Monday, June 25, 2012

Գրի´ր գրական մրցույթ(2-րդ)


Երկրորդ հաղթանակս



1-ԻՆ ՏԵՂ – ՍԱԹԵՆԻԿ ՌՇՏՈՒՆԻ  ”ԵՏՆԱԲԵՄՈՒՄ ԵՍ ՄԻՇՏ ԿԻՆ ԵՄ”
27 միավոր
2-ՐԴ ՏԵՂ – ՌԻՄԱ  ԽԱՉԱՏՐՅԱՆ “ԱՍՈՒՄ ԵՆ” – 26 միավոր
3-ՐԴ ՏԵՂ – ԱՆՈՒՇԻԿ  ”ԻՆՁ ԿՅԱՆՔ ՊԱՐԳԵՎԻՐ” – 20 միավոր

http://mrcuyt.wordpress.com/2012/06/25/%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB-%D5%A1%D5%B4%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D6%82%D5%B4/

http://mrcuyt.wordpress.com/2012/06/25/%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-2/

ՄԵՐ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ( 2-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ)(09,07,2012)

http://mrcuyt.wordpress.com/

Հարգելի ընթերցողներ: Այս անգամ որոշեցինք հնարավորություն տալ մեր հաղթողներին պատմել իրենց մասին այնպես, ինչպես իրենք կցանկանան: Այնպես որ, ներկայացնում ենք հաղթողների համառոտ կենսագրությունները` առանց միջամտության և խմբագրման: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Սաթենիկին, Անուշին և Ռիմային: Սիրով կսպասենք հաջորդ մրցույթներին ևս:


1-ԻՆ ՏԵՂ
ՍԱԹԵՆԻԿ ՌՇՏՈՒՆԻ



ՍԱԹԵՆԻԿ-լավագույն նվերներից մեկը,որ ծնողներս նվիրել են ծննդյանս առաջին իսկ օրերին,ու ես սիրով կրում եմ այն ուղիղ 21 տարի և պատրաստ եմ դեռ մի 100 տարի էլ կրել: ՌՇՏՈՒՆԻ-ամուսնուս լավագույն նվերներից մեկը,որ կրում եմ հպարտությամբ արդեն 1,5 տարի ու պատրաստ եմ անվանս հավասար կրել էլի մի 100 տարի: Ինձ համար կյանքը կանաչ է և երազում եմ չգա մի օր,երբ այն կսկսի դեղնել.ես ուզում եմ միշտ կանաչ ապրել… Երազանքներ շատ ունեմ`մեկը մեկից մեծ,մեկը մեկի կարևոր ու գեղեցիկ,դրա համար նախընտրում եմ չխոսել դրանց մասին,այլ միայն ամեն օր ջանալ իրականացնել: Կյանքում ունեմ մեկ կարգախոս -ապրել- և 3 կարևորագույն ապրեցնողներ`Աստված,Սիրելիներ,Գրականություն: Ինձ համարում եմ հաջողակ մարդ,երջանիկ կին և բախտավոր զավակ,էլի կետեր կան,որ կուզեի համարել,բայց դա ժամանակը ցույց կտա…





Նելլի Հովհաննիսյան


***

- Դու վախենալու չափ առանձահատուկ ես գիտե՞ս...
- Ե՞ս... Ինչո՞ւ ես այդպես կարծում...
- Չգիտեմ... ուղղակի երբ քեզ հետ եմ ես էլ եմ ինձ յուրօրինակ ու ուրիշ զգում ... քո ամեն խոսքը, բառերիդ ամեն մի հնչյունը այնքան հարազատ է ու միաժամանակ այնքան վախեցնող...
- Հիմարիկ... դու ուղղակի սիրահարված ես ու ամեն ինչ քեզ վառ գույներով է երևում... ես սովորական եմ, ուղղակի դու ես ուզում ինձ կատարյալ տեսնել... զգույշ չհիասթափվես...
- Մի ծիծաղիր ինձ վրա...  ես ուղղակի ասում եմ, այն ինչ զգում եմ...
- Դու խենթ ես...
Նա ժպտաց քեզ ու լուռ հեռացավ քո աշխույժ կյանքից... Իսկ դու չհասցրեցիր ասել նրան՝
- Դու ուղղակի իրական ես ... Այնքան իրական...
Իսկ նա քեզ ուղղակի չհասկացավ...  Ուղղակի գնաց՝ պակասեցնելով քո իդեալների շղթան ևս մեկով...
                                                                              ***
- Իմ հավատը ինձ այդքան թանկ մի վաճառիր ... Ես անզոր եմ դրա գինը վճարել...
- Դու ուղղակի հուսալքված ես... Պետք է սթափվես ու առաջ գնաս...
- Դու ինձ չես հասկանում...
- Ես ուղղակի խուսափում եմ նոր սխալ գործելուց...
- Ես չեմ ուզում իմ սիրո դեմ  դու սկսես ցավազրկողներ օգտագործել...
- Ես թույն չեմ խմի մի վախեցիր...
- Քեզ համար եմ վախենում...
Նա տխրեց ու լքեց քո մոռացված իրականությունը... Իսկ դու չհասցրեցիր նրան ասել
- Դու ուղղակի օտար ես... օտար ես այնքան...
Նա քեզ չլսեց... Ուղղակի գնաց՝ պակասեցնելով հոգսերդ մեկով:
                                                          ***
- Դու ինձ կորցրեցիր,քանի որ սիրում էիր ատելու չափ ...
- Ես քեզ կորցրեցի, որովհետև դու ինքդ չցանկացար ինձ հասկանալ... դու կարող էիր... դու ուրիշ էիր... լուսավոր էիր... բայց չհասկացար... այսինքն այդպես էլ ինձ չսիրեցիր...
                                                        ***
- Քո սերը ավաղ քիչ էր ինձ համար, որ ինձ ստիպեր քեզանով ապրել...
- Սիրում էի քեզ... բայց ինձ վանեցիր ու սերս քեզ համար թակարդ կարծեցիր... վիշտս ուրացար... ինձ չհասկացար...
- Ու դու մենակ չես... ինձ էլ ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ նույն բանը ասաց... ցավոտ է չէ... ինձ էլ քեզ նման էլ հասկացան... մենակ մնացի գույնրես խամրեց...  կորցրեցի դեռ չգտած նրան...
- Թույն կա քո ներսում... գնա մաքրվիր նոր սիրուն տրվիր... վրեժը լավ չէ...
                                                       ***
Գնա մաքրվիր ու կսիրես դու... Նոր իդեալի շղթան շարունակվում է ...
- Գիտես դու այնքան առանձնահատուկ ես... :Դ

