, ասա':
Բալե'ս, մի անգամ էլ, սիրո'ւնս, մի անգամ էլ...
Ա'րև, եթե մի անգամ էլ չխաչակնքեց, վատ բան կլինի, գիտե'ս՝ չարի դուռը կբացվի: Իսկ որ շուտ չփակվեց, գիտե'ս՝ ինչ կլինի:
Չէ', իմ բալեն կխաչակնքի, ահա', տեսնո՞ւմ ես, ահա':
-Ըհըհ-ա՜, ա՜...
Տղան է, լացո'ւմ է, ի'ր տղան է: Բայց որտեղի՞ց է գալիս որդու ձայնը:
-Ը'հ-ը'հ-իա՜, մա՜...
Աչքերը մի կերպ բացեց: Կողքին փոքրիկի օրորոցն էր: Տղան շնչակտուր լացում էր:
-Վա՜յ, իմ սիրո'ւն, գա'նձս, դու լացո՞ւմ ես, դու հևո՞ւմ ես, իսկ մաման քնով է ընկել: Մո'տս արի, հրեշտա'կս:
-Ըա-ըա-ա՜...
-Դե', փոքրի'կս, գա'նձս, էլ մի' լացի, հա՞, մաման քեզ գրկել է, մաման քեզ հետ է: Սիրո'ւնս, մի քիչ կաթիկ կեր: Դե', կե'ր:
Ինչ հիմար երազ էր: Տարօրինակ ապուշություն: Միայն իմ անհեթեթ երևակայությունը կարող էր այդքան հեռուն գնալ: Հորքուր Արևի ձեռքի երեխան, մաման, որ համոզում էր՝ մի անգամ էլ խաչակնքեր: Ես, որ չգիտես ինչու հայտնվել էի այդտեղ: Չգիտես ինչո՞ւ, բայց այդ ժամանակ ինձ ամեն ինչ բնական էր թվում, ավելի քան բնական: Իսկ փոքրիկը խաչակնքե՞ց մի անգամ էլ, թե՞ չէ: Ոնց որ խաչակնքեց: Իսկ եթե ոչ...
Հիշեց՝ ոնց էր ձգվել ու ամբողջությամբ լարվածություն դարձած՝ սևեռվել էր մանկան օրորվող ձեռքի ուղղությամբ: Պահը տարօրինակորեն չարագուշակ էր: Թվում էր՝ հիմա մանկան վեր պարզած մատի ուղղությամբ մոշագույն անցք կբացվի ու թանձր սևի միջից կհորդան վամպիրատիպ չղջիկները կամ ժանիքավոր մարդահրեշները: Կամ գուցե ավելի վատ բան. կողքի մարդիկ հանկարծ բոլորը կշրջվեն դեպի նա. դեմքերը սառած են, աչքերը՝ անթարթ: Դասարանցիներն են, հարազատները, բարեկամները, ծնողները, դեմքերն սկսեցին փոխվել, աղավաղվել, աչքերը լայն բացվել են, սև ծուխ է ելնում աչքներից, ժանիքները գարշելիորեն դուրս են ցցվել, դեմքներին ծաղրական ու անասնական արտահայտություն է: Զոմբիացված հայացքները ուզում են խժռել նրան, փոշիացնել: Ո՜չ: Այս մեկն ամենասարսափելին կարող էր լինել: Ինչո՞ւ: Չգիտի: Չէ', լավ էլ գիտի: Նա կյանքում ամենաշատը դրանից է վախեցել, վախեցել է, որ կողքի մարդիկ՝ իր ծանոթները, հարազատները այն մարդիկ չեն, որ ինքը պատկերացրել է: Միշտ մտածել է, որ, ահա', այս բարի, ժպտերես մարդիկ՝ իր սիրելիները, հարազատները, մեկ էլ կշրջվեն ու նրան ծանոթ դիմագծերի փոխարեն՝ կերևան ծամածռված դեմքեր՝ հռհռացող բերաններով: Գունավոր դիմաշերտերը փոխվում են, իսկ հիմքում՝ անգույնն է, լպրծունն ու անորոշը,անորոշ, որը ամեն վայկյանի ծածկվում է համապատասխան դիմաշերտով:
Այդ մտավախությունը նրա մեջ կա ու հին արմատներ ունի: Պատճա՞ռը: Չի կարող ասել: Միայն հիշում է, որ մանկական երազներում հաճախ էր սարսափներ տեսնում, ու ամենասարսափելին գիտես՝ որն էր: Չէ', դու որտեղի՞ց իմանաս. փոքրիկ աղջնակ էր, խաղում էր դրսում, վազվզում էր: Իջնում էր երկար աստիճաններով ու վազում դեպի մարագը. մարագի մոտ կանգնած էր մոշագույն շորեր հագած տատիկը: Կամ ննջասենյակում էր. լուսամուտների մոտ կանգնած էր տատիկը: Կամ գնում էին մորաքրոջ տուն. ճանապարհին առաջներն էր գալիս տատիկը:
-Ո՞նց ես, թոռնի'կս:
-Լավ եմ, տատի'կ:
-Կգա՞ս՝ գրկեմ:
Ուզում էր մոտենալ ու մեկ էլ... տեսնում էր՝մի քայլ հեռու երևաց տատիկը՝ ի'ր տատիկը: Զարմացած նայում էր դիմացինին: Դիմացի տատիկի ձայնը փոխվում էր, դեմքի արտահայտությունը դառնում վախեցնող: Նա միանգամից գլխի էր ընկնում՝ չար, կախարդ պառավն է: Հիմա իրեն կբռնի, կը' բռնի, կբռնի ու... Փախչում էր, միշտ կարողանում էր փախչել: Լինում էին երազներ, որ ցանկանում էր փախչել, բայց չէր ստացվում: Ոտքերը քարանում էին, մի քայլ անգամ չէր կարողանում անել: Կամ վազելիս զգում էր, որ ոտքերը թուլանում են: Իսկ այս երազներում (անունը դրել էր «տատիկով երազներ») երբեք այդպես չէր լինում: Գլխի էր ընկել, թե ինչու: Այն երազներում նա հանկարծ կասկածում էր իր ուժերին, նույնիսկ վազելու պահին կար վախը, որ ինքը հանկարծ կարող է չվազել, չփախչել, չփրկվել: Կասկածը մարդու ամենաուժեղ թշամին է: Մարդն ինքնին ամենազոր է: Բայց ինչքան էլ ներշնչում էր, թե ինքը չի կանգնի, ներքին կասկածը ավելի զորեղ էր դուրս գալիս: «Տատիկով երազներում» նա միշտ վստահ էր իր ուժերին, այդ ուղղությամբ չէր էլ մտածում: Ահա', վազում է ու հասնում տատիկին՝ նրան, ով մի քանի քայլ էր հեռու: Հասնում է ու գրկում: Ուրախ է, հանգիստ: Բայց... եթե սա էլ տատիկը չէ՞: Արագ հետ է քաշվում ու նայում դեմքին: Դիմացի տատիկի ձայնը փոխվում է, դեմքի արտահայտությունը դառնում վախեցնող: Լսվում է սպասված հռհռոցը: Ցնցվում է: Թվում է՝ արթնացավ. իրենց տանն է, խաղում է երկնագույն շորերով տիկնիկներով, գալիս է եղբայրը:
-Կա'ր, գիտե՞ս՝ երազումս սարսափելի բան տեսա:
-Ի՞նչ:
-Իբր մեր տատիկը գալիս էր, որ ինձ գրկեր, բայց նա տատիկը չէր, նա...
-Հա'ս, հեսա տատիկը եկավ, իրեն էլ ասա:
-Վա՜յ, տատի'կ, գիտե՞ս...
Տատիկը մոտենում է: Հասմիկը հանկարծ (չէ', հանկարծ չէ, այլ կասկածից դրդված) նայում է տատիկի դեմքին: Ախր, սա էլ տատիկը չէ: Հայացքը, հայա'ցքը, մամա՜...
Ճչում է ու զարթնում: Տեսենես հիմա զարթնե՞լ է, թե՞ մի երազից մյուսն ընկել: Այդպես նրա մոտ հաճախ է լինում:
