Monday, April 30, 2012

***



ՈՒ երբ լույսը ճմրթվում է,
Ճզմվում ու իր մեծությամբ
Տեղավորվում
Լուսնի ճարպոտո որովայնում,
Գիշերային կատուների մլավները
Տարածվում են,արձագանքվում
ՈՒ ձայնակցում
Փողոցային հաչոցներին.
Սկսվում է խրախճանքը...
ՈՒ շները շնանում են,
Շնանում են փիսոները,
ՈՒ լցվում են փողոցները
Քոսոտ-մոսոտ քեֆչիներով,
Իրար առնող ու վաճառող
Մանր-մունր չարչիներով,
ՈՒ ամենքը գտնում է իր
Հասանելիք աղբամանը:
Եվ բարդիներն են
Շարվում  ոլորուն,
Էժան ճամփեքին,
Թասիբով գայլերն
Միզում են տկլոր ազդրերին նրանց,
ՈՒ հայհոյում են, անիծում նեխած
Արմատները խոր,
Որ կերակրում են տռուզ որդերին:

ՈՒ երբ լույսը` նորից ճմրթված,
Պլստում է դուրս լուսնի արգանդից,
Բոլորը էլի դառնում են անմեղ...
Տեսնում ենք հանգիստ դեմքը քաղաքի,
Նույն սիրուն կանանց ու աղջիկներին
Հարևան բակի,
Որ գիշերային քեֆերից հոգնած,
Քայլում են գործի կամ համալսարան,
Այնքան համեստ են ու մաքուր այնքան`
Թուխս հավերի պես,
Կույս հավերի պես:

Մա´մ ջան



Երբ ես տակավին                
Փոքր մակույկ էի
Կատաղած ծովում,
Բարուրաշորից
Ճերման առագաստ
Ինձ կարկատեցիր
ՈՒ սովորեցրիր
Քամուն հետևել,
Որ չխորտակվեմ:
Ժամանակներում
Ես հասունացա
Ծովի անխնա
Ծփումների մեջ:
Մեծ նավ էի արդեն,
ՈՒ դու ինձ նորից
Կարեցիր շքեղ
Առագաստ մի նոր
Այս անգամ ճերմակ
Իմ հարսի շորից:
Ծովը դաժան էր.
Խորտակվում էին
Թույլերն անխնա,
Իսկ ուժեղները`
Պայքարում նորից:
Դու միշտ քնքշորեն
Հավատացնում էիր,
Որ նավակը իմ
Լավն է բոլորից:
Մա´մ ջան,հիմա ես
Ինքս եմ կարում
Առագաստներն իմ
Եվ սովորել եմ
Նույնիսկ փոթորկին
Գնալ հակառակ,
Բայց իմացի´ր,որ
Քո ձերքով կարած
Առագաստներս
Մասունքներ են թանկ: