Wednesday, October 3, 2012

Շրջանագիծ




                                                                Հարցազրույց Արմինե Պետրոսյանի հետ

ֆեյսբուքյան ընթերցասեր հասարակությունը վերջին կես տարվա ընթացքում կենտրոնացել է Գրական ակումբ  ժամանակակից գրականության վիրտուալ լսարանում,որտեղ գրում ու քննարկում են գրական տարբեր արժեքներ ունեցող գործեր  , և ֆիլտրվում է ժամանակակից հայ գրողը : Այս արժեքավոր գործը նախաձեռնել ու իրականացնում է գրող և գրականագետ Արմինե Պետրոսյանը : Բացի ֆեյսբուքյան էջից ակումբն ունի հիմնական կայքէջ , որտեղ ներառված են ժամանակակից ` ինչպես արդեն կայացած , այնպես էլ սկսնակ հեղինակները , անցկացվում են բազմաթիվ խաղ - մրցույթներ և այլ հետաքրքիր միջոցառումներ ` կապված գրքի ու գրականության հետ :

1. Ինչպե՞ս առաջացավ Գրական ակումբի բացման մտահաղացումը և ի սկզբանե ի՞նչ առաքելություն է ունեցել :


   Քանի որ գրականությունը իմ երկրորդ եսն է , երկար մտածում էի մեր ներկա գրական տխուր վիճակի մասին , ելքեր որոնում : Մի բան գիտեի , որ պետք է սկսել ինչ-որ կետից եւ գնալ առաջ : Այդ կետը կարող էր լինել համացանցում գրական տարածք ստեղծելը : Համացանցը կարող էր օգնել միավորելու բոլոր գրականասերներին , որոնց մի կոնկրետ տեղում հավաքելը շատ ավելի դժվար կլիներ : Ահա եւ 2011 թ-ի դեկտեմբերի սկզբին ստեղծվեց “Գրական ակումբ” անունով ֆեյսբուքյան էջը , որը շատ կարճ ժամանակամիջոցում մասնակիցների հոծ խումբ ունեցավ : Մի քանի շաբաթ հետո կայքն արդեն պատրաստ էր : Այսպես բացվեց նոր գրական աշխարհը , որը բոլոր գրասերների սեփականությունն է :
Մեր նպատակը գրական ընդհանուր առողջ մթնոլորտ ստեղծելն է , նորեկ ստեղծագործողներին հայտնաբերելը , եթե մի փոքր շնորհ կա , ապա նրանց սատարելը , ոգեւորելը , ուղղություն տալը , թերությունները հնարավորինս շտկելը , դեպի կատարելագործում մղելը :

2. Որո՞նք են գրական ակումբի առավելություններն ու թերությունները :


    Երևի սկսեմ թերություններից . իրական կյանքում մեր կայքի անդամներով շատ քիչ ենք հանդիպումներ կազմակերպել , իսկ դեմ առ դեմ քննարկումները այլ մթնոլորտ ու այլ արդյունք են տալիս , ուղղակի մեր խմբակիցները տարբեր մարզերից են , արտասահմանյան տարբեր երկրներից , դրա համար էլ մի տեղում հավաքվելը մեզ համար խնդիր է : Հիմնականում մայրաքաղաքում հաճախ են կազմակերպվում հետաքրքիր գրական երեկոներ, շնորհանդեսներ , բաց դասախոսություններ , ընթերցումներ . բայց մենք հազվադեպ ենք մասնակցնում : Կայքը ունի լուծելու որոշ տեխնիկական խնդիրներ , որոնք ընթացքում կլուծվեն ու ավելի հեշտ ու հաճելի կդարձնեն կայքի ակտիվ անդամների գործը : Որակի առումով ասեմ , որ գնալով կայքի չափանիշներն ավելի են բարձրանում , մենք անգամ վերանայում ենք մի տարի առաջ ընդունված գործերը ու հեղինակների հետ միասին թարմացնում նրանց էջերը : Առավելություններից մեկը վերը նշված այն հանգամանքն է , որ մեր կայքի անդամները միայն Երևանից կամ մի մարզից չեն , այլ տարբեր տեղերից են , այդ իսկ պատճառով մեր Գրական տեղեկատու բաժինը հարստանում է ոչ միայն Երևանից եկած գրական լուրերով , այլև տարբեր մարզերում կամ սփյուռքում կատարված գրական իրադարձությունների մասին տեղեկություններով : Այսինքն ՝ ավելի ընդգրկուն է : Կայքում միավորել ենք արվեստի այս ճյուղերը ` գրականությունը եւ կերպարվեստը ` ներառյալ նաև քանդակագործությունը , որը ևս առավելություն եմ համարում : Մեզ մոտ շատ շնորհալիներ հանդիպում են միմյանց , նոր ու հետաքրքիր ծանոթություններ են լինում , կտավների ներշնչմամբ բանաստեղծություններ են գրվում , արդեն որոշ հայտնիները հանդիպում են նոր շնորհալիների , մեր հեղինակներին տեսնում եւ գնահատում են ավելի երկար համացանցային կյանք ունեցող եւ գրական աշխարհում իրենց ազդեցիկ դերն ունեցող կայքերի խմբագիրներ :
Նաև առավելություն է ջերմ մթնոլորոտը , բոլոր մասնակիցների հանդեպ հնարավորինս հանդուրժող ու մեղմ վերաբերմունքը : Իսկ խմբագրակազմի անդամներով դարձել ենք մի ընտանիք , որը ինձ համար ոչ պակաս կարևոր ձեռքբերում է , ու մեր այդ ընտանիքը պատրաստ է նոր համալրումների :

3. Արդյոք ունե՞ք աջակիցներ ակումբի կայացման գործում  ( կամ հովանավորներ ) :

     Հովանավորներ չենք ունեցել , չենք էլ փնտրել , սակայն ունեցել ենք և ունենք լավ ընկերներ , ովքեր գնահատում են գրականությունը ու մեր կողքին են : ՙՆախնյաց հետքերով՚ ՀԿ-ն գրական ակումբին գրասենյակ է հատկացրել Երեւանում , Գավառի պետական համալսարանը ևս ամեն կերպ աջակցում է մեզ , Գավառի քաղաքային գրադարանը քննարկումների և հանդիպումների համար սիրով տրամադրում է իրենց ընթերցասրահը : Տարբեր ժամանակներում համացանցային աշխարհում համագործակցել կամ համագործակցում ենք որոշ կայքերի , ամսագրերի , գրական ակտիվ գործիչների հետ : Կնշեի ՝ “Գրական կամուրջ” կայքը , “Voise of the Nightingale” բլոգը , “Գեղարվեստական գրականություն” խումբը , “Հավաքածու գրական մրցանակ” բլոգը , “Գրի՛ր” գրական մրցույթների բլոգը , Կալիֆորնիայի հայ գրողների միությունը և մեր անդամները , ովքեր ունեն իրենց առանձին բլոգները , էջերը , բայց մեր կայքի հետ են , որը բոլորինս է :

4. Ինչպիսի՞ նոր պլաններ ու նպատակներ կան կապված ակումբի և անդամների հետ և ե՞րբ եք մտադրված իրագործել դրանք :

   Տարվա վերջում նպատակ ունենք մեր մրցույթների հաղթողների , ժյուրիի անդամների ու մեր նորեկների լավագույն գործերից բաղկացած մի գիրք հրատարակել : Նոր բաժիններ ենք բացելու , եղած բաժիններն ավելի հետաքրքիր , ուսուցանող ու հարուստ ենք դարձնելու : Հուսամ , որ գալիք տարում ավելի շատ հանդիպումներ կկարողանանք կազմակերպել իրական կյանքում , ավելի շատ մասնակցել կայացող գրական իրադարձություններին : Ինչպես նաև նպատակ կա գրական ամսաթերթ ունենալու, սակայն դա բավական բարդ գործ է ու մի շարք հանգամանքներից է կախված : Կայքի անդամների ստեղծագործական աճից ու նախաձեռնողականությունից կախված՝ նկատակ կա նրանց անձնական գրքերը հրատարակելու , շնորհանդեսներ , քննարկումներ , ընթերցումներ կազամկերպելու :

5. Ի ՞նչ եք կարծում,արդյո՞ք ժամանակակից հայ ընթերցողը կարդում է ժամանակակից հայ գրականություն:Եթե այո,ապա  ինչպիսի՞ն և եթե ոչ,ապա ինչու՞:

    Կարծում եմ , որ կարդում է : Քանի որ նշեցիք հայ ընթերցողը , այլ ոչ թե , ասենք , երիտասարդությունը ընդհանրապես , ապա ընթերցողը միշտ էլ կարդում է , իսկ ժամանակակից հայ գրականությունը բնավ էլ չի զիջում այլ երկրների գրականությանը , այնպես որ փնտրողը կգտնի : Գրական ճաշակները տարբեր են , ստեղծվող գործերն էլ բավական տարբեր են իրենց գրելաոճով , ասելիքով , թեմայով ու բովանդակությամբ : Կարևորն այն է , որ գիրքը գեղարվեստական արժեք ներկայացնի : Ընթերցողը վաղ թե ուշ կգտնի իր հեղինակին :







           Շնորհակալ եմ հարցազրույցում ցուցաբերած անկեղծության համար , Արմի´ ն ջան : Մաղթում եմ ակումբի հետ կապված բոլոր պլաններին իրագործում ու նորանոր նվաճումներ :

                                                   Հարցազրույցը սիրով անցկացրեց ձեր Սաթ Ռշտունին:






No comments:

Post a Comment