Բայց ինչո՞ւ հենց տատիկը: Ինչո՞ւ էր միշտ գլխավոր դերում տատիկը: Փոքր ժամանակ հարևան տատիկներով են վախեցրել: Դեռ բարուրից չար կախարդների մասին են պատմել: Ենթագիտակցությանը՝ թափթփված, տարատեսակ անպիտան ինֆորմացիայով լցված եղբորը, հսկում է նրա աչալուրջ եղբայրը՝ գիտակցությունը, բայց երբ մեր կարգապահ եղբայրը քնում է, անկարգապահը իսկույն գործի է անցնում: Դե արի ու նրա արած շիլաշփոթից հետո գլուխ հանիր, թե իրականում ինչն ինչոց է, որն է իրականը, որը՝ երևակայականը, որն է պետքականը, որը՝ անպետքը:
Այսօրվա երազում էլ եկեղեցում տատիկի դագաղն էր: Էլի տատի'կը:
Բայց փոքրիկը խաչակնքե՞ց մի անգամ էլ, թե՞ ոչ: Ոնց որ խաչակնքեց: Իսկ եթե ո՞չ:
...օրվա ... ժամը
-Տղա'ս, կաթդ կերար, հիմա հանգիստ քնիր: Ինչո՞ւ ես թնկթնկում: Քեզ ի՞նչ է եղել:
-Հասմի'կ, էրեխեն անհանգի՞ստ ա:
--Հա', մա'մ, չգիտեմ՝ ինչից է:
-Կաթ տվեցի՞ր:
-Հա':
-Նորմալ կերցրի՞ր, թե՞ ոնց:
-Նորմալ կերցրել եմ:
-Չգիտեմ քո նորմալը, էրեխուն ուշադի'ր եղի:
-Լա'վ, մա'մ:
Ես սնահավատ չեմ: Սնահավա՞տ եմ:
Ես չեմ հավատում նախանշանի՝ երազի, սուրճի բաժակի, ափը նայելու, մոմ թափելու:
Ոչ մի բան էլ չի լինի, ոչինչ էլ չի լինի:
Տղաս ինչո՞ւ է անհանգիստ: Ի՞նչ է եղել:
Բայց խաչակնքեց, չէ՞:
...օրվա ...ժամը
-Տղա'ս, ինչո՞ւ կաթ չես ուտում: Ախր, դու միշտ սիրով ես կերել, ախր, լացում էիր, հենց քո ուզած չափով չէի տալիս:
-Հասմի'կ, էրեխեն էդ ո՞նց ա լացում: Սիրտը պատռվավ: Սովա՞ծ ա:
-Չգիտեմ, մա'մ, չգիտեմ: Տալիս եմ, չի ուզում, բայց ոնց որ ցավեր ունի, դրանից է լացում:
-Ի՞նչ ցավեր, ա'յ բալամ, ի՞նչ ես մոգոնում:
-Չգիտեմ, մա'մ, բայց տե'ս, մեկ էլ հանկարծ կծկվում է, ոտքն է շատ կծկում:
-Հլը շորերը հանի':
-Ահա':
-Ի՞նչ պիտի լինի, ա'յ բալամ: Ոչ մի բան էլ չկա:
-Չգիտեմ:
Խոսակցության տագնապալի երանգը շղարշեց ննջասենյակի պատերը ու թափանցեց հյուրասենյակ: Այնտեղ անհանգիստ պապիկն էր նստած, այո', նստած ԷՐ, որովհետև հենց այդ րոպեին այլևս ԷՐը նրան չէր վերաբերում: Նա արդեն թոռնիկի ննջասենյակում էր:
-Հլը նորից հանեք շորերը, հանե'ք՝ ես էլ նայեմ:
-Ահա', պա'պ:
-Հը՜, բայց էս էրեխու ձվիկները նորից մի կողմի են ընկել , ուռել են, մի տեսակ ձգվել, քարացել են:
-Հա', պա'պ, այդպես լինում է: Շատ անգամ է եղել, բայց իրեն-իրեն անցել է:
-Հա', էն անգամ բժշկուհուն էլ ցույց տվեցինք, ասաց՝ այդպես լինում է տղաների մոտ. ամորձիներից մեկը շարժուն է ու երբեմն անցնում է մյուս կողմը: Եթե որոշ ժամանկ հետո էլ երևույթը կրկնվի պարբերաբար, կարող ենք շատ հեշտ վիրահտությամբ ամեն ինչ կարգավորել: Տենց ասեց, չէ՞:
-Ըհը:
-Լավ, դուք գիտեք, ինձ կանչել են, ես գնում եմ, բայց դուք էրեխին շատ ուշադիր նայեք, լա'վ պահեք:
-Լավ:
...օրվա ... ժամը
Տղա'ս, թագավո'րս, իմ աշխո'ւյժ տղա, ախր, ինչո՞ւ ես այսպես թույլ, ի՞նչ է եղել: Ախր, դու միշտ սիրում էիր ձեռքս բռնած քայլեր անել, ախր, դու մի վայրկյան հանգիստ չէիր նստում, հիմա քեզ ի՞նչ է եղել, իմ լա'վ տղա, իմ սիրո'ւն տղա: Դե', ժպտա', կյա'նքս, ասա'՝ մամա', ալի', կակա' բել, համ-համ անեմ, դե', գա'նձս, համո'վս: Մաման կգժվի, ցա'վդ տանեմ, ախր, քանի ժամ է գիրկս ես, թույլ ես, լացում ես: Դու միշտ զիլ ձայնով էիր լացում, ծիծաղդ էլ էր զիլ, իսկ հիմա, հիմա ձայնդ հազիվ է լսվում: Տղա'ս, իմ սիրո'ւն, դե', ժպտա', դե', մի բան կեր, խաղա': Ի՞նչ է եղել քեզ:
Երազում՝ վախ, տագնապ, կյանքում՝ նույնը: Իսկ գո՞ւցե փոքրիկը չխաչակնքեց, գո՞ւցե այս ամենը երազի շարունակությունն է, գո՞ւցե դեռ չի զարթնել:
Կսմթեց այտը՝ այն հույսով, որ հիմա աչքերը կբացի ու կհայտնվի անկողնում՝ հանգիստ պառկած, տղան էլ կողքի օրորոցում՝ մուշ-մուշ քնած: Չէ', ոչինչ էլ չեղավ, պատկերը չփոխվեցին, մի անգամ էլ կսմթեց, էլի նույն մոշաերկնագույն հյուրասենյակը, էլի լացող տղան, որ թուլացած ու հազիվհազ հենվել է իր ուսին:
Եկեղեցին, դագաղը, խաչակնքող փոքրիկը... Նախանշա՞ն էր: Չէ', Աստված չանի, ինքը սնահավատ չէ, չի հավատում, հաստատ չի հավատում, ոչ մի կաթիլ կասկած անգամ չունի, հա'ս-տա'տ: Երևի չխաչակնքեց, հա՞, չխաչակնքե՞ց:
...օրվա ... ժամը
-Չէ', էլ հնար չկա, պիտի տանենք բժշկի:
-Հա', տանենք, թող նայեն, զննեն, կարող ա մի նորմալ բան ասեն:
-Ոտքը գետին չի տալիս, մա'մ:
-Հո ձեռքիցդ չե՞ս գցել, հո անզգույշ շարժումով ոտքը չես քաշել, տեղից դուրս հանել:
-Չէ', մա'մ, միշտ գիրկս է եղել:
-Ախր, բա ի՞նչ ա եղել: Հասմի'կ ջան, էսպես որ ասում եմ, մի' նեղվի, ես էլ եմ գժվե, չեմ իմանում՝ ինչ ա եղե, ինչից ա եղե:
-Հուսանք՝ բժիշկները մի նորմալ բան կասեն:
...օրվա ...ժամը
-Իջեցրե'ք առաջին հարկ, բժիշկն այնտեղ է:
-Երեխան շատ վատ է զգում, քո'ւյր, եթե հնարավոր է, թող բժիշկը բարձրանա այստեղ:
-Զանգել եմ, ասաց, որ ներքև իջեցնեք:
-Բժի'շկ, ի՞նչ է եղել, վատ բան չկա, չէ՞:
-Ճողվածք է՝ ամորձիների ճողվածք: Շտապ վիրահատել է պետք:
-Ի՞՜նչ, վիրահատե՞լ, շտա՞պ:
-Այո', շատ բարդ վիրահատություն կարող է լինել: Ես զանգում եմ գլխավոր բժշկին:
Վիրահատել, շտապ, վի'-րա'-հա'-տե'լ, ո՞ւմ, իմ տղային, ո՞նց, ախր, ո՞նց կարող է այդպիսի բան լինել, ախր, իմ տղան շաաատ փոքր է, ախր, նա... ախր, դեռ կաթ է ուտում, ախր, նա առանց մամայի մի վայրկյան էլ չի մնացել, ախր, նա ի'մ տղան է, ախր, ո՞նց համաձայնվեմ, ախր, ո՞նց թողնեմ, որ կտրեն նրա մաշկը, կտրե՞ն, իմ տղայի՞ մաշկը, նուուրբ մաշկը, կտրեն, արյունը, փոքրիկիս արյունը, ի՞նչ է կատարվում: Ախր, այսպիսի բան չի կարող լինել, ախր, սա աբսուրդ է...
-Գլխավոր բժիշկը եկավ, տեսնենք՝ նա հիմա ավելի ճշգրիտ կասի:
Դու տարիքով ես, գլխավո'ր բժիշկ, դու հաստատ ավելի լավ գիտես, ավելի մեծ փորձ ունես, էս մալալետկան ո՞վ է, որ իրեն բժշկի տեղ է դրել: Սա ոչինչ էլ չգիտի: Բան չի հասկանում բժշկությունից: Փողով համալսարանն ավարտել է, բերել, դրել են աշխատանքի: Հաստա'տ, հաստատ նա ոչինչ էլ չի հասկանում բժշկությունից: Հենց այնպես է խոսում: Ա՜յ, գլխավոր բժիշկը ամեն ինչ գիտի, հիմա նա կզննի ու կասի, որ անհանգստանալու խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է: Նա իր գործը լավ գիտի:
-Հը', բժի'շկ, ի՞նչ է եղել:
-Դրությունը շատ վատ է: Ուղիղ աղիքը մտել է ամորձիների մեջ: Հաճա՞խ է այսպես եղել:
-Ինչպե՞ս:
-Այո', եղել է, բժի'շկ:
-Ինչո՞ւ շուտ չեք բերել, շատ եք ուշացրել: Կարծում եմ՝ աղիքը կարող է սևացած լինել: Անհապաղ պետք է վիրահատենք, եթե արդեն իսկ ուշ չէ: Գո՞ւցե հարկ կլինի աղիքի սևացած մասը հեռացնել: Պատրաստվե'ք վիրահատության: Արա'գ, արա'գ:
Ինչո՞ւ է գլուխը սառել, զգայարանները սառնարանի վերևի դարակո՞ւմ են դրել, ո՞ւր է, ի՞նչ է կատարվում: Կոկորդը կծկվել է, լցվել մի խեղդող լավայով, աչքերը աննպատակ նայում են դիմացի մոշագույն պատին:
Փոքրիկը չխաչակնքե՞ց մի անգամ էլ, հա՞, չխաչակնքե՞ց:
...օրվա ...ժամը
-Տիկի'ն, տվե'ք ձեր երեխային:
-Ինչո՞ւ, դուք ո՞վ եք:
-Ե՞ս: Ես բուժքույր եմ: Տանում ենք վիրահատության:
-Ի՞նչ վիրահատություն: Ո՞ւմ եք տանում: Հա'-հա'-հա', իմ տղայի՞ն, իմ տղային տանո՞ւմ եք, իմ մոտից վերցնո՞ւմ եք, ի՞մ տղային: Դուք ո՞վ եք, որ իմ տղային տանեք, ո՞ւր տանեք, ինչի՞ համար տանեք: Տանե'ք, առանց ինձ տանեք, տանեեեեք... իսկ հետ կբերե՞ք:
-Տիկի'ն, ժամանակ չկա: Ամեն ինչ նորմալ է, հանգիստ ինձ տվեք երեխային:
-Ես որ տամ էլ, իմ տղան չի գա: Տե'ս, չի ուզում գալ, տե'ս, լալիս է: Նայի'ր անմեղ աչուկներին, տես, աչքերն աղաչում են, որ իրեն չթողնեմ, որ ինձ մոտ պահեմ , տե'ս:
Բուժքույրը հասկանում է պահի լրջությունը, հասկանում, բայց չի զգում, իսկ գո՞ւցե զգում է, բայց, ի՞նչ արած, դա իր գործն է:
Տարավ, փոքրիկիս տարավ, խլեց, տարաաաավ: Իսկ կբերի՞, հետ կբերի՞: Ախր, իմ տղան լացում էր, ախր, վախեցավ, ախր, հիմա նա օտարների մեջ է, հիմա տանջվում է: Հա'ս, շատ մի' տանջվիր, նրան հիմա կանզգայացնեն, Հա'ս, նրանք փոքրիկի համար են անում, նրան փրկելու համար: Դու միայն պիտի շնորհակալ լինես, Հա'ս: Հա'ս, հիմա տղայիդ կանզգայացնեն, կա-նըզ-գա-յաց-նեն...
Եկեղեցի է: Մարդիկ հավաքվել են պատերի մոտ: Մեջտեղում դատարկ է: Ոչ ոք չկա: Վա՜յ, պատերին սրբապատկերներ չեն, իր բալիկի նկարներն են: Ահա և կաթողիկոսի աթոռը: Վա՜յ, աթոռին մի փոքրիկ երեխա է նստել , ձեռքերն էլ թռվռուն շարժում է: Ա՜, հորքուր Արևի գրկի փոքրիկն է: Փոքրի'կ, խաչակնքի'ր, դե', շո'ւտ, մի անգամ էլ խաչակնքիր: Ծիծաղո՞ւմ ես, ինչո՞ւ ես ծիծաղում: Ախր մի անգամ էլ խաչակնքիր: Հասկացա՞ր, մի անգամ էլ : Հա՜, հասկացա, դու արդեն խաչակնքել ես: Դե', իհարկե...
-Հա'ս, նստած քնե՞լ ես, արի գնանք, մի բան կեր կամ խմիր, մինչև վրահատությունը կավարտվի:
-Կա'ր, փոքրիկը խաչակնքել է, չարի դուռը բաց չի: Կա'ր, հիմա ամեն ինչ լավ կլինի:
-Հա'ս, իհարկե, լավ կլինի, դու վե'ր կաց, գնանք, մի քիչ հաց ուտենք, կարող ա երկար տևի:
-Ո՞նց երկար տևի: Քանի՞ րոպե է անցել:
-Տասը: Բայց ասում են՝ բարդ վիրահատություն է: Դե' արի': Հա'ս, ի՞նչ եղավ քեզ, Հա'ս, ուշքի արի: Հա'ս, Հա'ս: Ստեղ մարդ չկա՞, մեկդ եկեք, օգնեք: Բուժքո'ւյր, մի քիչ ջուր բեր:
-Տղա' ջան, մի խառնվի իրար, էդպես բաներ լինում են: Մի հատ ապտակի', ուշքի կգա:
-Բուժքո'ւյր, ի՜նչ եք ասում, ջո'ւր բերեք:
-Է՜, ջահել եք, հիմա ես գամ...
-Ո'չ, մի' եկեք, ջո'ւր բերեք կամ ... ռա'դ եղեք:
-Երիտասարդությունը անդաստիարակ ա մեծանում, հո սո՞ւտ չէ:
-Հա'ս, ուշքի' արի, Հա'ս, ամեն ինչ լավ կլինի: Ի՞նչ անեմ: Լավ, զանգեմ ծյոծ Սաթիկին: Ալո', ալո', ծյո'ծ Սաթ, Կարենն է: Դու երկրորդ հարկո՞ւմ ես: Հասն ուշափաթվել է. տե'ս, ըտեղ ջուր կճարվի, ջո'ւր բեր:
Հա'ս, ուշքի' արի, Հա'սս:
...օրվա ...ժամը
-Տիկի'ն, վերջապես ուշքի եկաք: Կին եք, բայց ձեզ երեխայի պես եք պահում: Այստեղ օրական տասնյակ վիարահատություններ են լինում, եթե ամեն մեկի ծնողը կամ հարազատը ուշաթափվեր, տեսարան սարքեր, ո՞ւր կգնար:
-Հա', աղջի'կ ջան, հիմա քե՞զ նայենք, թե՞ էրեխիդ:
-Բժի'շկ, բուժքո'ւյր, ամեն ինչ նորմալ է, Հասը մի քիչ զգայուն մարդ է, ոչինչ, բան չկա, արդեն ուշքի է եկել: Նա ուժեղ է:
-Կարե՜ն, Կա՜ր, տղաս ո՞ւր է:
-Հա'ս, մի' սկսիր, երեխա հո չե՞ս: Վիրահատում են: Շուտով կվերջացնեն: Ամեն ինչ լավ կլինի: Քեզ պի'նդ պահիր:
-Հա'սս, աղջի'կս, վատ բանի մասին մի' մտածիր: Միայն լավ բաների: Ոչ մի վատ բան չի լինի:
-Մամա՞, դո՞ւ էլ ես եկել: Հա՜: Մամա', ի՞նչ վատ բանի մասին չմտածեմ: Ինչո՞ւ վատ բան կարող է լինել, հավանականությո՞ւն կա:
-Չէ', իհարկե չկա, Հա'սս:
-Հասմի'կ, արդեն մայր ես, քեզ տասը տարեկանի պես ես պահում: Բոլորս էլ հուզվել ենք, բայց Աստված չանի՝ վատ բան լինի: Հիմիկվանից ողբ ես դրել, քեզ թուլացրել, ուշքդ կորցրել:
-Մա'մ, էս բոլորդ այստե՞ղ եք: Ես գիտեի, թե դու երկրորդ հարկում ես:
-Հա', երկրորդ հարկում էի, մայրդ էլ նոր էր եկել, բայց ախպերդ զանգեց, կանչեց: Դու արդեն կի'ն ես, մա'յր ես: Հիմա բոլորով էրեխին մոռացել, քո կողքն ենք բռնել, ամո'թ ա, վե'ր կաց:
-Կներե'ք ինձ, կներե'ք, որ ուշափաթվեցի, կներե'ք, որ թույլ եմ, կներե'ք, որ անկարող եմ, որ խելագար եմ, որ գիժ եմ, որ ձեզ պես չեմ:
-Հա'ս, մի' գոռա:
