Thursday, September 27, 2012

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ





****
Իսկ դու կարո՞ղ ես թարգմանել գույնը,
Թռչունը կարդալ, տերևը լսել,
Կարո՞ղ ես կավից աղոթքներ քերել,
Կամ ճակատագրեր քանդել մայթին:

Կարո՞ղ ես խմել ճշմարտությունը,
Ծամել սխալը, և … ճի’շտը մարսել,
Երբ շուջդ լոկ սո~ւտ հրեշտակներ են.
Աղոթքը մորթում, ներկում են վարդին:

Երբ շուրջ-բոլորդ մա’հ է, և թո’ւյն է,
Եվ կեսօրներդ` չափից դուրս մսե:
Երբ հույզերիդ կուրծք տալու փոխարեն
Կյանքը փորձում է սիրտդ մկրատել:

Երբ վանկատելով բախտիդ անունը`
Դավե’րն են ըմպում արյունիդ լույսը…
Երբ մորմոքներիդ ասում են բարև
Ովքեր, թվում էր` քեզ պիտի ատեն:

Կարո՞ղ ես… Ուրեմն հեղի’ր անունդ,
Որ դավն ու սուտը քեզանից մրսեն,
Որ երբ արյունդ համբարձվի վերև,
Բախտիդ դուստրերի մեղքը փարատի:


***
Այսօր,
ավելի քան երբևէ,
ես սկսում եմ
Աստծո գոյության կարիքն ունենալ:
Իսկ եթե նա կա,
այդ դեպքում
այսօր,
ավելի քան երբևէ,
ես հետզհետե սկսում եմ հավատալ
այն սուրբ լեգենդին,
որ նրա որդին
ինձ պես հասարակ մի մարդ է եղել,
թեև կարող էր ծովալիքները
պահել ոտքի տակ:
Քանզի
այս էլ քանի՜ տարի է,որ
ես ոչ թե քայլում,
այլ վազվզո՜ւմ եմ
Սիրո ու Ցավի
օվկիանի վրա…


***
Ես յուրաքանչյուր վայրկյան մեռնում եմ`
Հաջորդ վայրկյանին ծնվելով կրկին,
Միայն ծնվելի´ս ես ինքնուրույն եմ,
Իսկ մեռնելուս մեջ օգնում եք դուք ինձ:

Մահն ընկալում է ինձ իբրև պոեմ,
Իսկ ես ծնվում եմ որպես բանաստեղծ,
Որքան էլ ցավի ձեռքները փայեմ,
Միշտ դժգոհում է, թե ինձ կարոտեց:

Կյանքը չի´ սիրում պոեմներ կարդալ,
Բախտը պաշտո՜ւմ է բանաստեղծներին,
Ես` սրանց միջև և´ բեմահարթակ,
Ե´վ միակ հերոս, և´ դերերգ դերի:

Ես յուրաքանչյո՜ւր վայրկյան մեռնում եմ`
Հաջորդ վայրկյանին ծնվելով նորից…




1 comment:

  1. Մարդ, ով զգում է բառի ուժը և վերապրում հույզը, մարդ ով կարող է աշխարհն զգալ մերկ նյարդերով և պատկերել անգամ կապված ձեռքերով... ՄԱՐԴ...

    ReplyDelete