Monday, September 17, 2012

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ



Մի՛ ուրացիր, քաղաք 

- Ես քո եղբայրն եմ, քաղաք, ինձ իմ անունով կանչիր,-
ժամանակ չգտա հենց սկզբում խոստովանել քեզ.
քանի որ մեր արյան ու երազի մնացորդից
գույներ էինք ընտրում մեր հեղափոխության վերջին դրոշին,
և զենքը կիսում հացի փոխարեն,
երբ պատերազմ էր բոլոր խրամատներում.
հետո տունդարձի ճանապարհն էինք անվերջ փնտրում,
ուր կարծում էինք ջերմություն կգտնենք և տաք կերակուր:
Իսկ վաղը, երբ ագռավը սև կտարածվի իմ ամպած երկնքում,
քո մտահոգ ձեռքով կոպերս վերջին անգամ կիջեցնես
և մարմնիս ավերակը համր կտանես թևերիդ վրա
ու կամփոփես մոտիկ բլրալանջին` մյուս եղբայրներիդ կողքին:
Պարտքդ կատարած` կտրուկ կշրջվես սգո թափորին.
- Մեռավ եղբայրս,- կասես
ու մատով ցույց կտաս նրանց մեջ մեկին`
հավաստելով,- հիմա դու ես իմ եղբայրը,-
ու այնպես թեթև, անփույթ կքայլես դեպի տուն,
որ ասես կյանքս, քեզ մոտ ու արյունակից, չի էլ եղել:
- Ես քո եղբայրն եմ, քաղաք, ինձ մի մոռացիր:




ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՈՐԴՈՒՍ 

Ո՞նց ասեմ, տղաս, ամենադժվար թուղթն է իմ առաջ,
ու գրի քմահաճ, կամակոր շարժը,
որ պարտավոր եմ բառ-բառ առձեռել
իմ փայտե ընկեր-գրասեղանին.
Բանն այն է, հոգիս, որ քեզ եմ դիմում այս թուղթ ու գրով,
քանի որ, գիտեմ, երբեք չեմ զորի
քեզ հետ առերես մտքեր տալ-առնել:

Քո մանկությունը ավելի մեծ ու իմաստավոր էր
և երկար տևեց,
քան ամբողջովին իմ կյանքը վերցրած:

Իմ յոթ օրը ես ապրեցի մեկ օր`
կեսը պատերազմ,
բացի այդ տեսա սիրտ նեղող բաներ` մյուս կեսի մեջ.
և՛ հեղաշրջում, և՛ քաղաքական սպանություններ
(ես դանդաղ մահը ինձ կյանք ընտրեցի).
և մեր մեջ եղած տարբերությունը
ոչ թե երեսուն,
այլ երեք հարյուր տարի է դառնում...

ես վախենում եմ
իմ ու քո միջև վաղը սկսվող երկխոսությունից
(քո ստույգ, սառը դատողությունն է
հանկարծ կանգնելու իմ տաքի առաջ),
վախենում եմ մեր լեզու չգտնող տարբերությունից,
քանի որ երբեք դու քեզ թույլ չես տա
այն արարքները, որ ես եմ գործել
(որքան բան ունեմ քեզնից պահելու,
որքան բան ունես դո՛ւ ինձ ասելու).
Աստծուց ավելի դժվար է քե՛զ հետ:

...Ձեռք չեն սեղմելու
մեր հայր ու որդի ժամանակները.
քո միավորի կողքին իմ զրոն
տեղ չի գտնելու
և մնալու է միշտ դատարկություն:

Որ դու ես տերը վաղվա ընթացքի,
պարզից էլ պարզ է.
քո ձեռքերի մեջ կյանքը կդրվի կլոր գնդի պես,
այն կգլորես պուրպուր տիեզերքով` որպես երկրագունդ.

և քեզ տրվա՛ծ է
այդ մեծ ընթացքը
մաս-մաս դարձնել
քո ժամանակը...

Ո՞նց ասեմ, տղաս.
քո որդին այդ ե՛ս պետք է լինեի:




No comments:

Post a Comment