-Կա'ր, չեմ գոռում, ես հանգիստ եմ: Մոտդ ծխախոտ կա՞, տո'ւր, տո'ւր ծխեմ:
-Գժվեցի՞ր, դու ե՞րբ ես ծխել, որ հիմա ծխես:
-Ես հիմա եմ ուզում ծխել, հի'-մա': Իսկ գո՞ւցե թմրանյութ ունենաք. երևի դա ավելի լավ կօգնի: Հա'-հա'-հա', բայց, ախր... ախր, փոքրիկը մի անգամ էլ էր խաչակնքել, հաստա'տ, խաչակնքել էր: Կա'ր, տո'ւր թմրեցնող մի բան: Է՜, լավ ինձ կներեք, ես գնամ այն բաց լուսամուտի մոտ:
-Կարո՞ղ ես քայլել:
-Այո', կարող եմ: Ի՞նչ է եղել, որ: Ամեն ինչ շատ բնական է, ամեն օր նման բաներ են լինում, պատահում են և վատթարները: Ինձ ի՞նչ է եղել, որ:
...օրվա ...ժամը
Լուսամուտը բաց է. բայց շնչելու օդ, միևնույն է, չկա: Ասում են հանգիստ պահիր, հանգիստ, հա'ն-գի'ստ: Հանգիիիիստ, միակ հանգիստ մարդը իմ կյանքում ու իմ հանգստացնողը դու ես եղել, տատի'կ, դո'ւ՝ աշխարհի միակ հանգիստ մարդը, ում ծնկներին ես ինձ թեթև եմ զգացել, լավ եմ զգացել, հանգիստ եմ զգացել: Տատի'կ, ուզում եմ գրկես ինձ, տատի՜կ: Ուզում եմ գլուխս դնել ծնկներիդ, երկու ձեռքով բռնես, շոյես, շոյե՜ս, մեղմ ու հանգիստ ձայնով խոսես: Դու այնքան մեղմ ես, այնպես հանգիստ: Դու այն դարից ես եկել, տատի'կ, դու մեր շտապող դարին խորթ ես , տատի՜կ: Թեկուզ կրակ էլ թափվի երկնքից, բոլորը գոռան ու փախչեն, դու հանգիստ ես, տատի'կ, քո ձայնը միշտ խաղաղ ու մեղմ է, տատի'կ:
Ես գժվում եմ, տատի'կ, ես պայթում եմ: Ջղերս դողում են, բարձրացել են իրար վրա ու սեղմում են մաշկս: Նայի'ր, տատի'կ, նայի'ր մաշկիս: Տե'ս, կապույտ, տե'ս, սև, տե'ս, կանաչ, տատի'կ, ուռել են, բարձրացել են: Նյարդե՞րս են, հա՞, տատի'կ, նյարդե'րս են: Ես ներվայի՞ն եմ, տատի'կ, դողո՞ւմ եմ, տատի՜կ...
Գրկի'ր ինձ, տատի'կ, շոյի'ր գլուխս, շոյի'ր ու պատմիր այն հին ու բարի ժամանակներից, այն պատերազմական տարիներից, որ քո գլխով անցան, այն տարիներից, որոնք ավելի խաղաղ ու անչար էին, քան հիման է: Դու լավ ես պատմում, տատի'կ, դու պատմիր: Տատի'կ, դու երբեք հեքիաթ չես պատմել, ոչ մի հեքիաթ, տատի'կ: Դու միշտ պատմել ես քո անցյալից, քո բարի ու սիրելի անցյալից, տատի'կ: Դառը բաներ ես պատմում, տատի'կ, բայց քո խոսքերը դառնություն չեն ծնում, տատի'կ, չէ', տատի'կ, միայն բարի հուշեր, միա'յն:
Տատի'կ, դու ինձ դաս չես սովորեցրել, ինձ համար գիրք չես կարդացել: Դու կարդալ չգիտես, տատի'կ, հազիվ ես տառերը ճանաչում: Բայց հիշո՞ւմ ես, տատի'կ, հիշո՞ւմ ես՝ դպրոցական էի, ասում էիր՝ Հա'սս, աղջի'կս, էդ ինչ թղթեր ես էդպես արագ-արագ պահում, գիտե'մ, սիրածիդ նամակներն են, տատիցդ մի' թաքցրո'ւ, մի' ամաչի, տո'ւր, տո'ւր՝ կարդամ: Է՜, տատի'կ:
Գրկի'ր ինձ, տատի'կ, շոյի'ր գլուխս, հանգստացրո'ւ ինձ, տատի՜կ, մի' թող լացեմ, մի' թող գժվեմ: Հիշո՞ւմ ես, տատի'կ, գիշեր էր, ես արթնացա ու գոռում էի. ինձ թվացել էր, թե մուկ է բարձրացել վրաս: Տատի'կ, ես մկներից ահավոր զզվում եմ, ես սարսռում եմ, վատանում եմ: Լալիս էի, գոռում էի: Մաման ու պապան եկան, նայեցին՝ մուկ չկար, ասացին՝ մուկ չկա, խելո'ք պառկի, քնի': Մուկ չկա՞, ո՞նց չկա: Հիմա դուք կգնաք, ես կմնամ մենակ, կպառկեմ ու մուկը, չէ', մկները կգան: Ես սարսափում եմ մկներից, շատ եմ վախենում: Իմ սյուժետիկ սարսափ երազների մյուս մասն էլ մկներով երազներն են: Մկները մեր տանն են, դուրս են գալիս մոշագույն անցքից: Նրանք շատ են, շաաատ: Վախենալու բան չկա, Հա'ս, ախր, նրանք շատ փոքր են, ի՞նչ կարող են անել, տե'ս, փոքր են: Մա'մ, փո՞քր են, հա՞, մա'մ, տե'ս, մեծանում եմ, շա՜տ են մեծանում: Դեղին, ճարպագույն մկները աճում են, ահա', ծնկերիցս են, ահա', ավելի են մեծամում, արդեն իմ բոյին են, գալի'ս են, մոտենո'ւմ են, մամա՜...
Տատի'կ, հիշո՞ւմ ես, ես լացում էի, ես վախեցած էի, մաման ու պապան գնացին քնելու, ես մենակ էի ու... դու եկար: Դու ձեռնափայտով էիր քայլում, հազիվհազ եկար: Եկար ու նստեցիր կողքիս: Գլուխս դրեցի ծնկներիդ: Դու շոյում էիր ու խոսում: Մեղմ՝ ինչպես միշտ, հանգստացնող՝ ինչպես երբևէ:
Տատի'կ, ո՞ւր ես հիմա, ուզում եմ մոտդ գալ, տա'տ, ուզում եմ գլուխս դնել ծնկներիդ ու լացել, լացեեեել, մինչև կդատարկվեմ, մինչև կսպառվեմ:
Տատի'կ, դու ինձ կանչել էիր, իսկ ես չէի եկել, ես այդտեղ չէի: Հիմա ես եմ քեզ կանչում, արի', տատի'կ, արի', դանդա'ղ արի, ձեռնափայտդ թըք-թըք շարժելով՝ արի: Արի', որ գլուխս ծնկիդ դնեմ, արի', որ շոյես, արի', որ հանգստացնես, ո՞ւր ես:
...օրվա ...ժամը
-Հա'ս, արի', արագացրո'ւ:
-Ինչո՞ւ, ի՞նչ է եղել:
-Արդեն Էրիկին վիահատարանից դուրս են հանել:
-Ո՞ւր է, ո՞նց է:
-Լա'վ է, հե'տս արի:
Պառկած է: Անգույն է դեմքը: Փոքրիկ ձեռքը մի քիչ վերև է բարձրացել ՝ կաթիլային են միացրել: Շրթունքները կիսաերկնագույն են, կիսաբաց:
-Հա'ս, աչքդ լույս, երեխան լավ է:
-Այո', տիկի'ն, ամեն ինչ բարեհաջող անցավ: Շատ դժվար վիրահատություն էր, բայց հիմա ամեն ինչ անցած է: Մի քանի ժամ դեռ կքնի, բայց հենց զարթնեց, ուշադի'ր եղեք, իրեն սկզբում վատ կզգա. հետո քիչ-քիչ կապաքինվի:
-Լավ, բժի'շկ, շնորհակալ եմ:
Երկնագույն վերմակով ծածկեց փոքրիկի՝ կաթիլայինից ազատ ձեռքը:
Անցա՞վ, ամեն ինչ անցա՞վ, չէ՞ որ խաչակնքեց, ուրեմն՝ հիմա ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ անցել է: Ամեն ինչ անցե՞լ է, մի՞թե անցյալ են տանջալի ժամերը, անորոշ, սարսափելի րոպեները: Թե՞ դրանք միշտ ներկա են լինելու: Միշտ, երբ հիշես: Միշտ, երբ վերապրես:
Փոքրիկը հաստատ խաչակնքեց: Հա', խաչակնքեց:



