Monday, October 8, 2012

Շրջանագիծ

        Հարցազրույց -Գրի´ր- գրական մրցույթի հիմնադիրներից մեկի ` Անժելա Ստեփանյանի ( Angel Dayan ) հետ : 




1. Ինչպես հղացավ մրցույթի ստեղծման միտքը և արդյոք ծառայում է այն առաքելությանը , ինչ ի սկզբանե մտածված էր :

Միտքը հղացավ այն ժամանակ , երբ համացանցով շփվում էի մրցույթի համահիմնադիր Իրինա Հախունցի հետ : Երկուսով մասնակցել էինք մի գրական մրցույթի և ականատես եղել ժյուրիի անդամների բավականին կոպիտ , արհամարհական վերաբերմունքին գրեթե բոլոր մասնակիցների ստեղծագործությունների նկատմամբ : հենց այդ ժամանակ որոշեցինք ստեղծել մի մրցույթ , որի գլխավոր նպատակը կլինի ոչ թէ քննադատելը , հիասթափեցնելը և սեփական "մասնագիտական առավելությունը" ցուցադրելու հնարավորությունն օգտագործելը , այլ երիտասարդ հեղինակին քաջալերելը , հուսադրելը և ոգևորելը : Կարծում եմ այս առումով մրցույթը կարող ենք համարել կայացած :

2. Ինչպես առաջացավ մրցանակաբաշխության մտահաղացումը , ովքեր աջակցեցին ձեզ այդ հարցում և ովքեր ընտրեցին հուշանվեր - մրցանակների ձևն ու բովանդակությունը :

Մրցանակաբաշխության միտքը եղել է ի սկզբանե : Ուղղակի որոշակի տեխնիկական և ֆինանսական խնդիրների պատճառով այն անընդհատ հետաձգվում էր : Վերջապես գտնվեցին համախոհներ և աջակիցներ , որոնց օգնությամբ էլ կայացավ միջոցառումը : Մեր գլխավոր աջակիցը ՆՈՐ ՄԻՏՔ երիտասարդական պորտալն էր (www.normitq.am) ` հանձինս Գոռ Գեղամյանի , որը ամեն կերպ եղավ մեր կողքին , օգնեց ,և կարող եմ ասել, որ մեր "ԳՐԻՐ" մրցույթի փոքրիկ ընտանիքի լիարժեք անդամ դարձավ :
Ինֆորմացիոն աջակիցն էր www.haYYer.com կայքը , որը նաև անմահացրեց միջոցառման հիշարժան պահերը  ֆոտոխցիկի օգնությամբ :
Պատվոգրերը տպագրել ենք ԱՏԼԱՍ դիզայնի և տպագրության սրահում , ինչի համար շատ-շատ շնորհակալ ենք Ալեքսանդր Հարությունյանին :
Մրցանակների նախնական ձևը գծագրել եմ ես , իսկ ձևը որոշել ենք Իրինայի հետ միասին :

3. Ինչպես անցավ առաջին մրցանակաբաշխությունն ու ինչպիսի թերություններ նկարեցիք,որ կուզեիք հետագայում չկրկնվեին: 

Անցավ շատ լավ : Որքան էլ որ փոքր էր դահլիճը ` սակավաթիվ հյուրեր ունենալու հնարավորությամբ , ամեն դեպքում մթնոլորտը շատ ջերմ էր , ինչի մասին վկայեցին մեր բոլոր հյուրերը :
Թերևս , որպես թերություն կարող եմ նշել միայն , որ ոչ բոլոր մասնակիցներն էին ներկա :

4. Որն է ձեր մրցույթի առանձնահատկությունը,որով տարբերվում եք մյուս գրական մրցույթներից ու գրավում երիտասարդ գրողների ուշադրությունը:

Մենք չենք քննադատում : Մենք դրա իրավունքն էլ չունենք : Երկուսս էլ երիտասարդ ենք , դեռևս չկայացած , և ուղղակի ցանկանում ենք անել այն , ինչ մեզ համար չի արվել և չի արվում : Մենք ոգևորում ենք , քաջալերում և ուրախանում մեր մասնակիցների հաջողություններով : Եվ այն , որ մեր հաղթողները հպարտանում են ` ասելով , որ "ԳՐԻՐ" գրական մրցույթի մրցանակակիր են եղել կամ մասնակից  և դա ասում են ժպիտով , մեզ համար ամեն ինչ է :


5. Որոնք են ձեր պլանները մրցույթի հետագա փուլերում,արդյոք կլինեն փոփոխություններ և նորություններ:

Մենք անընդհատ որոնումների մեջ ենք , թե էլ ինչ կարող ենք անել : Փնտրում ենք նորանոր հովանավորներ , աջակիցներ և ընկերներ : Նոր մտքեր միշտ կան , ուղղակի ոչ միշտ է հնարավոր միանգամից իրագործել այն , ինչ շատ ենք ուզում  : Կարևորը  մենք երբեք չենք հուսալքվում և , անկախ ամեն ինչից , միշտ կլինենք մեր ընթերցողների կողքին :
Միշտ առաջ  :-D

-Գրի´ր- գրական մրցույթի մրցանակակիրներ
 29.09.2012 





                 Ռիմա Խաչատրյան
                      երկրորդ մրցույթ
                                   2-րդ տեղ



                         Սաթ Ռշտունի
                    երկրորդ մրցույթ
                                 1-ին տեղ

                    Աննա Թումոյան
                            3-րդ մրցույթ
                                   1-ին տեղ


Մաղթում եմ -Գրի´ր- գրական մրցույթին նորանոր հովանավորներ,աջակիցներ,մասնակիցներ ու մտահաղացումներ:

                   Հարցազրույցը սիրով վարեց ձեր Սաթ Ռշտունին:










Friday, October 5, 2012

պապ


մատներդ դեղին են ,պապ ,
ու խանձահոտ շուրթերիցդ
ծխախոտն է կաթում աչքերիս մեջ ,
ու տեսնում եմ ,
ու տեսնում եմ պատի վրա 
քո
մխացող
ու կուչուռած ստվերը ,պապ ,
որ փշրվում ու լցվում է թոքերիս մեջ ...
ես խաղում եմ 
քո ծխացող մոխիրի հետ ,
դու ծխում ես ,
մաման ` կրծում մոխրամանդ

Dad

your fingers are yellow , Dad ,
and from your lips , smelling like burning ,
baccy keeps dropping into my eyes ,
and I see ,
and I see on the wall
your
flaming
and writhed shadow , Dad ,
which crumbles and flushes into my lungs ...
I play
with your smoky shadow ,
you smoke ,
and Mom keeps gnawing the ashtray of yours





թարգ. `Ռ . Խաչատրյան


ՔԱՂԱՔԻՍ,որ երբեք իմը չի եղել...

ես մտովի քայլում եմ
փողոցներովդ,
անցնում բուլիկներ ծախող պապիի
կանաչ
կրպակի մոտով,
որ աշուններին
դեղնում էր:
անձրևը լցվում է
մի համար մեծ
կոշիկներիս մեջ.
ես լողում եմ,
ճպճպալով
հասնում կանգառ:
ձիերն անցնում են
իրար վրայով,
ես`ձիերի...
քաղաքը լցվում է
կոշիկներիս մեջ
ու ճպճպում է
սառած ոտքերիս տակ.
ես քայլում եմ
մտքումս պահած
փողոցներովդ,
որտեղ թռչել են
ազատություններն իմ
ու
աշնան անձրևներից
թրջված
ներծծվել
քարերիդ մեջ...


Thursday, October 4, 2012

Wednesday, October 3, 2012

Շրջանագիծ




                                                                Հարցազրույց Արմինե Պետրոսյանի հետ

ֆեյսբուքյան ընթերցասեր հասարակությունը վերջին կես տարվա ընթացքում կենտրոնացել է Գրական ակումբ  ժամանակակից գրականության վիրտուալ լսարանում,որտեղ գրում ու քննարկում են գրական տարբեր արժեքներ ունեցող գործեր  , և ֆիլտրվում է ժամանակակից հայ գրողը : Այս արժեքավոր գործը նախաձեռնել ու իրականացնում է գրող և գրականագետ Արմինե Պետրոսյանը : Բացի ֆեյսբուքյան էջից ակումբն ունի հիմնական կայքէջ , որտեղ ներառված են ժամանակակից ` ինչպես արդեն կայացած , այնպես էլ սկսնակ հեղինակները , անցկացվում են բազմաթիվ խաղ - մրցույթներ և այլ հետաքրքիր միջոցառումներ ` կապված գրքի ու գրականության հետ :

1. Ինչպե՞ս առաջացավ Գրական ակումբի բացման մտահաղացումը և ի սկզբանե ի՞նչ առաքելություն է ունեցել :


   Քանի որ գրականությունը իմ երկրորդ եսն է , երկար մտածում էի մեր ներկա գրական տխուր վիճակի մասին , ելքեր որոնում : Մի բան գիտեի , որ պետք է սկսել ինչ-որ կետից եւ գնալ առաջ : Այդ կետը կարող էր լինել համացանցում գրական տարածք ստեղծելը : Համացանցը կարող էր օգնել միավորելու բոլոր գրականասերներին , որոնց մի կոնկրետ տեղում հավաքելը շատ ավելի դժվար կլիներ : Ահա եւ 2011 թ-ի դեկտեմբերի սկզբին ստեղծվեց “Գրական ակումբ” անունով ֆեյսբուքյան էջը , որը շատ կարճ ժամանակամիջոցում մասնակիցների հոծ խումբ ունեցավ : Մի քանի շաբաթ հետո կայքն արդեն պատրաստ էր : Այսպես բացվեց նոր գրական աշխարհը , որը բոլոր գրասերների սեփականությունն է :
Մեր նպատակը գրական ընդհանուր առողջ մթնոլորտ ստեղծելն է , նորեկ ստեղծագործողներին հայտնաբերելը , եթե մի փոքր շնորհ կա , ապա նրանց սատարելը , ոգեւորելը , ուղղություն տալը , թերությունները հնարավորինս շտկելը , դեպի կատարելագործում մղելը :

2. Որո՞նք են գրական ակումբի առավելություններն ու թերությունները :


    Երևի սկսեմ թերություններից . իրական կյանքում մեր կայքի անդամներով շատ քիչ ենք հանդիպումներ կազմակերպել , իսկ դեմ առ դեմ քննարկումները այլ մթնոլորտ ու այլ արդյունք են տալիս , ուղղակի մեր խմբակիցները տարբեր մարզերից են , արտասահմանյան տարբեր երկրներից , դրա համար էլ մի տեղում հավաքվելը մեզ համար խնդիր է : Հիմնականում մայրաքաղաքում հաճախ են կազմակերպվում հետաքրքիր գրական երեկոներ, շնորհանդեսներ , բաց դասախոսություններ , ընթերցումներ . բայց մենք հազվադեպ ենք մասնակցնում : Կայքը ունի լուծելու որոշ տեխնիկական խնդիրներ , որոնք ընթացքում կլուծվեն ու ավելի հեշտ ու հաճելի կդարձնեն կայքի ակտիվ անդամների գործը : Որակի առումով ասեմ , որ գնալով կայքի չափանիշներն ավելի են բարձրանում , մենք անգամ վերանայում ենք մի տարի առաջ ընդունված գործերը ու հեղինակների հետ միասին թարմացնում նրանց էջերը : Առավելություններից մեկը վերը նշված այն հանգամանքն է , որ մեր կայքի անդամները միայն Երևանից կամ մի մարզից չեն , այլ տարբեր տեղերից են , այդ իսկ պատճառով մեր Գրական տեղեկատու բաժինը հարստանում է ոչ միայն Երևանից եկած գրական լուրերով , այլև տարբեր մարզերում կամ սփյուռքում կատարված գրական իրադարձությունների մասին տեղեկություններով : Այսինքն ՝ ավելի ընդգրկուն է : Կայքում միավորել ենք արվեստի այս ճյուղերը ` գրականությունը եւ կերպարվեստը ` ներառյալ նաև քանդակագործությունը , որը ևս առավելություն եմ համարում : Մեզ մոտ շատ շնորհալիներ հանդիպում են միմյանց , նոր ու հետաքրքիր ծանոթություններ են լինում , կտավների ներշնչմամբ բանաստեղծություններ են գրվում , արդեն որոշ հայտնիները հանդիպում են նոր շնորհալիների , մեր հեղինակներին տեսնում եւ գնահատում են ավելի երկար համացանցային կյանք ունեցող եւ գրական աշխարհում իրենց ազդեցիկ դերն ունեցող կայքերի խմբագիրներ :
Նաև առավելություն է ջերմ մթնոլորոտը , բոլոր մասնակիցների հանդեպ հնարավորինս հանդուրժող ու մեղմ վերաբերմունքը : Իսկ խմբագրակազմի անդամներով դարձել ենք մի ընտանիք , որը ինձ համար ոչ պակաս կարևոր ձեռքբերում է , ու մեր այդ ընտանիքը պատրաստ է նոր համալրումների :

3. Արդյոք ունե՞ք աջակիցներ ակումբի կայացման գործում  ( կամ հովանավորներ ) :

     Հովանավորներ չենք ունեցել , չենք էլ փնտրել , սակայն ունեցել ենք և ունենք լավ ընկերներ , ովքեր գնահատում են գրականությունը ու մեր կողքին են : ՙՆախնյաց հետքերով՚ ՀԿ-ն գրական ակումբին գրասենյակ է հատկացրել Երեւանում , Գավառի պետական համալսարանը ևս ամեն կերպ աջակցում է մեզ , Գավառի քաղաքային գրադարանը քննարկումների և հանդիպումների համար սիրով տրամադրում է իրենց ընթերցասրահը : Տարբեր ժամանակներում համացանցային աշխարհում համագործակցել կամ համագործակցում ենք որոշ կայքերի , ամսագրերի , գրական ակտիվ գործիչների հետ : Կնշեի ՝ “Գրական կամուրջ” կայքը , “Voise of the Nightingale” բլոգը , “Գեղարվեստական գրականություն” խումբը , “Հավաքածու գրական մրցանակ” բլոգը , “Գրի՛ր” գրական մրցույթների բլոգը , Կալիֆորնիայի հայ գրողների միությունը և մեր անդամները , ովքեր ունեն իրենց առանձին բլոգները , էջերը , բայց մեր կայքի հետ են , որը բոլորինս է :

4. Ինչպիսի՞ նոր պլաններ ու նպատակներ կան կապված ակումբի և անդամների հետ և ե՞րբ եք մտադրված իրագործել դրանք :

   Տարվա վերջում նպատակ ունենք մեր մրցույթների հաղթողների , ժյուրիի անդամների ու մեր նորեկների լավագույն գործերից բաղկացած մի գիրք հրատարակել : Նոր բաժիններ ենք բացելու , եղած բաժիններն ավելի հետաքրքիր , ուսուցանող ու հարուստ ենք դարձնելու : Հուսամ , որ գալիք տարում ավելի շատ հանդիպումներ կկարողանանք կազմակերպել իրական կյանքում , ավելի շատ մասնակցել կայացող գրական իրադարձություններին : Ինչպես նաև նպատակ կա գրական ամսաթերթ ունենալու, սակայն դա բավական բարդ գործ է ու մի շարք հանգամանքներից է կախված : Կայքի անդամների ստեղծագործական աճից ու նախաձեռնողականությունից կախված՝ նկատակ կա նրանց անձնական գրքերը հրատարակելու , շնորհանդեսներ , քննարկումներ , ընթերցումներ կազամկերպելու :

5. Ի ՞նչ եք կարծում,արդյո՞ք ժամանակակից հայ ընթերցողը կարդում է ժամանակակից հայ գրականություն:Եթե այո,ապա  ինչպիսի՞ն և եթե ոչ,ապա ինչու՞:

    Կարծում եմ , որ կարդում է : Քանի որ նշեցիք հայ ընթերցողը , այլ ոչ թե , ասենք , երիտասարդությունը ընդհանրապես , ապա ընթերցողը միշտ էլ կարդում է , իսկ ժամանակակից հայ գրականությունը բնավ էլ չի զիջում այլ երկրների գրականությանը , այնպես որ փնտրողը կգտնի : Գրական ճաշակները տարբեր են , ստեղծվող գործերն էլ բավական տարբեր են իրենց գրելաոճով , ասելիքով , թեմայով ու բովանդակությամբ : Կարևորն այն է , որ գիրքը գեղարվեստական արժեք ներկայացնի : Ընթերցողը վաղ թե ուշ կգտնի իր հեղինակին :







           Շնորհակալ եմ հարցազրույցում ցուցաբերած անկեղծության համար , Արմի´ ն ջան : Մաղթում եմ ակումբի հետ կապված բոլոր պլաններին իրագործում ու նորանոր նվաճումներ :

                                                   Հարցազրույցը սիրով անցկացրեց ձեր Սաթ Ռշտունին:






Thursday, September 27, 2012

ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑ





****
Իսկ դու կարո՞ղ ես թարգմանել գույնը,
Թռչունը կարդալ, տերևը լսել,
Կարո՞ղ ես կավից աղոթքներ քերել,
Կամ ճակատագրեր քանդել մայթին:

Կարո՞ղ ես խմել ճշմարտությունը,
Ծամել սխալը, և … ճի’շտը մարսել,
Երբ շուջդ լոկ սո~ւտ հրեշտակներ են.
Աղոթքը մորթում, ներկում են վարդին:

Երբ շուրջ-բոլորդ մա’հ է, և թո’ւյն է,
Եվ կեսօրներդ` չափից դուրս մսե:
Երբ հույզերիդ կուրծք տալու փոխարեն
Կյանքը փորձում է սիրտդ մկրատել:

Երբ վանկատելով բախտիդ անունը`
Դավե’րն են ըմպում արյունիդ լույսը…
Երբ մորմոքներիդ ասում են բարև
Ովքեր, թվում էր` քեզ պիտի ատեն:

Կարո՞ղ ես… Ուրեմն հեղի’ր անունդ,
Որ դավն ու սուտը քեզանից մրսեն,
Որ երբ արյունդ համբարձվի վերև,
Բախտիդ դուստրերի մեղքը փարատի:


***
Այսօր,
ավելի քան երբևէ,
ես սկսում եմ
Աստծո գոյության կարիքն ունենալ:
Իսկ եթե նա կա,
այդ դեպքում
այսօր,
ավելի քան երբևէ,
ես հետզհետե սկսում եմ հավատալ
այն սուրբ լեգենդին,
որ նրա որդին
ինձ պես հասարակ մի մարդ է եղել,
թեև կարող էր ծովալիքները
պահել ոտքի տակ:
Քանզի
այս էլ քանի՜ տարի է,որ
ես ոչ թե քայլում,
այլ վազվզո՜ւմ եմ
Սիրո ու Ցավի
օվկիանի վրա…


***
Ես յուրաքանչյուր վայրկյան մեռնում եմ`
Հաջորդ վայրկյանին ծնվելով կրկին,
Միայն ծնվելի´ս ես ինքնուրույն եմ,
Իսկ մեռնելուս մեջ օգնում եք դուք ինձ:

Մահն ընկալում է ինձ իբրև պոեմ,
Իսկ ես ծնվում եմ որպես բանաստեղծ,
Որքան էլ ցավի ձեռքները փայեմ,
Միշտ դժգոհում է, թե ինձ կարոտեց:

Կյանքը չի´ սիրում պոեմներ կարդալ,
Բախտը պաշտո՜ւմ է բանաստեղծներին,
Ես` սրանց միջև և´ բեմահարթակ,
Ե´վ միակ հերոս, և´ դերերգ դերի:

Ես յուրաքանչյո՜ւր վայրկյան մեռնում եմ`
Հաջորդ վայրկյանին ծնվելով նորից…