Friday, August 17, 2012

Անահիտ Պետրոսյան



  Մի վախեցիր` քեզ չեմ մատնի 

-Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, մամո~ւլ:
-Վերջապես գնեցիր այն կտավը:
-Այոոո, մամուլկա’, դու աշխարհի ամենախորափանաց մարդն ես, երևի Վանգան անգամ քեզ նախանձեր:
-Վե’րջ տուր, կատակներիդ, Սյուզ, ու բե’ր կտավը նայեմ:
-Մա~մ, հրաշք է, որ ասում էի, չէիր հավատում, հիմա աչքովդ կտեսնես: Հեչ չեմ ափսոսում երեք միլիոնը, որ տվեցի նկարին:
-Գիտեմ, մի ամիս է ամբողջ օրը Կրիպտո Խենիոյի(1) կտավներից ես խոսում:
-Հա’, խոսում եմ, քեզ էլ էի ուզում ցույց տալ, բայց դու ինետով չես կամենում նայել, դե, քո գեղագիտական ճաշակին վայե~լ է:
-Լավ էլի, Սյուզ, գնա’, բեր Կրիպտոյիդ կտավը:
-“Դիլին” է, մամո’ւլ, որ նայես, ուշքդ կգնա:
Ինետով կտավներ նայել, է~, հին ժամանակներ, չէ’, հոգնեցի, զզվեցի, էլ չեմ նայելու, երբեք, երբեք չեմ նայելու: Կրիպտո,Կրիպտո Խենիո, Կրիպտո Շահվերդյան, Կարեն Շահվերդյան, Կարե’ն, հարազա’տս…

Կրիպտո Շահվերդյան

Մա’ր, ուղարկում եմ վերջին խզբզոցս, նայի:
Մարինե Վանեսյան
Ուռռա, հիմա նայեմ: Կա’ր, հրաշք է: Կարե’ն, վստահ եմ, որ դու հանճարեղ նկարիչ ես դառնալու: Վերջն ա:
Կրիպտո Շահվերդյան

Մա’ր, կարմրեցի, վերջ տուր: Նկարներ են, էլի, դուք բոլորդ ինձ շատ եք երես տալիս: Ինձ էլ արդեն կարող ա թվալ, թե իրականում լուրջ գործեր եմ կերտում: ՃՃՃ

Մարինե Վանեսյան

·         Բա, իհարկե ընտիր են, Կա’ր, ես զարմանում եմ, որ ցուցահանդես չես բացում:

Կրիպտո Շահվերդյան
Մա’ր, գոնե դու մի ասա, գիտես, որ ոչ ոք չգիտի իմ շրջապատում, որ ես նկարում եմ, ու ոչ ոք էլ չի իմանա:

Մարինե Վանեսյան
Բայց ինչի՞, Կա’ր, ախր հազար անգամ ասել եմ:
Կրիպտո Շահվերդյան
Կներես, ես դուրս եմ գալիս, հետո կխոսենք, լա՞վ:
Մարինե Վանեսյան

·                     Լավ: (((((((((((
Կա’ր, եթե միայն ինձ լսեիր, եթե լսեիր, հիմա դու պակաս հանրահայտ չէիր լինի, հաստատ:  Մի՞թե մարդը կարող է այդքան անտարբեր լինել փառքի հանդեպ: Չէ’, դու միայն անտարբեր չէիր, դու կոմպլեքսավորված էիր, չկարողացար հաղթահարել շրջապատիդ ազդեցությունը, ընտանիքիդ ենթադրյալ կարծիքը, չկարողացար հաղթահարել ինքդ քեզ: Ուզում էի օգնել քեզ, հարազա’տս, իմ լավ ընկեր, բայց հաճախ է այդպես լինում, երբ  ուզում ես օգնել  սիրելի մարդուն, սակայն անկարող ես դառնում... ամեն անգամ կամ հնարավորություն չէիր տալիս մոտենալ,կամ էլ այնքան էիր ինքդ քո մեջ ամփոփվել, որ մերժում էիր աջակցությունս:
-“Դիլին” քո առաջ է , մա’մ: Ի~նչ հրաշք է պատկերել անտառը, մամո’ւլ: Գույներ, գույներ, Կրիպտոն գույների արքան է:
-Սյուզ, սա՞, սա քեզ որտեղի՞ց, սա… Կրիպտի “Դիլիջանն” է:
-Հա’, մամ ջան, Կրիպտո Խենիոյինն է, բայց կտավը կոչվում է “Դիլի”՝ չնայած հենց Դիլիջանի լեգենդի մասին է(2), գուցե հետագայում են միայն աղջկա անունով կոչել, չգիտեմ, բայց դու ինչու ես այդպես իրար խառնվել, կարմրել, շփոթվել:
-Չէ, ուղղակի շատ չքնաղ գործ է, գիտես՝ ինչքան եմ գնահատում արվեստը:
-Հա’, բայց … ջուր բերեմ, մա’:
-Բե’ր, Սյուզ, հա’, մի քիչ ջուր բեր:
-Մա’մ, մի որոշ ժամանակ անցնի, հիմա էլ “Շաքին” եմ գնելու:
-Շաքի՞ն, Շաքեի ջրվեժի գեղեցկուհի՞ն(3):
-Ըհը, մամո’ւլ, այն էլ առանձնահատուկ շեդևր է:
Չէ, այսքան զուգադիպություն լինել չի կարող, ախր…
-Սյուզ, կոմպով ցույց կտա՞ս այդ Խենիոյի բոլոր նկարները:
-Յա՞, մա’մ, աշխարհը տեղից շարժվե՞լ ա. Քինգի ականջը կանչի:
-Չէ, ուղղակի շատ հետաքրքրեց, կդնե՞ս:
-Հիմա:

Մարինե Վանեսյան
Բարև, լա՞վ ես:
Կրիպտո Շահվերդյան

-Հա,իսկ դո՞ւ: Կներես, ինձ կանչում են,հետո կշարունակենք  մեր զրույցը, լա՞վ:

Մարինե Վանեսյան

Եղավ:
Կարե’ն, միշտ փախչում էիր լուրջ զրույցներից, միշտ մտածում էիր, թե ավելի հանգսիտ է ու հեշտ ներկայանալ որպես ծպտյալ, որը քեզ կազատեր ամեն մի պատասխանատվությունից, անգամ ինձ երդվել տվեցիր, որ երբևէ ոչ ոք չի իմանալու, որ Կրիպտո Շահվերդյանը նույն ինքն է՝ Կարեն Գառնիկի Շահվերդյանը, այն հմայիչ, գոռ ու առնական երիտասարդը, ով այնքան նուրբ է նկարում, այնքան ռոմատիկ ու զգացմունքային, որ իր շրջապատում ոչ միայն չեն հասկանա, այլև սխալ կընկալեն: Կարե’ն, ախր դու  կարող էիր փոխել նաև քո շրջապատի մարդկանց՝ ցույց տալով  մյուս ես-դ:
-Մա’մ, նայի, սրանք են: Գժվելու են, չէ՞, մամուլ: Մենակ չասես՝ չես հավանում: Դե, իրականի հետ չես համեմատի, բայց էլի երևում են հիմանկան գծերը:
“Եփրեմ Ասորի”, “Աղթամարը”, “Սպանդարամետի կառքը”, “Վահագնի գրկում”, “ Որպես երկու փայլակնաձև արեգակներ”, “Մատուռի գաղտնիքը”…է~, հին օրեր…
-Մա’մ, լացո՞ւմ ես, ի՞նչ է եղել: Հաստատ նկարների սյուժեն քեզ ինչ-որ բան հիշեցրեց, ասա’, ի՞նչ է եղել:
-Ոչի’նչ, ցավդ տանեմ, ոչինչ էլ չկա: Ուղղակի հրաշք գործեր են:
-Մա’մ, միակ լավ բանն այն է, որ հաստատված է՝ կտավների հեղինակը հայ է: Ինչքան էլ վրացիներն ու ադրբեջանցիները պնդեցին, թե ուղղակի եղել է Հայաստանում ու տպավորվել, թե մյուս կտավները կորել են, մեկ է, մասնագետները վստահ ապացուցեցին, որ նկարիչը հայ է եղել:

Մարինե Վանեսյան
Կա’ր, “Վահագնի գրկում”-դ ուղղակի գլուխգործոց է: Միանգամից ցանկացա լինել Աստղիկի փոխարեն:
Կրիպտո Շահվերդյան

-ՃՃՃՃՃ: Ուրախ եմ, որ դուր եկավ:

Մարինե Վանեսյան

Կա’ր, ուզում եմ՝ հանդիպենք:

Կրիպտո Շահվերդյան

Մա’ր, ավելի լավ է՝ մնանք որպես վիրտուալ ընկերներ: Ես քեզ գիտեմ, չես համբերի ու մի օր ընկերներիս առաջ գաղտնիքս կբացես:

Մարինե Վանեսյան

Կա’ր, մի’ վախեցիր, ես քեզ չեմ մատնի,  լսո՞ւմ ես, մի’ վախեցիր, երբեք քո ցանկությանն հակառակ բան չեմ անի: Ընկերներ ենք, չէ՞: Ես քեզ չեմ մատնի, հաստատ, Կա’ր:


 Կրիպտո Շահվերդյան

Լավ, Մար ջան, մի’ նեղացիր, մի օր կհանդիպենք:
Մարինե Վանեսյան
Լավ:

-Մա’մ, բայց տեսնես Կրիպտոն չի՞ զգացել, որ ինքը հանճար է, որ մի օր իրենով իր ազգակիցներն ու բարեկամները հպարտանալու են: Մա’մ, Կրիպտոն մոտ քո հասակակից է երևի եղել, որովհետև իր կտավների ստեղծման ժամանակաշրջանն արդեն հայտնաբերված է, ու դրանք ձեր պատանեկության, երիտասարդության ժամանակներն են: Հիմա իր երեխաներն էլ իմ տարիքին կլինեն, բայց կարծում եմ, որ նրանք չգիտեն, որ հռչակավոր Կրիպտոն իրենց հայրն է: Չնայած շատ շուտով կհայտնվեն կեղծ ժառանգորդներ, ովքեր ամեն կերպ կփորձեն ապացուցել իրենց ժառանգական իրավունքները:
-Ինքը ժառանգներ չունի, աղջի’կս:
-Ի՞նչ գիտես:
-Հը՞:
-Ասում ես՝ ժառանգներ չունի, հարցնում եմ՝ ինչ գիտես: Չնայած քո տարեկիցն է, գուցե ձեր հարևանն է եղել, կամ մանկության ընկերը կամ երկրպագուն: Մա՞մ, հլը խոստովանիր, հը՞:
-Սյո’ւզ, գժվեցի՞ր: Ես ուղղակի ենթադրեցի:
-Չէ’, մամո’ւլ, դու հաստատ ասացիր:
-Սյո’ւզ, ես ենթադրեցի: Այդպիսի մարդ չեմ ճանաչել:
-Լա’վ, լա’վ, մի գոռա:
Իմ մո’տ ընկեր, իմ հարազա’տ, ես քեզ չեմ ճանաչել, ծիծաղելի է, չէ՞: Է~, Կարե’ն, ոնց կուզեի խախտել խոստումս ու բոլորին ասել քո մասին:
“Սինթեզ” ցուցահանդեսն էր: Ընկերուհիներով էինք: Դուրս եկանք, բայց ոգևորված քննարկում էինք:
-Հլա էս գիտունիկներին նայի, Սա’մ, իրար բերանի մեջ մտել ու դուրս չեն գալի:
-Վաաայ, հորս արև, դեմք են, ախր, Սև’ ջան, հազիվ էլ մենակ խոսեն, բա հո հայելուն չեն նայի՝ սարսափեն, վախից մեռնեն: Հա-հա-հա:
-Վաաայ, Սա’մ, բայց դու վեշնի ճիշտ ես, ապե’ր: Հա-հա-հա: Կա՞ր, դու խի՞ չես ծիծաղում, հլա էս գեշոներին նայի:
-Սա’մ, Սև’, վե’րջ տվեք, գնացինք:
-Կա՞ր, քեզ ինչ ճանճ կծեց:
-Ասացի՝ գնացինք:
-Մի’ գոռա, արա’:
Հետ շրջվեցի: Երեք հղփացած տեսքով ու դեմքերը աղավաղված տղաներ կանգնած էին մի ճոխ մեքենայի մոտ: Նրանցից մեկը… Կարենն էր:
Փշաքաղվել էի, ուզում էի լացել, գոռալ, թքել բոլորի երեսին, աշխարհի երեսին:
-Սև’, դու մի’ գոռա: Գնա’, աղջիկներից ներողություն խնդրիր:
-Իիիիիի՞նչ:
-Ինչ լսար, արա’:
-Կարե’ն, պետք չէ, մենք ենք գնում:
Ես էի խոսողը, ինքս մի պահ զարմացա, որ խոսեցի, զարմացա, որ չէի կարկամել, որ դեռ կարողանում էի բառեր արտաբերել:
-Յա՞, Կա՞ր, էս ծիտը քեզ ծանո՞թ ա: Ո՞վ ա:
Կարենը լուռ էր: Մի պահ գլուխը կախեց: Հետո բարձրացրեց ու նայեց ինձ, նայեց աչքերիս մեջ. խնդրում էր, որ ոչինչ չասեմ: Ժպտում էի՝ ցավով ու ափսոսանքով, սիրտս կսկծում էր: Ուղիղ նայեցի աչքերի մեջ, աչքերս ասում էին. “մի’ վախեցիր, չեմ մատնի”: Կտրուկ շուռ եկա ու գնացի:
Հետո ընկերուհիներս երկար հարցնում էին, փորձում պարզել, թե ով էր մեզ պաշտպանող երիտասարդը, բայց ոչինչ էլ չիմացան. խոստումս անխախտ էր:
-Մամու’լ, վե’րջ, էլ չենք նայում, դու տխրում ես, հուզվում Խենիոյի գործերը քեզ ոնց որ ցավ տան: Գնանք՝ պառկիր:
-Լավ, աղջի’կս:
-Մա’մ, մի բան ասեմ՝ չջղայնանաս: Քանի որ տարեկից եք՝ կուզեի, որ պապաս Խենիոն լիներ, որ հիմա գնացել է օֆիսում աշխատելու, բայց, դու մի ասա, գաղտնի նկարում է: Հի-հի-հի:
-Է~, աղջի’կս,( նա այդպես էլ հետնորդ չթողեց) :
Կարե’ն, հարազա’տս, սիրելի’ս, մինչև հիմա սարսուռով եմ հիշում այդ օրը: Երկար ժամանակ էր, ՖԲ-ում չկայիր: Սկսեցի զանգել: Չէիր պատասխանում: Ու մի օր էլ հեռախոսին պատասխանեց մի տղամարդ. “Դուք Կարենի ի՞նչն եք”, “Ընկերն եմ”, “Ընկե՞րը, զարմանալի է, եթե այդպես է, պետք է շուտ իմանայիք, որ նա զոհվել է ավտովթարից”:
-Մա’մ, ինչո՞ւ ես լացում, մամո’ւլս, ասա’, ի՞նչ է պատահել, ախր աղջիկդ եմ:
Կա’ր, ես քեզ խոստացել էի, որ երբեք չեմ մատնի: Կաաաաար… իսկ քեզնից հետոն մտնո՞ւմ է երբեք-ի մեջ: Գո՞ւցե հիմա ժամանակն է, որ խոստումս դրժեմ, որ վերջապես քո կտավները պատկանեն իրական ստեղծողին: Թե՞ խոստումը բոլոր պայմանակություններից էլ վեր է, թե՞ ես դրա իրավունքը չունեմ, չունեմ նրա ցանկությունը խախտելու իրավունքը, հա՞…
Մի’ վախեցիր, քեզ չեմ մատնի: Իսկ մի՞թե հիմա այդ ամենը մատնություն կարող է համարվել:


1.Կրիպտո Խենիոյի (ծպտյալ հանճար-իսպաներեն)

2. ԴԻԼԻՋԱՆ:  Ըստ լեգենդի անտառում ապրել է մի ընտանիք: Նրանք ունեցել են մի աղջիկ, անուն էլ Դիլի: Դիլին միշտ անտառից լսել է ձայներ: Մի գիշեր էլ գնում է ձայների հետևից ու կորում: Ծնողները փնտրում եմ ու անընդհատ գոռւմ Դիլի, Դիլի, Դիլի ջան….
Այա և այստեղից էլ առաջանում է Դիլիջան անվանումը:
3. ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ: Շաքին մի գեղեցկուհի էր, որի մասին շատերն էին խոսում: Երբ արաբները հարձակվում են, սուլթանը հրամայում է Շաքիին բերել իր մոտ: Շաքիին էլ չուզենալով գնալ իրեն նետում է ժայռից: Իսկ նրա հագուստի փեշերը տարածվում են և առաջանում է ջրվեժ, որը հետագայում կոչվում է Շաքիի ջրվեժ:


No comments:

Post a Comment