Tuesday, October 9, 2012

Կարմիր գայլախտ




     Մենք երբեք ոչինչ սկզբից չենք սկսում,քանզի ծնվում ենք ժառանգականության վանդակում,և ժամանակի ընթացքում միայն վանդակն է խոշորանում ու ծայրահեղացնում "սկսվելու" ներքին գործակիցը:

    Մինչև երրորդ հարկ աստիճանները հաշվելով,ինչպես արդեն 2 ամիս շարունակ դասից տուն վերադառնալիս`հասա մեր դռանը. դուռը բաց էր: Հյուրասենյակում միայն հայրս էր`ավելորդ կնճռոտված ու մռայլ: Ծնողներիս սենյակից մորս ձայնն էր գալիս: Երբ ներս մտա,նա նույնիսկ չնկատեց ինձ:Շուկայական մեծ պայուսակի մեջ իր իրերն էր հավաքում:Երկու անգամ թխկացրի կոնքին,որ նայեր ինձ,բայց նա հրում էր ձեռքս, քթով ֆսֆսալով կուլ էր տալիս արցունքներն ու դարակների ծակուծուկերից հանում զանազան մանր-մունր շորեր: Մորս այտոսկրի դուրս ցցված բարակ մաշկը կապտել էր, ասես մի տեսակ թափանցիկությամբ ցուցադրում էր նրա երիտասարդ,բայց չջրված փայտի պես դեղին ոսկորը:
-Մամ, ո՞ւր ես գնում, պապան նեղացրելա՞ քեզ:
-Դրա անունը մի տուր, լսո՞ւմ ես, ու գնա էստեղից, ոչ մեկիդ էրեսը չեմ ուզում տենամ:
Այդ պահին ես մորս ագրեսիվ բռնկումները որպես բարկություն էի ձևակերպում,որը հետագայում պիտի խելագար կնոջ հիստերիա հիշեցներ ինձ:Նա նորից սկսեց չնկատել ինձ, նայելիս էլ հայացքն այնքան անտարբեր էր թեքում վրայիցս,ասես ոչ մի տեղից չուշացող մեկը նայեր պատից կախված 5-ից 10 պակասի վրա 2 ամիս շարունակ կանգնած ժամացույցին: Իսկ նկատելու դեպքում էլ նեղ ուսերն ու կրծքավանդակը ավելի անկանոն էին սկսում ելևէջել ու ցնցվել`կարծես հորիցս նրան նվիրված հուշանվեր լինեի,որ ոչ կոտրել էր կարող, ոչ այրել ու ոչ էլ պատռոտել: Քրոջս ձայնը հյուրասենյակից լսելով`շտապեցի այդ կողմ, նա կուչ էր եկել հորս թևի տակ ու փոքրիկ, մութ խուցի մեջ պատսպարված խաղում էր իր սև խոպոպների հետ: Ես նույնպես մոտեցա հորս ու տեղավորվեցի նրա ձախ թևի տակ: Մի քանի րոպե անց, երբ շնչառությունս կարգավորվեց ու բոլոր մկաններս թուլացած հենվեցի հորս փորին, սկսեցի զգալ նրա տրակտորի պես դռռացող շնչառությունը ու տեսա, թե ինչպես է քրոջս ձեռքը թրթռում հորս սրտի դղրդոցից:
ժամացույցի սլաքներն անուժ թխկթխկում էին ու շարունակում մնալ 5-ից 10 պակաս: Աչքերս դարչնագույն պատի վրայով սահելով՝ ամեն անգամ սրվում էին դեպի ժամացույցը, որի սլաքների անշարժությունից թվում էր՝ իրոք ժամանակը կանգ է առել:
Մայրս, քարշ տալով տռուզ շուկայական պայուսակը, անցնում էր հյուրասենյակի մեջտեղով ու մինչ կհասներ տան մուտքի դռանը, հայրս ասես 1-2 հաշվով տեղից պոկվեց ու երկու լոնքով հասնելով մորս`ափով սեղմեց նրա դեմքը պատին: Նրա ձեռքի ցցված երակներից ու ջղերից զգում էի, որ շատ ուժեղ է սեղմել մորս վնասված այտը:
-Բա´ց թող, հիվա՛նդ, բա´ց թող:
Հայրս բերանը ականջակալի պես մտցրեց մորս ականջախեցու մեջ ու լսելի թավ ձայնոց ասաց.
-Լսի´,այ բոզ,քեզ տանս կողմերը տեսել եմ լեշդ կփռեմ, լսում ես, այ պոռնիկ...Ի՞նչ էիր մտածում, հը՞, որ բան չեմ իմանալու, ա՛յ ողորմելի: Ղուրբան էղի էս էրկու թշվառներին, որ ռեխդ հենց ստեղ փշուր-փշուր չեմ անում. չեմ ուզում բոզ մոր պարճառով անպատիվ մեծանալու հետ համ էլ իմ պատճառով էլ անտեր մնան:
Հայրս պարսատիկի պես ձգվեց ու երկու ձեռքերով մորդ դուրս շպրտեց տանից:
Հետագայում իմ և քրոջս դասընկերները մեզանից լավ տեղեկացան մեր ընտանեկան անպատվությանն ու խղճացին մեզ`սեղանների տակ հաստ ու ծանր գրքի պես պահելով ողորմելի ճշմարտությունը, որ գլուխներս մի փոքր բարձացնելու դեպքում պիտի քարի պես շպրտվեր ու փշրեր մեզ:

    Ժառանգականությունը ` գեղեցիկ ու վտանգավոր շարունակություն:
Սխալ է մի բանը չավարտած մյուսի սկսելը,բայց ամեն ինչ այդքան պարզ չէ,որովհետև իրականում ոչինչ չի սկսվում ու չի ավարտվում,ամեն ինչ թելի պես ուղիղ ու երկար է,հարթ ու տափակ:
Հաճախ եմ մտածում՝ ինչպիսին էի ես, երբ ձուկ էի,երբ մորս փորի լորձոտ պատերի մեջ թխկթխկում էր սիրտս ու գուցե ես անշարժ էի,կամ գուցե շարժում էի անթեփուկ պոչս: Երբ պորտալարով կապված էի մորս,ու նա երևի զգում էր, թե ինչպես էի կլանում իր բոլոր երակներից ու հյուսվածքներից կազմավորման հեղուկը: Ես դա ավելի շատ սկսեցի մտածել այն ժամանակ, երբ ամուսնացա ինձ բաժին ընկած միակ տարբերակի`Ա-ի հետ, ու մի օր էլ իմացա,որ ինքս եմ մայրանալու: Շատ էի վախենում շարունակությունից, կրկնությունից, անավարտությունից: Ինն ամիսների ընթացքում միայն մեկ անգամ եմ խոսել զավակիս հետ...երդվել եմ, երդվել,որ պիտի երջանիկ լինի,որ պիտի իրեն տամ այն,ինչ այնքան վաղուց էի կորցրել, որ նույնիսկ չեմ հիշում ինչպիսին է եղել, կամ եղել է, թե ոչ:
Օրորոցը ճոճվում էր: Տղաս, որի համար փոքրիկ երաժշտական տուփի մեջ բեմ էի սարքել և երազում էի գար այն պահը, երբ պիտի  փաթիլները անկանոն թափվեին ու տղաս պարեր, խաղար իմ կառուցած ապահով խուցում...եկավ ժամանակն ու հորս լոնքերի պես երկար ու ծանր ժնջիլներով կախվեցի որդուս անշարժացած վերջույթներից:
-Անեծք ա, Գ. ջան, անեծք, գնա՛ նայողի մոտ:
Վերջին փրփուրներից կախվելով`որոշեցի գնալ նայողի մոտ նույնպես:
-Թուղթուգիր կա վրադ, աղջի՛կ ջան:
Բախտ նայողը 60 անց կին էր, որի սենյակում չկային իմ պատկերացրած բազում մոմերը, թռչունների ճանկերն ու գորտերի սկիլետները: Նա պատմեց, որ նայելու շնորհը իրեն իր տալն է փոխանցել...երկար մտածելու կարիք չկար...հիմարություն:
-Երկուշաբթի երեխայիդ, քո ու ամուսնուդ վերնաշապիկները կբերես ու մի բուռ աղ, որ աղոթեմ: Էսօր 5.000 :
Ամբողջ ճանապարհին մեղադրում էի ինձ նման հիմարություններին հավատալու ու հատկապես գնալու ու ամուսնուս աշխատած 5.000 դրամը ծախսելու համար,որ 3 ամսում հազիվ էի խնայել:Մեղադրում էի ու մտովի պատկերացնում,թե որ շապիկները պիտի տանեի:
Երբ գնացի տուն, տղայիցս ու հարևանուհուցս բացի թափթփված հյուրասենյակում տեսա նաև հորս:
-Կարոտել էի, պապ ջան, ինչ լավ ա՝ էկել ես:
Հայրս սովորականից ամուր գրկեց ու ինձ, թվաց՝ ուզում է ինչ- որ վատ, ահավոր բանից պաշտպանի ինձ:
-Նստի՛,  բալե՛ս:
-Ինչա էղել, պա՛պ, մի տեսակ ես:
-Բալե՛ս, շատ վատ բան ա էղել, ահավոր, բայց երդվիր,որ ուժեղ կլինես, որ չես կորցնի քեզ:
-Վախեցնում ես, պա՛պ, խոսի՛ր:
-Գ.´ս, աղջի՛կ ջան, Ա.-ն ա ընկել մեքենայի տակ:

      Տղաս ոլորվում էր օրորոցի մեջ: Ես նստած էի ամուսնուս դիակի մոտ ու վախենում էի , սարսափելի վախենում էի, որ ես ավելի շուտ, ավելի ահավոր եմ մահացել, քան նա: Կոկորդս խեղդվում էր, բայց մի կաթիլ արցունք չէր գալիս աչքերիցս: Ես բռնել էի նրա ճաքճքած ու ուռած ձեռքերը, մտածում թուղթուգրի ու ժառանգականության մասին ու համոզվում, որ սխալ է, որ չի կարելի կիսատ թողնել, որորվհետև միևնույնն է նորից, սկզբից սկսել հնարավոր չէ: Դռան արանքում ստվարագծված կանացի կերպարանքը իր քարկապ վզնոցով փակել էր բերանն ու լալիս էր, բայց նա էլ էր վաղուց մահացել, նա էլ էր ավելի ահավոր մահացել ու գիտեր այդ մասին:



No comments:

Post a Comment