Friday, September 7, 2012

ես սովորական կին եմ...


ես սովորական կին եմ...

գունավոր տղամարդիկ սողում էին շուրջս,
բայց ես թունավոր էի.
երբեք չդավաճանեցի թագս,
որ փշալարի պես 
խճճվել էր մազերիս մեջ
ու քերծում,
ու քամում էր ճակատս...

ես սովորական կին եմ...

բայց սովորեցի լինել ռազմիկ,
սովորեցի քայլել առանց կոշիկների 
ու սեփական մաշկով տրորել
ֆսսացող եղեգները.
պիտի ոտնահետքերովս
ճանապարհ ցույց տայի քեզ,
կի´ն մարդ:

ես սովորական կին եմ...

թագս կոկորդումս պահած
պիտի գլխատվեմ,
բայց գլուխս փշրիր
տղամա´րդ իմ,
որ սենտիմենտալ թշնամուդ
հավաքածուն 
քո կանանց գլուխներով չշատանա:

Ես Փառանձեմն եմ,
բայց ժայռերից 
թափվող մանր կանանց պես 
երջանիկ չեղա...




No comments:

Post a Comment