Sunday, September 9, 2012

Շուշանիկ Կուրղինյան


Կուրղինյան (Փոպոլճյան) Շուշանիկ Հարությունի (1876 - 1927) Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի):Սովորել է ծննդավայրի Արղության օրիորդաց դպրոցում, ռուսական պրոգիմնազիայում։ 1893–ին մտել է հնչակյան կուսակցության շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առաջին հնչակ օրիորդաց խումբը։
Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում. հայտնի է եղել նրա հիմնադրված ակումբը Վլադիկավկազում։ Նրա անունով փողոց, դպրոց և գրադարան կա Գյումրիում։Առաջին բանաստեղծությունը տպագրել է «Տարազ»–ում, 1899–ին, առաջին պատմվածքը՝ «Աղբյուր»–ում, 1900–ին։ Կ.Հ.Հակոբյանի հետ դարձավ հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը։ Եթե Կուրղինյանի առաջին շրջանի ստեղծագործություններում որոշակիորեն զգացվում է Հ.Հովհաննիսյանի, Հ.Թումանյանի, Ա.Իսահակյանի ազդեցությունը, ապա հետագայում հեղափոխական պայքարը նոր որակ է հաղորդում նրա պոեզիային, նպաստում ստեղծագործական անհատականության ձևավորմանն ու հաստատմանը։
1907–ին լույս է տեսել Կուրղինյանի առաջին՝ «Արշալույսի ղողանջներ» ժողովածուն, որի մի շարք բանաստեղծություններ նոր, ինքնատիպ խոսք էին XX դ. հայ ազգային պոեզիայում՝ բարձր գաղափարայնությամբ, խավարի ու բռնության դեմ ծառացող ոգով։ Նրա պոեզիան բարձր է գնահատել ժամանակի գրական–քննադատական միտքը։
Կուրղինյանի ստեղծագործության էջերից մեկը նվիրված է կնոջ դատի պաշտպանությանը հայ իրականության մեջ («Գեղեցկուհու մորմոքը», «Արծվի սերը», «Որպես քնքուշ մայիսյան վարդ...»)։ Կուրղինյանը գրել է նաև պիեսներ, որոնք չեն բեմադրվել։



Ալ․ Մյասնիկյանին 

Մո՜ւթ էր, դաժան․
Ու ոճիրը թևատարած
Հսկում էր լուռ երկիրը հին,
Մաշված, հյուծված, արյունլվա․․․
Միայն չարն էր
Հասանելի,
Ըմբռնելի,
Շոշափելի։
Միայն չարն էր
Հարախռով ու հետամուտ
Մտքին, հոգուն,
Երազին մոտ,
Բաղձանքի հետ,
Ճամփուն ընկեր։
Միայն չա՜րը,
Որ մարդը կույր
Գերի մնա,
Մարդը հզոր՝
Թև շարժելու ձիրքն ուրանա,
Սողա, խայթե իժի նման,
Սահման գծե իր երկրի մեջ,
Ոսկորի պես բախտ չբաժնե
Ծանոթներին,
Որ մթի մեջ
Կիրքն ու կրոնը,
Միշտ հնավանդ
Խաչն ու լուսին,
Սուտ մեկնումը հավատամքի
Շշմեցնեն միտքը պայծառ,
Որ կորցնե ուղիղ ուղին
Ատե, ատվի։

Ու եռում էր
Աշխատանքը սրբազնագույն,
Աշխատանքը՝ ձեռք մրոտող,
Սիրտը սրբող,
Միտքն ու ձեռքը՝
Հրաշք կերտում
Երկրի վրա,
Օվկիանի տակ․
Լեռների մոտ,
Բաց օդի մեջ․․․
Ու ծորում էր պաղ քրտինքը․
Կոր մեջքերից․
Տաք արյունը։
Արցունքն աղի՝
Բյուր վանքերի,
Պալատների
Բարձր պատին,
Ուղիներում,
Կամուրջներին,
Մութ հանքերում․․․
Ով ջանք վատնում՝ զրկված էր միշտ․
Ով վայելում՝ իրավատեր,
Կուշտ, գոհ, ագահ․․․
Թե
Քայլ հառաջ՝
Ցից, կախաղան,
Գաղտնի պատիժ․․․
Թե
Սուրբ տենչանք՝
Բանտը մռայլ
Ու հալածանք․․․
Ով հանդգնեց տրտունջ ցանել
Հոգիներում,
Ով իր սրտից ջահ էր վառել,
Որ լույս լինի,
Տեսնեն իրար՝
Տանջանքները չգրեցին,
Որ գիրք լիներ․
Շղթաները լեզու չառան,
Որ քարը լար․․․

Ահազանգն անցավ արագ
Ղողանջելով եղբայրության
Աղոթքը նոր։
Գեղեցիկս, դու ճշմարիտ,
Առաքինի, արդարադատ,
Նեղյալին տեր,
Լուսաճաճանչ,
Դու լուսածին,
Մի՛շտ լուսավառ
Ու լուսեղեն՝
Գեղեցիկս,
Լո՜ւր ամենքին՝ հոգնել են շա՜տ․
Տո՛ւր, ամենքին՝ տվել են միշտ․
Գեղեցի՛կս, գեղեցի՛կս։

Որքան անմեղ մեղավորներ․․․
Մեղավորներ,
Մեղքը ծածկած
Ոսկու դեզով․․․
Որքան ձեռքեր
Արյունլվա՝
Լայնածավալ երկրին տեր․․․
Որքան ազատ
Ոճրագործներ,
Որ գրել են օրենքները
Բազմավաստակ ու բազմազան
Ազգերի դեմ․․․
Արծաթասեր մարգարեներ,
Խաչափայտից մտրակ սրած․
Եվ այնպիսին,
Որ խլածը մինչ մահ բավ էր,
Բայց խլում էր մինչև այսօր․․․

Գեղեցիկս․․․
Գեղեցի՛կս,
Դարձյա՞լ գիշեր,
Որ լինի մութ,
Խավար դաժան․․․
Գեղեցի՛կս,
Նորի՞ց հուսալ
Ու համբերել․
Նորի՞ց, նորի՞ց․
Հետ դառնալ․․․
Երազե՜լ քեզ,
Սողալ մթում․
Որոնել քեզ,
Քեզնով ապրել,
Քե՜զ սպասել․
Սպասել քեզ,
Գեղեցի՛կս․․․


1919 թ. 19 փետրվարի


Աշնան երգերից


Էլ ծաղիկ չկա՜․․․ խամրած մացառներ
Ծաղկոտ օրերը թողին հիշատակ․
Ո՞վ գիտե թե ուր, ինչ սիրուն վայրեր
Թռան գնացին գարուն ու սոխակ։

Ծառ ու թուփն այնպես խղճալի դեմքով
Նայում են երկինք անզոր արևին,
Ու տխուր խշշում, սառ քամու թևով
Դեղնած տերևներ թափթփում գետնին։

Լալկան ուռենին իր վիշտը թողած
Կարեկից սրտով գգվում է ափին,
Մերկ ու այլանդակ ճյուղերը կախած
Նայում մտածկոտ գետակի դեմքին։

Էլ ծաղիկ չկա քարքանդ պարտեզում
Անտեր ընկած է մի գորշ նստարան․
Նրա թիկունքին ձեռքերով դողուն
Գրած թողած է մի սիրո նշան։

1906 թ․


Նա է,ասում են

Նա՜ է ասում են․․․ բանաստեղծուհին ―
Եվ լո՜ւռ, ակնապիշ նայում են դեմքիս.
Ոմանք հիասթափ մնում են՝ որ հին
Տձեւ ու անզարդ շորեր կան հագիս։

Նա՜ է ասում են․․․ բանաստեղծուհին ―
Անսովոր ոչինչ՝ կին է հողեղեն․․․
Օ՜ մարդիկ գուցե տեսնե՞լ կուզեին
Ուսերիս թեւեր, դեմքս՝ լուսեղեն․․․

Դու ոչի՛նչ չասիր․․․ բայց դու տեսար ինձ.
Ձեռքս բռնեցիր դողդոջուն եւ հեզ ―
Այդ ակնթարթում իմ անկեղծ սրտից
Այնպե՜ս ջերմագին սիրեցի ես քեզ․․․

1907





No comments:

Post a Comment