Tuesday, July 3, 2012

Մանե Գրիգորյան




Ժաննա դ'Արկ

մարմինդ հում-հում տվեցիր կրակին,
քեզնից վախեցավ Կարլը՝ քո թագավորը,
քեզ ուրացավ Կարլը՝ քո արքան

վհուկ աղջիկ,
որ ոչ մի թուրմ չգտար
քեզ սպանելու համար

խոցված թռչուն Ժաննա,
որ ձայների մեջ չլսեցիր ձայնը քո,
աչքերիդ մեջ մի-մի թուր խրեցին,
լերդացած արյունը կախվեց կոպերիցդ,
արյունը ծանր ու անբառ թվաց
դահիճի ձեռքը չհասավ,
չոլորեց վիզդ,
աղաղակդ օդում կրակված փամփուշտ թվաց,
հոլի պես չպտտեցրեց մեռնող գլուխդ
ուսերիդ, որոնք նվազ էին քեզ համար

ինչ գեղեցիկ տղամարդ էիր դու դ'Արկ, 
ինչ պարզ էր հայացքդ լճի պես,
որտեղ խեղդվեց մանուկ Ժաննան,
հորդ ու մորդ աչքերի մեջ,
որտեղ խեղդվեց աղջիկ Ժաննան՝
բարի աղջիկ դ'Արկը,
որ ձեռքերից փշեր էր հանում,
կրակ դառնում դեկտեմբերյան օրերին,
երբ արևը սպանվում էր
դաշտերում ու անտառներում,
ախոռում ու տանը

ու հորդ ձայնի ներքո,
օր օրի վրա, ժամ ժամից հետո
մեռնում էիր դու.
ինչ հիվանդ աղջիկ էիր դու Ժաննա

դու կորցրեցիր հնարավորությունը
դառնալու մայր նման մորդ,
կողքիդ կլիներ տղամարդը քո՝
կացնահարված փայտի պես կիսատ քեզ համար,
կողքիդ կլինեին երեխաները քո՝
գաճաճ թփերի պես փոքր քեզ համար
դու ընտրեցիր տղամարդկանց քո բաժինը՝
մռնչացող արուներ,
որ զգում էին 
պոեզիան մեռնող մարդու պարտությունն է,
ու նրա չտեսած օրերը ռթիմն էին քո,
որ բարձրանում ու ծածկում էին ականջներդ

ու դու գեղեցիկ ու պարտված տղամարդ էիր,
Ժաննա,
ում մարմինը կերան դանդաղ
աստիճանաբար նոսրացող ամբոխի մեջ,
ծափերի ու լացի ներքո

ի վերջո սա հիանալի խաղացված 
գործողություն է .
շնչասպառ դողացող ձայնդ 
մի վերջին անգամ տարածվեց օդում,
բառերդ գլորվեցին ու գոլորշիացան

հանուն Ֆրանսիայի, Ժաննա,
հանուն քո թագավոր Կարլի,
որ կուլիսների ետևում համբուրում է
Ագնեսի ձեռքը,
և աստիճանաբար լղոզվում է պատկերը
մեռնող կույսի

երեկոն հանդարտվում է Ֆրանսիայում,
օ, ինչ գեղեցիկ, 
ինչ գեղեցիկ տղամարդ էիր դու, Ժաննա


անտառը հրկիզվում է դանդաղ



անտառը հրկիզվում է դանդաղ,
անտառը հրկիզում են աստիճանաբար

որդուս հետ սողում ենք պատերի վրայով,
ես նրան պատմում եմ,
թե որքան հրաշալի է կյանքը,
երբ հայրդ մահացած չէ,
երբ քաղաքում էրկու հոգի կարդում են քեզ,
երբ ամեն առավոտ տեսնում ես
նույն երկինքը,
նույն աստղերով,
ու երկնքից տաս քայլ էն կողմ
նույն աստված

որդիս թերահավատորեն ժպտում է,
զգում եմ` խղճում է

անտառը հրկիզում են նրանք,
անտառից տաս քայլ էն կեղմ ես եմ`
պատառոտված մարմնով,
անհաջողակ ցեցի պես
դեսուդեն շպրտելով գոյությունս,
ու տղաս, որ աստծո պես ներող է
ու տղամարդու պես խղճում է ինձ


-մամ, լավ կլինի մի օր,-
պատերի երկայնքով գալարվում է
որդուս ձայնը,
ու սպիտակի մեջ ձուլվող
իմ ժպիտը`կարմիր,
ինչպես առավոտը,
երբ լքեցի քեզ

իմ ամեն ճիգի հետ
մի բան թողնում է ինձ,
ու գնդակահարության պատրաստ
բառերս,
որ թույլ են ու մենակ,
հիվանդ են ու տխուր,
ու անեծքի նման երկար
էս սողանքը

նախ փլվեց գետինը,
տղաս աչքով տվեց`
իբր բանի տեղ մի դիր,
կյանք է. էսպես ել կպատահի

ես վախից կծկվեցի,
ու կարմիր ժպիտս`
պոռնիկի պես ծախու ժպիտս,
որ որդուս համար էի պահել,
այլանդակեց դեմքս,
տարածվեց մարմնովս ու…

անտառը հրկիզում էին,
անտառը պետք չէր նրանց

հետո փլվեց  առաստաղը,
վերացան պատերը,
ես սովորության համաձայն կառչել էի,
կողքիս տղաս էր
իր նույն`նյարդային ժպիտով,
որ տենդի պես փոխանցվում էր ինձ,
ու դողը,
որ շնչառության հետ տարածվում
ու ցնցում էր անտառը

տղաս գունատ էր,
ինչպես պատը, որ էլ չկար.
մտոքումս կրկնում էի`
ինձ պատ է պետք,
ինձ պատ է պետք,
ինձ պատ է պետք

պատը դանդաղ օղակում էր
որդուս մարմինը


ճապոնացի չղջիկ 



աչքերիդ մեջ աճած բարդիները
առյուծի թաթեր ունեն,
կրծքերդ անմխիթար նետված են
մարմնիդ,
կրծքերիդ արանքում Լենոնի սիրտն է

քեզ սիրեցին տղամարդիկ
օտար ափերից,
քեզ խոցեցին ու թալանեցին,
դու նկարեցիր նրան, Յոկո,
ծուռ ու մեծ աչքերով,
ատամները դուրս ցցած մարդակեր,
որ կերավ միայն քեզ,
ու սիրեց միայն քեզ,
ու ատեց ու հրաժարվեց քեզնից

սպիտակ պատերից ներս,
սպիտակ սավանին,
սպիտակ Լենոնը բռնել էր
ճապոնացի ճերմակ չղջիկի ձեռքը,
ու ձեռքը խաղաղությամբ թպրտում էր,
ու ձեռքը խոսում էր կյանքի մասին

դու քո սիրած խաղալիքը,
սրտիդ մեջ ասեղ խրելով,
տվեցիր ուրիշին,
որ հետո հասկանա՝
տերերին չեն լքում

անմխիթար կրծքերով  կին,
լաթի կտորի մեջ սեղմված
ու համակ տխրությամբ լացող
կրծքերով կին,
քո տղան,
քո Ջոնը մեռավ

դու նկարեցիր նրան՝

տաշտի մեջ կուչ եկած
տկլոր Ջոնին,
սպունգը սահեցրիր մարմնի վրայով,
փրփուրի մեջ խեղդվող Ջոնը
տղամարդու աչքեր ուներ,
հասկացար՝մեռնող ու արտասովոր
այս տղամարդը Լենոնն է

ու սիրեցիր նրան ջրի հողող
ու մեռնող մարմնի մեջ

ու հասկացար, Լենոնի թիկունքին խրված,
հինգ փամփուշտից մեկ
դու էիր

կրծքիդ մեջ խլրտաց մարմինը նրա,
կրծքերիդ արանքում նրա սիրտն էր



No comments:

Post a Comment