Friday, September 7, 2012

Վարդգես Սուրենյանց


Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետև ուսումը շարունակել Մոսկվայի խոշոր հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։


Տիրապետելով տաս լեզուների՝ Սուրենյանցը ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։ Ժամանակակիցների վկայությամբ նա պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր արտասանում, անգլերենից Վիլյամ Շեքսպիր ու Օսկար Ուալդ թարգմանում, իտալերեներով զեկուցումներ կարդում, գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փախած գաղթականների հետ, ռուսերենով կատակում իր բարեկամ Իլյա Ռեպինի հետ։ Մյունխենից վերադառնալուց հետո Սուրենյանցը մասնակցել է դեպի Պարսկաստան կազմակերպված գիտարշավին։


Սուրենյանցը ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ և հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը։ «Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել և հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ Շահին, որ գտվում է Փարիզում, Մախոխյան` Բեռլինում և շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց և չենք կազմում մի անփոփ ընկերություն. այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ Հովհաննես աղա Այվազովսկուց ևս լսել եմ»։



Իր կտավներում նա ցույց է տվել մեր ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը, նրա ընդվզումն ու հույսը, տառապանքն ու հավատը, նրա հավերժական անմահությունը։ Հայ ժողովրդի ողբերգությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նկարչի «Ոտնահարված սրբություն» կտավում, որը ցասկոտ բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակույթի բարբարոսական ոչնչացման։ Օտարերկրյա զավթիչների դեմ բողոքի մեկ այլ դրսևորում է «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» ստեղծագործությունը։ Գոյատևելու հավատն է արտահայտված «Հռիփսիմե» կտավում, որը իբրև պատմական բնանկարչության լավագույն օրինակ, միաժամանակ բանաստեղծական խոր ապրումների արդյունք է։





No comments:

Post a Comment