Sunday, June 24, 2012

Բայանդուր Պողոսյան

    
Ցուրտը 

Ճշգրիտ չեմ կարող ասել՝ երբ դադարեցի շարժվել: Երևի ամեն ինչ աստիճանաբար տեղի ունեցավ: Կամ էլ երկար ժամանակ շարժվելու կարիք չէի ունեցել: Պարզապես մի օր զգացի, որ կամազուրկ խրվել եմ ինչ-որ հեղուկի մեջ ու դանդաղ սուզվում եմ: Մրսում էի անընդհատ. այ թե ինչ հաստատ գիտեմ:
Երբ նա մտավ սենյակ, փորձեցի ժպտալ, ասել, որ ամեն ինչ կարգին է, բայց չստացվեց: Չկարողացա: Թվում էր՝ բավական է կամքս լարեմ, ու շրթունքներս աղեղ կգծեն, բայց ոչ մի կերպ չէի կարողանում կենտրոնանալ:

Նա մոտեցավ զարդասեղանին ու բացեց օծանելիքի շիշը. այդ օծանելիքի բույրը ժամանակին իր մեղրա-նշա-մուսկատային երանգներով խելքից հանում էր ինձ: Բայց ես հոտ չզգացի: Ես հասկացա, որ ընդհանրապես հոտեր չեմ զգում:
Այդպես կծկված պառկած էի վերմակի տակ ու մրսում էի:
Փորձեցի մտքումս վերականգնել Cristian Dior - Pure Poison-ի բույրը, բայց չստացվեց: Ինձ դանդաղ իր մեջ քաշող հեղուկն արդեն իր սառնությամբ դիպչում էր մեջքիս ու սեղմում կրծքավանդակս:
Նա մոտեցավ անկողնուն, կանչեց ինձ, անվանեց քնկոտ ու ծիծաղեց. հիշում եմ, սպիտակ վարագույրի միջով արևի ճառագայթներ էին ընկնում, որոնց մեջ փայլում էին փոշու հատիկները: Հիշեցի, որ մոռացել եմ մաքրել դաշնամուրի վրայի փոշին ու տխրեցի:
Հեղուկն ավելի ու ավելի խորն էր ինձ քաշում, ու ես հասկացա, որ քնել եմ ուզում: Նորից: Հիշեցի, որ ամառը, երբ քայլում էի չոր խոտի միջով, վայրի գարու հասկերը կպնում էին գուլպաներիս, իսկ դա շատ տհաճ էր. ես նստում էի քարի վրա ու գուլպաներիցս դուրս քաշում բոլոր հատիկներն ու քիստերը:
Հետո հիշեցի, որ փոքր ժամանակ երազումս տեսել էի, թե մեր բակի մեծ, կանաչ բույսերը մանուշակներ են, ու երբ առավոտը գնացել էի դրանք պոկելու, մի կին ասաց.
«Մի պոկիր, դա մանուշակ չի»:
Չնայած բույսն իրականում ոչ մի բանով մանուշակ չէր հիշեցնում, ու ես ոչ մեկին չէի ասել, թե ինչ եմ տեսել երազում: Երևի այդ կինն էլ էր իմ երազը տեսել:
Նա ինձ հրեց. շատ տհաճ զգացողություն էր: Ես ուզում էի քնել: Հետո վառեց սիգարետն ու կողքս նստած սկսեց ծխել: Մազերն արդեն հյուսել էր:
Հիշեցի, որ թաց խոտի վրա պառկելուց հետո ոսկորներս միշտ ցավում են, իսկ մաշկս գրգռվում է ու քոր է գալիս. հասկացա, որ ինձ կլանող հեղուկից հետո էլ է նույն բանը լինելու:
Հանկարծ նայեց ինձ ու գունատվեց. կանչեց, հրեց-պառկեցրեց մեջքի վրա ու վերմակը հանեց վրայիցս: Փորձեցի ծիծաղել, ասել, որ ամեն ինչ կարգին է, բայց հասկացա, թե ինչու չստացվեց. ես չէի ուզում ծիծաղել, չէի ուզում ասել, որ ամեն ինչ կարգին է:
Նա գլուխը դրեց կրծքիս, հետո ափերը. սկսեց ռիթմիկ հրել կրծքավանդակս՝ ինչ ավելի խորը հրելով թանձր հեղուկի մեջ: Ու ես հասկացա, թե ինչ եմ ուզում ասել իրականում. մի՛ հրիր ինձ, օգնի՛ր, որ դուրս գամ ճահճից, պատռի՛ր կուրծքս, քանի որ նրա մեջ իմ համար բավականաչափ տեղ չկա:
Բայց գիտեի, որ նա ինձ չի հասկանա. նա ինձ երբեք էլ չէր հասկանում: Երբ նա ինձ գրկեց ու համբուրեց շրթունքներս, արցունքախառը թքի համն ինձ համար տհաճ էր, իսկ մարմնի քաշն ինձ ավելի խորն էր հրում:
Բայց այդ ամենն արդեն նշանակություն չուներ:
Հետո, չգիտեմ՝ քանի տարի անց, ծառերը պատռեցին իմ կուրծքն ու ինձ դուրս քաշեցին արևի լույսի տակ: Ու ես հասկացա, որ իմ բոլոր զգացողությունները, որոնք կորցրել էի, ինձ են վերադարձել գարնան խոտի հետ:


Ճոճիր ինձ



Օր առաջին
Ես քայլում էի՝ սիրում եմ քայլել: Ցրտից պնդացած ձյունը չոր-չոր ճռթճռթում էր ամեն քայլիս հետ: Թվում էր՝ օդն էլ էր նույնքան ճռթճթան, սակայն այն հնչեցնելու համար ավելի նուրբ բան էր պետք, քան սառած ոտքերս:
Տեղերը, որտեղով քայլում էի, անծանոթ էին՝ համենայն դեպս, այդպես էի մտածում: Բայց չնայած դրան՝ ինչ-որ բան ուղղորդում էր քայլերը, ու գիտեի, թե որտեղ եմ գնում: Ձյունը ծածկել էր գետինը, բայց ինչ-որ կերպ գիտեի՝ ձյան տակ սալահատակ էր:
Միգուցե այս ամենը ձեզ տարօրինակ թվա: Մտքերով այնքան էի տարված, որ չէի էլ փորձում հասկանալ՝ ինչու՞, ինչպե՞ս: Կոնկրետ մտքեր չէին. ավելի շուտ տարված էի ձյան անկանոն նախշերով, որոնց հետևում էի ու կրկնում սառած գիտակցությանս մեջ:
Չզարմացա, երբ հին, լքված մանկական խաղահրապարակի հասա: Ջարդված ու ժանգոտած ճոճանակներն ու նստարանները ծածկված էին ձյունե գդակներով: Այնտեղ նստած էր նա՝ միակ սարքին ճոճանակի վրա: Կիսախուփ աչքերով նայում էր սառը, սպիտակ ձմեռային արևին ու մեղմորեն օրորում ինքն իրեն՝ մի ոտքով հրվելով գետնից:
Խոսել չէի ուզում, բայց նա չեր խանգարում միայնությանս: Կարծում եմ՝ չնկատեց նույնիսկ: Նույն անմռունչ հանգստությամբ ճոճվում էր ու նայում արևին:
Նստարաններից մեկը մաքրեցի ձյունից ու նստեցի: Երևի շատ զվարճալի տեսք ունեի սպիտակ, մանկական տեսքի վերարկուով ու շագանակագույն բերետով: Բայց ի՞նչ էական էր:
Չգիտեմ՝ ինչու սկսեցի աչքիս տակով նայել նրան: Միջահասակ էր, հարդարված շագանակագույն մազերով: Դիմագծերը նուրբ էին՝ գրեթե կանացի, բայց կզակը հուշում էր կամային խառնվածքի մասին:
Հանգիստ ճոճվում էր իր ճոճանակի վրա, առանց որևէ մեկին կամ որևէ բան նկատելու: Ճոճանակը ռիթմիկ ճռճռում էր, բայց այնքան մեղմ, որ շուտով մոռացա դրա գոյության մասին ու մի փոքր նիրհեցի:
Երբ ուշքի եկա, արևն արդեն թեքվում էր հորիզոնի կողմը: Նա դեռ իր տեղում էր՝ կարծես ընդամենը մի քանի վայրկյան էր անցել: Վեր կացա ու շփեցի ցրտից թմրած ձեռքերս: Ժամանակն էր տուն վերադառնալ:
Օր երկրորդ
Նորից եկա այնտեղ՝ ինքս էլ չեմ հասկանում, թե ինչու: Երևի պատճառը նույնն էր՝ ոտքերս ձյան նախշերով տարված գիտակցության կողմից մոռացված մարմինը տարան մարդկանցից մոռացված այդ վայրը:
Նա էլ էր այնտեղ՝ անփոփոխ, ինչպես ինքը՝ խաղահրապարակը: Էլի նույն դիրքում նստած՝ ճոճվում էր:
- Բարև,- ասացի ես:
Նա բացեց կիսախուփ աչքերը, թեթևակի ժպտաց:
- Բարև:
Նորից ձյունից մաքրեցի նստարանն ու նստեցի: Ձայնը մեղմ էր ու խորը, բայց տարօրինակ զգացողություն ունեցա՝ կարծես այն գլխումս հնչեց, ու մի վայրկյան անց մոռացա նույնիսկ հնչողությունը: Իսկ զգացողությունները մնացին:
Քամին մի փոքր սառն էր: Այդ ժամանակ հասկացա, որ նրան էլ են հատուկ մարդկային գծեր՝ ավելի պինդ էր փաթաթվել իր թիկնոցի մեջ: Փաստորեն, մրսում էր:
