Wednesday, May 23, 2012

***


Կարմիրը չեմ սիրում.
Շատ նման է սևին,
Իսկ սևը ատեցի
Մի ծիծաղելի թաղումից հետո,
Որտղ բոլորը կարմիր էին հագել,
ՈՒ դա ինձ տխուր ու սև էր թվում:
Սևը չեմ սիրում.
Կարիճը պոտենցյալ օձ է...
                                                         

Աշու´ն,ես նման եմ քեզ...




Աշու´ն,դու նման ես ինձ
Մարդամոտ մայթերով քո ցեխակոլոլ,
Որ գգվում են 
Անցորդների փախչող ոտքերին:
Քո անձրևների ճոխ լացուկոծով,
Եվ քո ծերացած,պարպված փողոցով:
Մումյաների պես
Լպրծուն ծառերով քո,
Եվ քո երդմնազանց անձրևանոցով:
Դու նման ես ինձ
Քո ջղայնությամբ:
Օդիդ ամեն մոլեկուլով,
Որ կրում են 
Վարակիչ մասնիկները սիրո:
Եվ անկուշտ հողով ,
Որ կլկլացնելով լակում է
Նորագոյ երակների
Առատ ջրերը,
Եվ ագռավների պես քո,
Որ քարկոծվում են միշտ,
ՈՒ էլի մնում  
Ադավաճան:
Եվ տերևով  ջահել,
Որ գնաց հասավ հազար տարվա
Մեռելներին:
...

Աշու´ն,ես նման եմ քեզ:

Monday, May 21, 2012

Ամենում ես ինձ մեղավոր գտա...


 


Ես չգնացի ոչ մեկի հետևից.
Կորցրել էի հոտը իմ
Եվ իմ հովիվին...
Պատահական չոբանները վիզս պարան գցեցին,
Իսկ պահապան շները ինձ մատնեցին ոհմակին:
Գայլերն ինձ ժամ տարան,
Աղոթել տվին վրաս
Եվ մատաղ արին Լուսնի ոտքերի տակ:
Արյունս,ճակատների փոխարեն,անցնող գայլերի
Շուրթերին քսեցին,
Որ աչքները ,կատաղություն լափած,
Կոկորդս տենչան:
Սեղանները երկար շարեցին,
Քահանան,գայլերը և չոբանները
Նստեցին շուրջը,
Եվ դու´,հովի´վ իմ,նստած էիր չոբանների մեջ
ՈՒ առաջինը` գայլերից էլ ագահ,քելեխս կերար:
Եվ իմ պահապան շունը,
Որ ոխերիմ կռիվներ էր տալիս ոհմակի դեմ,
Հիմա նույն գայլերի հետ գարեջուր է խմում
ՈՒ հռհռում ոչխարությանս վրա .

Անունդ պաշտում եմ ես




Ես սիրում եմ քո անունը,
Որի հնչյուններն անուշ ննջում են
Թարթիչներիս տակ.
Անունդ նման է քեզ,
Արևածիլին`-բարի լույսի- հետ,
Այն համբուրում է
Կանաչ շուրթերս...
Անունդ պաշտում եմ ես:

Մեղավորներ չկան էլ




Մեղավորներ չկան էլ.
Խնձորները կերել են բոլոր Եվաներին,
Իսկ Ադամները մնացել են
Օձերի հույսին:
Դրախտը պանթեոն է դարձել,
Սերովբե-քերովբեները`
Խաչքարեր,
Չարի ու բարու խաչմերուկները
Չվել են...
Մեղավորներ չկան էլ:

Thursday, May 10, 2012


Անտարբերություն



Չգիտեմ' սակայն,
Ի՞նչ է կոչվում սա...
Բայց որ կարող ես մի բառով փշրել,
Ինչ ներսումս կա,
Որ արցունքիցս ոչ թե հուզվում ես,
Այլ ջղաձգվում,
Թերևս սրան լոկ մի անուն կա`
Անտարբերություն:











Անտարբերությո~ւն...



ՈՒ ի՞նչ է մնում.
Ինքնասպանի պես
Ոռնացող բառն այս`զերթ ատրճանակ,
Սեղմել ճակատիս,
Անդող ձեռքով իմ...կրակե~լ, դաջ~ել
Մահացու գնդակն
ՈՒղեղիս խորքում...հոգի´ս, ես բնավ
Քեզ չեմ բողոքում,
Չէ՞ որ ես ինքս ուզեցի մեռնել,
ՈՒ դու պարզապես
Տվեցիր ինձ քո... ատրճանակը:


Պատուհաններդ ինձ ներս կկանչեն




Կարոտից քրտնած պատուհաններդ ինձ ներս կկանչեն,
Գոլ կաթիլները գալարումներով կսողան իմ մեջ,
ՈՒ  կոճակներդ  մաշված խուցերից մոտս կփաղչեն,
Կաթիլների հետ կլցվեն ներսս` գալարուն,անվերջ:



Եվ կիրք կլափեն մարմինները մեր,
Եվ կիրք կթափեն պատերիդ ճաքած,
Պատուհաններդ ինձ ներս կկանչեն`
Կարոտից,կրքից քրտնած ու թաց: