Wednesday, September 19, 2012

ՍՈՆԱ ՎԱՆ






Երգ կռվի օրերին ծնված 
նորածնի համար

փոքրի´կ,
այսօր է վերջանում
կարծեմ
քո ժամանակը
կոնքիս դրախտում

կծկվիր...փոքրիկս
վերջին դրախտի
կորստյան ցավից
ու սահիր ներքև

արի...փոքրիկս
լվացել եմ ես
հին մոլորակը
լարված վարդագույն
գնդակի նման
ու նմանեցրել
կոնքիս դրախտին

արի...փոքրիկս
նախշուն շորերով
քողարկել եմ ես
տանկերը բոլոր
ու զինվորներով
փայտյա
գունավոր
զարդարել եմ ես
քո նոր աշխարհը
տոնածառի պես

արի...փոքրիկս
ես կռվի դաշտից
մաքրել եմ
արյան հետքերը կպչուն
ու ցանկապատել
քո տարածքը նոր
կանաչ
ապահով
մանժետի նման

ուրախ
թատրոնի դեկորի նման
ես
հարդարել եմ
աշխարհդ արդեն

բարի օր...փոքրիկ
քո ոտքը բարի
այս չար աշխարհում

ինչու՞ ես ողբում
դրախտից հենց նոր
արտաքսվածի պես

տու´ր ձեռքդ հիմա

ու թող որ կարդամ
բախտդ
ափիս մեջ

տու´ր ձեռքդ
փոքրիկ





***

Հիշու՞մ ես ձմեռվա
գիշերները կարճ
ու համբույրներդ
գիշերներից երկար

մարմինս... հիշու՞մ ես
հախճապակե տարա
լցված դեղնակարմիր
քաղցր հյութով
և քո լեզուն արագ
մաշկիս վրա –
ինչպես կոլիբրի՝
թռչունը էկզոտիկ

փոշին երազներիս մաշկիս վրա
և թավշեթելերը թարթիչներիդ
կարճատև գիշերները ձմռան
հիշու՞մ ես
և ձեռքերը քո գիշերներից երկար






No comments:

Post a Comment