Արևը մի փոքր տաքացնում էր, բայց դա ավելի անտանելի էր դարձնում քամու սրությունը: Խրվեցի վերարկուիս մեջ ու սկսեցի ուսումնասիրել շրջապատս: Ամենուրեք սև, սմքած ծառեր էին երկինք մեկնված ոսկրոտ, պառավական ձեռքերի նման: Ասես անիծում էին երկինքն իրենց ողորմելի վիճակի համար:
Ու ձյուն էր՝ շատ, խորը, ծայրն էլ չէր երևում: Ձյուն, ծածկված անկանոն, տարօրինակ նախշերով, որոնք այդքան գերել էին միտքս այդ օրերին:
Օր երրորդ
- Դու միշտ այստե՞ղ ես:
Նա բարձրացրեց հայացքն ու ժպտաց:
- Բարև:
Մի փոքր շփոթված զգացի՝ անքաղաքավարի էր հենց այնպես մոտիկանալ անծանոթ մարդու ու տարօրինակ հարցեր տալ, նույնիսկ առանց բարևելու:
Բայց նա չնկատեց կամ չնկատելու տվեց շփոթմունքս:
- Վերջերս ես իսկապես շատ ժամանակ եմ անց կացնում այստեղ: Տարօրինակ է, չէ՞: Ինձ այսեղ դուր է գալիս: Բայց դու պետք է որ ինձ հասկանաս: Դու էլ հաստաատ ինձ դիտելու համար չես գալիս:
Եղանակն այդ օրը լավն էր՝ քամի չկար: Հաճելի էր մաշկով ու ոսկորներով զգալ արևի հանգիստ ջերմությունը:
Մի փոքր հապաղելով, նա ասաց.
- Կուզե՞ս ճոճվել: Ես կօգնեմ:
Լեզուս խոսեց արագ, նախքան կհասցնեի մտածել:
- Ներիր, ամուսնացած եմ:
Ստանդարտ պատասխան էր, որ տալիս էի բոլոր տղամարդկանց, որոնք սիրալիրություն էին արտահայտում: Երևի շատ էի ցանկանում հավատալ չկայացած ամուսնությանս:
Նա նույնիսկ չզարմացավ: Պարզապես նայեց բարեհոգի, մինչև ոսկորներս թափանցող հայացքով ու ասաց.
- Իսկ մի՞թե ես ժամադրություն առաջարկեցի: Պարզապես ճոճվել: Իհարկե, եթե ցանկանում ես:
- Ինչպես կուզես,- ձայնիս հնարավորին չափ շատ անտարբերություն հաղորդեցի: Իսկ ինչ էի ուզում այդ պահին իրականում՝ չգիտեմ:
Նա հանգիստ վեր կացավ. նստեցի ճոճանակին ու դադարեցի մտածել: Նորից սև ծառերն էին ու ձյան հակատրամաբանական նախշերը, որոնք այդքան համապատասխանում էին հոգուս ընդարմացած վիճակին:
Միայն թե այդ որն ամեն ինչ արդեն ստատիկայի մեջ չէր՝ խաղահրապարակը դանդաղ, սահուն կերպով օրիրվում էր հայացքըս առաջ:
Մի քանի ժամ նա առանց ձանձրույթի նշույլի հրում էր ճոճանակը: Ամեն ճոճման հետ ես ավելի ու ավելի էի ընկղմվում նիրհի մեջ: Ճոճվող սպիտակ հող ու սև, սմքած ծառեր: Արդյո՞ք սա էր, ինչ մնացել էր կյանքիցս:
Արթնացա, երբ սկսեց ցրտել:
- Շնորհակալ եմ,- ասացի նրան ու իջա ճոճանակից:
- Միշտ ուրախ եմ: Ես կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ՝ մինչ վաղը:
Չպատասխանեցի:
Օր չորրորդ
Կարծում եմ՝ ավելորդ կլինի ասել, որ նա ճիշտ էր: Չեկա նրա համար՝ պարզապես արեցի այն, ինչ պետք է անեի, ու այլ կերպ լինել չէր կարող: Նորից նստեցի նստարանիս ու փորձեցի հետևել ձյան ու ծառերի տարօրինակ խաղին, որտեղ նույնիսկ ամենակատաղի շարժումները սառել էին ստատիկայի մեջ:
Ինչ-որ բան այն չէր, ինչ-որ բան արհեստական էր:
Նա այնտեղ էր՝ ինչպես միշտ նստած էր իր ճոճանակին ու հանգիստ ճոճվում էր: Մոտեցա նրան ու ասացի.
- Կճոճե՞ս ինձ:
Նորից բարձրացրեց հայացքն ու ժպտաց:
- Բարև: Իհարկե: Ես մտածում էի, որ դու կուզես ճոճվել, բայց որոշեցի թույլ տալ քեզ ինքնուրույն ընտրել:
Օր հինգերորդ
- Ի՞նչ է քո անունը:
- Իսկ մի՞թե դա նշանակություն ունի: Դու ամուսնացած ես, իսկ ես երկու օրից մեկնում եմ:
Ձյունն ու ծառերն արդեն անհամեմատ պակաս հետաքրքիր էին, քան այս տարօրինակ մարդը:
- Մեկնու՞մ ես: Որտե՞ղ: Ինչու՞:
- Դա էլ էական չի: Չփչացնենք ամեն ինչ, լա՞վ:
- Ինչպես կուզես: Միայն թե շարունակիր ճոճել, լա՞վ:
Օր վեցերորդ
Այդ օրը ես գնացի խաղահրապարակ շատ ծանր մտքերով լի: Գիտեի, որ վերջին անգամ եմ նրան տեսնում: Ինչպես միշտ, նա նույն խաղաղ տեսքով նստած էր ճոճանակին ու դանդաղ օրորվում էր:
- Վաղը գնու՞մ ես,- հարցրեցի ես, մոտենալով ճոճանակին:
- Բարև: Այո, վաղուց ժամանակն է: Ես առանց այդ էլ շատ եմ դոփել տեղում: Պետք է առաջ գնալ, շարունակել ապրել:
- Կարելի՞ է քեզ գրկել:
- Եթե ցանկանում ես:
Կանգնեց: Գրկեցի, գլուխս թաղելով թիկնոցի ծալքերի մեջ: Նա էլ գրկեց ու քնքշորեն շոյեց գլուխս: Հանկարծ դեմքս բարձրացրեցի ու փորձեցի շրթունքներովս որսալ նրա շրթունքները՝ չգիտեմ, թե ինչու:
Նա հանգիստ մատը դրեց շրթունքներիս ու ասաց.
- Պետք չի: Միայն ամեն ինչ կփչացնես:
Նորից թաղվեցի նրա թիկնոցի մեջ, սկսեցի լաց լինել:
- Մի լացիր, խնդրում եմ:
Նրա աչքերն էլ էին լցված:
Միայն աչքերս ազատելով հարցրեցի.
- Կճոճե՞ս: Խնդրում եմ:
Նրա շարժումներն ավելի հուզառատ էին, քան երբևէ, բայց առաջվա քնքշությունը չէր կորել:
- Ավելի ուժեղ, խնդրում եմ: Ավելի: Ավելի...
Ճոճքն աստիճանաբար կատաղի դարձավ: Լացում էի ու ծիծաղում, կորսվելով այդ ողբալի էյֆորիայի մեջ:
Օր յոթերորդ
Խաղահրապարակը դատարկ էր: Նրա ճոճանակը թեև թեթևակի ճոճվում էր քամուց, բայց դարձել էր նույնչափ անկենդան ու դատարկ, ինչպես սառած, փխրուն ձյունն ու իրենց անիմաստ անեծքի մեջ քարացած ծառ-չանչերը:
Մաքրեցի նորից ձյունով ծածկված նստարանս ու նստեցի: Ասելի չի, թե ինչքան ընկճված էի: Մի ժամ սպասելուց հետո հանեցի հեռախոսս ու հավաքեցի նրա հեռախոսահամարը, որն ինքն էր տվել նախորդ օրը: Զբաղված էր: Փորձեցի նորից՝ էլի նույնը:
Ու հանկարծ հասկացա: Նայեցի համարին ու ճանաչեցի այն՝ իմ սեփականն էր:
Ինչպե՞ս ավելի շուտ չէի հասկացել: Ախր նա իմ «եսն» էր, որ կորցրել էի քո հետ: Իմ կորսված «եսն» էր, որ ինքն էր ինձ գտել:
Տխրությունս միանգամից հօդս ցնդեց՝ ես հասկացա, որ կարիք չեմ ունենա նրան կարոտելու:
Որովհետև հիմա նա միշտ իմ հետ կլինի, իմ մեջ:
Մի՞թե շատ բան էր պետք, որ ես սովորեի ինքս ինձ սիրել:

Friday, June 22, 2012

ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ




 Ընտանիք


Հայրս գնաց: Նա ամեն անգամ գնում է:
Նրա վերադարձն ու ճանապարհվելը նույնն են:
Վերադարձի ու ճանապարհվելու
Օտարությունը նույնն են:
Վերջին ժամերին մայրս միշտ փնթփնթում է:
Վիճում են: Հետո հայրս լռում է:
Հայրս խեղճ լռում է: Այս անգամ էլ:
Քնելուց առաջ մայրս ու հայրս
Միասին լողանում են:
Մայրս սիրունանում է: Հայրս տխրում:
Ես մտովի ժպտում եմ նրանց երկուսին էլ:
Թռիչքն առավոտյան 7-ին է: Լուսադեմին դուրս կգա:
Ես ու եղբայրս անքուն լուսացնում ենք:
Տեսա լուսինն արցունքի պես է կախվել:
Ես ու եղբայրս ամբողջ գիշեր հորս ու մորս մասին ենք խոսում:
Մարդիկ այդպես են խոսում մտերիմ մարդու թաղումից հետո
Հիշում են թերացումները: Նրանց թերությունները: Վրիպումները:
Հիշում, որ պապս հորս աղջիկ չի տվել,
Մայրս հարսի շորը ճանապարհին է հագել`
Թթենու ծառի տակ:
Ծիծաղում ենք:
Եղբայրս շուրթը կծում է.
«Փող ունենայի, պապան կգնար գյուղ, գերեզմանոց»:
Հայրս խեղճ չէր գնա գերեզմանոց:
Հայրս իր հորը չկարողացավ փրկել հիվանդությունից:
Հիմա ես ու եղբայրս չենք կարողանում
Փրկել
Հորը,
որ ընտանիք է:
Լուսնի վրայից չղջիկ է ընկնում սենյակ, վարագույրից կառչում:
Լուսումութ է:
Հայրս ամեն անգամ գնում է: Այս անգամ էլ է գնում:
Երեխեքով հերթով դռան տակ կանգնում ենք:
Բոլորս գիտենք, որ ուր որ է նրա աչքերը կարմրելու են:
Եվ էլի ջրալի վերքը բացվելու է:
Արնահոսելու է:
Հիշելու է չոր թախտերի վրա իր քնելը
Տաք անկողին չունենալը
Օտար լեզվով մեր տոները շնորհավորելը:
Երեխեքով հերթով դռան տակ կանգնում ենք:
Քույրս հղի է: Մեծ փորիկով:
Դժվարությամբ գրկում են իրար:
Հայրս առաջին անգամ ձեռքը քրոջս փորին է դնում:
Ճանաչում են իրար:
Զարմանում ենք: Չեմ ուզում լացեմ:
Հայրս պապիկ է վերադառնալու: Նա այդպես հայր է վերադարձել:
Հետո մեր հերթն է գալիս:
Հերթով փաթաթվում ենք հորս
Ինքը մեր ուսերին տաք դնում է ձեռքը,
Բաց ափն ամեն ինչ ասում է
Միշտ այնպիսի բաներ, որ բարձրաձայն չեն ասվում
Մորս հերթն է:
Ես ննջասենյակ, քույրս խոհանոց, եղբայրս զուգարան,
Փախչում ենք անհեթեթ, թաքուն մաքրում արցունքներ,
Որ մայրս-հայրս գրկեն իրար
Ու զգան չասվող խոսքերի ամբողջ ծանրությունը
Բերկրանքը:
Մայրս, որ
Հորս ճանապարհելիս երբեք չի սիրունանում
Գզգզված մազերով է:
Վերադարձի օրերին էլ:
Երկու դեպքում էլ օտար, անորոշ
Համբուրվում են:
Մայրս էլ է հեռանում, օտարանում:
Մեզանից, որ պատճառ ենք,
Հորիցս, որ անզոր է:
Տխրությունից միմյանց աչքերին նայել չի ստացվում:
Ու բացվում է դուռը:
Հորս կորած մեջքի հետևից գնում է
Ճամպրուկը:
Ճամպրուկն անիվների վրա դուրս է գալիս
Մեր հայացքները հետևից,
Ճամպրուկը տանում է հորս տարիները`
Մեզանից հեռու ապրած:
Ճամպրուկը տանում էր
Լուսինը, որ չղջիկ էր ուղարկել,
Ճամպրուկը մորս գեղեցկությունն էր տանում,
Եվ մեր անհայր մանկությունը:
Ճամպրուկը հորս սիրտն էր տանում:



Thursday, June 21, 2012

ԱՐՈւՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆ




ԻՄ ՀԻՆ ՎԵՐԱՐԿՈՒՆ


Երեկ, երբ հագա ծանոթ վերարկուս,
Այն ինձ առավել սիրելի թվաց:
Կոր օձիքի տակ, լայն գրպաններում
Այնքա~ն խելահեղ համբույր կար թողած,
Ուսերի ուղիղ կարերի վրա
Քո տաք ափերից լուսե շոյանքներ,
Ու երեկ արդեն ինձ ջե~րմ ժպտացող,
Հին վերարկուի կլոր կոճակներ:
Կանգնել եմ հագած հայելու առաջ
Ինձ շա~տ սիրելի այս պարզ վերարկուս,
Բայց երեկ էր, որ ջերմությունը իր
Սիրով պարուրված հասավ իմ հոգուն:
Քո թափառական մատնահետքերից
Ես արդեն ունեմ սիրո հետագիծ
Հագուստիս վրա`
Անընթեռնելի բոլորի համար,
Բոլորն ի՞նչ գիտեն, թե սեր է ապրում
Ու համբույրների քաղցր խտացում
Իմ վերարկուի թեկուզ բերանբաց,
Լայն ու թելակար, պարզ գրպաններում:
Ես եմ, որ հիմա ձեռքս կտանեմ
Ու կոնֆետ գտած երեխայի պես
Իմ իսկ գրպանից համբույր կհանեմ
Ու կոլորեմ անփույթ վարսերիս...
Գիտե՞ս, նրանք էլ քո գոլ մատներից
Հուզումներ ունեն ալիքների մեջ`
Թողած մեր սիրո լո~ւռ խոստումներից,
Որքա~ն սիրեցի երեկ վերարկուս,
Ու որքա~ն շատ է հասնում այն հոգուս:




ԻՆՁ ԿԱՐՈՏԻ'Ր

Ինձ կարոտի'ր խեղճ կարոտով,
Խեղճ կարոտով, մեղկ քնքշությամբ,
Զգո~ւյշ ու մաքո~ւր ինձ կարոտիր,
Ինձ կարոտի'ր այնպե~ս անմեղ,
Այնպե~ս անսուտ, այնպե~ս անդավ,
Որ երկիքնը շառագունի գիշերվա մեջ,
Որ աստղերն էլ... չբոցկլտան,
Հեռվում մնան լույսերն անշեջ,
Թող երկինքը շառագունի գիշերվա մեջ:
Ինձ կարոտի'ր պարզ կարոտով,
Խեղճ կարոտով, մեղկ քնքշությամբ,
Թաքո~ւն-թաքո~ւն ինձ կարոտի'ր,
Ինձ կարոտի'ր լուռ ու անձայն,
Միայն ո'չ թույլ և ո'չ ունայն,
Հեշտ ու անմեղ ինձ կարոտի'ր,
Անդավ, անցավ ինձ կարոտի'ր,
Որ մեղեդին լուռ գիշերվա
Լոկ ինձ համար անձրևատես
Հուզում տեղա,
Այդժամ գուցե` խրախճանքը իմ հոգու մեջ`
Ես շշնջամ` մեղա~, մեղա~...



ԱՅԼ ԵՄ ԻՆՁ ՊԵՍ

Ես ծնվել եմ բոլորի պես,
Բոլորի պես հետո դարձել 
Տաք խանձարուր,
Մորս գրկում տաքուկ ու լուռ
Սնվել նրա ամենազոր կենսաուժով,
Հետո կամաց կյանք եմ խուժել`
Ե’վ վախվորած, և’ համարձակ,
Արպրել եմ միշտ մտաարձակ`
Մտաարձակ իմ խոհերով, ինքս ինձ հետ...
Հազար մարդ է իմ կյանք եկել ու գնացել,
Հազար մարդու հասկացել եմ ու գիտակցել,
Որ ծնվել եմ բոլորի պես,
Բայց ես ա~յլ եմ, ա~յլ եմ ինձ պես,
Մաքառումի ճամփեքը իմ
Շա~տ են այնպես,
Ես էլ ա~յլ եմ, ա~յլ եմ ինձ պես,
Տառապանքի կուռ զնդանում
Բախտս ինձ հետ ինչե~ր ասես, որ չի անում,
Դեռ կռվում եմ ու դիմանում...
Ամեն զարկից ոչ թե ցավում`
Հզորանում ու հասկանում,
Թե ծնվել եմ բոլորի պես,
Տերն ուսերիս տառապանքի
Անմարդաշեն խաչ է գամել,
Որ ես զգամ կյանքը ինձ պես,
Ո’չ բոլորի, միայն ինձ պես…
Հիմա կասեք` ամեն մեկը իր խաչն ունի,
Իմը` ա~յլ է, էլի’ կասեմ,
Իմը` զորեղ մաքառումով,
Եվ բախտավոր շռայլումից տառապանքի,
Իմը ա~յլ է, էլի կասեմ.
Եվ չեմ հոգնել մաքառելուց,
Ոչ էլ բախտի իմ զնդանում չարչարվելուց,
Պիտի ժպտամ խաչիս ներքո,
Որ հենց Տե~րը ամենագութ,
Համոզվի, որ ես իմ բախտից
Չեմ դժգոհում,
Բախտս է գուցե հենց դժգոհում,
Որ իմ ահեղ տոկունությամբ
Այս ամենից չեմ չարանում:

Monday, June 4, 2012

Հավաքածու Գրական Մրցանակ


Չորրորդ Մրցույթ-25



Ես`Սաթենիկ Ռշտունիս(Խանդիլյան),ծնվել եմ 1991 թվականի հուլիսի 6-ին Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում:Միջնակարգ կրթություն եմ ստացել տեղի Արա Հարությունյանի անվան դպրոցում:Այնուհետև միջնակարգ կրթությունս վերջացրել եմ Խաչատուր Աբովյանի անվան մականավժական համալսարանին կից Իմաստասեր վարժարանում`հումանիտար թեքումով:
 2007-2008-ին ընդունվել եմ Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը,սակայն ուսումս կիսատ եմ թողել:
 2011-ից բնակություն եմ հաստատել Գերմանիայում: Ամուսնացած եմ, չունեմ երեխաներ:

Մա´մ ջան

Երբ ես տակավին
Փոքր մակույկ էի
Կատաղած ծովում,
Բարուրաշորից
Ճերման արագաստ
Ինձ կարկատեցիր
ՈՒ սովորեցրիր
Քամուն հետևել,
Որ չխորտակվեմ:
Ժամանակներում
Ես հասունացա
Ծովի անխնա
Ծփումների մեջ:
Նավ էի արդեն,
ՈՒ դու ինձ նորից
Կարեցիր շքեղ
Առագաստ մի նոր.
Այս անգամ ճերմակ’
Իմ հարսի շորից:
Ծովը դաժան էր.
Խորտակվում էին
Թույլերն անխնա,
Իսկ ուժեղները’
Պայքարում նորից:
Դու միշտ քնքշորեն
Հավատացնում էիր,
Որ նավակը իմ
Լավն է բոլորից:
Մա´մ ջան,հիմա ես
Ինքս եմ կարում
Առագաստներն իմ,
Եվ սովորել եմ

Նույնիսկ փոթորկին
Գնալ հակառակ,
Բայց իմացի´ր,որ
Քո ձերքով կարած
Առագաստներս
Մասունքներ են թանկ:

Սիրում-չսիրում

Եվ ինչ է կյանքը`
Չսիրումների և սիրումների
Համակապակցում,
Որը սիրում եմ,
Կամ էլ չեմ սիրում:

Սիրում եմ սիրել,
Սիրել ողջ հոգով,
Սիրում եմ սիրո
Աստվածացումը,
Չեմ սիրում ապրել
Սիրո ցնորքով,
Վեհացնել նսեմ
Մարմնեղացումը:

Կարոտն եմ սիրում,
Երբ կարոտում ես
Հոգուդ ողջ լայնքով
Եվ երկարությամբ,
Բայց չեմ սիրում,երբ
Կարոտն այդ ուժգին
Փոխվում է ցավի,
Խոր ատելության:

Սիրում եմ ներել`
Հաշվի չառնելով
Կշիռը մեղքի,
Բայց չեմ սիրում,երբ
Շահագործում են`
Ներումը քիչ-քիչ
Փոխելով խղճի,
Ապա`նողկանքի:

Սպասել եմ սիրում,
Սակայն չեմ սիրում,
Երբ սպասումը
Փոխվում է խորը
Հիասթափության:
Սիրում եմ նաև
Հպարտությունը,
Որը չի փոխվում
Անձնապաշտության:

Սիրում եմ ապրել
Խնդիրների մեջ,
Լուծել X-երը
Կյանքի ու սիրո,
Կամքի,ցանկության,
Բայց ցավալի է,
Երբ X-երը քո
Պատկանում են լոկ
Դատարկ բազմության:

Մի խոսքով,
Անվերջ կարող եմ թվել
Չսիրումների և սիրումների
Շղթաներն անծիր,
Եվ կարող եմ քե´զ,
Իմ խե´նթ բարեկամ,
Գեթ մի խորհուրդ տալ.
Կյանքի շղթայի
Չսիրումների օղակներն անգամ
Դու սիրով անցիր:


http://havaqatsu.wordpress.com/2012/03/23/%D5%B9%D5%B8%D6%80%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-25/



http://havaqatsu.wordpress.com/2012/03/23/%D5%B9%D5%B8%D6%80%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-2/#comment-97


-hetanos on March 26, 2012 at 07:13 said:
1. Բելլա -23-3, 11-1
2. Լիլի Ա.-Չի քվեարկել:
3. Շինարար-11-3, 17-1
4. Հայկ Ֆալակյան-25-3, 23-1
5. Strange Little Girl-Չի քվեարկել:
6. Հասմիկ Սիմոնյան-25-3, 23-1
8. Հովիկ Չարխչյան-Չի քվեարկել:
9. Արմինե Պետրոսյան-25-3, 11-1
9. Բայանդուր Պողոսյան-25-3, 3-1
10. Սուրեն Ֆանթ-1-3, 14-1
11. Դօրիան-20-3, 16-1
12. Գևորգ Թումանյան-11-3, 23-1

13. Դավիթ Հակոբյան-25-3, 23-1

Այսպիսով, Սաթենիկ Ռշտունին ստացավ 15 միավոր` հաղթելով չորրորդ մրցույթը: Նելլի Ռումելը գրավեց երկրորդ տեղը` գրանցելով 8 միավոր:

Շնորհավորում եմ Սաթենիկին և Նելլիին իրենց ներկայացրած ստեղծագործությունների համար: Նաև, շնորհակալություն եմ հայտնում բոլոր հեղինակներին, որ մասնակցեցին այս մրցույթին:-


(իմ ամենաառաջին մրցույթը-100$)

S.R.

Sunday, June 3, 2012

Ետնաբեմում ես միշտ կին եմ...

                                                         

Սպասումի մկանները                                                  
Կծկվում եմ կոկորդումս,
ՈՒ ոգելից ապտակներից
Ցանկությունս ցրիվ է գալիս
Ատամներիս տակ:
Չբավարարված դողերի վախից
Կուչ եմ գալիս
Աչաքերիդ խրամատներում,
Մտերմական զրույցնեերում
Քրտնած բառերդ
Լիզում են շուրթերս.
Ես բոլոր հագուստներս
Տանուլ եմ տալիս...
Թմբիրի գոլ կաթիլները
Խլվլում են ճակատիս մեջ,
Կարոտախեղդ հպարտությունս
Ծնկում է,
ՈՒ ես`
Ամենացանկալին ու հավատարիմը
Օձերի մեջ,
"Հայր մեր"-ը ջնջում եմ բոլոր ավետարանններից
ՈՒ երդվում պաշտել միայն քեզ:
Ետնաբեմում ես միշտ կին եմ...
Երազում եմ կաթաս անձրևի հետ,
ՈՒ ես կուլ տամ երկնային
Աղջրերը քո...
ՈՒ կառուցեմ քեզ էլի ոսկուց ու ադամանդից,
Ինչպիսին որ կաս`անէ ու դավաճան:

S.R.