Արմինե Պետրոսյան


Saturday, May 26, 2012

Նելլի Սահակյան



ՄԱՅՐ ԿԱՏՎԻ ԻՆՔՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


-ՄՅԱՈՒ~, գոռում  էր հայրդ`կիսաբաց դռնից ներս նայելով , աղջի՜կս,
Այն  ժամանակ, երբ հարազատ տերս`Բասթերը`ուտելիքը ձեռքին ներս մտավ.
Հայրդ լիզեց մռութը,շարժեց պոչը`նայելով ներս .
Ու թախծոտ աչքերով շոյեց  մրսած կատվիս գլուխը….
Մռռում էր հայրդ դռան արանքից,
Երբ ես գալարվում էի տիրոջս ոտքերին քսվելով`աղաչելով  հորդ ներս թողնել ….
Մռռում էր հայրդ ամբողջ հպարտությամբ,
Բայց   Բասթերը շրխկացրեց  դուռը հորդ մռութին,
Հետո ճաշեց  գոհ –գոհ  ու քնեց.
Իսկ ես պատից պատ տվեցի ինձ`
Հարազատ տիրոջս տանը`
Հիշելով ստոր պապիդ,
Ում այդպես էլ  չտեսա
Ու տատիդ հիշելով,
Որ նետվում էր փողոցի կեղտոտ աղբամանների մեջ,
Ընկնում շների ժանիքների տակ`
Միայն թե կերակրեր ինձ,
 Որ ես էլ մայրանայի,
Որ ես էլ նետվեի աղբամանների մեջ`
Միայն թե կերակրեի քեզ:
Զարթուցիչն արթնացրեց ինձ , Բասթերին ու քե՜զ ,աղջի՜կս:
-ՄՅԱՈՒ~, գոռում  էր հայրդ՜՝անծանոթ  կատվատներում ու փողոցներում `հեռու  մեզնից,  աղջիկս …
Երբ մի օր անվադողի տակ ընկավ……




                                                  

                                       ԻՆՉԻ՞




Քեզ երկար սպասեց քո Նելլը՝ում ուսերիդ էիր դնում և ժամերով ման տալիս պուրակում,

Քեզ երակար սպասեց քո Նելլը…
Ժամանակը փշրվեց երկու մասի .
Փշրվե՜ց…                                                                                             
Ես վազեցի ետևի՛ց, բռնեցի ականջների՛ց,
Պատին մեխե՛ցի ու կանգնեցի մեջտեղում ՝
Կանգնած սլաքների տակ…
Լռությու՛ն …
Ծռված մեջքով լռությու՜ն.
Թող պահեմ լռությունդ՝լակոնիկ արցունքներով ,գլխիկոր,  տաշված ճյուղի պես թող
Պաշտեմ քեզ մինչև վերջ…
Նելլ անվանեցիր,երբ ծնվեցի.
ինձ ուսերիդ առա՛ր,ես պաշտեցի քե՜զ….
Լռություն…ջարդված վզով լռություն…
Վազեմ ,սուրճ եփեմ մեզ համար՝
ինչպես դու էիր սիրում ասել՝դա՜ռը  .
Ու խմեմ մենակ՝հիշելով խոսքերդ ՝դեպի ներս շուռ տված հիշողություններով,
Ություններով ՝ ամեն տեսակի,սեռի,բնույթի ություններով՝ անդուր, ինչպես
Արցունքները 
Եվ ընդունելի, ինչպես իրականությունը…
Ինչի՞ գնացիր…
Գնացիր վայրկյանի մեջ 
Ու չես վերադառնա օրերդ մեջ չապրված…
Քեզ երկար սպասեց քո Նելլը…





(Բնաբան)Ութ հարց գրող Սաթենիկ Ռշտունուն

Ութ հարց գրող Սաթենիկ Ռշտունուն(Բնաբան)



1. Ո՞վ է Սաթենիկ Ռշտունին կյանքում:

- Սաթենիկ Ռշտունին,ինչքանով որ ես եմ նրան ճանաչում,փոփոխություններ սիրող,անընդհատ նորին ձգտող,շուտ հոգնող,շուտ ձանձրացող և շուտ հիացող մարդ է,բոլորի նման սովորական ու եզակի:Ամենաշատը սիրում է կանաչ գույնը ու հենց այդ գույնի բոլոր երանգներով էլ նայում է աշխարհին:

2. Ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը:

- Ամեն ինչ,բացարձակապես ամեն ինչ,ինչ գոյություն ունի կամ չունի,ինչ կարող ենք տեսնել կամ ոչ,ամենավեհից ամենանսեմ,ամենգեղեցիկից ամենաանճոռնի,մի խոսքով ամենաոգեշնչվող եմ:

3. Որո՞նք են այն հատկանիշները, որ պարտադիր են գրողի համար:

- Ես ինքս ինձ դեռ գրող չեմ համարում,բայց իմ կարծիքով չկան որոշակի հատկանիշներ,որոնք միառնշանակ բնորոշ են գրողին:Մարդը մարդ լինի,մնացածը տարբեր բնորոշումներ են,որոնք յուրաքանչյուրի մոտ տարբեր են,յուրովի ու հետաքրքիր:Չգիտես ինչու գրողներն ինձ համար միշտ ծխախոտի,սուրճի ու ալկոհոլի բույրերով, կիսացնդած,ամենասեր ու բազմասեր երևույթներ են,բայց,բարեբախտաբար,ինքս միասեր եմ:

4. Ե՞րբ սկսեցիք գրել:

- Երբ սովորեցի մտածել,սկսեցի հորինել,իսկ երբ սովորեցի գրիչ բռնել ու տառերը նկարել,սկսեցի գրել:Ամենավաղ տարիքի գործեր ունեմ 8-9 տարեկանից պահպանած,չնայած երջանիկ կլինեի,եթե ամենաառաջին գործս պահպանած լինեի.ես սիրում եմ իմ հին գործերը,դրանց պարզությունը,մաքսիմալիզմը,անկեղծությունը:Դրանք իսկապես ես եմ`Սաթենիկը:

5. Ի՞նչ է պակասում ժամանակակից հայ գրողին:

- Ոչինչ,դեռ ավելին,ժամանակակից գրողների մոտ ու համար մի բան էլ ավել է:Կարծում եմ մեր օրերում նույնպես տաղանդավոր ու մեծ գրողներ կան,ու 21-րդ դարը գուցե հետագայում -Ադամանդե դար- համարվի,և շատերս հպարտանանք,որ հենց այս ժամանակներում ենք ապրել:Ժամանակակից գրողը ունի ամեն ինչ դրան հասնելու համար`տաղանդ,պայմաններ,ինքնուրունություն ու ազատություն,ամեն ինչ:

6. Ի՞նչ ազդեցություն ունի հայկական մշակույթը Սաթենիկ Ռշտունին վրա:

- Մենք`հայերս, սիրում ենք մեզ,հետևաբար սիրում և գնահատում ենք այն ,ինչ ստեղծել են մեր նախնիները ու այն,ինչ շարունակում ենք ստեղծել ինքներս:Իսկապես նկատել եմ,որ մշակույթը անմիջական ազդեցություն ունի տարբեր շերտերի վրա`քյառթույից մինչև գիտնական:Այն մենք գենետիկորեն ենք կրում,ու եթե անգամ շատ ժամանակ չենք էլ մտածում դրա մասին,միևնույնն է,ամենքս մեզ հասանելի ու հասկանալի չափով ապրում ենք նրանով:

7. Գրողը ազգություն ունի՞ և ի՞նչ է Ձեզ համար ազգը:

- Հայ  գրողը ուղղակի չի կարող ազգություն չունենալ,քանզի հայ լինելը արդեն իսկ բնավորություն ու տեսակ է ոչ միայն ազգի,այլ նաև հենց մարդու:Եզակի են այն ազգերը,որոնց արժանի զավակներին թվելիս անմիջապես նրանց հայրենիքն ես պատկերացնում,մենք հենց այդ ազգերից ենք:

8. Ձեր կյանքում ամենաթանկ բանը:

- Այս հարցում գուցե կրկնվեմ,բայց ինձ համար ամենաթանկը կյանքն է,բոլոր իմ սիրելի մարդկանց ու իմ կյանքը.ապրել սիրող մարդիկ և´երջանիկ են լինում,և´սիրում են,և´բարի են լինում:

Վարդուհի Բադալյան





ՄՈՒԹԸ

…Ես մութ էի. ոչ այն մութը, որ խեղդվում է գիշերային քաղաքի ջահերով, ոչ այն մութը, որ տափաստանում տարածված գյուղակում մեղմիկ առկայծում է աստղերով, ոչ այն մութը, որ բարձր լեռներում լուսնալույսով է հոշոտվում, ես ամենախոր քարանձավի ամենաականակիր մթությունն էի:
Սկզբում ես պարզապես խաղացող էի: Հետո արդեն խաղում էի հաղթողների կողմից: Նրանք ուղղակի եկան ու ասացին՝ միացիր մեզ, մարտիկ, այլապես մենք, միևնույն է, կնվաճենք քո քաղաքը: Ես տեսա, որ նրանք շատ են, ես տեսա, որ նրանք շատ միավորներ ունեն՝ մեր խաղում միավորները հաշվվում էին ոսկեդրամների քանակով, ես տեսա, որ նրանց հետ ես կջախջախեմ ինձ վրա հարձակվելու խղճուկ փորձեր անող ավազակախմբերին և ես միացա նրանց:
Սկզբում ես պարզապես խաղացող էի: Ես մութ էի:
Երբ հաղթողների առաջնորդն իմ քթի տակից թռցրեց այն քաղաքը, որ ես օր առաջ էի ուզում նվաճել, մինչդեռ նա ինձ կասեցնում էր, ես ապստամբեցի: Սկզբում առաջնորդը քմծիծաղ տվեց, բայց երբ կապկպված հայտնվեց զնդանում, եկավ տարակուսելու ժամանակը: Առաջնորդը սովորել էր խլել. նա անվերջ խլում էր քաղաքներ, ոսկեդրամներ, մարդկանց, խլում էր թշնամիներից, թիմակիցներից, բոլորից ու բոլորն արդեն զզվել էին նրանից: Դա դարձավ իմ հաղթաթուղթը, բայց և դաս դարձավ ինձ համար: Ես սկսեցի կառավարել՝ տալով: Միևնույն է, ամեն ինչ իմն էր, բայց ես վերցնում էի քաղաք, ու իմ միության անդամին հանձնում: Քաղաքը պատկանում էր նրան, նա՝ ինձ: Ամեն ինչ իմն էր, բայց ինձ ատելու փոխարեն որքա՜ն շնորհակալ էին նրանք:
Ես առաջնորդ էի ու ես մութ էի:
Հիմա էլ ես առաջնորդ եմ:
Հոգնել էի անվերջ նույն խաղը խաղալուց: Իմ ներսում ոչ լույս, ոչ հերոս չէր ծնվել, ուղղակի ես ամեն ինչից հոգնել էի: Առավոտյան ես լուռ նայեցի ապստամբի կախաղանը, հետո տեսա, թե ինչպես են կախում թշնամու գերիներին: Նրանք նման էին իմ կարթի ծայրին թպրտացող ձկներին, ա՜խ, որքան նման էին նրանք այդ ձկներին:
Ես ձուկ էի ուտում, կեսօր էր, ծամում էի ալարկոտ ու համ չէի զգում արդեն: Կյանքի համը կորել էր: Աչքերիս առաջ թպրտացող ապստամբն ու թշնամիներն էին: Թշնամի, ապստամբ, անհեթեթություն, այդ մենք էին թշնամի: Մենք էինք հարձակվում ու բռնի մեզ միացնում մարդկանց՝ այլապես կոչնչացնենք, հնչում էր մեր կոչ-սպանալիքը, մենք էինք հարձակվում անպաշտպան գյուղերի ու քաղաքների վրա ու թալանում, ու սպանում, ու նվաճում և մի օր նրանք ցանկանում էին թոթափել մեր լուծն իրենց ուսերից, ցանկանում էին կռվել մեր դեմ մեր իսկ զենքով: Ես անհետացա, որ հայտնվեմ ապստամբների շարքերում: Նոր խաղն ավելի գրավիչ էր…
Հիմա ես առաջնորդ եմ: Լուսանում է:
Հետո ես քաղաքի մութն էի՝ խեղդված ջահերի լույսերում, հետո ես դարձա գյուղական կայծկլտուն երկինքը՝ աստղային դիցարանում, հետո վերածվեցի խավարը հոշոտող լուսնալույսի:
Հիմա ես լույս եմ, ոչ թե ինչ-որ գիշերը ճեղքող ճառագայթ, այլ՝ ծագող արևի զորությամբ վառվող համատարած, պայծառ լույս, բայց իմ ներսում դեռ կա մի մասնիկ, նույնքան մութ, որքան ամենախոր քարանձավի ամենապաղ մթությունը: Իմ մի մասնիկը մութ է…





             ՄԱԿԵՐԵՍ

                                                              Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը:
                                                                                                               Ալբերտ Էյնշտեյն

Եռաչափ տարածությու՞ն… զվարճալի է: իմ բացահայտած նորանոր չափումներն ինձ համար անհաշվելի մեծություն էին, ու ոչ թե նրա համար, որ ես դեռ չգիտեի դրանք անվանող թիվը կամ ի զորու չէի իմ գտած հերթական մեկը նախորդներին գումարել, այլ՝ իմ գտած չափումները հարափոխ էին: Եռաչափ տարածության նորմալ մարինների կողքին ես պարանորմալ սուբստանցիա էի. չկար ինձ համար նախատեսված տարածաժամանակային կետը՝ իմ ՏԵՂԸ: Ու քանի որ տեղս չէի գտնում, սկսեցի ձևափոխվել, խմորվել…
Հետո եկավ մի պահ, որ իմ աշխարհընկալումը հանկարծ դուրս եկավ ցանկացած չափումից, ապա տեղավորվեց մի հարթության մեջ ու, այսպես ասած, դարձավ տափակ: Աշխարհը թվաց իրական հեքիաթ իր տափակության մեջ, մակերեսային աշխարհընկալումը միանգամից ազատեց ավելորդ խոհերից, չարչրկված չափումներից ու փիլիսոփայություններից: Տափակությանս մեջ ես գտա մի միակ դրսևորում՝ Հարթություն:
Ուղեղիցս զատ զգացմունքներս էլ սկսեցին տափակել ու տարածվել այդ հարթությամբ: Երբեմն ինչ-որ նավթոտ շերտ էր տարածվում հարթությանս վրա, արևի լույսի տակ այն թվում էր խայտաբղետ գունային գամմա՝ ասելիքով ու գեղեցկության պատրանքով: Բայց նա, ով ավելին ուներ, քան պարզապես եռաչափությունն էր, կհասկանար, որ այդ շերտն իրականում թունավորում է գոյս:
Հարթությունս մի սքանչելի հատկանիշ ուներ, որ ոչ միանգամից էի հայտնաբերել՝ ճկուն էր: Այն կարող էր ոլոր-մոլոր անցնել այլ հարթությունների մեջ, կարող էր ցանկացած հարթության կողքին իր տեղը գտնել ու իրեն լավ զգալ, կարող էր անգամ տարածական մարմինների շարքում՝ որպես մի աբստրակտ պատկեր, ծավալի պատրանքով խցկվել ու սիրվել՝ իր նավթոտ մակերեսով ու իր մակերեսային <ես>-ով:
Հարթությունս սկսել էր ուրիշ հարթությունների ակտիվ հետաքրքրության առարկա դառնալ: Նրանք տարածվում էին իմ հարթությանը զուգահեռ, շարժվում իմ վեկտորին զուգահեռ, ապրում իմ կյանքին զուգահեռ ու չէին հասկանում, որ մեր հարթությունները երբեք չեն հատվի այդ զուգահեռումներում՝ ես յուրովի տափակ էի, իրենք՝ պարզապես տապակ: Որոշ ալիքվող հարթություններ ճկվելու խղճուկ փորձեր էին անում, որ հարթությանս մոտ տեղ զբաղեցնեն, բայց իմ տափակությունն այլ ուղղությամբ էր ճկվում: Տարածական մարմիններն արդեն բացահայտել էին տափակությունն ու խուսափում էին իմ ճկուն հարթությունից: Նրանք սարսափի էին մատնվում իմ հարթությունից, ենթագիտակցական մակարդակով զգալով, որ այն մի ժամանակ իրենց չափումներից դուրս չափումներ է ճանաչել: Բոլոր առումներով, ես արդեն մերժված էի եռաչափ տարածությամբ սահմանափակված մարմինների կողմից: Նրանք ինձ մենակ թողեցին…
Հարթություններին ինքս մենակ թողեցի՝ ցավով հասկանալով, որ իմ ճկունությունն ինձ է դարձնում նրանց համար հետաքրքիր, բայց՝ ոչ հակառակը: Այն ճկունությունը, որ մի ժամանակ ինձ օգնում էր ճկվել ու մոտենալ ցանկացածի՝ անկախ այն կլիներ տարածական մարմին, թե հարթություն, այժմ ինձ օգնում էր ճկվել դեպի ազատ տարածություն, ուր մարմիններ չկային:
Ես աշխարհի բոլոր հարթություններից ամենամիայնակն էի:
Մենակությունն ինձ ստիպեց, որ փորձեմ վերագտնել ծավալը… Իմ խեղճ հարթությանը տրված չէր եռաչափ լինել, իմ ճկուն հարթությունը գալարումներում ցանկանում էր ստանալ տարածական պատկեր, ու հերթական անգամ հոգնած փռվում էր իր ողջ մակերեսով՝ ինքն իրենից հաղթված, հևասպառ, հուսահատ …
Իմ նորանոր չափումներում դեգերելով՝ ես մնում էի անտեսանելի եռաչափ տարածականների համար, տառապում էի, բայց չէի կարողանում հասնել նրանց, հասկացվել նրանց կողմից, համարվել յուրային նրանց մեջ: Ուժասպառ կրկին տարածվում էի ողջ մակերեսով ու կրկին տափակում, որ հանկարծ չվերացարկվեմ իմ ունեցած իրականությունում ու ստանամ մի լրիվ ուրիշ իրականություն, որը խելագարություն էր վերնագրվում թե հարթությունների, թե եռաչափ տարածականների համար:
Ինձ տրորված էի զգում ու դա ցավեցնում էր: Իմ ներսում ծնվեց նյութականացած հոգևոր ցավը, ուղեղիս բջիջները սղոցվեցին մի հուսահատ աղաղակով ու այն պահին, երբ ուղեղս կարող էր ժայթքել բաց տիեզերքում սեփական ճնշումից պայթող մարմնի պես, ես հասա մի սահմանի, որ հարկավոր էր թաքցնել թե ինքս ինձանից, թե մնացած ամբողջ աշխարհից… Ես մի ակնթարթ միայն հասա անթույլտրելիին: Առաջին ռեկցիան իմ ողջ հարթությամբ այդ ամենը սահմանազատելն էր եռաչափ աշխարհից: Ես դարձա մի թաղանթ աշխարհների միջև, մի յուրօրինակ կամուրջ, որով անցնելն անհնար էր: Ու այնտեղ ես հայտնաբերեցի այն, ինչ՝ ինձ հարկավոր էր: Ես գտա այն արտատարածական, վերժամանակյա արտահայտումը, որում նյութականացվեցի՝ ընդունելի թե հարթության, թե տարածության համար: Ես գտա իմ տեղը: Ես այն կոչեցի Մակերես: Տարածական մարմինները, հասնելով մակերեսիս, զգում էին, որ այն ծավալ է թաքցնում, սկսել էին ինձ հանդուրժել, հարթությունները մի պահ անակնկալի եկան՝ ինձ բախվելով ու տեսնելով, որ ճկվելու փոխարեն դիմակայում եմ, բայց իրենք էլ ինչ-որ կերպ համակերպվեցին իմ գոյության հետ:
Այդուհետ ինձ տրորելը վտանգավոր է դարձել. չես իմանա, թե ոտքդ, մակերեսիս դնելով, հարթության կհանդիպես, թե կսուզվես մի խորություն, որի դեմ Մարինյան իջվածքը ոչինչ է: Չէ որ ամեն բան աշխարհում, ի վերջո, հարաբերական է…
Ալ. Էյնշտեյնի հիշատակին
Հ.Գ. Էյնշտեյնն ինձ համար ֆիզիկայում Նյուտոնից հետո նույնն էր, ինչ գրականության մեջ մոդեռնիզմը ռեալիզմից հետո: Նրա տեսությունն ինձ տվեց մի ամբողջ տիեզերք՝ լի բացահայտումներով ու չարչրկված սահմաններից ազատ: Բայց այս գործը ծնվեց ոչ թե նրա տեսությունը ճանաչելուց, այլ հատկապես նրա կենսագրության որոշ դրվագների ծանոթանալուց հետո: Եվ նվիրվում է Ալբերտ Էյնշտեյն մարդուն, ոչ՝ գիտնականին:

Thursday, May 24, 2012

Երանի թե...





   

Լուսամուտն այս ոնց է կապել ոտքերս զույգ,
Ոնց են խաչում վարագույրի թելերն անվերջ,
Երանի դու պաշտեիր պատերն ինձ կլանած,
ՈՒ քեզ գտնեի այս թափանցիկ մատուռի մեջ:
ՈՒ թռչեի,լցվեի մաշկիդ գրպանները,
ՈՒ դաջվեի շուրթերիդ չորս բևեռներին,
Անասելի սուր բնազդով գոռայիր,կանչեիր,
ՈՒ փշրեիր ճենապակե շղթաներն իմ:
Բայց հայացքդ գոլոշացավ իմ տաք կանչից,
Բայց աչքերդ չոռնացին կապվածություն,
Քայքայվեցին չասված խոսքերն ականջներիս,
Եվ զգայի անեծք մի նոր`խաբվածություն:
Լուսամուտն այս ոնց է կապել ոտքերս զույգ,
Ոնց են խաչում խաբվածության թելերն անվերջ,
Երանի թե լինեի ուժեղ,սառույց լինեի
ՈՒ սպանեի քո գոլոշին աչքերիս մեջ:

Wednesday, May 23, 2012

***





Դու այնպես մերկ էիր ու հասկանալի,
Ասես Աստված հենց նոր էր ստեղծել,
Մարմինդ դեռ տաք էր,
Վրայիցդ գոլոշի էր ելնում...

***



Զույգ ոտքերս,երկու կրիաներ հագած,
Քայլում են ցեխերի երկրով:
Շտապում եմ դանդաղ...
Ցեխակոլոլ կրաիներս մաշվում են կարոտից:
Հիմար օձի պես քայլել երազեցի,
Բայց փոխարենը զրկվեցի իմ զույգ ատամներից,
Ես էլ գիշատիչ չեմ,
Ես անզեն եմ,ոչինչ:
Խաբված կրիաներս մնացին ցեխի մեջ,
Ոտքերս անկարոտ հասան եկող գարուն...

***


Կարմիրը չեմ սիրում.
Շատ նման է սևին,
Իսկ սևը ատեցի
Մի ծիծաղելի թաղումից հետո,
Որտղ բոլորը կարմիր էին հագել,
ՈՒ դա ինձ տխուր ու սև էր թվում:
Սևը չեմ սիրում.
Կարիճը պոտենցյալ օձ է...
                                                         

Աշու´ն,ես նման եմ քեզ...




Աշու´ն,դու նման ես ինձ
Մարդամոտ մայթերով քո ցեխակոլոլ,
Որ գգվում են 
Անցորդների փախչող ոտքերին:
Քո անձրևների ճոխ լացուկոծով,
Եվ քո ծերացած,պարպված փողոցով:
Մումյաների պես
Լպրծուն ծառերով քո,
Եվ քո երդմնազանց անձրևանոցով:
Դու նման ես ինձ
Քո ջղայնությամբ:
Օդիդ ամեն մոլեկուլով,
Որ կրում են 
Վարակիչ մասնիկները սիրո:
Եվ անկուշտ հողով ,
Որ կլկլացնելով լակում է
Նորագոյ երակների
Առատ ջրերը,
Եվ ագռավների պես քո,
Որ քարկոծվում են միշտ,
ՈՒ էլի մնում  
Ադավաճան:
Եվ տերևով  ջահել,
Որ գնաց հասավ հազար տարվա
Մեռելներին:
...

Աշու´ն,ես նման եմ քեզ:

Monday, May 21, 2012

Ամենում ես ինձ մեղավոր գտա...


 


Ես չգնացի ոչ մեկի հետևից.
Կորցրել էի հոտը իմ
Եվ իմ հովիվին...
Պատահական չոբանները վիզս պարան գցեցին,
Իսկ պահապան շները ինձ մատնեցին ոհմակին:
Գայլերն ինձ ժամ տարան,
Աղոթել տվին վրաս
Եվ մատաղ արին Լուսնի ոտքերի տակ:
Արյունս,ճակատների փոխարեն,անցնող գայլերի
Շուրթերին քսեցին,
Որ աչքները ,կատաղություն լափած,
Կոկորդս տենչան:
Սեղանները երկար շարեցին,
Քահանան,գայլերը և չոբանները
Նստեցին շուրջը,
Եվ դու´,հովի´վ իմ,նստած էիր չոբանների մեջ
ՈՒ առաջինը` գայլերից էլ ագահ,քելեխս կերար:
Եվ իմ պահապան շունը,
Որ ոխերիմ կռիվներ էր տալիս ոհմակի դեմ,
Հիմա նույն գայլերի հետ գարեջուր է խմում
ՈՒ հռհռում ոչխարությանս վրա .

Անունդ պաշտում եմ ես




Ես սիրում եմ քո անունը,
Որի հնչյուններն անուշ ննջում են
Թարթիչներիս տակ.
Անունդ նման է քեզ,
Արևածիլին`-բարի լույսի- հետ,
Այն համբուրում է
Կանաչ շուրթերս...
Անունդ պաշտում եմ ես:

Մեղավորներ չկան էլ




Մեղավորներ չկան էլ.
Խնձորները կերել են բոլոր Եվաներին,
Իսկ Ադամները մնացել են
Օձերի հույսին:
Դրախտը պանթեոն է դարձել,
Սերովբե-քերովբեները`
Խաչքարեր,
Չարի ու բարու խաչմերուկները
Չվել են...
Մեղավորներ չկան էլ:

Thursday, May 10, 2012


Անտարբերություն



Չգիտեմ' սակայն,
Ի՞նչ է կոչվում սա...
Բայց որ կարող ես մի բառով փշրել,
Ինչ ներսումս կա,
Որ արցունքիցս ոչ թե հուզվում ես,
Այլ ջղաձգվում,
Թերևս սրան լոկ մի անուն կա`
Անտարբերություն:











Անտարբերությո~ւն...



ՈՒ ի՞նչ է մնում.
Ինքնասպանի պես
Ոռնացող բառն այս`զերթ ատրճանակ,
Սեղմել ճակատիս,
Անդող ձեռքով իմ...կրակե~լ, դաջ~ել
Մահացու գնդակն
ՈՒղեղիս խորքում...հոգի´ս, ես բնավ
Քեզ չեմ բողոքում,
Չէ՞ որ ես ինքս ուզեցի մեռնել,
ՈՒ դու պարզապես
Տվեցիր ինձ քո... ատրճանակը:


Պատուհաններդ ինձ ներս կկանչեն




Կարոտից քրտնած պատուհաններդ ինձ ներս կկանչեն,
Գոլ կաթիլները գալարումներով կսողան իմ մեջ,
ՈՒ  կոճակներդ  մաշված խուցերից մոտս կփաղչեն,
Կաթիլների հետ կլցվեն ներսս` գալարուն,անվերջ:



Եվ կիրք կլափեն մարմինները մեր,
Եվ կիրք կթափեն պատերիդ ճաքած,
Պատուհաններդ ինձ ներս կկանչեն`
Կարոտից,կրքից քրտնած ու թաց: