Friday, January 25, 2013

Մեր խոսքը 6



http://armgrak.info/node/906

http://armgrak.info/node/912

16. (ինչ - որ տեղ, գիշերը)

( 21 տարեկան,  բանասերի թերի կրթություն: Մասնակցում եմ ուժերս փորձելու և գրական ժամանակից ետ չընկնելու համար:)


լայնացած բիբերով
կխեղդեմ կանաչը աչքերիս մեջ,
կպարեմ վերարկուիդ հետ
տանգո,
դու միայն շարժիր
մտրակդ ֆսսացող,
ու չեմ մլավի գրանանը
տանիքում քո,
կթափառեմ ավազների վրա,
կհավքեմ ափ նետված
կետերին,
կլիզեմ թաթերս ու
կփչեմ ապուրդ ծով,
որ երբ հոգնած տուն գաս
ծաղրածու իմ,
դու գոլ ապուր ուտես
կարմիր քթով...
ու ես դողամ միայն
քո´ մտրակից,
որով երբեք թաթիս
չես հարվածի,
ու դու´ լինես միակ
վարժեցնողն իմ,
ու ես մռռամ կրքով
կախարդվածի:

  (այնտեղ , գիշերը)...

1. Կոլյա Տեր Հովհաննիսյան


1. (ինչ - որ տեղ, գիշերը)
2. Մայրամուտի հատակին
3. Թախիծ

2.  Գարուշ Հարյանց


1. (ինչ - որ տեղ, գիշերը)
2.  Թախիծ
3. Մայրամուտի հատակին

3.  Աբգար Ափինյան

1. Սրտխառնոցի հասնող անտարբերություն
2. Կանացի մարմնի կորությամբ
3. Հայրիկ

4.  Անահիտ Բոստանջյան

1.Հայրիկ
2. Մայրամուտի հատակին
3. Թախիծ


Ամփոփում

Այսպիսով՝ "Մեր խոսքը "6 մրցույթի հաղթողներն են.

1. (ինչ - որ տեղ, գիշերը)- Սաթ Ռշտունի
2. "Մայրամուտի հատակին”- Ռիմա Խաչատրյան
3. “Թախիծ”-Վանիկ Զոհրաբյան, “Հայրիկ”-Հասմիկ Չախալյան
Շնորհավորում ենք հաղթողներին:



Monday, November 19, 2012

***



Մորուքով տղամարդիկ հերթով կպոկեն թերթերդ,
ու դու մանկության կաշվի տակ
կզգաս թաց պարանոցդ,
որ թաց չի լինի ինչպես
կնոջ ոտքերը մայրանալուց առաջ
կամ դստերդ ափերը`
մկրտությունից հետո,
քո մեջ կթպրտան կարմիր կաթիլները,
ու տղամարդիկ 
կզգան փշաքաղված մարմինդ,
կտեսնեն ու կանցնեն 
վրայովդ,
կտրորեն փշերդ ու կպատռեն
կաշիներդ բոլոր.
դու նրանց աչքին կին ես
ու ոչ մայր,
դուստր կամ քույր...
տղամարդիկ կպաշտեն ծնկներդ միայն,
որոնց վրա,
կթուլանան,կլացեն ու կբավարարվեն`
սուտ-բարեպաշտ մորուքները
մահճակալիդ տակ նետելով:





Sunday, October 28, 2012

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ





ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…



ՆՈՐ ՏՈՂԻՑ

Ծնվել եմ առավոտյան շուտ,
Գյումրվա մի աղքատիկ առավոտ:
Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք:
Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան,
Քրոջս, որին ի՜նչ էին տեսել, ընդամենը մի քանի ժամ՝
Ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ…
…Միայն ես չեմ կարողանում նրան մոռանալ, և երբեմն
Վաղ առավոտյան արթնանում եմ սրտիս ցավից,
և թաց աչքերով մթության մեջ պառկած
օր առ օր վերհիշում եմ այն ինն ամիսները,
որ միասին ապրել ենք
մեր կյանքի լավագույն շրջանում…


Նոր ժամանակներ

Ուղիղ մի կոշիկի չափ երկիր`
ահա թե ինչ էր մնացել
նախկին բավականին ընդարձակ Հայաստանից.
ընդամենը մի,
այն էլ 29,8 համարի կոշիկի չափ երկիր,
եւ երկար տասնամյակներ արագիլի նման
մի ոտի վրա ցցված ժողովուրդ,
որն ահա արդեն
երկու տասնամյակ է, ինչ պայքարում է
եւս մի կոշիկի չափ տարածության համար,
որպեսզի, ի վերջո, կարողանա մյուս բոլոր
ժողովուրդների նման
երկու ոտքով կանգնել
մայր հողին:



Friday, October 19, 2012

պահմտոցի




ես աղոթում էի
մահճակալիդ տակ ,
իսկ դու ,
դու
թարթվող
մոմի չափ կիսատ ,
թարթվող մոմի պես
կցկտուր ասում էիր .
- գտա քեզ ...

ես էլի պարտվում էի.

դու նորից փակում էիր
աչքերդ
ու հաշվում
մինչև տասը ,
ես էլի թաքնվում էի
մահճակալիդ տակ
ու հետևում
երկաթե
ներփքված
հյուսվածքների տատանումին .
ես էլի աղոթում էի
ու անհամբեր սպասում հաջորդ
պարտությանս ,
բայց ...  մահճակալդ
քարացավ -

այս անգամ
դու չգտար ինձ .

ես հաղթեցի ...


Monday, October 15, 2012

Լուսինե Եղյան







Առաջին կյանքում որոշեցիր քեզ սպանել…

անձրևի վերջին կաթիլը ջարդվեց ձեռքերումդ,
թաց ագռավը գեղեցիկ թվաց ու բազմաշնորհ,
վերմակը առաջին անգամ ծածկեց ոտքերդ,
օդը անձրևից հետո խտացավ…
անձիդ կորուստը մենության մատնեց քեզ,
երբ ածելին իր կորուսյան համբուրյով կարմիր ներկեց ափդ…

մահը կատվի նման սկսեց քսմսվել ոտքերիդ,
քեզ գետնին տապալեց
ու սկսեցիր լիզել վերմակին բաժին հասած կոտրտված արյունդ`
դու ձեռքեր չունեիր նրան շոյելու համար,
եվ քանի որ թակարդում մուկ կար,
կազմակերպեցիր նրա հուղարկավորությունը.
մուկը հող դարձավ կատվի ստամոքսում:

կորցնելը ավելի հեշտ է, քան`կորչելը…
ժամանակը դուրս եկավ իր հարթությունից,
որ մկրատով կտրտես կյանքիդ գրաֆիկը,
քո թիվը մնաց բանաձևից դուրս,
որ սխալ հաշվես մահվանդ տևողությունը…

ու սկսեցիր օդում բերանով խզբզել,
թե լարում կոչվում է այն ֆիզիկական մանրությունը,
որը հոգեպես հավասար է լքված մարդուն (ում այսուհետ կկոչեն թուլամորթ):
ու վառվեցին սենյակի թուլամորթ ջահերը:

-Թույլ է զարկերակը, -
բղավեցին սպիտակ գույնի սիրահարները:
հերձված ձեռքերիդ ապաստան տվեցին սև դղյակում.
կարկատեցին ձեռքերդ, մաքրեցին կարմիրը
ու սվաղեցին ճակատագրիդ վրա:

սև դղյակի սպիտակ բնակիչները սիրելի դարձան…
երբ առաջին կյանքում որոշեցիր քեզ սպանել,

իսկ երկրորդում…
երկրորդում, ասում են, դարձար լարումը բնութագրող մեծություն,
ով օրը հազար անգամ մոտենում է դեղատանը
ու որոշում մի քանի տարի երկար ապրել վերջին կյանքում….

***

Վարագույները դանդաղ իջնում են,
քեզ խեղդելով վերջին հիասթափության ալիքի մեջ,
դու գլուխդ երկինք ես բարձրացնում ու հասկանում,
որ երկնային փշալարերից առկայծող այդ լույսը
պարզապես հեգնանք է քո ոչնչացվող արժեքի,
որովհետև երկինք բարձրանալու համար բավարար չէ միայն մարդ լինել,
բավարար չէ միայն ապրել միակ մարդաբնակ մոլորակում ու քեզ գազան զգալ,

պարզապես բոլոր խնդրիներն էլ միատեսակ լուծում ունեն,
ու բոլորն էլ կարելի է ուղղակի չլուծել,
իսկ վարագույրները աստիճանաբար իջնում են, իջնում`
շուրթերը կամաց հպելով քամու ազդրերին,
օրորովում վալսի կործանարար հնչյուների տակ`
աչքերումդ ներգծելով սահմանափակ տիեզերք սահմանափակ հայրերով…

դու չհասցրեցիր հարվածել լայնացող վարագույրին,
որովհետև այս անգամ սահմաները գծված չէին,
իսկ մի քայլ այն կող անդունդ էր, սառած անդուն,
որտեղ հանգրվանելու առաջ բոլոր գոռում.

օրհնյալ լինես, դու, կյանք,

մինչ վարագույրները դանդաղ իջեցնում են
փոքիրկ աղջիկը տանիք նկարել է սովորում,
իսկ երկնքում չարագուշակ ամպ կա
վերջին կայծակը փշրեց աղջկա ամենաամուր տանիքը…

օրհնյալ լինես, դու, կյանք,
որ կլանում ես զառամյալ արևի լույսը,
ոչնչացնում փոքրիկ աղջկա նկարը,
եվ դու էլ մեզ հետ պարտվում ես,
դու էլ չկարողացար սիրել այն վարագույրը,
որը ուղղակի կիզակետն է քո չկարգավորված պատմության …





Thursday, October 11, 2012

***



Դու փորում ես
խոհանոցի
ներքնպատը
ու եռռացող
կարտոֆիլի
թավ անձրևում
ողողվում ես
երկփեղկանի
կոնքերիս մեջ՝
թավայի մեջ
սեղմվելով.
լուսամուտին
խտանում է
ջրաքողը,
բլբլթացող
լավայի մեջ
կարտոֆիլը տրաքում
է,
ու անախորժ
կեղևներից
գոլոշու հետ
կլեպվում է
կոնքասյունը...
դու ննջում ես
խոհանոցի
ներքնապատի
փորվածքի տակ,
ես եռռում եմ,
կարտոֆիլը
բլբլթում է…


Tuesday, October 9, 2012

Կարմիր գայլախտ




     Մենք երբեք ոչինչ սկզբից չենք սկսում,քանզի ծնվում ենք ժառանգականության վանդակում,և ժամանակի ընթացքում միայն վանդակն է խոշորանում ու ծայրահեղացնում "սկսվելու" ներքին գործակիցը:

    Մինչև երրորդ հարկ աստիճանները հաշվելով,ինչպես արդեն 2 ամիս շարունակ դասից տուն վերադառնալիս`հասա մեր դռանը. դուռը բաց էր: Հյուրասենյակում միայն հայրս էր`ավելորդ կնճռոտված ու մռայլ: Ծնողներիս սենյակից մորս ձայնն էր գալիս: Երբ ներս մտա,նա նույնիսկ չնկատեց ինձ:Շուկայական մեծ պայուսակի մեջ իր իրերն էր հավաքում:Երկու անգամ թխկացրի կոնքին,որ նայեր ինձ,բայց նա հրում էր ձեռքս, քթով ֆսֆսալով կուլ էր տալիս արցունքներն ու դարակների ծակուծուկերից հանում զանազան մանր-մունր շորեր: Մորս այտոսկրի դուրս ցցված բարակ մաշկը կապտել էր, ասես մի տեսակ թափանցիկությամբ ցուցադրում էր նրա երիտասարդ,բայց չջրված փայտի պես դեղին ոսկորը:
-Մամ, ո՞ւր ես գնում, պապան նեղացրելա՞ քեզ:
-Դրա անունը մի տուր, լսո՞ւմ ես, ու գնա էստեղից, ոչ մեկիդ էրեսը չեմ ուզում տենամ:
Այդ պահին ես մորս ագրեսիվ բռնկումները որպես բարկություն էի ձևակերպում,որը հետագայում պիտի խելագար կնոջ հիստերիա հիշեցներ ինձ:Նա նորից սկսեց չնկատել ինձ, նայելիս էլ հայացքն այնքան անտարբեր էր թեքում վրայիցս,ասես ոչ մի տեղից չուշացող մեկը նայեր պատից կախված 5-ից 10 պակասի վրա 2 ամիս շարունակ կանգնած ժամացույցին: Իսկ նկատելու դեպքում էլ նեղ ուսերն ու կրծքավանդակը ավելի անկանոն էին սկսում ելևէջել ու ցնցվել`կարծես հորիցս նրան նվիրված հուշանվեր լինեի,որ ոչ կոտրել էր կարող, ոչ այրել ու ոչ էլ պատռոտել: Քրոջս ձայնը հյուրասենյակից լսելով`շտապեցի այդ կողմ, նա կուչ էր եկել հորս թևի տակ ու փոքրիկ, մութ խուցի մեջ պատսպարված խաղում էր իր սև խոպոպների հետ: Ես նույնպես մոտեցա հորս ու տեղավորվեցի նրա ձախ թևի տակ: Մի քանի րոպե անց, երբ շնչառությունս կարգավորվեց ու բոլոր մկաններս թուլացած հենվեցի հորս փորին, սկսեցի զգալ նրա տրակտորի պես դռռացող շնչառությունը ու տեսա, թե ինչպես է քրոջս ձեռքը թրթռում հորս սրտի դղրդոցից:
ժամացույցի սլաքներն անուժ թխկթխկում էին ու շարունակում մնալ 5-ից 10 պակաս: Աչքերս դարչնագույն պատի վրայով սահելով՝ ամեն անգամ սրվում էին դեպի ժամացույցը, որի սլաքների անշարժությունից թվում էր՝ իրոք ժամանակը կանգ է առել:
Մայրս, քարշ տալով տռուզ շուկայական պայուսակը, անցնում էր հյուրասենյակի մեջտեղով ու մինչ կհասներ տան մուտքի դռանը, հայրս ասես 1-2 հաշվով տեղից պոկվեց ու երկու լոնքով հասնելով մորս`ափով սեղմեց նրա դեմքը պատին: Նրա ձեռքի ցցված երակներից ու ջղերից զգում էի, որ շատ ուժեղ է սեղմել մորս վնասված այտը:
-Բա´ց թող, հիվա՛նդ, բա´ց թող:
Հայրս բերանը ականջակալի պես մտցրեց մորս ականջախեցու մեջ ու լսելի թավ ձայնոց ասաց.
-Լսի´,այ բոզ,քեզ տանս կողմերը տեսել եմ լեշդ կփռեմ, լսում ես, այ պոռնիկ...Ի՞նչ էիր մտածում, հը՞, որ բան չեմ իմանալու, ա՛յ ողորմելի: Ղուրբան էղի էս էրկու թշվառներին, որ ռեխդ հենց ստեղ փշուր-փշուր չեմ անում. չեմ ուզում բոզ մոր պարճառով անպատիվ մեծանալու հետ համ էլ իմ պատճառով էլ անտեր մնան:
Հայրս պարսատիկի պես ձգվեց ու երկու ձեռքերով մորդ դուրս շպրտեց տանից:
Հետագայում իմ և քրոջս դասընկերները մեզանից լավ տեղեկացան մեր ընտանեկան անպատվությանն ու խղճացին մեզ`սեղանների տակ հաստ ու ծանր գրքի պես պահելով ողորմելի ճշմարտությունը, որ գլուխներս մի փոքր բարձացնելու դեպքում պիտի քարի պես շպրտվեր ու փշրեր մեզ:

    Ժառանգականությունը ` գեղեցիկ ու վտանգավոր շարունակություն:
Սխալ է մի բանը չավարտած մյուսի սկսելը,բայց ամեն ինչ այդքան պարզ չէ,որովհետև իրականում ոչինչ չի սկսվում ու չի ավարտվում,ամեն ինչ թելի պես ուղիղ ու երկար է,հարթ ու տափակ:
Հաճախ եմ մտածում՝ ինչպիսին էի ես, երբ ձուկ էի,երբ մորս փորի լորձոտ պատերի մեջ թխկթխկում էր սիրտս ու գուցե ես անշարժ էի,կամ գուցե շարժում էի անթեփուկ պոչս: Երբ պորտալարով կապված էի մորս,ու նա երևի զգում էր, թե ինչպես էի կլանում իր բոլոր երակներից ու հյուսվածքներից կազմավորման հեղուկը: Ես դա ավելի շատ սկսեցի մտածել այն ժամանակ, երբ ամուսնացա ինձ բաժին ընկած միակ տարբերակի`Ա-ի հետ, ու մի օր էլ իմացա,որ ինքս եմ մայրանալու: Շատ էի վախենում շարունակությունից, կրկնությունից, անավարտությունից: Ինն ամիսների ընթացքում միայն մեկ անգամ եմ խոսել զավակիս հետ...երդվել եմ, երդվել,որ պիտի երջանիկ լինի,որ պիտի իրեն տամ այն,ինչ այնքան վաղուց էի կորցրել, որ նույնիսկ չեմ հիշում ինչպիսին է եղել, կամ եղել է, թե ոչ:
Օրորոցը ճոճվում էր: Տղաս, որի համար փոքրիկ երաժշտական տուփի մեջ բեմ էի սարքել և երազում էի գար այն պահը, երբ պիտի  փաթիլները անկանոն թափվեին ու տղաս պարեր, խաղար իմ կառուցած ապահով խուցում...եկավ ժամանակն ու հորս լոնքերի պես երկար ու ծանր ժնջիլներով կախվեցի որդուս անշարժացած վերջույթներից:
-Անեծք ա, Գ. ջան, անեծք, գնա՛ նայողի մոտ:
Վերջին փրփուրներից կախվելով`որոշեցի գնալ նայողի մոտ նույնպես:
-Թուղթուգիր կա վրադ, աղջի՛կ ջան:
Բախտ նայողը 60 անց կին էր, որի սենյակում չկային իմ պատկերացրած բազում մոմերը, թռչունների ճանկերն ու գորտերի սկիլետները: Նա պատմեց, որ նայելու շնորհը իրեն իր տալն է փոխանցել...երկար մտածելու կարիք չկար...հիմարություն:
-Երկուշաբթի երեխայիդ, քո ու ամուսնուդ վերնաշապիկները կբերես ու մի բուռ աղ, որ աղոթեմ: Էսօր 5.000 :
Ամբողջ ճանապարհին մեղադրում էի ինձ նման հիմարություններին հավատալու ու հատկապես գնալու ու ամուսնուս աշխատած 5.000 դրամը ծախսելու համար,որ 3 ամսում հազիվ էի խնայել:Մեղադրում էի ու մտովի պատկերացնում,թե որ շապիկները պիտի տանեի:
Երբ գնացի տուն, տղայիցս ու հարևանուհուցս բացի թափթփված հյուրասենյակում տեսա նաև հորս:
-Կարոտել էի, պապ ջան, ինչ լավ ա՝ էկել ես:
Հայրս սովորականից ամուր գրկեց ու ինձ, թվաց՝ ուզում է ինչ- որ վատ, ահավոր բանից պաշտպանի ինձ:
-Նստի՛,  բալե՛ս:
-Ինչա էղել, պա՛պ, մի տեսակ ես:
-Բալե՛ս, շատ վատ բան ա էղել, ահավոր, բայց երդվիր,որ ուժեղ կլինես, որ չես կորցնի քեզ:
-Վախեցնում ես, պա՛պ, խոսի՛ր:
-Գ.´ս, աղջի՛կ ջան, Ա.-ն ա ընկել մեքենայի տակ:

      Տղաս ոլորվում էր օրորոցի մեջ: Ես նստած էի ամուսնուս դիակի մոտ ու վախենում էի , սարսափելի վախենում էի, որ ես ավելի շուտ, ավելի ահավոր եմ մահացել, քան նա: Կոկորդս խեղդվում էր, բայց մի կաթիլ արցունք չէր գալիս աչքերիցս: Ես բռնել էի նրա ճաքճքած ու ուռած ձեռքերը, մտածում թուղթուգրի ու ժառանգականության մասին ու համոզվում, որ սխալ է, որ չի կարելի կիսատ թողնել, որորվհետև միևնույնն է նորից, սկզբից սկսել հնարավոր չէ: Դռան արանքում ստվարագծված կանացի կերպարանքը իր քարկապ վզնոցով փակել էր բերանն ու լալիս էր, բայց նա էլ էր վաղուց մահացել, նա էլ էր ավելի ահավոր մահացել ու գիտեր այդ մասին: