Wednesday, September 5, 2012

Ժանսեմ

  Ժան Ժանսեմ (Հովհաննես Սեմերջյան) ծնվել է 1920 թվականի մարտի 9-ին Թուրքիայի Սելեզ քաղաքում (Արևմտյան Հայաստան), մանկությունը անց է կացրել Հունաստանի Սալոնիկում, այնուհետև տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում: Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների` Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում: Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան` երկուսն էլ Ճապոնիայում: Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:



Ամուսնու վախճանվելուց հետո, մայրը` 1931-ին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում:
Հովհաննեսի մասնագիտական առաջին դպրոցն է դառնում Մոնպառնասի ազատ ակադեմիաները (1934-1936թթ.): 1938-ին նա ավարտում է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը: Ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում: Սկսել է ցուցադրվել 1944-ից «Անկախների սալոնում» «Ջութակահարը» նկարով: Ստեղծագործության առաջին շրջանում հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով` «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում» և այլն: Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում:


Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության սարսափելի հիշատակներից` մայր հայրենիքի եղեռնական դրվագներից:
Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ` թշվառների նկարիչ:



1956-ին Ժանսեմը ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ, իսկ 1958-ին Մեքսիկայում շահում է Կոմպարեզոն: Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ` Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլուր: Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաև Մոսկվայում: Ժանսեմի կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում:
Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին:
2001-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելեց Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը` բաղկացած 34 կտավներից նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին:




No comments:

Post a Comment